Պենելոպե Կրուսը համաշխարհային ճանաչում ունեցող դերասանուհի է եւ կերպարանափոխության վարպետ, բայց ո՞վ է նա իրականում։ Հենց դա է փորձել պարզել PORTER Magazine-ը, որին տված անկեղծ հարցազրույցում Կրուսը պատմել է շատ անձնական ապրումների մասին, որոնք նրան օգնել են դառնալ մեր ժամանակների կարեւոր դեմքերից մեկը:
«Նա խելացի է, խորն ու բարդ: Բայց նաեւ անկայուն է, ինչից էլ սկսվում է շեղումը: Որպես հոգեբան՝ պետք է ոգեշնչի մարդկանց կայուն լինել, բայց հենց իր համար դրան հասնելն այնքան էլ հեշտ չէ: Պինան մյուսներին հետեւող շնաձկան է նման: Այդ զգացողությունն ինձ ծանոթ է»,- այսպես է դերասանուհին բնութագրում Օլիվիա Ուայլդի «Հրավեր» ֆիլմում իր հերոսուհուն:
Այն Սես Գայի «Վերեւի հարեւանները» ֆիլմի ադապտացիան է: «Հրավեր»-ում խաղում են նաեւ Ուայլդը, Էդվարթ Նորթոնն ու Սեթ Ռոգենը:
Դերասանուհին խոստովանել է, որ իրեն գրավում են խորհրդավոր ու բազմաշերտ կերպարները, որոնք միեւնույն ժամանակ չեն ձգտում բոլորի դուրը գալ:
«Դա իմ կյանքում եղած կանանց ազդեցությամբ է պայմանավորված: Իմ մայրիկն ու տատիկներս ժամանակ չունեին անհանգստանալու, թե մարդիկ իրենց մասին ինչ են մտածում: Ուզում եմ հարգել այն կանանց հիշատակը, որոնց ճանաչել եմ»,- նշել է նա:
Քրուզը նաեւ կարեւորել է կանանց առողջության թեման. «Ես չեմ խմում, չեմ ծխում: Իսկապես երեկույթների չեմ մասնակցում: Առանց առողջության ոչինչ չունենք: Երբ խոսում ենք սեռերի հավասարության մասին, պետք է առաջին հերթին սկսենք առողջությունից»:
Դերասանուհին անդրադարձել է կանանց համար չափազանց կարեւոր եւս մեկ հարցի. «Արդեն 20 տարեկանում մարդիկ ինձ հարցնում էին՝ արդյոք վախենում եմ ծերանալ: Այն ժամանակ պարզապես չէի պատասխանում։ Չէի պատրաստվում այդ հարցին կշիռ կամ նշանակություն տալ: Բայց 52 տարեկանում դիրքորոշումս փոխվել է, եւ ինձ առաջարկվող դերերն էլ ավելի բազմազան են դարձել»։
Կրուսի ձեւավորման վրա մեծ ազդեցություն է թողել «Զուլանդեր» ֆիլմի նկարահանումների ընթացքը. «Նկարահանումն ուրբաթ երեկոյան էր, իսկ առավոտյան հայրս մահացավ: Շատ երիտասարդ էր ու անսպասելիորեն սրտի կաթված ունեցավ: Քիչ էր մնում շոկից ուշաթափվեի: Մեկնեցի Մադրիդ, մասնակցեցի հուղարկավորությանը եւ անմիջապես վերադարձա աշխատանքին: Երկուշաբթի առավոտյան պետք է նկարահանման հրապարակում լինեի՝ փորձելով կատակերգությունում ծիծաղեցնել մարդկանց»:
Այդպիսին է դերասանի աշխատանքի յուրահատկությունը՝ տեսախցիկը սնվում է հույզերով, բայց նրա ժամանակացույցը բոլորովին անտարբեր է անձնական դժբախտությունների հանդեպ. «Դրանից 2 շաբաթ առաջ էլ նույնն էր տեղի ունեցել Բեն Սթիլերի մայրիկի հետ: Բայց նկարահանումները չէին կարող դադարեցնել մեր պատճառով: Ամեն անգամ Բենին տեսնելիս մտածում եմ. «Վա՜յ, ինչերի միջով ենք անցել երկուսով»»:.
Այդ ամենը ստիպել է Կրուսին ավելի շատ գնահատել այն հույզերը՝ վիշտը, հիացմունքը, վախն ու ուրախությունը, որոնք դերասանների աշխատանքին զուգահեռ տեղի են ունենում կուլիսներում եւ հանդիսատեսին լրիվ անծանոթ են: Նրա հաջորդ նախագիծն ուսումնասիրում է հենց այդ ամենը. «Կարծում եմ՝ այնքան ֆիլմեր կարելի է նկարել հենց ֆիլմերի մասին: Նոր աշխատանքում երկու կերպար եմ մարմնավորելու, քանի որ դերասանուհի եմ: Տեսնելու եք ֆիլմ՝ ֆիլմի ներսում: Նոր դերիս այնպես եմ մոտենում, ինչպես իմ առաջին աշխատանքներին, եւ ուզում եմ լավագույնս դրսեւորել ինձ: Այս սցենարն էլ ամենուր հետս է»:
Ապա Կրուսը խոսել է մի թեմայի մասին, որն ինքն ու ամուսինը՝ Խավիեր Բարդեմը, պարբերաբար բարձրաձայնում են. «Այժմ շատ դժվար է դեռահաս լինել: Տեսեք, թե նրանց ինչեր են ստիպում մտածել: Պարտադիր չէ, որ խնդիրը կապված լինի տեխնոլոգիաների հետ. ավելի շատ առնչվում է այն ուժերին, որոնք ներթափանցում են դրանց մեջ: Մի տեսակ մանիպուլյացիա է, որը շփոթեցնում է նույնիսկ մեծահասակներին: Այն դեռահասների կամ երեխաների համար շատ վտանգավոր զենք է: Հիմա ծնողներն ավելի շատ ջանք են գործադրում՝ տանը ճիշտ մթնոլորտ ստեղծելու համար»։
Բարդեմի հետ փոքրիկ արարողակարգեր ունեն, որոնք փորձում են պահպանել՝ թուղթ ու գրիչ են օգտագործում, բնության մեջ ժամանակ անցկացնում, լռության եւ զրույցների համար տարածք ստեղծում. «Ծնողներս ինձ այնքան վաղ տարիքում են ունեցել, որ մեծանալու ընթացքում հնարավորություն ունեի նրանց հետ ամեն ինչից խոսել: Ուզում եմ, որ նույն կերպ լինի նաեւ իմ երեխաների հետ հարաբերություններում։ Աշխատում ենք նրանց համար անվտանգ միջավայր ստեղծել, որտեղ կարող են պատմել ու կիսվել իրենց հուզող բոլոր թեմաներով: Իսկ ես նրանց կլսեմ առանց դատելու»։
Հարազատների հետ մտերմությունը միշտ պահպանելու համար Կրուզն ընդամենը մի քանի րոպեների հեռավորության վրա է բնակվում մորից՝ Էնկարնայից ու քրոջից՝ Մոնիկայից: Նրանք հաճախ են հյուրընկալվում Մադրիդում գտնվող իրենց տներում. «Ես ու քույրս շատ ենք սիրում նորաձեւությունը եւ մինչեւ հիմա փոխանակվում ենք մեր իրերով: Սիրում եմ նրա զգեստապահարան մտնել։ Մոնիկան շատ առատաձեռն է, բայց ինձ ասում է. «Քեզնից հետո խառնաշփոթ չթողնես, մանավանդ, եթե լողազգեստներին ձեռք տաս»»։


×
105






