×


«Նրա կերտած Նժդեհը կմնա մեր մշակութային հիշողության մեջ». Հրաչ Քեշիշյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին

«Գարեգին Նժդեհ» ֆիլմի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը խոր ցավով է ընդունել Արտաշես Ալեքսանյանի մահվան լուրը։ Նա նշել է, որ իր համար առանձնահատուկ տեղ ունի վաստակավոր արտիստի կերտած Նժդեհի կերպարը։ 

«Դա պարզապես դեր չէր։ Դա առաքելություն էր, որը նա կրեց մեծ նվիրումով, ներքին հավատով ու պատասխանատվությամբ։ Կարծում եմ՝ նա մարմնավորեց մեր ժամանակների հայկական կինոյի ամենակարեւոր պատմական կերպարներից մեկը՝ ստեղծելով Նժդեհի այնպիսի կերպար, որը երկար կմնա մեր մշակութային հիշողության մեջ։ Այդ դերը նրա համար իսկապես տիտղոսային էր»,- ասել է Քեշիշյանը:


Ռեժիսորի խոսքով՝ դերասանի ներկայությունը միշտ ավելին էր, քան պարզապես բեմական կամ կինոյի կերպարը. «Նա ուժեղ անհատականություն էր, արժանապատիվ մարդ, սիրող հայր, հավատարիմ ընկեր։ Նրա հուժկու ձայնի, ազդեցիկ արտաքինի ու աժդահա կերպարի ներքո ապրում էր նուրբ, խորը եւ չափազանց զգայուն մարդ, որը մեծ պատասխանատվությամբ էր վերաբերվում թե՛ իր մասնագիտությանը, թե՛ իր երկրին»։


Քեշիշյանը նշել է, որ Ալեքսանյանը հայրենասեր մարդ էր. «Նա սիրում էր իր երկիրը ոչ թե խոսքերով, այլ իր վերաբերմունքով, աշխատանքով ու ապրած կյանքով: Լուսավոր հիշատակ, Արտաշես։ Քո ձայնը, քո հայացքը եւ քո ստեղծած կերպարները կմնան մեզ հետ»։

Լուսանկարները՝ Դամիան Հովհաննիսյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW