Թատերական ինստիտուտի երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում «Քրջի բազար» վավերագրական-վերբատիմ ներկայացմանը ներկա լինելը լավագույն նվերն է, որ կարող եք անել ինքներդ ձեզ։
Մեկուկես ժամում այդքան մարդկային ճակատագրերի ծանոթանալով՝ կհասկանաք, թե որքան բազմերանգ է կյանքը՝ միաժամանակ տխուր ու ուրախ։ Կտեսնեք, որ մարդիկ թեեւ տանջվում են, սակայն երբեք չեն հանձնվում: Նրանք շատ անգամներ են ընկնում, բայց նույնքան էլ կարողանում ոտքի կանգնել։ Եվ որ յուրաքանչյուր մարդու պատմություն արժանի է բեմից հնչելու։
Իսկ թե դա ինչպես են փորձառու դերասանների վարպետությամբ անում Թատերական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանողները, միայն տեսնելով է հնարավոր համոզվել։
15 դերասաններից յուրաքանչյուրն այնքան է խորացել իր կերպարի կյանքի ու ցավերի մեջ եւ այնքան սիրով ու կարեկցանքով է մարմնավորում նրան, որ մոռանում ես՝ բեմում ընդամենը 20-ամյա ուսանողներ են։ Նրանք դառնում են տատիկներ ու պապիկներ, իրենց կերպարների փոխարեն որդի կամ դուստր կորցնում, ապրում կատուների հետ, ծերանում միայնության մեջ ու երգում ինքնամոռաց։ Նույնիսկ որոշ կերպարների խոսքի առանձնահատկություններն են հնչում շատ ճշմարտացի ու իրական։
Ներկայացման հեղինակները Թատերականի դասախոսներ Նադեժդա Իսրայելյանն ու Դիանա Ռազիելն են, որոնք Bravo.am-ի հետ զրույցում պատմել են ստեղծագործական համագործակցության մասին:
- Ինչպե՞ս է առաջացել ներկայացման մտահղացումն ու ո՞նց եք այն իրագործել։
Նադեժդա. Միտքը երկուսիս մեջ միաժամանակ է ծնվել։ Մենք Ռուբեն Բաբայանի արվեստանոցում մագիստրոս էինք եւ ուսանողների հետ աշխատելու համար դասավանդման որոշակի մեթոդ էինք փնտրում։ Ընտրեցինք վերբատիմ թատրոնը, քանի որ այն ուսուցման տեսանկյունից շատ կարեւոր է․ ուսանողները սովորում են վերարտադրել իրական կերպարները՝ ընդօրինակելով նրանց խոսքը, ձայնը, դիմախաղը, արտաքինն ու ներքինը։ Հետաքրքիր դերասանական ու ռեժիսորական առաջադրանք էր։
Դիանա. Ու այնպիսի նյութ էինք ուզում, որ ուսանողները հենց իրենք հետազոտեն ու մեծ պատասխանատվություն զգան։ Ամեն մեկն իր տեսարանի ու կերպարի հետազոտողը եւ ստեղծողն է։ Մենք էլ մեր մեջ էինք բաշխել մնացած գործերն ու զբաղվել ենք տեքստի խմբագրմամբ, պիեսի ստեղծմամբ:
Նադեժա. Նաեւ դերասանների հետ աշխատանքով։
- Իսկ Դուք եղե՞լ եք Քրջի բազարում ու ծանոթացե՞լ եք ուսանողների ընտրած հերոսների հետ։
Դիանա. Պայմանավորվածություն ունեինք․ Նադյան տեսել էր բոլորին ու հետեւել վերբատիմի ընթացքին, իսկ ես ոչ մեկին չէի տեսել, որպեսզի նյութն ընկալեի որպես հանդիսատես ու կողքից հայացք լինեի։ Ինձ թվում է՝ աշխատանքի այս բաժանումը շատ հաջող էր։
- Սովորաբար դերասանները ներկայացումների համար Քրջի բազարից տարատեսակ իրեր են ձեռք բերում։ Ինքներդ մինչ այդ եղե՞լ էիք այնտեղ: Գուցե այդ շփման արդյունքում եք հասկացել, որ ցանկանում եք անդրադառնալ նրանց։
Նադեժդա. Մեծ հաշվով, հենց այդպես էլ ստացվեց, որովհետեւ վերջին շրջանում հաճախ էի այցելում Քրջի բազար՝ տարբեր առարկաներ ու հագուստ գնելու համար։ Մտածեցի անդրադառնալ այդ մարդկանց եւ գաղափարով կիսվեցի Դիանայի հետ։ Միասին քննարկեցինք ու հասկացանք, որ հետաքրքիր թեմա է։ Այնտեղի միջավայրը շատ յուրահատուկ է՝ կարծես քաղաքի մեջ առանձին քաղաք լինի։ Այդ մարդիկ ամեն հանգստյան օր գնում են այնտեղ ու վաճառում իրենց իրերը։ Բայց ովքե՞ր են նրանք բազարից դուրս, ինչո՞վ են ապրում, ինչպե՞ս են հասել այնտեղ, որտեղ այսօր են։
Դիանա. Ի՞նչ ցավ ունեն, ինչի՞ մասին են երազում։ Ցանկացանք հետազոտել յուրաքանչյուրին՝ որպես անհատականություն։ Կարծում ենք՝ թատրոնը հենց դրա համար է՝ բացահայտելու մարդկանց ու կամուրջ դառնալու հասարակության եւ հանդիսատեսի միջեւ։
- Չգիտեմ՝ այս հարցի պատասխանը որքանով ունեք, բայց ուզում եմ իմանալ ձեր տեսակետը։ Այդ մարդիկ հետաքրքիր են, դրա համա՞ր են հայտնվել Քրջի բազարում, թե՞ հենց այդ միջավայրն է նրանց դարձրել այդպիսին։ Իհարկե, գիտենք, որ առաջին հերթին նրանց այնտեղ է բերել սոցիալական կարիքը։
Նադեժդա. Ընդհանրապես, Քրջի բազարը 90-ականներին ձեւավորվել է հենց սոցիալ-քաղաքական ճգնաժամի հետեւանքով, երբ մարդիկ գումար չունեին եւ սկսեցին վաճառել իրենց տան իրերը։
Դիանա. Չեմ կարծում, թե այս հարցին միանշանակ պատասխան կա: Սոցիալական գործոնը շատ մեծ ազդեցություն ունի, բայց նաեւ մեր նպատակը ցանկացած մարդու մեջ այնքան խորություն, իմաստ, պայքար, խնդիր, ցանկություններ գտնելն է, որոնք հետաքրքիր կլինեն մյուսների համար էլ։ Մեզ համար անհետաքրքիր մարդ չկա, ուղղակի մեր հերոսների դեպքում գույները խտացված են։
- Իսկ ներկայացման հերոսները տեսե՞լ են ներկայացումը։
Նադեժդա. էթիկապես սխալ կլիներ, որ նրանք դիտեին ներկայացումը։ Բացի այդ, սխալ կլիներ իրենց ցավի մասին պատմել՝ առանց զգուշավորության։ Առաջին հերթին պահպանել ենք նրանց գաղտնիությունը․ բոլոր անունները փոխված են, որոշ փաստեր կա՛մ չեն նշվում, կա՛մ փոփոխված են, որպեսզի որեւէ կերպ չբացահայտենք այդ մարդկանց ինքնությունը։
Առաջին օրվանից նրանք տեղյակ են եղել, թե ուսանողներն ինչու են այցելում իրենց, ինչ նպատակով են հարցազրույցներ անցկացնում եւ ինչ է ստեղծվելու այդ նյութերի հիման վրա։ Ոմանք հրաժարվել են մասնակցել, եւ նման դեպքերում մենք չենք փորձել համոզել նրանց։ Բայց հետաքրքիր էր տեսնել, թե մյուսներն ինչ մեծ ցանկությամբ էին պատրաստ պատմել իրենց կյանքի մասին։
- Հենց ձեզ ի՞նչ տվեց ներկայացումն ու ի՞նչ հասկացաք։
Դիանա. Քանի որ դասախոս ենք, առաջին հերթին մտածել ենք ուսանողների մասին, եւ այս գործը հեռու է ռեժիսորական հավակնություններից։ Մեզ համար գլխավոր հարցն այն էր, թե ինչ կարող ենք անել, որ այն օգտակար լինի ուսանողներին։ Միասին աշխատելու ընթացքում ամեն ինչ արել ենք, որ կերպարները ստեղծելիս նրանց նկատմամբ հոգատար լինեն։ Գրեթե ամեն օր մարդիկ մեքենաներով կամ ոտքով անցնում են այդ տարածքի կողքով, եւ մենք մտածում էինք՝ ինչի՞ մասին պետք է լինի այն կամուրջը, որը ցանկանում ենք ստեղծել։
- Ամեն անգամ ներկայացումը նայելիս ի՞նչ եք զգում։
Նադեժդա. Այսօր շատ տխրություն զգացի, որովհետեւ մեր հերսներից մեկն այսպիսի տեքստ ունի. «Սկզբում Վերնիսաժում էինք, հետո ուղարկեցին Գնունի, ապա՝ այստեղ»։ Ու հենց այս օրերին նրանց հեռացնում են ստադիոնի տարածքից եւ տեղափոխում են Սովետաշեն։ Դա նշանակում է, որ պատմությունը շարունակվում է...
Դիանա. Ուզում էի դրա մասին չմտածել: Նույնիսկ հիմա, երբ հիշեցնում ես, շատ եմ նեղվում։ Բայց ներկայացումը դիտելիս միշտ երջանկութուն եմ զգում, ոչ թե ինձ համար, այլ այն պատճառով, որ հանդիսատեսն ամեն անգամ գալիս է ու տեղեկանում այս մարդկանց մասին։ Ոչինչ, որ հանդիսատեսի, երեւի, կեսն արդեն չորրորդ անգամ էր դիտում ներկայացումը։ Դա էլ է շատ բան ասում նրանց հետաքրքրության մասին։
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
Bravo.am


×
115






