«Իրուր խեդ»՝ Կարինի բարբառով՝ «Իրար հետ», արտահայտությունը երկու անգամ հնչում է փակ վարագույրների հետեւից՝ տարածվելով Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ողջ դահլիճով մեկ, եւ սկսվում է նմանը չունեցող գեղեցիկ ու հայկական մշակույթով լի երեկոն։
Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ եւ Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի 60 ու «Կարին» ավանդական երգ ու պարի խմբի 25-ամյակների առիթով նրա դուստրերը, աշակերտներն ու գաղափարակիցները կազմակերպել էին յուրահատուկ համերգ-հարգանքի տուրք։
Գինոսյանի դուստրը՝ համերգի կազմակերպիչ եւ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Անի Գինոսյանը, Bravo.am-ին հայտնել է, որ 2026 թվականն իրենց համար հոբելյանական է: Տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են ունեցել, իսկ այս մեկն ամփոփիչ համերգն է:
«Երեկոյի կառուցվածքն այնպիսին է, որ Գինոսյանի կենսագրությունից դուրս է գալիս «Կարին»-ինը, հետո նորից վերադառնում ենք Գինոսյանին ու խմբի գործունեության շարունակությանը։ Նախապատրաստական փուլում բավական բարդություններ ենք ունեցել։ Աշխատել ենք մեծ թիմով. միայն բեմում ելույթ ունեցող արտիստները՝ պարողները, երաժիշտներն ու երգիչները, 40 հոգի են։ Ունենք սցենարիստ, ռեժիսոր, բեմանկարիչ, տեխնիկական, կազմակերպչական եւ ադմինիստրատիվ հարցերով զբաղվողներ։ Մեզ աջակցել է նաեւ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմը։ Խիտ ու ծանրաբեռնված ընթացք էր։ Կարծում եմ՝ պատվով ենք հաղթահարել բոլոր դժվարությունները»,- խոստովանել է նա։
Անի Գինոսյանը
Սցենարի հեղինակն Անի Գինոսյանն է: Նա շեշտադրել է այն դրվագները, որոնք կարեւոր են եղել հոր եւ, հետեւաբար, նաեւ իր համար։ Նրա խոսքով՝ նման միջոցառումները հնարավորություն են տալիս բոլորին եւս մեկ անգամ հաղորդակից դառնալ Գագիկ Գինոսյանի հետ։
Ու թեեւ արդեն երկու տարի է՝ Գինոսյանը ողջ չէ, երեկոյի ողջ ընթացքում զգացվում էր նրա ներկայությունը, եւ ամեն ինչ նրա շնչով էր լցված․ սաները նրա պես կրակոտ ու գեղեցիկ պարում էին, երաժիշտներն՝ անմնացորդ նվագում, իսկ երգիչները՝ հուզում հանդիսատեսին։
«Ծանոթանանք։ Ազգանունս մի տոհմածառ, իսկ անունս՝ նոր գաղտնագիր: Մնացածն ամենքը թող ինքն իր համար հայտնագործի. մեկի համար՝ անհաս գագաթ, մյուսի համար՝ սարսափի վիհ, իսկ միգուցե մի դիմազուրկ, անգույն կտավ։ Ծանոթանանք, մնացածը ամեն մեկը ինքն ընկալի, միջնորդ պետք չէ եւ միջանկյալ ոչ մի աշխարհ, թողեք՝ ինքս ձեզ ճանաչեմ։ Կարծես թե ծանոթացանք: Ես կարնեցու տոհմի ժառանգ»,- վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանի ձայնով ներկաները լսում են Գինոսյանի խոսքերը:
Իր ծննդավայրի մասին պատմում է հենց Գինոսյանը. «Փոքրիկ քաղաք, որը երբեւէ իր բնակչության քանակով 30 հազարը չի անցել, տվել է 30-ից ավելի ակադեմիկոսներ։ Մեր փողոցում ծնվել են երեք աշխարհահռչակ նկարիչներ, տարբեր գիտնականներ, հզոր ռազմական գործիչներ։ Փոքրիկ Ծուղրութ գյուղը, որտեղ մի առու չկա, ու իրենց այգիները չէին կարողանում ջրել, ծովակալ Արտավազդ Սահակյան է տվել, հայագիտության հիմնադիրներից Գալուստ Տեր-Մկրտչյան, անընդհատ կարելի է թվարկել։ Որեւէ կերպ փորձ չի արվում հասկանալու, թե ո՞րն է գաղտնիքը, որ այդ հողը նման շռայլություն ու շնորհ է տվել հայ ժողովրդին, եւ նման հանճարներ են ծնվել»։
Գինոսյանի կյանքում առանձնահատուկ մեծ դերակատարում ու կարեւորություն է ունեցել երգիչ-բանահավաք, ազգագրագետ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Հայրիկ Մուրադյանը, եւ երեկոյի ընթացքում էլ այդ մասին հիշատակվեց։ Կադրերում արդեն պատկառելի տարիքում երգիչը երեխաների հետ իր անզուգական ձայնով կատարում է «Երնեկ թե այս նոր տարին» երգը, իսկ Գինոսյանն ավելացնում է. «Իրոք խորան էր Հայրիկ Մուրադյանը մեզ՝ իր բոլոր սաների համար»։
Անդրադարձ է կատարվում նաեւ Գինոսյանի բանահավաքչական գործունեությանը, երբ նա շրջում էր տարբեր գյուղերով ու այլ բնակավայրերով, ծանոթանում տարեցների հետ, տեսանկարահանում ու սովորում տարբեր նահանգների հին եւ մոռացության մատնվող պարերը՝ այդկերպ փրկելով ու նոր կյանք հաղորդելով դրանց։
«Մեր եւ ուրիշների բանահավաքչության շնորհիվ հավաքագրված պարերը կարողացանք մաքրել, վերծանել, սովորեցնել եւ բեմում հանրահռչակելուց հետո վերադարձնել ժողովուրդին»,- շարունակում է Գինոսյանը։
Արսեն Գրիգորյանը (Մրրո)
Այդ գործունեության արդյունքում նա մի հետաքրքիր գաղափար հղացավ ու 2001 թվականին որոշեց Կարնո մշակույթը հայ ժողովրդին վերադարձնելու առաքելությամբ ստեղծել «Կարին»-ը։ Սակայն տարիների ընթացքում, ժամանակի թելադրանքով ու պահանջով, խմբի պարացանկն ու երգացանկն ընդգրկեցին գրեթե ողջ հայկական լեռնաշխարհը։
Դրանով էլ Գինոսյանը չբավարարվեց. նա որոշեց հայկական պարը վերադարձնել բոլորին եւ մեծից մինչեւ փոքրը վարակել դրանով: Նրա նախաձեռնությամբ ստեղծվեց «Ազգային երգ ու պար» առարկան, որը ներդրվեց հայկական դպրոցներում՝ հարյուրավոր երեխաների օգնելով կապվել սեփական արմատների հետ։
Գինոսյանն ու «Կարին»-ն անգնահատելի ու հսկայական ներդրում ունեցան հայկական պարերի վերածննդի եւ համաժողովրդական վերելքի գործում: Հայկական երգ ու պարերի սիրահարները գիտեն՝ ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը հանդիպելու եւ պարելու են «Մեր պարերը եւ մենք» խորագրով միջոցառման շրջանակում: Տաք եղանակին նրանց հավաքատեղին «Գաֆէսճյան» քանդակների պարտեզն է (Կասկադ), իսկ ցուրտ եղանակին՝ «Նարեկացի» արվեստի միությունը:
«Պարը ծնվեց այն ժամանակ, երբ մարդն առաջին անգամ չկարողացավ իր ոգեւորությունը խոսքի եւ նույնիսկ երգի միջոցով արտահայտել։ Պարն աճեց, զարգացավ ու դարձավ արվեստների թագը, որովհետեւ միակն էր, որ միաձուլեց մարդու հոգին ու մարմինը: Պարը մարմնի երգն է եւ նկարչությունն է մարմնի միջոցով: Պարը մտքի սլացքն է, ոգու կռիվն ու հերոսացումը: Պարը կնոջ հեզ նազանքն է ու տղամարդու զորեղ զարկը»,- գրել է Գինոսյանը։
Նա միայն պարի միջոցով չէ, որ արթնացնում էր հայի ոգին: Գինոսյանի ողջ կյանքն ու գործունեությունը նվիրված էին հայրենիքին ու նրա մշակույթին: «Կսեն՝ հեղափոխություն էղավ, իշխանություն փոխվեց, բայց թուրք չփոխվեց: Թուրքը նույն թուրքն է, ու թե կուզենք՝ հայոց աշխարհը խաղաղություն ու ազատություն էղնի, հայի զենքն իր ձեռքի շարունակությունը պիտի ըլլա»,- Անդրանիկ Օզանյանի այս խոսքերը երեկոյի ընթացքում հնչում են Գինոսյանի շուրթերով:
Երեկոյի ամենահուզիչ պահերից մեկը նրա «Ողջույն, տղերք» գրքից մեջբերումն էր, որը նվիրված է Արցախյան առաջին պատերազմում նահատակված ընկերներին. «Ողջո՜ւյն, տղե՛րք… Ողջո՛ւյն տվեք մեր դարավոր նահատակաց: Ողջույն, տղե՛րք, դուք՝ նահատակ, դուք՝ բյուր զոհեր՝ հայ բագինին մատաղ տրված: Ողջո՜ւյն, տղե՛րք, դուք շատ դաժան գնացիք: Դուք, որ Ձեզ հետ մեր բաժին մահն էլ խլեցիք ու գնացիք, Ձեր արյամբ ոռոգեցիք վաղուց չորացող, բայց, այնուամենայնիվ, չչորացած հայրենասիրության ծառը: Դուք մեզ՝ Ձեր մարտական ընկերներին եւ ողջ հայությանը, հայրենասիրության եւ անձնուրացության թանկ դասեր տվեցիք ու անդարձ անցաք երկնակամարով՝ սահող ասուպի նման... Ա՜խ, տղե՛րք… Գանձասարը վկա, Դուք պիտի այսօր հաղթանակի պարը պարեիք: Ձեր «Յարխուշտայից» ամբողջ Հայաստանը պիտի թնդար...
Թովմաս Պողոսյանը
Ձեզնից շատերի հերոսությունն ավելին էր, քան Ձեր մատաղ տարիքին էր վայել: Ապրե՛ք, տղե՛րք... եւ Ձեր ուխտվածությամբ ապրեց հայրենիքը: Դուք հեգնեցիք մահը՝ հանուն բյուր կենաց: Անգիտացաք մահու եւ կենաց սահմանը՝ Ձեր կյանքի գնով ինքնըստինքյան սահմանագիծ գծելով մեր ու Ձեր միջեւ: Եվ այն Եռաբլուր կոչեցիք:
Գալիս ենք Եռաբլուր եւ ասում. «Ողջո՜ւյն, տղե՛րք»: Միակ տեղը, ուր վայել է գլուխ խոնարհել, եւ միակ դեպքը՝ Հայոց Եռագույնից բացի, ուր վայել է մի ծունկը զգետնել: Արժանապատիվ է ծնկաչոք համբուրել միայն սուրբ Եռագույնը եւ Ձեզնով սրբացած Եռաբլուրը՝ գիտակցելով, որ այստեղ նիրհում է մի բուռ տիեզերք...»:
Երեկոն ավարտվեց ազդեցիկ ու հուզիչ «Չալմը դանգը» պարով, որը Գինոսյանն այնքան յուրահատուկ կերպով էր կատարում: Իսկ վերջում Անի Գինոսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ իրենց համար այդքան կարեւոր օրը միասին լինելու համար։
Անի Գինոսյանը
«25 տարին բավական երկար ճանապարհ է, եւ շատ կարեւոր է, թե մենք այդ ընթացքում ինչ ենք հասցրել անել: «Կարին»-ը վաղուց ոչ միայն ուղղակի երգի ու պարի խումբ է, այլ նաեւ համայնք, որն իր շուրջն է միավորում միեւնույն գաղափարներն ու արժեքները կրող մարդկանց, նույնիսկ եթե նրանք աշխարհի տարբեր ծայրերում են գտնվում: Այդ գաղափարի հեղինակը եղել է մեկ մարդ ու նա շատ խորը հավատացել է դրան՝ իր ողջ կյանքը նվիրելով այդ գործին: Այսօր էլ այստեղ ենք հենց այդ նվիրումի շնորհիվ:
Գագիկ Գինոսյանի մասին պատմեցինք մի փոքր այլ տեսանկյունից, փորձցինք ձեզ օգնել ճանաչել նրան ու նրա խոհերը։ Բայց ամենալավ գնահատականը նրա գործի շարունակությունն է։ Այս 25 տարիների համար ուզում եմ շնորհակալություն հայտնել «Կարին»-ի բոլոր կազմերին եւ առավել շատ այն մեկին, որը հիմա կանգնած է բեմին ու նրա ֆիզիկական բացակայությունից հետո շարունակում է նույն ճակատում կռիվ տալ»,- ասել է Անի Գինոսյանը։
Նրա խոսքով՝ այս համերգը եւս մեկ անգամ ընդգծեց, թե ինչ ուղղությամբ են շարժվում առաջ ու դեռ որքան անելիք ունեն: Շարունակելով Գագիկ Գինոսյանի գործը՝ ուսումնասիրելու են, վեր են հանելու ու ժողովրդին են վերադարձնելու հայկական մշակույթի կարեւոր ավանդույթները. «Թույլ չենք տալու՝ նրա դրած հիմքերը վերածվեն թանգարանային նմուշի: Ամեն ինչ անելու ենք, որ ավանդական մշակույթը շարունակի ապրել հայերի առօրյայում»։
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի


×
2,172





