×


«Մայրս ու քույրս զարմացան, որ կիսախավարի մեջ եմ ապրել». Նոնա Սաֆարյանի անսպասելի առաջարկը, երազներն ու նոր կյանքը

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Նոնա Սաֆարյանին շատերը ճանաչեցին հեռուստասերիալների շնորհիվ: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է Երեւան տեղափոխության եւ միայնակ ապրելու, անսպասելի առաջարկի, մարգարեական երազների եւ Վանաձորի թատրոնի մասին:

- Ինչպե՞ս է սկսվել ու անցել Ձեր օրը մինչեւ մեզ հետ հանդիպումը։

- Օրակարգս մի փոքր փոխել եմ. առավոտյան պարտադիր նախաճաշում եմ, իսկ մոտ կես ժամ հետո սուրճ խմում։ Հիմա կարողանում եմ հետեւել կանոններին։ Վերջին մեկ տարում սկսեցի գրի առնել, թե ինչ եմ ուզում անել, ինչ եմ պլանավորում, ու զգացի, որ գրածներս հեշտությամբ կարողանում եմ կատարել: Այնպիսի տպավորություն է, որ ինքս ինձ հանձնարարություն եմ տալիս ու իրագործում: Սովորությունները շատ բան են թելադրում, բայց ամենակարեւորը միջավայրն է։ Եթե ճիշտ միջավայրում չլինես, ընտրածդ սովորություններն ազդեցություն չեն ունենա։ 

Նոնա Սաֆարյանը


- Գտե՞լ եք այն միջավայրը, որն օգնում է ամբողջությամբ ինքնադրսեւորվել:  

- Երբ տեղափոխվեցի Երեւան, հասկացա, որ ինձ այս միջավայրում առավել հանգիստ եմ զգում։ Չգիտեմ՝ արդյոք դա պայմանավորված է նաեւ նրանով, որ առանձնացա ու սկսեցի իմ կենցաղը վարել եւ առօրյաս դասավորել, ինչպես ես եմ ուզում, բայց, միանշանակ, այս քաղաքում ինձ ավելի հանգիստ եմ զգում։

- Վանաձորից մշտապե՞ս եք տեղափոխվել Երեւան ու Ձեր կյանքն այստե՞ղ եք պատկերացնում:

- Երկու քաղաքում էլ ապրում եմ: Հիմա Երեւանում եմ, քանի որ նկարահանում ունեմ, բայց Վանաձոր հաճախ եմ գնում: Ուզում եմ անպայման նշել, որ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնից դուրս չեմ եկել. սրտով շատ եմ կապված եւ պահում եմ իմ ու հանդիսատեսի միջեւ կապը։ Չեմ ուզում՝ այն ընդհատվի: Երբեք էլ իմ կամքով դուրս չեմ գա թատրոնից։ Երբեմն ճանապարհներին հոգնում եմ, բայց Վանաձոր գնալու անհրաժեշտություն եմ զգում:

- Թատրոնից բացի, էլ ի՞նչն է Ձեզ պահում Վանաձորում ու այդքան հոգեհարազատ ի՞նչ եք գտել Երեւանում։ 

