«Կարգին սերիալ» հումորային սիթքոմի Արամիկին շատերը կհիշեն: Այն ժամանակվա փոքրիկ տղան այսօր համակրելի երիտասարդ է, որը, սակայն, ընտրել է բոլորովին այլ ստեղծագործական ուղի։ 25-ամյա Արեգ Գալոյանը ներկայանում է հեղինակային երգերով, ստեղծագործում է հայերեն եւ անգլերեն ու քայլ առ քայլ ձեւավորում իր երաժշտական աշխարհը։ Մեզ հետ զրույցում նա պատմել է մանկության տարիների հայտնիության ազդեցության, նոր մասնագիտական ճանապարհի, «Կարգին սերիալ»-ի հիշողությունների, ինչպես նաեւ ապագա ծրագրերի մասին։
- Հե՞շտ եղավ հանդիսատեսին ցույց տալ Ձեր ստեղծագործական նոր կողմը։
- Չեմ կարող պնդել՝ բարդ էր, թե հեշտ։ Ամեն դեպքում շատ ուրախ եմ, որ հիմա հանդիսատեսի մի զանգված կա, որը սիրում է իմ երգերը, եւ դրանք դարձել են նրանց կյանքի ու առօրյայի մի մասը։
- Ե՞րբ հասկացաք, որ երաժշտությունն այն ճանապարհն է, որով իսկապես ցանկանում եք գնալ։
- Երաժշտությամբ զբաղվել եմ միշտ՝ դեռ շատ մանկուց: Կարծեմ՝ անգամ ավելի շուտ, քան սկսել եմ նկարահանվել: Բայց պրոֆեսիոնալ երաժշտությամբ զբաղվելու որոշումը կայացրել եմ 18 տարեկանում, երբ մասնագիտություն ընտրելու ժամանակն էր։
- Մանկուց տեսախցիկների առաջ եք եղել՝ որպես դերասան եւ հաղորդավար։ Այդ փորձն ինչպե՞ս է օգնում Ձեզ այսօր՝ ստեղծագործելիս եւ առօրյայում:
- Իհարկե, այդ փորձն օգնում է կապ ձեւավորել էկրանից այն կողմ գտնվող մարդկանց հետ։ Կարծում եմ՝ այն կապը, որն ունեմ հանդիսատեսի, հատկապես հայ հանդիսատեսի հետ, ինձ համար շատ բնական, կարեւոր ու անձնական է։ Քանի որ ես, ինչ-որ չափով, հեռուստատեսությունում եմ մեծացել՝ այն մարդկանց հետ, ովքեր ինձ հետ հավասար են մեծացել, այդ կապը շատ բնական ու անկեղծ է ստացվում։ Այս փորձն էլ, երեւի թե, փոխանցվում է երաժշտությանն ու սոցիալական ցանցերին, որտեղ հիմա փորձում եմ ակտիվություն պահպանել։
Արեգ Գալոյանը
- Ձեր երգացանկում կան ե՛ւ հայերեն, ե՛ւ անգլերեն երգեր։ Ինչո՞ւ որոշեցիք ստեղծագործել երկու լեզուներով, եւ արդյոք դրանք տարբե՞ր լսարանների համար են։
- Իրականում շատ չեմ մտածում այդ մասին, եւ հատուկ նպատակ չկա, թե ինչու են որոշ երգեր անգլերեն, իսկ որոշները՝ հայերեն. ուղղակի այդպես է ստացվում։ Բազմաթիվ երգեր ունեմ, բայց դրանց միայն մի փոքր մասն եմ հրապարակել։ Նոր սկսել եմ անդրադառնալ այն հայերեն երգերին, որոնք ժամանակին գրել էի։
Այո, ինչ-որ չափով դրանք նաեւ տարբեր լսարանների համար են։ Իմ անգլերեն երգերն ավելի շատ օգտագործում եմ նոր ձեւեր ու գաղափարներ փորձելու համար։ Պարտադիր չէ, որ դրանք որոշակի քանակի լսումներ հավաքեն, այսինքն՝ անում եմ պարզապես ինձ համար։
- Երգ գրելիս սովորաբար ինչի՞ց եք ոգեշնչվում՝ անձնական ապրումներից, մարդկանց պատմություններից, թե՞ պարզապես պահի տրամադրությունից։
- Տարբեր բաներից եմ ոգեշնչվում. կարող է լինի անձնական պատմություն կամ որեւէ մեկի կյանքի պատմությունը։ Հիմա երգի վրա եմ աշխատում, որը ոգեշնչված է իմ շատ լավ ընկերներից մեկի կյանքի պատմությունից: Երբ այն թողարկվի, նրա թույլտվությամբ ավելի կմանրամասնեմ կամ չեմ մանրամասնի։
- Կա՞ մի երգ, որն ամենից շատ եք սիրում հենց Ձեր ստեղծագործություններից, եւ ինչո՞ւ։
- Իմ բոլոր երգերն էլ հավասարապես սիրում եմ, որովհետեւ յուրաքանչյուրը ստեղծելիս կյանքի մի որոշակի փուլում եմ գտնվել՝ կոնկրետ ապրումներով: Եվ ամեն անգամ դրանք լսելիս հենց այդ փուլն եմ հիշում։ Իհարկե, այս պահին նախընտրում եմ վերջին երգերս, որովհետեւ դրանց վրա ավելի լուրջ ու պրոֆեսիոնալ եմ աշխատել:
- Որքանո՞վ է Ձեզ համար կարեւոր երգերի կոմերցիոն հաջողությունը, եւ որքանո՞վ՝ պարզապես արտահայտեն այն, ինչ զգում եք։
- Երգի կոմերցիոն հաջողությունը, իհարկե, շատ հաճելի է, ինչպես նաեւ այն, որ լսարան է ձեւավորվում, բայց դա ինձ համար ամենակարեւորը չէ։ Ես երգերի միջոցով արտահայտում եմ իմ զգացմունքներն ու տեսակետները, ներկայացնում եմ ինձ։ Շատ հաճելի է, երբ տարբեր հարցերի շուրջ իմ երաժշտական ու անձնական աշխարհընկալման շուրջ հավաքվում են մարդիկ, ովքեր գնահատում են դա եւ դարձնում իրենց կյանքի մի մասը։ Բայց դա իմ գերագույն նպատակը չէ: Եթե այդպես լիներ, հատկապես իմ հայերեն երգերն ավելի շատ դհոլ-զուռնա կպարունակեին։
- Մանկության տարիներին ձեռք բերած ճանաչումը երբեւէ ճնշե՞լ է, թե՞, հակառակը, օգնել է նոր ճանապարհ սկսելու հարցում։
- Իմ մանկության տարիների փորձն ու հաջողությունը լավ եւ վատ կողմեր են ունեցել ցանկացած հարցում։ Իհարկե, ճնշում եղել է, բայց միեւնույն ժամանակ դրական բազմաթիվ կողմեր են եղել։ Կյանքի փորձառությունը, որը ձեռք եմ բերել, երեւի ամբողջ աշխարհում հազիվ 1000 հոգի ունենա, եւ ես շատ ուրախ եմ դրա համար։ Ի վերջո, յուրաքանչյուր մարդու կյանքի ուղին անհատական է։
Արեգ Գալոյանը՝ «Կարգին սերիալ»-ի Արամիկի կերպարում
Երաժշտությամբ պրոֆեսիոնալ զբաղվելու որոշմանս դրդապատճառներից մեկն այն էր, որ ցանկանում էի դեմ գնալ այդ ճնշմանը, անել այն, ինչ ինքս եմ ուզում, եւ ոչ թե այն, ինչ ինձնից ակնկալում կամ կանխատեսում էին։ Լիովին գոհ եմ իմ ընտրությունից։ Նոր ճանապարհներ փնտրելն ինձ ինչ-որ չափով մոտիվացրել է, ինչ-որ տեղ էլ՝ դրդել հակառակվելու։ Շատ ուրախ եմ, որ ամեն ինչ հենց այսպես է դասավորվել, որովհետեւ իմ այս որոշման շնորհիվ ես, կարելի է ասել, զրոյից կառուցում եմ իմ նոր ուղին՝ իհարկե, միշտ հիշելով անցյալն ու անչափ շնորհակալ լինելով այն ամենի համար, ինչ ունեցել եմ:
- Դերասանական կամ հաղորդավարական ոլորտ վերադառնալու ցանկություն կա՞։
- Ցանկություն, որպես այդպիսին, չեմ կարող ասել, որ կա։ Դեռ այնպիսի առաջարկ չեմ ստացել, որն ինձ կգրավի։ Եթե որեւէ նախագծի մասնակցեմ, դա չեմ անելու գումարի կամ հայտնիության համար. դրանց հետեւից ընդհանրապես չեմ ընկնում։ Կարեւոր է, որ նախագիծն ինձ դուր գա, աշխատելաոճը լինի կազմակերպված ու պրոֆեսիոնալ։ Շատ սիրով կմասնակցեմ, եթե այն ինձ իրոք հետաքրքրի, եւ կանեմ մեծ նվիրումով։
Գիտեմ, որ սա կարող է զարմանալի հնչել, քանի որ շատերը պատրաստ են ամեն ինչի՝ ուղղակի կադրում լինելու, ճանաչում ձեռք բերելու կամ գումար աշխատելու համար։ Բայց ես, անկեղծ ասած, այդ ամենի միջով անցել եմ ու գիտեմ, որ դա ժամանակավոր ուրախություն ու հաճույք է, որը շուտով կորչում է, եւ հետո ամեն ինչ անիմաստ է թվում։ Դրա համար շատ ուրախ կլինեմ, եթե լինի մի բան, որը սրտովս կլինի։
