Նա սկսել է պարարվեստից, հետո բացահայտել ձայնային տվյալները ու սկսել երգել։ Սիմոնին ճանաչում ենք «Դեպի Եվրատեսիլ 2025»-ից, սակայն միջազգային երգի մրցույթում մեր երկիրը նա ներկայացնում է այս տարի: «Paloma Rumba» երգով նա Վիեննայում բեմ կբարձրանա մայիսի 14-ին՝ երկրորդ կիսաեզրափակչում:
BRAVO.am-ը զրուցել է Սիմոնի հետ տրամադրության, տրամադրվածության, քննադատությունների, ընտանիքի եւ այլ թեմաների շուրջ։ «Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանի պատվիրակին հանդիպեցինք Երեւանում իր սիրելի վայրերից Կասկադում։ Լուսանկարել ենք նաեւ Մատենադարանի տարածքում:
- Բեմական կերպար Սիմոնին մի պահ հանգիստ թողնենք եւ վերադառնանք մանկություն: Ի՞նչ միջավայրում եք մեծացել:
- Ծնվել եւ մեծացել եմ Հրազդան քաղաքում՝ բժիշկների ընտանիքում, բայց միշտ սիրել եմ պարը, երգը, ընդհանրապես ամեն բան, ինչ կապված է արվեստի հետ։ Հիշում եմ այն օրը, երբ ես հասկացա, որ ինձ կանչում է այս ոլորտը։ Մեծ քույրս մի օր սկավառակ բերեց, որում զետեղված էին 80-ականների հիթեր, որոնց թվում՝ Մայքլ Ջեքսոնի երկու ելույթ։ Մեկում նա դեռ սեւամորթ էր, մյուսում՝ արդեն սպիտակ մաշկով։ Ինչո՞ւ եմ սա նշում. ես չէի հասկացել, որ նույն մարդն է, բայց երկու տարբերակն էլ սիրել էի։ Հետո քույրս ասաց, որ նույն մարդն է։ Երբ լսեցի այդ սկավառակը, հետո դիտեցի տեսանյութերը, իմ մեջ մի լույս արթնացավ, որը փոխեց ամեն ինչ: Սեր առաջացավ դեպի երաժշտությունն ու արվեստը։ Ցանկություն ունեցա պարել եւ երգել նրա պես։ Սկսեցի արդեն տարբեր կատարողների լսել, պարել, նոր բացահատումներ անել ինձ համար։ Երաժշտական դպրոց չէի գնում, բայց դասից գալիս էի տուն, միացնում էի երաժշտություն եւ սկսում պարել ու երգել։ Դպրոցն ու դասը, բակն ինձ համար այլ աշխարհ էին, իսկ տունն՝ այլ։ Սիրում էի, երբ բոլորը տանը չէին, ու ես ազատ սկսում էի պարել ու երգել ու կրկնօրինակել աստղերին։
- Նշեցիք, որ բժիշկների ընտանիքից եք: Նրանք ինչպե՞ս էին վերաբերվում այդքան շատ Ձեր պարելուն եւ երգելուն: Մի՞թե չէին ուզում, որ շարունակեք իրենց գործը։
- Բժշկությունն ավելի, այսպես ասած, լուրջ մասնագիտություն է համարվում, քան, օրինակ, պարը։ Նրանք էլ էին պատկերացնում, որ ես կլինեմ բժիշկ: Չէին հասկանում՝ ինչ եմ անում, ու նույնիսկ հիշում եմ արտահայտություն. «Կարո՞ղ է Սիմոնի հետ մի բան այն չէ» (ծիծաղում է,-հեղ.): Ես, դե, շատ ակտիվ եմ եղել, աշխույժ ու շարժուն: Իմ էներգիան չէր սպառվում: Փառք Աստծո, մինչեւ հիմա այդպես է։ Մեր հարեւաններն էին երբեմն բողոքում մեր տան մշտական բարձր երաժշտությունից եւ պարի աղմուկից։ Բայց դա կարեւոր փուլ էր. ես ինձ պատկերացնում էի բեմում։ Պատուհանի մոտ մի հատված ունենք տանը, որտեղ իմ «մենահամերգներն» էին անցնում, իսկ հեռակառավարման վահանակը բարձրախոսն էր։ Միշտ ինձ պատկերացրել եմ բեմում, միշտ մտածել եմ, որ շատ ավելի լավ բեմական կերպար կլինեմ, քան ատամնաբույժ կամ մեկ այլ ոլորտի բժիշկ։
- Իսկ ե՞րբ եկաք Երեւան ու սկսեցիք պրոֆեսիոնալ զբաղվել այդ ամենով։
- Հեռուստացույցով տեսա, որ պարային մրցույթ է անցկացվում, որոշեցի գալ եւ մասնակցել։ Մի պահ պատկերացրեք՝ տղա, որը ծնվել է մի միջավայրում, որտեղ բոլորը պահպանողական են եւ այլ մտածելակերպ ունեն, բայց, ի զարմանս ինձ, ընկերնես ստիպեցին, որ պարտադիր մասնակցեմ այդ մրցույթին։ Իմ առաջին քայլը դա էր։ Ծանոթացա տաղանդավոր մարդկանց հետ, որոնց թվում էր Հովհաննես Սարգսյանը։ Մինչեւ եզրափակիչ չհասա, քանի որ նոր էի սկսում։ Վերադարձա Հրազդան, հետեւում էի իրենց գործունեությանը։ Մի օր Հովհաննեսին գրեցի՝ կարո՞ղ եմ միանալ իրենց խմբին։ Նրանք այդ ժամանակ շատ էին տարբերվում ու աչքի ընկնում տարբեր տեսահոլովակներում իրենց մասնակցությամբ։ Եկա ու այդ խմբում արդեն սկսեցի նկարահանումներս տարբեր տեսահոլովակներում։
- Ե՞րբ զգացիք, որ ուզում եք նաեւ երգել:
- Հինգ տարի առաջ էր: Ներկայիս պրոդյուսերս եւ կինս՝ Անուշ Ավագյանը, որը պրոֆեսիոնալ երգչուհի է նաեւ, մեքենայի մեջ լսեց երգելս ու ասաց. «Դու պետք է երգես»։ Ես չէի հավատում (ծիծաղում է,-հեղ.): Այդ ժամանակ, որպես երգիչ, սկսեցի իմ առաջին քայլերը երեւանյան ակումբներից մեկում, որտեղ ինձ սիրով ընդունեցին։ Դա շատ մեծ փորձ էր։ Խմբով կենդանի ձայնով գրեթե ամեն օր երգում էինք։ Ինձ արդեն նկատեցին որպես անհատականություն, եղավ առաջարկ հանդես գալ մենակ։ Սա արդեն երկրորդ քայլս էր։ Սկսեցի շոու ծրագրեր անել: Գեւորգ Ադամյանը նկատեց, եւ մինչ օրս իմ շոուներում արհեստական ոչինչ չեմ անում. իմ ներսից է գալիս։ Շատ հաճելի է, երբ մարդիկ քո էներգիան, զգացածն ընդունում եւ սիրում են։ Այսինքն՝ քեզ ընդունում են այնպիսին, ինչպիսին կաս։
- Այդպիսով Ձեզ տրվեց հնարավորություն հեռակառավարման վահանակով «մենահամերգներն» իրականություն դարձնել: Իսկ ընտանիքի արձագանքն այսօր ինչպիսի՞ն է:
- Իրականում չհավատալն էր պատճառը, որ ես հասա այստեղ (ծիծաղում է,-հեղ.): Անկախ նրանից, թե որտեղ ես ծնվել՝ քո քայլերից է կախված, թե ուր կգնաս ու կհասնես։ Պետք է չվախենաս: Դա իմ բնավորությունն է: Նրանք դե, սկզբում չհավատացին, բայց հիմա շատ ուրախ են։ Իսկ ես ասում եմ՝ տեսա՞ք, որ ճիշտ էի։
- Առաջին դժվարությունները որո՞նք էին այս ոլորտում:
- Յուրաքանչյուր ոլորտում կան դժվարություններ, բայց շատ կարեւոր է, թե դու ոնց կընդունես իրավիճակը։ Ես որոշակիորեն կոփված եմ: Այնպես չէ, որ շատ հեշտ մանկություն եմ ունեցել։ Սակայն միշտ պայքարող եմ եղել անգամ այն պահերին, երբ մարդիկ կողքիս չեն եղել։ Հիմա շատ ուրախ եմ կողքիս ունենալ մարդկանց, որոնք ինձ օգնել ու օգնում են, ոգի են փոխանցում։ Այս ոլորտում առաջին դժվարությունն իմ զգացմունքային լինելն էր։
- Իսկ ինչպե՞ս հաղթահարեցիք, կամ արդյոք հիմա այդպիսին չե՞ք:
- Չէ՜, էլի էմոցիոնալ եմ, բայց Անուշը շատ է օգնում այս հարցում: Նա շատ ավելի հանգիստ է։ Ճիշտ պահին բռնում է ձեռքս, ու ես կարողանում եմ դադար տալ, մինչեւ երեքը հաշվել, որից հետ նոր քայլ անել: Շատ է լինում, որ մի քայլ անում եմ, հետո ասում՝ ինչո՞ւ: Դա իմ տաքարյուն բնույթն է։ Բայց կարող է նաեւ կապված լինել, օրինակ, հորոսկոպի հետ (ծիծաղում է,-հեղ.):
- Իսկ մրցակցություն նկատե՞լ եք ոլորտում:
- Եթե մարդը կենտրոնանում է մրցակցության վրա, ապա դուրս է մնում այն ամենից, ինչը պետք է ինքն աներ: Պետք է քո ներսից եկողը փոխանցես, ոչ թե մտածես մեկին դուր գալու, չգալու, մեկից լավը կամ վատը լինելու մասին։ Մարդիկ զգում են անկեղծությունն ու քո էությունը։
- Սիմոն, նշեցիք, որ պետք է լինել այնպիսին, ինչպիսին կաք, բայց հիմա իմ առաջ նստած է մեկը, որը բակային տղայական իրականությունից հասել է բեմ, իսկ այնտեղ հանդես եկել ոչ ստանդարտ կերպարով։ Ձեզ հիմա արդեն բացահայտել են, սիրում են շատերը, բայց սկզբում Ձեր բեմական կերպարը՝ մուգ ներկած աչքեր, ոչ ստանդարտ հագուստ, շատ քննարկվեց։ Ինչպե՞ս անցաք այդ փուլը։
- Ընտրելով այս ուղին՝ պետք է պատրաստ լինես, որ ամեն քայլդ չի ընդունվելու միանշանակ։ Կլինեն մարդիկ, որ կքննադատեն, կլինեն նաեւ այնպիսիք, որ առանց քեզ ճանաչելու կխոսեն, բայց նաեւ քեզ ընդունողներ կլինեն։ Դա նորմալ է: Ես հոգեպես պատրաստ եմ, լավ ու վատ գրառումները կարդում եմ, նկատի ունենում։ Մարդկանց կարծիքը կարեւոր է: Բայց ես բեմում կերպար եմ, իսկ հետո կյանքում՝ հրազդանցի տղա։ Արվեստում պետք է առաջին քայլերից սկսած արտիստի մտածելակերպ ունենաս՝ մտածված ամեն մանրուքով եւ բեմին վայել։ Այդ կերպարս եւս հորինած չէ, այլ իմ մտածածն ու զգացածն է բեմի համար, որ բացահայտում լինես, հետաքրքրես։ Այս պահին չգիտեմ՝ հետագայում իմ կերպարանափոխությունն ինչպիսին կլինի, ինչպես հանդես կգամ տարիներ հետո։