- Վանաձորը ծննդավայրս է, չեմ կարող չսիրել ու չգնահատել այն, նաեւ հարազատներս են այնտեղ ապրում: Այնպես եմ անում, որ չհասցնենք իրար շատ կարոտել: Սկզբում շատ դժվար էր, բայց հիմա իրենք էլ են սովորել այս հեռավորությանն ու իմ գնալ-գալուն։ Երեւանում շատ եմ հավանում շարժը, մարդկանց զբաղվածությունը: Այստեղ հորիզոնը բաց է, իսկ Վանաձորում մի քիչ փակվում եմ ինքս իմ մեջ։ Այնտեղ էլ եմ ակտիվ եղել, նույնիսկ շատ ավելի խիտ գրաֆիկ ունեցել. մի տեղից մյուսն էի վազում, մի քանի տեղ աշխատում, թատերական ստուդիաներում դասավանդում, խանութների հետ՝ որպես մոդել, համագործակցում։ Բայց մի փոքր ճնշվածության զգացողություն եմ ունեցել։ Գալիս եմ Երեւան, ու միանգամից մեջս վառ մտքեր են արթնանում: Երբ մի փոքր հաջողություն եմ ունենում, զգում եմ՝ մյուսին էլ եմ պատրաստ: Ինքս էլ եմ քայլեր անում, որ ճանապարհը բացվի։ Վանաձորում պատուհանից նայում ես՝ սարեր են, գեղեցիկ բնություն, վայելում եմ: Այն իմ հանգստանալու վայրն է: Իսկ Երեւանում ավելի շատ եմ մոտիվացվում ու շահագրգռված լինում նոր գործեր անել եւ ստեղծագործել։ Անկեղծանամ ձեզ հետ՝ իհարկե, չեմ ուզում ոչ մեկին նեղացնել. Վանաձորում ունեցել եմ լավ գնահատող հանդիսատես, բայց իմ հարազատներից բացի, շատ քիչ մարդիկ են ինձ ջերմ խոսքեր ասել: Կարծում եմ՝ Երեւանն այսքան սիրելը պայմանավորված է նրանով, որ սերիալում նկարահանվելուց հետո բազում անծանոթ մարդիկ սկսեցին մոտենալ ինձ, իրենց ջերմությունն ու գնահատանքը փոխանցել: Դրա համար էլ անընդհատ ուզում եմ Երեւան գալ: Ինձ հանգիստ ու լավ եմ զգում այստեղ։ 

Հասմիկ Բաբայանը եւ Նոնա Սաֆարյանը


- Նոնա, իսկ ե՞րբ եք հասկացել, որ այս մասնագիտությամբ եք ուզում զբաղվել:

- Հինգ տարեկանում (ծիծաղում է,-հեղ.): Երազումս մանկապարտեզի դաստիարակչուհին երեխաների մասնագիտությունները կավիճով գրում էր գրատախտակին: Իմը փոքր տախտակի վրա գրեց ու տվեց, որ տանը կարդամ, բայց ճանապարհին չհամբերեցի ու նայեցի. շատ սիրուն տառաչափով գրված էր՝ «դերասանուհի»։ Մինչեւ ինստիտուտ ընդունվելը թատրոնում Շիրվանզադեի «Արտիստը» ներկայացման մեջ Լուիզայի դերն եմ խաղացել: Մինչ այսօր էլ երազներս շատ մեծ նշանակություն ունեն ինձ համար: Սնահավատ չեմ, բայց պիտի համարձակվեմ ու ասեմ՝ մարգարեական երազներ շատ եմ տեսել։ Երբ Ալավերդիում Դեբեդը ափերից դուրս եկավ, ամբողջ քաղաքն ու շրջակա բնակավայրերն ավիրեց, երազում տեսել էի: Շատ-շատ բաներ եմ տեսնում՝ բոլոր մանրամասնություններով: Օրինակ՝ մինչեւ անգամ, թե ինչ համագործակցություն եմ ունենալու ու գումարի չափը: Երբ որեւէ երազ հիշում եմ, միանշանակ, ինչ-որ նշանակություն է ունենում:

- Իսկ ինչպե՞ս էին այդքան վաղ տարիքում Ձեզ նկատել ու հրավիրել թատրոն: 

