×


Օլյա Հակոբյան. «Ամենակարեւորն ինձ համար երեխաներիս ընկերը լինելն է»

Դերասանուհի Օլյա Հակոբյանը տարիներ շարունակ հաջողությամբ համատեղում է թատրոնը, հեռուստասերիալներն ու կինոն։ Այս շրջանում նա նկարահանվում է նոր նախագծում՝ մարմնավորելով դպրոցի տնօրենի կերպարը։ Մեր զրույցում դերասանուհին խոսել է անցած ճանապարհի, սիրելի դերերի, մայրության, սպորտի, նոր նախագծի, ինչպես նաեւ ստեղծագործական երազանքի մասին։

- Արդեն երկար տարիներ բեմում եւ էկրանին եք։ Երբ հետ եք նայում անցած ճանապարհին, ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը՝ որպես դերասանուհի եւ որպես մարդ։

- Ամենամեծ ձեռքբերումս համարում եմ այն, որ այն ամենը, ինչ կարողացել եմ անել, արել եմ իմ սեփական ուժերով եւ առանց որեւէ մեկի օգնության: Այս ասպարեզում չեմ ունեցել ծնողներ կամ որեւէ մեկը, ով ինձ կօգներ, որեւէ կերպ կզբաղվեր ինձնով, որպեսզի կայանայի։ Ինստիտուտից սկսած՝ աշխատել եմ անքուն գիշերներով, եւ մինչ այսօր աշխատում եմ սեփական ուժերով: Եվ դա համարում եմ մեծ ձեռքբերում: 


Եթե կողքից աջակցություն ունենայի, միգուցե շատ ավելի բաների հասնեի, բայց, ամեն դեպքում, հպարտ եմ, որ ինչ արել եմ, արել եմ միայն իմ ուժերով։ Իսկ որպես  մարդ՝ այն եմ համարում ձեռքբերում, որ այդ ճանապարհին ոչ մեկին վատություն չեմ արել։

- Ձեր մարմնավորած բազմաթիվ կերպարներից կա՞ մեկը, որն ամենաշատն եք սիրում կամ զգում եք, որ ինչ-որ չափով Ձեզ է նման:

- Սաթենը՝ «Շիրազի Վարդ»-ում: Շատ էի սիրում եւ սիրով էի մարմնավորում: Կատարյալ բացասական կերպար էր: Շատ էի սիրում «Էլենի օրագրի» Վիկային: Եթե ավելի հետ գնանք, ապա շատ էի սիրում իմ կերպարը «Վերադարձ» սերիալում։ Թեեւ դա իմ երկրորդ նախագիծն էր, բայց ամենահաջողվածն էր, որով էլ շարունակվեց կարիերաս։

- Այս շրջանում նկարահանվում եք նոր նախագծում, որում մարմնավորում եք դպրոցի տնօրենին։ Ի՞նչն էր Ձեզ գրավել այդ կերպարում, եւ ինչպիսի՞ տնօրեն է նա։

- Տոնոյանը սկզբունքային, էլեգանտ, որոշ չափով երեխայի բնավորություն ունեցող կին է: Նա անսահման նվիրված է իր աշխատանքին եւ փորձում է ամեն ինչ անել, որպեսզի դպրոցը քայլի ժամանակին համահունչ։ Այդ առումով ինձ շատ դուր եկավ կերպարը, որովհետեւ պարտադիր չէ՝ տնօրենը միշտ լինի ջղային, նեգատիվ տրամադրությամբ: Կարելի է լինել թե՛ երեխաներին ընկեր, թե՛ գործընկերներին: Բայց միեւնույն ժամանակ ունենալ այդ հարգանքը, որը պարտադրված չէ, այլ  դիմացինի ցանկությունն է:

- Եթե իրական կյանքում լինեիք դպրոցի տնօրեն, ի՞նչ կանոն կսահմանեիք առաջին հերթին։

- Գիտեմ, որ հիմա դպրոցներում կա հոգեբանի հետ զրույցի գաղափարը: Ես դա կդարձնեի պարտադիր պայման բոլորի համար, որպեսզի երեխաները, հատկապես դեռահասները, պարզապես շփվեին մասնագետի հետ, ու դա նրանց համար դառնար նորմալ փորձառություն: Կարծում եմ՝ դա կօգներ հետագայում՝ ավելի մեծ տարիքում, խնդիրներից խուսափելու համար։


- Դուք աշխատել եք թատրոնում, սերիալներում եւ ֆիլմերում։ Եթե ստիպված լինեիք ընտրել միայն մեկը, ո՞ր հարթակում կցանկանայիք շարունակել ստեղծագործել եւ ինչո՞ւ։

- Իրականում չէի ուզի՝ իմ կյանքում լիներ այդպիսի հարց, բայց եթե ստիպված լինեի ընտրություն կատարել, կընտրեի ֆիլմարտադրությունը, որովհետեւ տեսախցիկն ինձ համար մի ուրիշ աշխարհ է: Գուցե տարօրինակ է, բայց շատ եմ սիրում տեսախցիկը: Կուզեի՝ այդպիսի ընտրություն երբեւէ չլիներ, որովհետեւ նույնքան էլ սիրում եմ թատրոնը։

- Ձեր առօրյայում սպորտը կարեւոր տեղ ունի։ Ի՞նչ է Ձեզ տալիս մարզվելը:

- Սպորտն ինձ համար իսկապես մեծ կարեւորություն ունի: Այն օրերին, երբ չեմ աշխատում, պարտադիր գնում եմ մարզասրահ: Իսկ եթե չի ստացվում գնալ, չափազանց վատ եմ զգում, որ չեմ կարողացել ինձ ստիպել գնալ ու մարզվել, եւ  ամբողջ օրը մտածում եմ դրա մասին։ Ինձ համար դա ոչ միայն լավ տեսք ունենալու միջոց է, այլեւ օգնում է հանգստանալ ու ազատվել բացասական հույզերից: Երբ նյարդային եմ լինում, միանգամից ոտքերս ինձ տանում են մարզասրահ։

- Երբ նկարահանումներն ու փորձերը շատ ծանր են լինում, ինչպե՞ս եք վերականգնում ուժերը։ Ի՞նչն է Ձեզ ամենաշատը հանգստացնում։

- Երեւանում կան փոքրիկ անկյուններ, որտեղ սիրում եմ ընկերներիս հետ հանդիպել, մի քիչ խոսել, նստել ու վայելել փողոցների անցուդարձը: Սարյան փողոցն եմ շատ հավանում. այնտեղ ես հանգստանում եմ: Իսկ երբ դուրս չեմ գալիս տնից, կարող եմ մի լավ ֆիլմ դիտել կամ լավ երաժշտություն լսել: Հաճախ դարակներս եմ դասավորում. դրանից էլ եմ հանգստանում։

- Երկու որդի ունեք: Ի՞նչ սկզբունքներով եք նրանց դաստիարակում, եւ ի՞նչն եք ամենակարեւորը համարում երեխաների հետ հարաբերություններում։

- Ամենակարեւոր սկզբունքն ինձ համար նրանց ընկերը լինելն է՝ իհարկե, պահպանելով ծնողի սահմանները։ Ես շատ եմ սիրում այդ հարաբերությունների մոդելը, որովհետեւ ինձ հետ էլ են այդպես եղել, ու ինձ համար կարեւոր է, որ երեխան ծնողին վստահի։ Ամեն ինչ անում եմ, որպեսզի իմ երեխաներն էլ ինձ վստահեն։ Ես նրանց հետ կարող եմ խաղալ, ֆուտբոլ դիտել, մասնակցել այն ամենին, ինչ իրենց է հետաքրքրում։ Եվ այդպես մենք լավ ընկերներ ենք լինում։


- Ձեր որդիները երբեւէ խորհուրդներ տալի՞ս են Ձեր դերերի կամ կերպարների վերաբերյալ։ Եղե՞լ է մի դիտարկում, որը հատկապես տպավորել է։

- Որդիներս ավելի շատ ոչ թե խորհուրդներ են տալիս, այլ ասում են՝ իրենց դուր է գալիս, թե՝ ոչ: Օրինակ՝ «Մի գեղեցիկ օր» սերիալն իրենց դուր է գալիս, դիտում են: Այնպես չէ, որ հատուկ ինձ համար են նայում, պարզապես հավանում են: Դիտելիս էլ մեկնաբանում են:

