Երեւանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի Թատրոնի ֆակուլտետի ուսանողները Ֆրանսիայում մասնակցել են Avignon Off միջազգային թատերական փառատոնի WYPPAM ծրագրին:
Նրանք Գրանդ Ավինյոնի կոնսերվատորիայում ներկայացրել են թատերարվեստի ամբիոնի դասախոս Իննա Հախնազարյանի «Բեւեռացում հասարակության մեջ» ներկայացումը։ Հայ ուսանողները նաեւ մասնակցել են «Ժաք Լըքոք» միջազգային թատերական դպրոցի «Դերասան. խաղը շարժման մեջ» խորագրով աշխատարանին, ծանոթացել են ֆիզիկական թատրոնի եւ բեմական շարժման ժամանակակից մեթոդներին։ Ծրագրի շրջանակում նրանք խորացրել են իրենց գիտելիքները դերասանական ժամանակակից տեխնիկաների ուղղությամբ, զարգացրել մասնագիտական հմտություններն ու ընդլայնել ստեղծագործական պատկերացումները։
Փառատոնին ներկա լինելու շնորհիվ ուսանողները միջազգային թատերական միջավայրում հանդես գալու, նոր մասնագիտական փորձ ձեռք բերելու, ժամանակակից ֆրանսիական թատրոնի առանձնահատկություններին ծանոթանալու ու տարբեր երկրների արվեստագետների հետ շփվելու կարեւոր հնարավորություն է տվել:
Ուսանողների համար հատկապես առանձնահատուկ էր Ավինյոնի փառատոնային մթնոլորտը՝ արվեստով ապրող քաղաքը, բազմաթիվ ներկայացումները, փողոցային կատարումները եւ ստեղծագործական միջավայրը, հայտնում են Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտից:


×
173