- Դեռ ավագ դպրոցում էի, մայրս ցանկանում էր ինձ թատերական ստուդիա տանել, որովհետեւ տանը գույնզգույն կտորներից հագուստ էի պատրաստում, քառյակ գրում, այն երգ դարձնում, իմ սցենարով փոքրիկ բեմադրություններ անում: Կներեք արտահայտությանս համար՝ դա նման չէր այն հիմարություններին, որ երեխաներն անում են՝ ընտանիքին զվարճացնելու համար։ Իսկապես բովանդակալից բաներ էի հորինում, եւ մայրս վստահ էր, որ այդ հարցում ինձ պիտի օգնի, ինչի համար անչափ շնորհակալ եմ նրան։ Երբ 10-րդ դասարանում դպրոցից վերադարձա տուն, սեղանին այսպիսի գրությամբ թուղթ էր դրված. «Կհագնվես, պատրաստ կլինես, որովհետեւ գնալու ենք թատրոնի ստուդիա ընդունվելու»։ Մեր տանն իրար ինչ-որ բաներ գրելու ավանդույթ կա (ծիծաղում ենք,-հեղ.)։ Ընդունվեցի եւ 2 տարի սովորեցի: Այն տարիներին ճակատիս մազափունջ ունեի, որը շատ մոդայիկ էր, ու ոչ մի կերպ նրանից չէի ուզում հրաժարվել: Ժողովներին մայրիկիս էլ էին ասում, որ դերասանուհին հատուկ սանրվածք չպիտի ունենա, բայց ընդդիմանում էի: Այդ տարիներից իմ մեջ ձեւավորվեցին խորքային ու ճիշտ պատկերացումներ դերասանական արվեստի մասին։ Էլ չեմ խոսում, որ մեծ բախտ եմ ունեցել զանգվածային տեսարաններում խաղալ ու տեսնել՝ Վահե Շահվերդյանն ինչպես է աշխատում դերասանների հետ։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էր երբեմն ասում՝ «Ստոպ», ու ինքն էր խաղում այդ տեսարանը, ինչից հետո դերասանն էլ չէր համարձակվում խաղալ, որովհետեւ այնպիսի՜ գլուխգործոցի էր ականատես եղել (ծիծաղում ենք, -հեղ.)։ Այդպես երկար տարիներ վարպետության դասի եմ մասնակցել: Նրա ներկայացումներում նույնիսկ 3-4-րդ պլանում խաղալը մեծ դպրոց էր ինձ համար:

Նոնա Սաֆարյանը


- Իսկ ինչո՞ւմ էր Շահվերդյանի մեծությունն ու ի՞նչ տվեց Վանաձորի թատրոնին։

- Վստահ կարող եմ ասել, որ Վանաձորի թատրոնն իր բոլոր վերելքներն ունեցել է հենց Վահե Շահվերդյանի շնորհիվ: Մի շարք երկրներում հյուրախաղեր է ունեցել, մեծանուն արտիստներ են կարողացել ստեղծագործել, եւ մեր թատրոնը մեծ համբավ է ունեցել: Նույնիսկ դեպքեր են եղել, երբ այլ երկրներից եկել են մեր «Ռիչարդ Երկրորդ» ներկայացումը նայելու, ու շատ տեղերում նախանձով են նայել մեր խաղացանկին։ Շատ դասական գործեր ենք ունեցել մեր խաղացանկում, եւ ափսոսում եմ, որ հիմա այդպես չէ:

- Ինչպե՞ս են Ձեր ուսանողական տարիներն անցել Թատերական ինստիտուտում ու ինչո՞վ են առանձնացել:

- Սովորել եմ թատրոնի դերասանուհի եւ ռեժիսոր Սոֆյա Սողոմոնյանի արվեստանոցում։ Գերազանց եմ սովորել՝ չնայած, որ դա լավ դերասանուհի լինելու հետ ընդհանրապես կապ չունի: Ուսանողական տարիներս հիշելիս ավելի շատ ոգեւորություն եմ ապրում կուրսընկերներիս հետ ունեցած հույզերից ու անցկացրած օրերից, դասերից հետո արած գժություններից ու փորձառություններից։ Ներկայացումներից հատվածներ էինք վերցնում ու մեր ձեւով խաղում, երբեմն ժանրը փոխում՝ լուրջ դրաման կատակերգություն դարձնելով: Այդ հիշողությունները միշտ ժպիտ են առաջացնում։ Իհարկե, դերասանական արվեստի հետ կապված շատ բաներ ենք ուսումնասիրել, որոնք մնայուն են. թող ոչ ոք չժխտի, թե «Ստանիսլավսկու սիստեմն» իմանալը որեւէ մեկի համար կարող է անկարեւոր բան լինել։ Նաեւ մեծ հպարտությամբ եմ միշտ ասում, որ իմ բեմական խոսքի դասախոսը Գրետա Մեջլումյանն է եղել: Դա ինձ համար իսկապես պարգեւ էր, ինչի համար Աստծուն շնորհակալ եմ:  

Նոնա Սաֆարյանը


- Նոնա, դերասանը ցանկացած իրավիճակ ու հոգեվիճակ կարո՞ղ է խաղալ:

