Մարմին, որը զգում է, մտածում, հիշում եւ խոսում առանց բառերի: Թատերական ինստիտուտի երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում «The Body Knows» խորագրով երեկո էր մարմնի մասին, որն ավելին գիտի, քան մենք հասցնում ենք գիտակցել։
«Ներգրավված են հինգ խորեոգրաֆներ, որոնցից չորսը պարարվեստի ռեժիսուրայի 4-րդ կուրսի ուսանողներ են։ Ներկայացումները նրանց՝ 3-րդ կուրսի երկրորդ կիսամյակի առաջադրանքներից հատվածներ են։ Լավ չարչարվեցին նրանք: Լավ աշխատանքներ էլի ունեինք, բայց այսօրվա համար հավաքել ենք մեկ ընդհանուր թեմայի շուրջ։ Հաջորդիվ կլինեն այլ թեմաներով երեկոներ, եւ մյուս ուսանողներն էլ կներկայացնեն իրենց աշխատանքները։ Այսօրվա ժամանակակից պարի երեկոն բարի նպատակ ունի. տոմսերի ողջ հասույթը կուղղվի պարային հատակ ձեռք բերելուն։ Ուսանողները սովորում են նաեւ բարի գործեր անել»,- ասաց ԵԹԿՊԻ խորեոգրաֆիայի ամբիոնի վարիչ Լիանա Հակոբյանը։
Հանդիսատեսին ներկայացվող չորս բեմադրությունից առաջինը «Extraordinary» («Արտասովոր») խորագրով աշխատանքն էր՝ ոգեշնչված երաժշտությունից եւ բուտո պարաոճից։ Ամեն շարժում ծնվել է ենթագիտակցորեն՝ երաժշտության հնչյունների ազդեցությամբ։ Բեմում Լիանա Երիցյանն էր, Արինա Մուսաելյանը, Մալենա Եղիազարյանը, Մանե Արշակյանն ու Սիմոնա Ղուկասյանը։ Խորեոգրաֆը Սյուզաննա Միսակյանն է։
«Փորձել եմ տարբերվել եւ անել մի բան, որը մյուսների աշխատանքներում չկար։ Բուտո ժամանակակից պարաոճը ստեղծվել է Ճապոնիայում։ Դրա էությունն այն է, որ դու ես ստեղծում քո պարը։ Օգտագործել եմ Նաչո Մալդոնադոյի «Երկիր» երաժշտական ստեղծագործությունը։ Բեմադրության մեջ կոնկրետ միտք չեմ դրել. ամեն ինչ զգացական է, եկել է ենթագիտակցությունից, բայց մարդու օրգանիզմի աշխատանքի մասին է»,- ասաց Միսակյանը։
Երկրորդ՝ «Ողնաշար» (The Spine) ներկայացման բեմանկարիչներն են Էլեն Հակոբյանն ու Տաթեւ Թադեւոսյանը։ Բեմում էին Սյուզաննա Միսակյանը, Լիանա Երիցյանը, Սոնա Խաչատրյանը, Սոնա Ղազարյանը, Սիմոնա Ղուկասյանը, Էդիտա Բաղդասարյանը, Մարիյա Գրիգորյանը, Մանե Արշակյանը, Արինա Մուսաելյանը, Լիաննա Զաքարյանը, Սուսաննա Կարապետյանն ու Մալենա Եղիազարյանը։ Վերջինս Գրետա Ալավերդյանի հետ նաեւ ներկայացման ռեժիսորն է։
«Մտքի եւ ողնաշարի կապի մասին է։ Ցույց ենք տալիս, թե ինչպես կարող են դրական ու բացասական էներգիաներն ազդել մարդու մարմնի, հատկապես՝ ողնաշարի վրա։ Օգտագործել ենք «Հող»-ի «Արոտ կարմիր» ստեղծագործությունը»,- ասաց Եղիազարյանը։
Երրորդը «Bush Lady. մարդ՝ կնոջ մարմնում» խորագրով աշխատանքն էր՝ մարմնի մասին մի պատմություն, որը բացահայտում է կնոջ դիմանալու, սիրելու, կորցնելու եւ նորից ապրելու ներքին ուժը։ Պարողներն են Արինա Մուսաելյանը, Սյուզի Միսակյանը, Լիանա Երիթայանը, Տաթեւ Խաչատրյանը, Սուսաննա Կարապետյանը, Սիմոնա Ղուկասյանը եւ Միլենա Գիժլարյանը։ Ռեժիսոր Արինա Մուսաելյանը ոգեշնչվել է նաեւ «Bush Lady» երգից։
«Խոսում եմ կանանց մասին, քանի որ ինքս կին եմ եւ լավ հասկանում եմ՝ ինչ է մեզ հետ կատարվում։ Բեմադրությունը միայն խնդիրների մասին չէ. որքան էլ կինը փխրուն լինի, նա ուժեղ է։ Որպես խորհրդանիշ՝ օգտագործել եմ նուռը, որի մեջ տարբեր իմաստներ եմ տեսնում։ Այս դեպքում այն կնոջ կերպարն է՝ կոշտ կեղեւով, բայց նուրբ հատիկներով։ Կանանց այս դարաշրջանը որոշակիորեն կոշտացրել է, բայց նրանց ներսում դեռ բազմաթիվ հույզեր կան, որքան նռան հատիկներն են»,- ասաց ռեժիսորը։
Երեկոն ավարտվեց «Tombra» ցուցադրությամբ, որը ոգեշնչված է Յունգի «անիմա» եւ «անիմուս» արքետիպերով, ինչպես նաեւ իսպանացի կնոջ կերպարով եւ մշակույթով։
«Որպես խորեոգրաֆ եւ ժամանակակից պարի մասնագետ՝ սովորել եմ Իսպանիայի Մադրիդ քաղաքում եւ ոգեշնչումս եկել է այնտեղից։ Նախ սկսեցի ուսումնասիրել ինքս ինձ, քանի որ օտար միջավայրում սկսում ես քեզ այլ կողմից ճանաչել։ Փորձեցի հասկանալ, թե «անիման» եւ «անիմուսը» ինչպես եւ երբ են արթնանում նախ իմ, ապա իսպանացի կանանց մեջ։ Նրանք ինձ համար օտար եւ հետաքրքիր, ինքնավստահ կերպարներ էին»,- ասաց խորեոգրաֆ Սոֆյա Գեւորգյանը։
Կնոջ ուժն ու ինքնավստահությունը ներկայացնող բեմադրության ընթացքում հնչում են Սքոթ Բաքի, Գարթ Սթիվենսոնի եւ Արքանայի ստեղծագործությունները։ Բեմում էին Մարիամ Շատինյանը, Նատալի Սուքիասովաը, Մելինե Արշակյանը, Սյուզաննա Միսակյանը եւ Սոֆյա Գեւորգյանը։
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի


×
884





