Ռեժիսոր Մեգգի Ջիլենհոլը գրել ու նկարահանել է «Flesh Impact» կարճամետրաժ ֆիլմը, որը նվիրված է լեգենդար Մերիլին Մոնրոյի 100-ամյակին:
17 րոպեանոց աշխատանքը ցուցադրվելու է սեպտեմբերի 2-ից 12-ը Վենետիկում կայանալիք կինոփառատոնի ընթացքում:
Ջիլենհոլի խոսքով՝ նա փորձել է հասկանալ, թե ինչպես կդասավորվեին Մոնրոյի կյանքն ու կարիերան, եթե նա երկար ապրեր: Հեռուստադիտողներն էկրանին կտեսնեն Մոնրոյին երիտասարդության ու ծերության տարիներին, նրան կմարմնավորեն 36-ամյա Դակոտա Ջոնսոնն ու 93-ամյա Էլեն Բյորստինը, որն անձամբ է ճանաչել Մոնրոյին: Խորհրդանշական է, որ Վենետիկի կինոփառատոնում Բյորստինը համաշխարհային կինոյում ունեցած ներդրման համար պատվավոր «Ոսկե առյուծ» կստանա:
Սկզբում Ջիլենհոլը կասկածել է, արդյոք արժե՞ նկարահանել Մոնրոյի պատմությունը, սակայն արխիվների հետ աշխատելու արդյունքում ներգրավվել է այդ ամենում:
Նա «Flesh Impact»-ը միաժամանակ համարում է սիրո խոստովանություն Մոնրոյին ու բոլոր այն դերասանուհիներին, որոնք իրենց անձնական կյանքն ու երջանկություն են զոհաբերել հանուն մասնագիտության:
«Մոնրոյի աշխատանքներում խորասուզվելով՝ հասկացա, որ չեմ ուզում վերապատմել նրա կյանքը, ավելի լավ է պատկերացնեմ, թե այն ինչպես կդասավորվեր, եթե նա ապրեր: Նրա դերասանական խաղն ինձ այնքան է գերում, Մերիլինը տարօրինակ է, վայրի ու շատ կենսախինդ, բայց միաժամանակ նրա աշխատանքներն ինձ սարսափելի տխրություն են փոխանցում: Ու սկսեցի մտածել, թե ի՞նչ կլիներ, եթե նա իր տրամադրության տակ եւս 60 տարի ունենար: Ի՞նչ կփոխվեր նրա աշխատանքում»,- Vanity Fair-ին պատմել է Ջիլենհոլը:
Ռեժիսորը գտնում է, որ Դակոտա Ջոնսոնն այնքան էլ նման չէ Մոնրոյին, բայց դա չի ազդել իր վերջնական որոշման վրա:
«Մտածեցի. «Ծիծաղելի է։ Ու՞մ է դա հետաքրքիր»: Վստահ չեմ, թե որեւէ մեկն իսկապես գիտի, թե ինչպիսի արտաքին ուներ Մերիլինը, քանի որ նրան այնքան են վերածել ապրանքանիշի ու միֆի, որ հիշողություններում շատ մշուշոտ է մնացել: Սցենարը գրելու ողջ ընթացքում հենց Դակոտան է եղել մտքումս»,- իր ընտրությունը բացատրել է նա:
Մոնրոն մահացել է 1962 թվականին՝ իր փառքի գագաթնակետին: Նրա մարմինը գտել են գիշերը՝ սեփական տանը, որը գնել է մահից ամիսներ առաջ: Մարմինը հայտնաբերել է տան աշխատողը. նա պառկած է եղել անկողնու վրա՝ ձեռքում սեղմած հեռախոսը, իսկ սենյակում եղել են դեղերի դատարկ սրվակներ: Դեպքի վայր հասած բժիշկները նշել են, որ նա մահացել է մեծ քանակությամբ քնաբերից:
Նրա մահվան մասին նոր հանգամանքներ են հանրայնացվել 2022 թվականին Netflix-ի ներկայացրած «Մերիլին Մոնրոյի գաղտնիքը. չլսված ձայնագրություններ» փաստագրական ֆիլմում, որում օգտագործվել են դերասանուհու անհայտ մնացած զրույցներ:
Ֆիլմի հեղինակը պարզել է, որ մահը վրա է հասել ավելի շուտ. այդ երեկո Մոնրոյին այցելության է եկել Ռոբերտ Քենեդին, եւ նրանք վիճել են: Իսկ շտապօգնության աշխատակիցը պատմել է, որ, երբ հասել են դեպքի վայր, Մոնրոն դեռ ողջ է եղել, նրան տարել են հիվանդանոց, սակայն հետո անշնչացած մարմինը վերադարձրել են տուն:
Քանի որ նա որեւէ գրություն չի թողել ու որեւէ միջադեպ նման դժբախտության պատճառ չէր կարող հանդիսանալ, մարդիկ մինչ օրս կարծում են, որ դերասանուհուն սպանել են: Մահվան առեղծվածի մասին ֆիլմն այդպես էլ ոչինչ չի բացահայտում, պարզ է միայն, որ Մոնրոն սարսափելի միայնակ էր զգում իրեն, հոգեբանի էր այցելում երկար տարիներ ու թմրադեղերից կախվածություն ուներ:


×
121