- Այն, ինչ կարող է կատարվել մարդու հետ, դերասանը պիտի խաղա։ Որովհետեւ, եթե մարդու հոգին անեզր ու անծայրածիր է, ուրեմն՝ դերասանը պիտի պատրաստ լինի այդ անհունի մեջ ընկնել։

- Իսկ որտեղի՞ց այդ ռեսուրսները, երբ կյանքում երբեք նման իրավիճակում չեք եղել ու նման ապրում չեք ունեցել: Ո՞րն է դերասանի արարման ակունքը: 

- Հենց դրանում է ֆենոմենը, որ կյանքի փորձով անհնար է դերեր կերտել։ Դերասանն իր նրբազգացությամբ կարող է այնպիսի բաներ վերապրել, որոնց ծանոթ չէ։ Վերապրելիս քո հոգում եւ օրգանիզմում ինչ-որ բան է կատարվում: Մի ուրիշ տեխնիկա ու նվիրվածություն է պետք է, որ դա կարողանաս արտահայտել, բայց բոլորը չէ, որ հաջողում են: Շատ դերասաններ կան, որ զգում են ու խնդիրը հասկանում, բայց խոսքով կամ լռությամբ այդ ամենը փոխանցելն ամեն մեկին տրված չէ: Դա աստվածատուր շնորհ է։ 

- Ովքե՞ր են, Ձեր կարծիքով, կարողանում այդ ամենը փոխանցել։

- Վերջին տարիներին Քիլիան Մըրֆին է շատ մեծ տպավորություն թողել ինձ վրա, նույնիսկ՝ իր լռության մեջ: Իսկ, սովորաբար, լռության մեջ են ամենահզոր երեւույթները տեղի ունենում. երբ նայում ես դերասանի աչքերի մեջ ու տեսնում նույնիսկ բբերում տեղի ունեցողը: Այ, դա իսկապես ֆանտաստիկ է։ 

-  Ունեցե՞լ եք այնպիսի մի դեր, որի շնորհիվ ուրիշ սահմաններ եք անցնել, նորովի տեսնել ու բացահայտել Ձեր հնարավորությունները:

- Այո: Երբ Երեւանի ինստիտուտի ռեժիսուրայի 5-րդ կուրսի ուսանող Նարե Մարտիրոսյանը որոշեց իր դիպլոմային աշխատանքը Վանաձորի թատրոնում բեմադրել: Կուրսղեկը Վահե Շահվերդյանն էր, ու նա մեզ հետ աշխատելու հնարավորություն էր ստացել։ Նա ինձ էլ էր ընդգրկել Մետերլինկի «Կույրերը» ներկայացման մեջ, հետագայում այն տեղ գտավ թատրոնի խաղացանկում: Կույր կնոջ էի մարմնավորում ու ոչ մի բառ չունեի, հետո որոշակի ձայնարկումներ ավելացան: Այդ դերն իմ աշխատանքների մեջ հատուկ տեղ ունի եւ շատ բան է փոխել իմ մեջ։

Նոնա Սաֆարյանը


- Ի՞նչ առումով։

- Էլի պիտի ասեմ, որ ամեն ինչ լռության մեջ է: Կերպարը պիեսում բացարձակ ոչ մի նկարագիր ու բնութագիր չի ունեցել. հավաքվել է զրոյից։ Դա դերասանի համար ստեղծագործելու անծայրածիր աղբյուր է: Հիշում եմ՝ մեր ճեմասրահում գետնին պառկում էինք ու աչքերը փակում, ռեժիսորը մեզ ժամանակ էր տալիս, որ մտքում պատկերացնենք կերպարների տեսքը, ապա վեր էինք կենում եւ փորձում քայլել: Նրա մազերի ձեւը, աչքերն էի տեսել, նույնիսկ զգում էի՝ ինչ-որ բան է ծորում երկար մատներից, իսկ մեջքից պոկված բան կա: Հետո այնպես ստացվեց, որ հագուստն էլ համապատասխանեց իմ ասածին, թեեւ դերձակին նախապես չէինք ասել այդ մասին: Անվերջ ստեղծագործելու կերպար էր, որը սահմաններ, ճիշտ ու սխալ չուներ եւ ծայրից ծայր հորինված էր։

- Ինչպիսի՞ն է հիմա Վանաձորի թատրոնն ու որքանո՞վ է պահանջված: Ինքներդ ի՞նչ ուղղությամբ կուզեք, որ այն զարգանա ու մարզի մշակութային կյանքում դեր խաղա:

- Շատ կցանկանամ, որ մեր խաղացանկում լինեն դասական ներկայացումներ։ Շատ եմ ուզում, որ հանդիսատեսի ներգրավվածությունը մեծանա, որովհետեւ հիմա հանդիսատեսի հոսքը դեպի թատրոն բավական նվազել է: Բայց չեմ ուզում մարդկանց մեղադրել, կարծում եմ՝ թատրոնը կարող է ունենալ այն ներկայացումները, որոնց հանդիսատեսը վազելով կգնա ու սրտատրոփ կսպասի։ Ուզում եմ՝ այնպիսի գործեր բեմադրվեն, որ մարդիկ տպավորվեն ու հոգիները լցված հեռանան:

- Հիմա քանի՞ ներկայացումում եք ներգրավված, ու արդյոք դա Ձեզ բավարարո՞ւմ է:

- Ոչ այնքան շատ, որքան մոտ 5 տարի առաջ էր. հիմա ավելի շատ մանկական ներկայացումներ են բեմադրվում: Նաեւ կարծում եմ՝ չեմ խաղացել այն դերերը, որոնք կարող էի, ու շատ եմ ափսոսում: Ինչ-որ տարիներ բեմում ուղղակի անցել են, եւ դրա համար ցավում եմ, որովհետեւ գիտեմ իմ ընդունակությունները: 

- Եթե ուրիշ թատրոնից, այդ թվում՝ երեւանյան, առաջարկ լինի, կընդունե՞ք, թե՞ Ձեր սիրտն այնտեղ է:

- Համարյա 2 տարի կլինի՝ Երեւանում եմ, հաճախ են ինձ հարցնում, թե ինչու դուրս չեմ գալիս Վանաձորի թատրոնից, մանավանդ, որ իմ ուզած դերերը չեմ խաղում։ Բավական երկար եմ մտածել այդ ուղղությամբ: Ինչ-որ շրջանում կտրականապես բացառում էի ու միանգամից փակում այդ խոսակցությունը: Հիմա արդեն գիտեմ, թե ինչն է տարել այդ ժխտմանը: Վահե Շահվերդյանի ամենամեծ ցանկություններից մեկը եղել է այն, որ Վանաձորի թատրոնում երբեք ստեղծագործական ընթացքը չդադարի, ու մենք այն անտեր չթողնենք։ Գիտեմ, որ անփոխարինելի մարդիկ չկան. ես չլինեմ, ուրիշը կխաղա, բայց ինձ համար նրա խոսքերը պատգամի պես են։ Անվերջ չեմ կարող սպասել, մինչեւ որ իմ դերացանկը լցվի, ու եթե երբեւէ Երեւանում թատրոն ընդունվելու ցանկություն առաջանա, կապը միանշանակ չեմ կորցնի. ամսվա մեջ թեկուզ 2-3 անգամ կգնամ, կարոտս կառնեմ, իմ փոքրիկ ծառայությունը կմատուցում ու կվերադառնամ: Կոմերցիոն ներկայացումներում էլ մեծ սիրով կուզեմ խաղալ։ Հիմա ես եմ փորձում հետաքրքրվել, թե որտեղ կարող եմ ներգրավվածություն ունենալ։

- Խոսենք այս փուլից ու նախագծերից: Հիմա ինչի՞ վրա եք աշխատում ու ի՞նչ նոր գաղափարներ ունեք։

- Իմ առաջին սերիալը, որում նկարահանվել եմ, պրոդյուսեր Ելենա Արշակյանի եւ ռեժիսոր Գոհար Արշակյանի «Ծով աչքերի պատճառով»-ն է: Նրանց որոշման շնորհիվ է, որ այստեղ եմ ու կարողանում եմ վերագտնել ինձ, ինչի համար շնորհակալ եմ: Կուրսընկերոջս առաջարկով հերթական քասթինգին էի գնացել, նախկինում բազմիցս չէի հաստատվել (ծիծաղում ենք,-հեղ.): Միասին ուշացած եկանք, ավարտին կես ժամ էր մնում, ու դեռ այնքան սպասողներ կային, մտածեցի՝ որեւէ ակնկալիք չեմ կարող ունենալ: Երբ ծանոթներս հարցնում էին, թե ինչ նորություն ունեմ, պատասխանում էի. «Ես զանգի չեմ սպասում»։ Ու երբ հաստատեցին, անսպասելի էր: Նրանց որոշումն ինձ մեծ հաջողություն բերեց։ Նկարահանվեցի «Հարսնաձորի լեգենդը» սերիալում: Առաջինում հերոսուհի էի՝ երիտասարդ աղջնակ, այստեղ հորաքրոջ դերում էի (ծիծաղում է,-հեղ.)։ 

Նոնա Սաֆարյանը


- Ասում են, որ թատրոնն ու նկարահանվելը երկու տարբեր մասնագիտություններ են, բայց հիմքում մեկ է՝ խաղալն է։ Ի՞նչն եք սիրում նկարահանումներում:

- Ես ել եմ ասում, որ թատրոնի ու կինոյի դերասան լինելը տարբեր մասնագիտություններ են, բայց հիմքում մեկ է՝ մարդն է՝ իր ներաշխարհով, ապրումներով, կորուստներով, առավելություններով, սիրով։ Թատրոնում ադրենալինն է շատ: Բեմում ինձ տեսնելուց հետո ասում են, որ աչքերս ուրիշ կերպ են փայլում, ու թատրոնն ավելի շատ եմ սիրում։ Բայց՝ ոչ. տեսախցիկի հետ աշխատանքը եւս սիրում եմ, թեեւ սկզբում շատ դժվար էր: Հետո հասկացա, որ դժվարությունը Երեւան տեղափոխությանս հետ էր կապված: Առաջին մի քանի ամսում օդերում էի (ծիծաղում ենք,-հեղ.)։ Միայն այդպես կարող եմ նկարագրել իմ զգացողությունը: Արդեն կես ամիս է՝ նկարահանվում էի ու չգիտեի, թե ավարտից հետո որտեղ եմ գիշերելու։ Երբեմն հասցնում էի վերադառնալ Վանաձոր, երբեմն բարեկամի տան էի մնում: Աղջիկ կար, ով ինձ այդ շրջանում օգնեց, ու իրենց տանն էլ հասցրի բնակվել: Բայց իմ ֆինանսական հնարավորություններին համապատասխան տուն չէի գտնում: Անկեղծ կլինեմ՝ այդ մի ամիսը թափառաշրջիկի նման եմ գնացել նկարահանման։ 

Մեկ օրվա ընթացքում մի քանի տեսարան ենք նկարում, ու հագուստները բավական շատ են լինում, իսկ մենք հիմնականում մեր շորերն ենք հագնում ու հետներս ման տալիս: Երբ ինձ հանկարծ ասում էին՝ առաջիկա 4-5 ժամն ազատ եմ, վերցնում էի իրերս ու գնում որեւէ սրճարան, իրերս մի տեղ դնում, սնվում ու սպասում, մինչեւ կզանգեն, ու կվերադառնամ աշխատանքին: Բացի այդ էլ, միշտ հարազատներիս հետ եմ եղել: Ընտանիքով շատ կապված ենք, ու ամեն ինչ շատ միանգամից տեղի ունեցավ. դերս հաստատելուց օրեր անց նկարահանումները սկսվեցին: Առավոտյան ժամը 6-ին Վանաձորում արթնանում էի ու հասնում հեռուստաընկերություն:

- Իսկ ինչպե՞ս ընդունեցիք Ձեզ հեռուստաէկրանին:

