×


Հայրիկի ստեղծագործությամբ՝ Կրոնբերգի բեմում․ Լյանա Ուլիխանյանի նոր նվաճումը

15-ամյա Լյանա Ուլիխանյանը ստացել է գերմանական Կրոնբերգի ակադեմիայի հեղինակավոր «Լանդգրաֆ ֆոն Հեսսեն» (Landgraf von Hessen-Preis) մրցանակը՝ դառնալով առաջին հայ թավջութակահարուհին, որն արժանացել է այս պարգեւին։ Նույն մրցանակը տրվել է նաեւ երիտասարդ ամերիկացի երաժշտի։ 

Այս տարի Կրոնբերգի ակադեմիայի վարպետության դասերին մասնակցել է շուրջ 35 երկրից 185 երիտասարդ երաժիշտ։ Նրանցից լավագույնները հնարավորություն են ստացել ելույթ ունենալ ակադեմիայի եզրափակիչ համերգին, որտեղ իր կատարմամբ առանձնացել է Լյանա Ուլիխանյանը։

Լյանա Ուլիխանյանը


Նա BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ Կրոնբերգում երկրորդ անգամ էր, սակայն այս տարվա փորձառությունը էապես տարբերվել էր նախորդից. «Կրթաթոշակ ստացա, որի շնորհիվ պարապմունքներս անվճար էին։ Երեք հրաշալի դասի մասնակցեցի: Շատ տպավորված էի Վոլֆգանգ Էմանուել Շմիթի հետ աշխատանքից։ Մասնակցեցի նաեւ համերգին եւ արժանացա մրցանակի»։

Մրցանակը թավջութակահարուհուն հանձնել է արքայադուստր Պաուլինա ֆոն Հեսսենը։ 

«Պրոֆեսորը պնդեց, որ «Բերդ պարը» կատարեմ»

Լյանայի համար ամենահուզիչ պահերից մեկը ոչ միայն մրցանակ ստանալն էր, այլեւ եզրափակիչ համերգին հոր ստեղծագործությունը կատարելը։

Նա հնչեցրել է կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանի՝ թավջութակի համար գրված ստեղծագործություններից մեկը՝ «Բերդ պարը»։ Լյանայի խոսքով՝ եզրափակիչ համերգին ելույթ ունեցող երաժիշտներին ընտրել է պրոֆեսորը, որն անձամբ է առաջարկել իրեն կատարել հոր ստեղծագործությունը։

«Նա պնդեց, որ անպայման կատարեմ հենց հայրիկիս ստեղծագործությունը։ Ինձ համար դա առանձնահատուկ եւ հուզիչ փորձառություն էր»,- պատմում է նա։

1994 թվականին հիմնադրված «Լանդգրաֆ ֆոն Հեսսեն» մրցանակը շնորհվում է այն երիտասարդ երաժիշտներին, որոնք իրենց կատարողական վարպետությամբ, տեխնիկական հմտությամբ եւ երաժշտական ներուժով առանձնահատուկ տպավորություն են ժյուրիին։ Այն Կրոնբերգի ակադեմիայի նշանակալի պարգեւներից է։



Լյանայի համար մրցանակների արժանանալն աստիճանաբար դառնում է երաժշտական ճանապարհի բնականոն մաս։ Նա խոստովանում է, որ թեեւ ուրախ է իր հաջողությունների համար, մրցանակ ստանալու զգացողությունն այլեւս նախկինի պես անսովոր չէ։

«Մրցանակ ստանալը շատ հետաքրքիր զգացողություն է։ Երբ ավելի փոքր ես, դա քեզ համար առանձնահատուկ իրադարձություն է։ Իհարկե, ուրախ եմ, որ նման մրցանակ եմ ստացել»,- ասում է երիտասարդ թավջութակահարուհին։

Լյանա Ուլիխանյանի հաջողությունը ոչ միայն նրա անձնական ձեռքբերումն է, այլեւ հայ երիտասարդ երաժիշտների միջազգային ճանաչման նշանակալի օրինակ։

Փոքր տարիքից՝ մեծ բեմերում

Լյանա Ուլիխանյանը ծնվել է 2010 թվականին Երեւանում՝ երաժիշտների ընտանիքում։ Թավջութակ սկսել է նվագել չորս տարեկանից, իսկ երաժշտական կրթությունը ստացել է Երեւանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ Նա նաեւ կատարելագործվում է Շվեյցարիայում՝ Լանգենթալի միջազգային լարային ակադեմիայում, պրոֆեսոր Դենիս Սեւերինի ղեկավարությամբ։




Լյանան վաղ տարիքից մասնակցել է միջազգային մրցույթների եւ հանդես եկել տարբեր երկրների բեմերում։ 2018 թվականին արժանացել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) մրցույթի գլխավոր մրցանակին, իսկ 2019 թվականին հրավիրվել է՝ մասնակցելու ռուսական «Лучше всех!» («Լավագույնը բոլորից») հեռուստաշոուին։ 2025 թ.-ին նա հաղթել է Լատվիայում անցկացվող Դավիդովի անվան միջազգային մրցույթում՝ ստանալով Դավիդովի երաժշտության լավագույն մեկնաբանության հատուկ մրցանակը։

Երիտասարդ երաժիշտը հանդես է եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ մի շարք արտասահմանյան նվագախմբերի հետ։ Նրա ստեղծագործական գործունեության կարեւոր ուղղություններից է նաեւ համագործակցությունը հոր՝ կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանի հետ, որի ստեղծագործությունները Լյանան ներկայացնում է բեմերում։

Տեքստը՝ Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ lyanaulikhanyan.com

Կարդալ ավելին

Quality Sign BW