«Կարգին սերիալ»-ի դերասանները
- «Կարգին սերիալ»-ի դերասանական կազմի հետ այսօր շփվո՞ւմ եք:
- «Կարգին սերիալ»-ի անձնակազմից ոչ մեկի հետ իրականում կապ չունեմ, որովհետեւ ես այն ժամանակ եղել եմ 9-10 տարեկան։ Իհարկե, շատ ջերմ ու տաք հիշողություններ ունեմ բոլորի հետ եւ սիրով եմ հիշում այդ տարիները։
- Եթե հնարավորություն ունենայիք մի օրով վերադառնալ այն տարիներ, ի՞նչ կասեիք փոքրիկ Արեգին։
- Այն տարիների Արեգին ոչ մի բան չէի ասի, որովհետեւ չեմ ուզում խանգարել. նա իր ճանապարհին է, ամեն ինչ ճիշտ է անում։ Բայց մի հատ ամուր կգրկեի։
- Ի՞նչ նպատակներ ունեք առաջիկա տարիների համար. նոր ալբոմ, համերգներ, միջազգային համագործակցություններ։
- Հիմա կյանքի մի փուլում եմ, երբ սովորում եմ շատ առաջ չպլանավորել եւ մեծ պլաններ չկազմել։ Անում եմ այն, ինչ այս պահին ինձ դուր է գալիս ու սիրում եմ։ Դա ինչ-որ չափով ստանում է իր արձագանքը՝ ցույց տալով, որ սա ճիշտ ճանապարհն է։ Մեծ սիրով համերգներ էլ կունենամ, նոր երգեր էլ։
Արեգ Գալոյանը
Միջազգային համագործակցության առումով՝ այս պահին արդեն իսկ աշխատում եմ տարբեր արտիստների ու նվագախմբերի հետ։ Թե ինչ կլինի հետո, կտեսնենք։ Ամեն դեպքում բաց եմ նորությունների համար. կարեւորն ինձ համար այն է, որ ամեն ինչ անեմ սիրով ու հաճույքով։
- Ձեր սիրելի երգիչը կամ խումբը։
- Սիրելի երգիչներ ու խմբեր շատ ունեմ: Այս պահին հաճախ լսում եմ Rex Orange County, բայց տարբեր են նախասիրություններս։ Դասական կոմպոզիտորներին եմ հաճախ լսում:
- Սիրելի հայ երգիչ, երգչուհի։
- Շատ արտիստներ կան, որոնց անչափ սիրում եմ՝ թե՛ հայտնի, թե՛ ոչ այնքան ճանաչված, բայց եթե պետք է առանձնացնեմ մեկին, կնշեմ Էլվինա Մակարյանին։ Մեծացել եմ նրա երաժշտության ներքո. մայրիկս նույնպես շատ է սիրում նրան։ Նաեւ շատ եմ սիրում Արթուր Գրիգորյանին եւ Ֆորշին։
- Եթե ոչ երաժիշտ, ապա ի՞նչ մասնագիտություն կընտրեիք։
- Երբ մասնագիտություն պետք է ընտրեի, տարբերակները շատ-շատ էին՝ միջազգային հարաբերություններից մինչեւ պրոդյուսինգ, դերասանություն, սցենարիստի աշխատանք ու լրագրություն. ինչ ասես՝ չեմ մտածել։ Ու չեմ կարծում, որ իմ ներկայիս մասնագիտական ընտրությունն ու կողմնորոշումը որեւէ կերպ սահմանափակում են մնացած բոլոր հնարավորությունները։ Ես ոչինչ չեմ բացառում, բայց ամեն դեպքում ծրագրավորող երբեք չեմ կարող լինել՝ դա ընդհանրապես իմը չէ, եւ ոչ էլ նկարիչ՝ շատ վատ եմ նկարում։
- Բե՞մ, թե՞ ստուդիա։
- Ստուդիա։ Ինձ համար շատ-շատ կարեւոր, հանգիստ ու անձնական տեղ է։ Մեծ սիրով ու հաճույքով եմ գտնվում ստուդիայում։
- Հայերե՞ն, թե՞ անգլերեն ստեղծագործել։
- Ինչպես արդեն նշեցի, սահմանափակում չեմ դնում. երկուսն էլ շատ տարբեր ու շատ հետաքրքիր փորձառություն են ենթադրում։
Արեգ Գալոյանը
- Երեք բառ, որոնք բնութագրում են Ձեզ։
- Ես չեմ բնութագրի, թող ընթերցողները բնութագրեն: Ինձ շատ հետաքրքիր է իրենց կարծիքը:
Զրուցեց Կիմա Սարգսյանը
Լուսանկարները՝ Արեգ Գալոյանի անձնական արխիվից


×
481