- Ելենա Արշակյանի նախագծերում առաջին սերիան բոլորով նայելու ավանդույթ կա: Իմ շատ սիրելի խաղընկերուհի Էմմա Սապունջյանի կողքին էի նստել: Անկախ ինձնից՝ նրա ձեռքն ուժեղ բռնել ու ինձ մեծ էկրանին տեսնելու անհանգստությունից աչքերս փակել էի: «Հանգստացի, հիմա կտեսնես, որ լավն ես էկրանին»,- հանգստացնում էր ինձ: Ավարտվելուց հետո գնացել եմ տուն ու մինչեւ ժամը 4-ը մանրակրկիտ նայել այդ սերիան, թերություններ փնտրել իմ խաղում կամ արտաքինում: Շատ բծախնդիր եմ իմ նկատմամբ: 1,5 տարի անց արդեն վայելում եմ ամբողջ ընթացքն ու ավելի հանգիստ եմ: 

- Ինչպե՞ս եք հարմարվել Երեւանում միայնակ ապրելուն: Նոր ընկերներ ու հետաքրքրություններ գտե՞լ եք։

- Հիմնականում մենակ եմ լինում, իսկ մարդկանց հետ շփվում եմ նկարահանման հրապարակում: Ինչպես Էմմայի, այլ խաղընկերների հետ էլ եմ մտերմացել, բայց հիմնական ժամանակն ինքս ինձ հետ եմ անցկացնում, ինչի համար շատ ուրախ եմ: Հասկացել եմ, որ յուրաքանչյուր մարդ ինչ-որ տարիքից պիտի անպայման իր ծնողներից առանձին ապրի, քանի որ քո իրական անձը կարողանում ես ճանաչել հենց այդ ժամանակ։ 

- Միայնակ ապրելու ընթացքում ինքներդ Ձեր մասին ի՞նչ եք իմացել։

- (Ծիծաղում է,-հեղ.)։ Հասկացել եմ, որ ես ավելի ուժեղ եմ, քան պատկերացրել եմ: Անընդհատ նոր լավ գաղափարներ եմ ունենում, գեղեցիկ մտքեր են ծագում, ավելի ուշադիր եմ դարձել շրջակայքի հանդեպ։ Երբ դուրս եմ գալիս քայլելու, մարդկանց եմ ուսումնասիրում, ամեն մանրուք նկատում, փորձում տեսնել հնարավորն ու անհնարը: Շատ բան եմ սովորում այդ ընթացքում։ Նկատում եմ, թե փողոցում կանաչի վաճառող կինն ինչի մասին է խոսում, երեխան ուր վազեց, հեռվում ինչու զայրացան: Այդ ամենն ինձ համար ասես մի առանձին ֆիլմ լինի, որ պարբերաբար ուսումնասիրում եմ ու դրանով ինձ հարստացնում։ Գիտեմ, որ դա ինձ պետք է գալու։

Նոնա Սաֆարյանը


- Ինստագրամում կիսվում եք մուլտֆիլմերի կրկնօրինակումներով: Ինչպե՞ս այդ մտահղացումն առաջացավ:  

- Թատերական ստուդիայում մի քանի անգամ դասախոսիս մոտ մանկական ձայնով խոսել էի, ու երբ նա բեմադրեց «Մատնաչափիկ»-ը, ու Զատիկ էի, հիշեց այդ մասին, որոշեց՝ հենց նման ձայնով խոսեմ: Շատերը հավանեցին, դրական արձագանքներ եղան: Անցավ երկար ժամանակ, ու հազարից մեկ էի այդպես խոսում: Քրոջս երեխան «Պինգվինաշենը» շատ է սիրում, բայց նրան թույլ չեն տալիս երկար նայել էկրանին: Փորձում էի նրա համար մուլտֆիլմի հատվածները խաղալ, մեծ հետաքրքրությամբ ու աչքերի փայլով էր նայում: «Էլի, էլի, մորքուր»,- կրկնում էր: Մի անգամ տանը միայնակ էի, «Պինգվինաշենն» էի միացրել, հետը հավասար խոսում էի եւ թռչկոտում: Երբ մայրիկս վերադարձավ, խնդրեցի. «Նորից փորձեմ, տես՝ նմա՞ն է»։ Մայրս հավանեց ու խորհուրդ տվեց անպայման կիսվել այդ փորձով: Նա ինձ միշտ ոգեւորում ու խրախուսում է: Հենց մայրիկս էլ այդ  տեսանյութը նկարել է: Արդեն ներբեռնել էի ու չէի կարողանում տեղադրել, կասկածներ ունեի. «Բայց հաստա՞տ լավն է»: Մոտ 15 րոպե երկմտել եմ: Այն հրապարակելուց հետո իմ էջում շատ բան է փոխվել. հոլովակը ամենաշատ դիտումներն է հավաքել: Դրա շնորհիվ հետաքրքիր քննարկումներ են սկսվել: Եթե ստացվի, պինգվինիկն ինձ հաջողություն կբերի (ծիծաղում ենք,-հեղ.)։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Нона Сафарян (@safaryan_nona)