- Մայր լինելու եւ ակտիվ ստեղծագործական կյանքի միջեւ հավասարակշռություն պահելն, անշուշտ, հեշտ չէ։ Երբ աշխատանքի պատճառով երեխաների հետ քիչ ժամանակ եք անցկացնում, ինչպե՞ս եք հաղթահարում այդ զգացողությունը, եւ ինչպե՞ս եք հետո փորձում փոխհատուցել նրանց հետ չանցկացրած ժամանակը։

- Ոչինչ չի կարող փոխարինել այն ժամանակը, որը երեխայի հետ պիտի անցկացնես, եւ չես անցկացնում, բայց կարծում եմ՝ մեր դարում յուրաքանչյուր ծնող փորձում է անել ամեն ինչ, որ երեխաներն իրենց հարմարավետ զգան: Իմ երեխաներն էլ, փառք Աստծո, գնահատում են, եւ մենք ազատ ժամանակն իրար հետ շատ լավ ենք անցկացնում:

- Ձեր նախկին ամուսնու՝ դերասան Աբել Աբելյանի հետ բաժանվելուց հետո խաղացել եք թատրոնում: Որքանո՞վ էր դժվար անձնական պատմությունից հետո վերադառնալ նույն բեմ եւ պահպանել մասնագիտական հարաբերությունները։

- Ոչ մի դժվարություն չի ներկայացնում խաղալ բեմում նախկին ամուսնու հետ: Եթե պրոֆեսիոնալ ես, տարբեր խաղընկերներ կարող ես ունենալ, եւ դա շատ նորմալ է: Հատկապես որ ոչ մի խնդիր չկա։


- Ձեր մասին հաճախ ասում են, որ արտաքինից շատ ուժեղ եւ ինքնավստահ կին եք։ Իսկ կա՞ մի կողմ, որը հանդիսատեսը գրեթե չի ճանաչում։

- Իհարկե, կան թույլ կողմեր, որոնք ունի յուրաքանչյուրը: Կարծում եմ՝ հանրային մարդն իրավունք ունի որոշակի խնդիրները կամ թուլությունները պահել իր մեջ եւ ներկայանալ հանդիսատեսին գեղեցիկ եւ ուժեղ: Հանդիսատեսն էլ ավելի ուրախանում է՝ տեսնելով իրենց սիրելի կերպարներին լիարժեք եւ ինքնաբավ։ 

- Եթե այսօր հնարավորություն ունենայիք խաղալ ցանկացած դեր՝ առանց որեւէ սահմանափակման, ո՞ր կերպարին կասեիք «այո»՝ առանց երկար մտածելու։

- Կա այդպիսի կերպար, բայց կդժվարանամ առանց մտածելու ասել՝ «այո», քանի որ որքան բարդ է կերպարը, այնքան մեծ է պատասխանատվությունը: Իսկ դա Թենեսի Ուիլյամսի «Տրամվայ Ցանկություն» պիեսի Բլանշն է: Թերեւս իմ ամենաերազելի կերպարն է, բայց՝ ամենադժվարը: Եվ եթե մի օր այդպիսի առաջարկ ստանամ, կարծում եմ՝ կասեմ՝ «այո», բայց շատ երկար պիտի աշխատեմ, քանի որ նախկինում այդ կերպարն ինձ համար անթերի կերտել է Նելլի Խերանյանը:

- Ի՞նչ ստեղծագործական եւ անձնական նպատակներ ունեք առաջիկա տարիների համար, եւ ի՞նչ նորություններով եք պատրաստվում ուրախացնել հանդիսատեսին։

- Քանի որ նախապես ոչինչ չեմ կարող ասել, կառաջարկեմ վայելել այն, ինչն այժմ եթերում է, քանի որ շատ հետաքրքիր եւ լավ նախագիծ է: Կարծում եմ՝ շուտով կխաղամ նաեւ ներկայացումում:

Զրուցեց՝ Կիմա Սարգսյանը
Լուսանկարները՝ Օլյա Հակոբյանի անձնական արխիվից եւ Արվին Քոչարյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW