×


Թիֆլիսյան կոլորիտ եւ հայկական հոգի. Ռուբեն Շահվերդյանի ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում

Հայաստանի ազգային պատկերասրահում հուլիսի 7-ին բացվել է «Ռուբեն Շահվերդյան. զարդանախշային գեղանկարչություն» ցուցահանդեսը՝ նվիրված ժողովրդական նկարչի 125-ամյակին: 

Ցուցադրությունը համակված է թիֆլիսյան կոլորիտով եւ արեւելյան զգացմունքայնությամբ: Ներկայացված է շուրջ 90 աշխատանք, որոնց մեծ մասը կերամիկա եւ քանդակներ են: Ցուցահանդեսը զբաղեցնում է երեք մեծ դահլիճ, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է նկարչի ստեղծագործական որոշակի շրջանին։


Ցուցահանդեսի համակարգող, Հայաստանի ազգային պատկերասրահի գեղանկարչության բաժնի աշխատակից Զառա Դիլանյանը նշել է, որ առաջին դահլիճում ներկայացված են Ռուբեն Շահվերդյանի վաղ շրջանի աշխատանքները՝ գորգերի էսքիզներ եւ կամերային բնապատկերներ: Երկրորդ դահլիճում հաջորդում են 60-70-ական թվականների գործերը, երբ արդեն լիովին ձեւավորվել էր նկարչի սեփական ոճը, որտեղ ժողովրդական արվեստն ու ֆոլկլորային մթնոլորտը միահյուսվում են գույների հրավառության եւ կոլորիտային կերպարների հետ: Իսկ երրորդ դահլիճում քանդակագործական ցուցադրությունն է, որտեղ մեծ հարթակի վրա ներկայացված են արվեստագետի խեցեգործական ստեղծագործությունները:


Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն իր խոսքում նշել է. «Այսօր մենք բացահայտում ենք ոչ միայն հայտնի նկարիչ եւ խեցեգործ Ռուբեն Շահվերդյանին, այլեւ մեծ նորարարի՝ ժամանակակից արվեստագետի, որի ստեղծագործության մեջ ներդաշնակորեն միահյուսվել են ազգային ավանդույթներն ու նորարարությունը»:


Մարինա Հակոբյանը նաեւ ասել է, որ ցուցահանդեսը հնարավորություն կտա մարդկանց ծանոթանալ Ռուբեն Շահվերդյանի ավանդական հայկական կերպարվեստին, որի ստեղծագործությունը արեւելյան եւ արեւմտյան գեղարվեստական ավանդույթների հետաքրքիր սինթեզ է․«Իհարկե, կենդանության օրոք նա շատ է ստեղծագործել եւ բազմիցս ցուցադրվել տարբեր հարթակներում, բայց այսօրվա ցուցադրությունը հատկապես կարեւոր է: Մենք ներկայացրել ենք ոչ թե պարզապես գեղանկարիչ, գրաֆիկ եւ խեցեգործ Ռուբեն Շահվերդյանին, այլ մի արվեստագետի, որի ստեղծագործությունն այսօր էլ բացարձակապես արդիական է մնում: Այն իրենից ներկայացնում է ավանդույթների, արեւելյան ու արեւմտյան արվեստի, նորարարության, ժամանակակիցության եւ ավանդական հայկական կերպարվեստի զարմանալիորեն հետաքրքիր սինթեզ: Կարծում եմ՝ ցուցահանդեսը հզոր խթան կդառնա այս զարմանահրաշ ստեղծագործական այգին նորովի իմաստավորելու, վերագնահատելու եւ վերահայտնագործելու համար»:


Ռուբեն Շահվերդյանը (1900-1976) ծնվել է վրացական Սիղնաղ քաղաքում: Լինելով տաղանդավոր երեխա՝ նա միաժամանակ հաճախել է գեղանկարչության եւ քանդակի դպրոց, երգել օպերային թատրոնում եւ բեմադրել երաժշտական ներկայացումներ: Չնայած ի վերջո կերպարվեստը հաղթեց, երաժշտությունն ընդմիշտ մնաց նրա ստեղծագործության գլխավոր թեմաներից մեկը:


1926 թվականից Շահվերդյանն իրեն դրսեւորել է որպես գեղանկարչության եւ գրաֆիկայի մեջ վառ արեւելյան ոճի վարպետ: Նրա վաղ շրջանի գործերում պատկերված էին ժողովրդական տիպաժներ՝ կինտոներ, առեւտրականներ, երաժիշտներ, ինչպես նաեւ արտացոլված էին սոցիալիստական թեմաներ:

1941 թվականին նկարիչը տեղափոխվել է Հայաստան, որտեղ խորասուզվել է ազգային ճարտարապետության, մանրանկարչության եւ ազգագրության ուսումնասիրության մեջ: Դա զգալիորեն ուժեղացրել է նրա ոճի դեկորատիվությունը:


1955 թվականից Շահվերդյանի այցեքարտն է դարձել հեղինակային կերամիկան (խեցեգործությունը): Փորձարկումներ անելով թրծման, ֆակտուրայի, ձեւի եւ գույնի հետ՝ նա ստեղծել է ինքնատիպ ֆոլկլորային կերպարների մի ամբողջ պատկերասրահ՝ երաժիշտներ, պարուհիներ, բեռնակիրներ, որոնք փոխանցում են կենդանի ժողովրդական մշակույթի բերկրանքը: Զարդանախշի եւ դեկորատիվության ոլորտում իր համարձակ որոնումները վարպետը հաջողությամբ փոխադրել է նաեւ ճենապակու, գորգագործության եւ գեղանկարչության վրա:

Տեքստը եւ լուսանկարները՝ Մերի Մելիքջանյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW