×


«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի «ՈւսանողականFest 2026»-ը կհամախմբի ավելի քան 500 ուսանողի

Հինգերորդ տարին անընդմեջ «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամի «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագիրն իրականացնում է «ՈւսանողականFest»-ը՝ ստեղծելով հարթակ Հայաստանի բոլոր բուհերի ուսանողների համար՝ զարգանալու, նոր կապեր ստեղծելու, տարբեր ոլորտների մասնագետների փորձին ծանոթանալու եւ նրանց հետ անմիջական երկխոսություն ունենալու համար։

«ՈւսանողականFest 2026»-ը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Ակնկալվում է մեկ հարկի տակ համախմբել ավելի քան 500 ուսանողի։

«Ֆեսթի առանցքում իրական պատմություններն են՝ մասնագիտական ճանապարհի, հաջողությունների, դժվարությունների, կարեւոր որոշումների ու դրանցից քաղած դասերի մասին։ Մասնակիցները հնարավորություն կունենան ոչ միայն լսելու տարբեր ոլորտներում կայացած խոսնակներին, այլեւ ուղղելու իրենց հարցերը եւ անմիջականորեն հաղորդակցվելու նրանց հետ»,- նշվում է հաղորդագրությունում:

Այս տարվա խոսնակներն են՝

●    Լարիսա Հովհաննիսյան՝ «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամի եւ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադիր,
●    Ռուբեն Եսայան՝ գրող, բլոգեր եւ սցենարիստ,
●    Անի Խաչիկյան՝ դերասանուհի,
●    Դավիթ Տոնոյան՝ բժիշկ-ուրոլոգ, անդրոլոգ։

Խոսնակներն ուսանողների հետ կկիսվեն իրենց մասնագիտական եւ անձնական ճանապարհի պատմություններով՝ ներկայացնելով ոչ միայն հաջողությունները, այլեւ դրանց հետեւում եղած դժվարությունները, ձախողումները, կարեւոր շրջադարձերն ու մարտահրավերները հաղթահարելու փորձը։

«ՈւսանողականFest»-ի նպատակն է երիտասարդներին հնարավորություն տալ հանդիպելու տարբեր մասնագիտական ուղիներ ընտրած մարդկանց, բացահայտելու նոր հեռանկարներ եւ ստանալու այն հարցերի պատասխանները, որոնք կարող են կարեւոր լինել սեփական կրթական ու մասնագիտական ճանապարհը կառուցելիս։

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտ:

Կարդալ ավելին

Quality Sign BW