- «Դեպի Եվրատեսիլ 2025»-ի ժամանակ տպավորություն էր՝ Դուք եք հաղթելու, քանի որ տեղական եւ միջազգային ժյուրիի քվեարկություններում առաջատարն էիք։ Երբ լսեցիք, որ հանդիսատեսի քվեարկությամբ Պարգն է պատվիրակը, ի՞նչ զգացիք։
- Չեմ կարող հիմա խաբել ու ասել, թե չեմ ունեցել վատ զգացողություն, քանի որ իմ երազանքն է եղել լինել այդ մրցույթի բեմում՝ որպես Հայաստանի ներկայացուցիչ։ Այդ պարտությունը չէր նշականում, որ պետք է հիասթափվեի ու դադարեի գործել։ Ես Պարգի համար էլ էի այդ պահին ուրախ, աջակցել եմ նրան շատ, չէ՞ որ նա Հայաստանն էր ներկայացնում, ու պետք է դու լինես այդ մարդու կողքին։ Հատկապես հիմա եմ զգում, թե որքան կարեւոր է այդ աջակցությունը։ Երբ ընկնում ես նախամրցութային բարդ ու հագեցած վազքի եւ օրակարգի մեջ, գերհոգնած ու լարված ես, քեզ պետք են մարդիկ, որ ասեն՝ շարունակիր, բարձր ոգով, ամեն բան լավ է լինելու։ Պարգին աջակցել եմ, ու ընկերներ ենք։ Հիմա շնորհակալ եմ Հանրայինի թիմին՝ ամիսներ շարունակ հրաշալի ու համատեղ աշխատանքի համար:
- Հետաքրքիր է՝ հիմա Պարգը Ձեզ որքանո՞վ է աջակցում։ Չէ՞ որ նա արդեն անցել է այդ ճանապարհը։
- Իրականում այն աջակցությունը, որը ես եմ ցուցաբերել իրեն, հիմա նրա կողմից իմ հանդեպ չեմ նկատում։ Ես չգիտեմ, թե ինչու է այդպես։ Ամեն դեպքում ես իրեն համարում եմ իմ մոտ ընկերներից մեկը: Մենք իրար տուն ենք գնացել՝ միշտ ջերմ շփումով։ Գուցե ժամանակի, կյանքի վազքի եւ արագության հետ է կապված, չգիտեմ։
- Ձեր կյանքի ամենակարեւոր մարդկանցից մեկն Անուշ Ավագյանն է։ Ինչպես արդեն նշեցիք՝ կինը եւ պրոդյուսերը։ Ինչպե՞ս եք ծանոթացել։
- Աստված է ուղարկել իրեն իմ կյանք։ Ոչ այդքան հաճախ են մարդիկ կարողանում գտնել ճիշտ կողակից։ Շատ հետաքրքիր ձեւով ենք ծանոթացել. նկարահանվել եմ իր տեսահոլովակներից մեկում՝ որպես պարող։ Այդ ժամանակ բացարձակ չէի մտածում, որ կարող է ընտանիք կազմեմ, ինձ վրա վերցնեմ նման պատասխանատվություն։ Մի քիչ ավելի այլ ձեւ էի մտածում։ Բայց շատ լավ ստացվեց, որ ընտանիք կազմեցինք եւ երեխաներ ունեցանք, քանի որ հաջողություններիս կեսից ավելին հենց նրա ու երեխաներիս շնորհիվ է։
- Դուք զույգ տղա ունեք: Ինչպիսի՞ հայր եք համարում Ձեզ, նրանց նայելիս ի՞նչ եք զգում:
- Երբ նայում են նրանց, ուզում եմ ավելի շատ լավ բաներ անել, որ հետագայում ասեն՝ wow, մեր պապան է։ Առաջին զգացողությունն այն է, որ հենց այնպես չեմ ապրում այս կյանքում։ Ունենալով քեզնից մասնիկներ՝ ավելի պարտավորված ես ու պատասխանատու։ Հիմա շատ բաներ այլ ձեւ է. ամենապարզ կենցաղային հարցերում անգամ սկսում ես փորձել սխալներ չանել, քանի որ նրանց մասին ես մտածում առաջին հերթին։ Ասեմ ավելին՝ տաքարյունությունս եմ զսպում արդեն ավելի շատ։ Երկուսի մեջ էլ իմ բնավորության գծերից կան, բայց մեկի մեջ ավելի արտահայտված է։ Խաչիկը եւ Արամայիսը շատ ակտիվ ու աշխույժ երեխաներ են։ Պատահում է, որ այնպիսի բաներ են անում, որ ուզում եմ բարկանալ, բայց հետո հիշում եմ՝ ես էլ եմ այդպիսին եղել։
- Անունների ընտրությունն ինչո՞վ է պայմանավորված:
- Հորս մահից հետո նրա հանդեպ կարոտս որոշակիորեն սփոփելու համար որոշել էի, որ տղաս Արամայիս անունը կկրի։ Բայց երբ իմացանք զույգի է, որոշեցինք, որ կկրեն երկուսիս հայրերի անունները։ Անուշը եղբայր չունի, այսպիսով երկու հայրերի անունները շարունակական եղան իրենց թոռներով։
- Շատ քիչ օր է մնացել մրցույթին, ի՞նչ արձագանքներ եք լսում եւ ի՞նչ եք զգում:
- Երբ տեսահոլովակը դրվեց Յութուբում, հետեւում էի։ Հուրախություն մեզ՝ լավ ու դրական արձագանքներ էին ոչ միայն հայերից, այլ նաեւ այլազգիներից։ Ինձ համար շատ կարեւոր է, թե մեր ստեղծած գործը ոնց են զգում։ Շատ մանրակրկիտ ու հետաքրքր ձեւով է նկարել Արթուր Մանուկյանը։ Նրա, Դավիթ Ծերունյանի եւ մեր ընդհանուր գաղափարով այդ ամենօրյա աշխատանքի վայրն ենք ստացել, որտեղ մարդիկ հոգնում են։ Էն, որ ուզում ես հոգիդ ազատ արձակես, գժվես, պարես եւ ուրախանաս։ Երգի անունը բառացի պար եւ աղավնի է, այսինքն՝ ազատության եւ խաղաղության մասին է։ Խոսքերը Ռոզա Լինը, Դավիթ Ծերունյանը եւ Եվա Ոսկանյանն են գրել։
- Իսկ ի՞նչ բեմադրություն կտեսնենք այդ օրը:
- Ես խնդրել եմ, որպեսզի լինի այնպիսի բեմադրություն, որի միջոցով ցույց կտամ իմ ազատությունը, պարը, ապրումներս, զգացողություններս։ Ես ուզում եմ, որ երեւա այն ամենը, ինչն ինձ հասցրել է այս կետին։ Խենթ ու անկաշկանդ տանը մենակ ելույթ ունեցող փոքր Սիմոնը հիմա մեծ բեմում է լինելու։ Եվրատեսիլն այն հարթակն է, որտեղ սիրում են վառ, գիժ մարդկանց։ Պարտադիր չէ ստանդարտ ձեւով մտածել։ Երկիր ներկայացնելիս պետք է նաեւ մի փոքր մեզ բնորոշ մշակույթ լինի, որը համեմված է նորով։ Իմ երգի մեջ կա զուռնայի հատված, որը գեղեցիկ ձուլվել է երգին։
Զրուցեց Արմինե Բրսոյանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am


×
2,868






