×


«Օպա՛, պապա» ֆիլմի պրեմիերան, հետաքրքիր դրվագները եւ անվճար նկարահանված Թոխատյանն ու Դուրյանը

«Օպա՛, պապա» ֆիլմի հիմնական գործողություններն ընկած են հայրենի Ձյունապար գյուղի ձյունապատ սարերի եւ արեւոտ ու ծովաշատ Հունաստանի միջեւ։ Գլխավոր հերոս Անդրանիկ կամ, ինչպես ինքն է իրեն անվանում, Էնդի Բաբայանն (Արսեն Գրիգորյան) իրեն երեւելի դերասան է պատկերացնում, բայց անգամ սովորական տեսահոլովակում նկարահանվելու հնարավորություն չի ստանում։

Ապրուստը հոգում է Հունաստանի հյուրանոցներից մեկի անիմատորի աշխատողի կարգավիճակում եւ ամեն հարմար պահն օգտագործում է աշխարհի բոլոր երկրներից ժամանած կանանց հետ ծանոթանալու համար։ Դրա վկայությունը դրոշներով լի իր տետրում ամեն երկրի դիմաց գրված կանանց անուններն են։ Իր «շուրջերկրյա ճանապարհորդությունն» ավարտին հասցրած չի լինում, երբ պարզվում է՝ նիգերիացի մի կնոջից 8-ամյա որդի (Ռաուլ Կոնդե Մորիս) ունի եւ պետք է ստանձնի նրա խնամակալությունը:

Ռեժիսոր Գոռ Գրիգորյանը


Այնպես է ստացվում, որ ստիպված է լինում Սեմի հետ վերադառնալ հայրենիք ու բնակվել տատիկի (Ջուլիետա Բաբայան)՝ աշխարհագրության ուսուցչուհու տանը, որտեղ հյուրընկալվել է Հայաստանի լքվող գյուղերի մասին վավերագրական ֆիլմ նկարահանող ուսանողուհի Մարին (Հռիփսիմե Նահապետյան)։

«Օպա՛, պապա»-ի ստեղծագործական թիմը բարի ընտանեկան ֆիլմն է ստեղծել կարեւոր արժեքների, հայրենի երկիրը սիրելու ու այն չլքելու, այլ վերադառնալու, հեռավոր բնակավայրերի բարի մարդկանց ու դե, իհարկե, կաշառակեր գյուղապետի մասին, որը տիպիկ պետական պաշտոնյայի խտացված պատկերն է։ Նրա կերպարը շատ հավաստի ու ճշմարտացի է Նարեկ Դուրյանի շնորհիվ:

Արսեն Գրիգորյանը եւ Հռիփսիմե Նահապետյանը


Ռեժիսոր Գոռ Գրիգորյանի համար ֆիլմն առաջինն է, մտահղացումը՝ իրենն ու օպերատորինը։ Այդ մասին պատմել են սցենարիստներ Վարուժան Գալթակյանին, Ռաֆայել Ջալալյանին եւ Տիգրան Գալստյանին, որոնք էլ այն զարգացրել են ու ֆիլմի սցենարի վերածել:

«Ֆիլմի պրոդյուսերները հարազատ եղբայրս ու մտերիմ ընկերս են: Նրանց իրար հետ ծանոթացնելուց հետո որոշել են ֆիլմ նկարել։ Ես էլ խելոք տղա եմ, լսել եմ նրանց եւ ֆիլմը նկարել։ Սա իմ ու նաեւ պրոդյուսերների նորամուտն է կինոյում: Ստեղծագործական անձնակազմում բոլորը երիտասարդներ են, ու հենց դա էլ մեր հաջողության գրավականն է եղել։ Շատ հայտնի դերասաններ ունենք, իսկ Գոշ Ենոքյանն ու Միկա Սամսոնյանն առաջին անգամ են խաղացել ֆիլմում։ Մեր նկարահանման հրապարկում սեր ու ջերմություն է տիրել. դերասաններն էլ դա կփաստեն», - իր առաջին աշխատանքի մասին ոգեւորված պատմել է Գրիգորյանը։


Նա նշել է, որ փորձառու Հրանտ Թոխատյանի եւ Նարեկ Դուրյանի հետ շատ հեշտ են աշխատել։ Ռեժիսորի խոսքով՝ նրանք իսկական պրոֆեսիոնալներ են ու գիտեն՝ նկարահանման հրապարակում ինչ անել։ Իսկ ֆիլմի պրեմիերայից հետո բեմում Գրիգորյանը խոստովանեց, որ երկուսն էլ անվճար են նկարահանվել ֆիլմում, ու շնորհակալություն հայտնեց նրանց։

«Դահլիճում մեծամասնությունը երիտասարդներ են։ Չեք պատկերացնում, թե որքան եմ ուրախանում։ Դոն Կիխոտն ասում էր. «Հոն առաջ՝ հանուն մեր չնաշխարհիկ Դուլսինեայի»։ Ես ձեզ ասում եմ. «Ձեր ցավը տանեմ, հոն առաջ՝ հանուն մեր հայկական կինոյի»»,- ասել է Նարեկ Դուրյանը։


Ռեժիսորի խոսքով, «Օպա՛, պապա»-ում առանցքային մի քանի թեմա են արծարծել. «Բայց հիմնականը պատասխանատվությունն է՝ երբ կյանքում հանկարծակի պետք է պատասխանատու դառնաս։ Մեր հերոսը պատահական իմանում է, որ 8-ամյա երեխա ունի, նրան պահելու պատասխանատվություն է վերցնում եւ հայրենադարձվում Հայաստան։ Ֆիլմում նաեւ հայրենիք վերադառնալու թեման ենք բարձրացրել. գալիս է իր գյուղ ու հասկանում, որ թեեւ այն փոքր է ու քիչ բնակչություն ունի, բայց ամենալավ տեղն»։

Գրիգորյանը նաեւ խոստովանել է, որ արդեն նոր ֆիլմի գաղափար ունի, բայց դեռ գաղտնիքներ չի բացահայտի։ Նա իր թիմի հետ ցանկանում է զարգանալ, մեծ հարթակներում ներկայանալ ու կինոաշխարհը նվաճել։

Իսկ այդ ճանապարհին նրան շատ են ոգեշնչում Էմիր Կուստուրիցայի, Գայ Ռիչիի ու Թոդ Ֆիլիպսի ֆիլմերը։ Հատկապես տպավորված է վերջինիս անցած ճանապարհով, որը սկզբում շատ կատակերգություններ է նկարահանել ու մի օր էլ դարձել «Ջոկեր»-ի ռեժիսորը: Հույս ունի, որ իր ճանապարհն էլ այդքան տպավորիչ կստացվի։

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW