×


«Դստերս շատ երկար եմ սպասել»․ Խորեն Լեւոնյանը՝ ընտանիքի եւ Հանրայինից հեռացվելու մասին

«Ես չորս ամիս լռել եմ: Ուղղակի այնքան նամակներ ու զանգեր եմ ստանում, որ մտածեցի՝ ավելի լավ է մեկ անգամ վերջնական խոսեմ, որ այլեւս ոչ ոք չկարողանա շահարկել այս թեման»,- Մհեր Բաղդասարյանի «Tete A Tete» հաղորդման շրջանակում խոսելով Հանրային հեռուստաընկերությունից հեռացվելու մասին՝ նշել է դերասան, հաղորդավար Խորեն Լեւոնյանը։ 

Նա չի կարող հստակ ասել, թե ինչն է եղել պատճառը կամ ինչ է կատարվում, բայց ոչ միայն իր աշխատանքն է այս պահին դադարել Առաջին ալիքում, այլեւ՝ «Երգ երգոց» հաղորդաշարի ողջ ստեղծագործական կազմինը։

«Երբեք ալիքը չեմ փոխել»

Դերասանին առաջարկել են տարեմուտի հումորային ֆիլմի համար մի հատված կարդալ, սակայն ստիպված է եղել մերժել. «Հասկացա, որ ինձ սազական տեքստ չէ․ ոնց որ ձեռ առնեինք այն ամենը, ինչ 15 տարի ստեղծել ենք. նկատի ունեմ «Երգ երգոց»-ը, մեր գուսաններին ու աշուղներին։ Իմ պայմանագրի մեջ այդպիսի կետ չկա, որ ես ինչ-որ բան պիտի անեմ կամ չանեմ։ Ես ծառայություններ մատուցող եմ, այսինքն՝ գնում եմ նկարահանման, գալիս եմ տուն, իմ հաղորդումը հեռարձակվում է, կամ՝ ոչ: Տարբեր պրոդյուսերներ էին կապվում ինձ հետ այդ ժամանակ, ես էլ ասացի՝ «Խնդիր չկա», քանի որ Հանրայինն ինձ համար տան պես է. 25 տարի է՝ այնտեղ եմ աշխատում։ Խնդրեցի միայն մի փոքր խմբագրել, որովհետեւ միտում նկատեցի, որ կարծես ձեռ առնեն իմ հայերեն խոսելը, իբրեւ թե շատ գրական է»:

Նա հիշում է, որ ասել է՝ չի կարդա այդ տեքստը, քանի դեռ չեն խմբագրել։ Խորեն Լեւոնյանը չէր ցանկանում մեջբերել այդ վիճելի հատվածը, որը հրաժարվել է կարդալ, բայց հաղորդավար Մհեր բաղդասարյանը կիսվել է իր ունեցած տեղեկություններով։ Խորենը պիտի հայտարարեր՝ «Դիմավորեք, գուսան Լիդուշիկ»։ Դերասանը հաստատել է, որ այո, մոտավորապես այդպես է եղել։

«... Ինձ ասացին, որ ժողով է եղել, որտեղ բացեիբաց քննարկել են ինձ, ասել են՝ «այս բանը չի արել մեզ համար», ու որոշել են իմ թեկնածությունը դնել հեռացման համար»,- եզրափակելով թեման՝ Խորեն Լեւոնյանն ընդգծել է, որ իրեն հաճելի չէ այս մասին խոսել. «Ես նորից կլինեմ եթերում, վստահ եմ դրանում: Կվերադառնամ այնտեղ, որտեղից սկսել եմ։ Երբեք չեմ փոխել ալիքը. 25 տարի միայն այդ ալիքում եմ աշխատել, ինձ այնտեղ դուր է գալիս: Հարազատ օջախ կարծես լինի»։

Նա նաեւ նշել է, որ այլ հեռուստաընկերություններից ունի տարբեր առաջարկներ, բայց դրանց ոչ մի կերպ չի վերաբերվում, որովհետեւ չկա այն, ինչ ինքն է ուզում։

«Դուստրս տակնուվրա է արել մեր ամբողջ կյանքը»

Հաղորդման շրջանակում անդրադարձ է եղել նաեւ Լեւոնյանի անձնական կյանքին, նախկին կանանց հետ հարաբերություններին, որդիներին միասին մեծացնելու, դուստր ունենալու երազանքին։

«Ես միշտ ասել եմ, որ իմ նախկին կանանց շատ հարգում եմ: Իմ կյանքում եղել են սերեր, այո, եւ առանց դրա անհնար էր։ Ես ունեմ հրաշալի երեխաներ, եւ նրանք ապրում են հրաշալի ընտանիքներում՝ իրենց մայրերի հետ, տատիկների ու պապիկների հետ, որոնց ես անսահման շնորհակալ եմ։ Տեսնում եմ՝ ինչպես են նրանք մեծանում։ Իհարկե, իմ մասնակցությունը պարտադիր ունենում եմ խնամելու եւ դաստիարակության հարցում, եւ ուզում եմ ավելի շատ ժամանակ տրամադրել, բայց իմ աշխատանքային գրաֆիկը թույլ չի տալիս։ Դա կարծես իմ թերությունը լինի մի քիչ, բայց, երեւի, իրենք էլ պիտի հասկանան, որ ես իրոք աշխատում եմ եւ գլուխ չեմ պահում։ Ամբողջ կյանքս աշխատանքի մեջ է անցել»,- ասել է Խորենը:

Նա նաեւ անկեղծացել է, որ հիմա ունի ընտանիք, եւ իրեն շատ լավ է զգում, ունի դուստր, որին շատ երկար է սպասել, քանի որ Լեւոնյանների ընտանիքում չկա աղջիկ երեխա․ «Հիմա նա տակնուվրա է արել մեր ամբողջ կյանքը։ Անունը դրել ենք Արեւ. ես ու Էմման այդպես որոշեցինք»։

Իսկ հարցին, թե ինչպես է անում, որ երեխաները մեկ տան ու մեկ ընտանիքի զգացումով մեծանան, դերասանը խոստովանել է, որ դա մեծ մասամբ իր հայրիկի շնորհքն է․ «Երբ ես երկրում չեմ լինում կամ նկարահանումների եմ լինում, հայրս բոլորին համախմբում է, եւ երեխաները, կարծես, մոռանում են կամ չեն զգում, որ երեկոյան պետք է իրար չտեսնեն կամ քնեն տարբեր տեղերում»։

Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝

Կարդալ ավելին

Quality Sign BW