- Նոնա, նաեւ գեղեցկության մրցույթի եք մասնակցել ու Լոռին ներկայացրել 2021-ին: Ի՞նչ  փորձ էր Ձեզ համար։

- Եթե այսպես մտածեի, չէի մասնակցի։ Հաղթողի մեջ պիտի ամփոփված լինեն այնպիսի հատկություններ, որոնք միանգամից ցույց կտան հայուհու կերպարը: Այդ շրջանում էլ անընդհատ ճանապարհներին էի, շատ վաղ էի արթնանում, որ հասցնեմ բռնցքամարտի մարզումներին, բայց գալիս էի ու տեսնում, որ ոչ բոլորն են եկել կամ այդքան էլ խանդավառված չեն: Իսկ իմ ճաշակին ու կազմվածքին համապատասխան երեկոյան զգեստ այդպես էլ չհասցրի ընտրել։ Այն զգեստը, որը մրցույթի ժամանակ հագել եմ, ինձ չէր սազում. ամենասխալ ձեւված հագուստն էր, որ կարող էի հագնել: Երբ մրցույթի ես մասնակցում, տեսքդ պիտի հաղթողի լինի, իսկ ես, բնավ, այդպիսին չէի: Էլի մնալու տեղ չունեի, վերջին պահին ինչ գտել, այն էլ հագել էի: Մի քանի ամիս ամեն օր հանուն այդ մրցույթի եկել եմ Երեւան ու վերջում այդպես հանդես եկել: Վերջերս նորից առաջարկ եղավ մասնակցել մրցույթի, բայց հրաժարվել եմ:

- Ի՞նչն է հիմա Ձեր երջանկության գլխավոր պատճառը:

- Ամեն ինչով գոհանում եմ եւ ոչ մի բանից չեմ բողոքում: Աշխատանքիս վայրին մոտ բնակարան էի փնտրում, որ գոնե քնելու տեղ ունենամ: Իհարկե, ես լամպը փոխել էի, բայց երբ առաջին անգամ մայրս ու քույրս ինձ հյուր եկան, զարմացան, որ նման կիսախավարի մեջ եմ ապրել: Պայմաններն էլ հարմար չէին, բայց մտքովս անգամ չէր անցել բողոքել: Սնունդ ու քնելու տեղ ունեի, բյուջես այդքանն էր թույլ տալիս, գոհանում էի, գիտեի, որ մնացածը հետո կունենամ: Հիմա էլ նախատես պլանավորում եմ, թե երբ ինչի կհասնեմ:

- Ի՞նչ եք ուզում հիմա ու այստեղ:

- Ուզում եմ՝ յուրաքանչյուր մարդ իր մասնագիտությանը սրտացավությամբ մոտենա, ու դա Հայաստանում բոլոր ոլորտներին է վերաբերում: 


- Ովքե՞ր են Ձեր մարդիկ:

- Մեծահոգի ու հումորի զգացումով մարդիկ:

- Վայրերը:

- Արվեստի կառույցները:

- Գրքերը:

- Հիմա ընթերցում եմ «Աշխատանք հայելու հետ» գիրքը, որում փոքրիկ առաջադրանքներ կան: Ինձ համար հետաքրքիր է դրանք կատարել: 

- Հեղինակը:

- Միանշանակ Ֆյոդոր Դոստոեւսկին։ 

- Ուտելիքները:

- Միսն ու բանջարեղենը:

- Սարերը:

- Լոռվա սարերը:

- Բառերը:

- Կարճերն ու հագեցածները: 

- Անելիքները։

- Հասնել այն ամենին, ինչ մտքովս անցել է:

- Ինչի՞ մասին եք Դուք:

- Երեւի, սիրո:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW