Նախքան լավ նկարահանող բջջային հեռախոսների ի հայտ գալը՝ մարդիկ հիշողությունները հավաքում էին ալբոմներում: Դրանց էջերը թերթելիս, կարծես, վերակենդանանում էին մանկության տունը, հյուրընկալ շքամուտքը, մաշված պատուհանները, որոնց վրա ձմռան եղյամն ամենագեղեցիկ նախշերն էր պատկերում: Դռան շեմքի այգում էլ մի սիրուն ծառ կար, որի շվաքի տակի նստարանին այդքան շատ էր սիրում նստել սիրելի տատիկը: Տան կողքին էլ բաց դաշտն էր, որտեղ անցնում էին ամենաուրախ խաղերը:
Նման կերպ, բայց սեփական յուրահատկություններով՝ լուսանկարներում վերակենդանանում են մեր հիշողությունները: Իսկ ի՞նչ կստացվի, եթե այդ հիշողությունները պահպանվեն ոչ միայն նկարների, այլեւ իրական տան եռաչափ մանրակերտի՝ դիորամայի միջոցով:
Արման Գրեյանը
Գեղանկարիչ Արման Գրեյանն արդեն երկու տարի է՝ խտացված հիշողություններ է կերտում. պատվիրատուների տան նկարներից ստանում է դրա մանրակերտը, այնուհետեւ մանրակրկիտ աշխատանքով դրան շունչ ու կյանք տալիս:
Նրա խոսքով՝ դիորամաների պատրաստումը եվրոպական երկրներում արվեստի բավական զարգացած ուղղություն է, որի ուսուցման հատուկ կենտրոններ կան: Տարիներ առաջ Արմանին եւս հետաքրքրել են փոքրիկ, բայց իրական աշխարհի գաղտնիքները, ու նա սկսել է փորձեր անել:
Լուսանկարը՝ Արման Գրեյանի արխիվից
«Հայաստանում ապրելն արվեստագետների համար հեշտ չէ, ուստի շարունակ մտածում էի՝ ինչպես զբաղվեմ սիրելի գործով եւ միեւնույն ժամանակ բավարար գումար վաստակեմ՝ ընտանիքս պահելու համար: Որոշեցի դիորամաներ պատրաստել: Հենց առաջին աշխատանքս սոցցանցում տեղադրելուց հետո տան դիորամայի պատրաստման պատվեր ստացա ԱՄՆ-ից»,- հիշում է գեղանկարիչը:
Արմանի խոսքով՝ ժամանակակից աշխարհում աշխատանքի բարձր որակից բացի, կարեւոր է նաեւ դրա ճիշտ մատուցումը: Նա բավական ժամանակ է տրամադրում աշխատանքի ընթացքը նկարահանելուն, իսկ պատվիրատուների համաձայնության դեպքում տեսանյութն ամբողջացնում է նվերի ստացման հուզական դրվագներով:
Արման Գրեյանը
«Առաջին տեսանյութը, որում երեւում էին իրենց տունը դիորամայի տեսքով նվեր ստացող մարդիկ, շուրջ մեկուկես միլիոն դիտում ունեցավ: Նման կադրերը ցույց են տալիս այն իրական, վառ հույզերը, որոնք առաջացնում են աշխատանքները: Նման տեսանյութերից հետո պատվերներն ավելի շատացան»,- հիշում է նա:
Տան մանրակերտեր կարելի է ստանալ նաեւ 3D տպագրությամբ, սակայն գեղանկարչի մանրակրկիտ աշխատանքը՝ ամեն դետալն իրականին մոտեցնելու ջանքով, հենց այն գաղտնիքն է, որով տունը սկսում է ապրել: Հիմնականում օգտագործում է շինարարական նյութեր, որպեսզի աշխատանքը բնականին հնարավորինս մոտ լինի:
«Տան պատերը պենոպլեքսից եմ ստանում, հետո գիպսապատում եմ կամ ծեփամածիկ քսում՝ կապված աշխատանքի առանձնահատկություններից: Այնուհետեւ սկսում եմ մշակումն ու ներկումը՝ վերակենդանացնելով պատի իրական տեքստուրան, անգամ՝ մաշվածությունը»,- մանրամասնում է նկարիչը:
Ամեն աշխատանքի հետ նոր բացահայտումներ է անում՝ գտնելով, թե ինչ նյութից ինչ կարելի է ստանալ: Ամենաանպետք թվացող իրերն անգամ կարող են իրենց դերը ունենալ դիորամաների պատրաստման գործում։ Արմանն ասում է՝ մի քիչ «քթածակի» հարց է:
Արման Գրեյանը
«Պարբերաբար մտածում եմ՝ որ առարկայից ինչ դետալ է հնարավոր ստեղծել: Օրինակ՝ զովացուցիչ ըմպելիքների ալյումինե տարաները կիրառում եմ տանիքը կապելիս, տան բակի առվակը սիլիկոնով եմ ստանում, այնուհետեւ գունավորում: Բակում կայանած մեքենաները պատվիրում եմ պատվիրատուի մեքենայի մակնիշին համապատասխան, սակայն հետո ներկում ու մաշվածություն եմ հաղորդում՝ հնարավորինս մոտեցնելով իրական տեսքին»,- մանրամասնում է Արմանը, հետո կիսվում ծառերի պատրաստման ու այլ գաղտնիքներով, որոնք Bravo.am-ը եւս գաղտնի կպահի:
Լուսանկարը՝ Արման Գրեյանի արխիվից
Դիորամաները հիմնականում պատրաստում է 50x60 սմ կամ 60x70 սմ չափերով: Ամբողջ ընթացքը տեւում է 3-5 շաբաթ, իսկ աշխատանքի արժեքը կախված է բարդությունից:
«Աշխատանքների հիմնական պատվիրատուները Արցախի մեր հայրենակիցներն են, որոնց համար կորցրած տների դիորամաները մի տեսակ սփոփանք են դառնում: Այլ պատվիրատուներ էլ կան, որոնք պարզապես ուզում են հիշողությունն այսկերպ պահպանել»,- ասում է գեղանկարիչը:
Նկարչի արվեստանոցում ներկապնակի գույները լրիվ չորացել են: Ասում է՝ մեկ տարի կլինի, որ չի նկարել, ժամանակ չի մնում. «Հիմա ձգտում եմ դիորամաների պատրաստման գործընթացը հնարավորինս հեշտացնել, որոշ բաներ ավտոմատացնել, որ նկարելու համար ժամանակ ունենամ: Եթե երկար չես նկարում, «ժանգոտում» ես, դրա համար հիմա պարբերաբար ճեպանկարներ եմ անում, որ ձեռքս հմտությունը չկորցնի, մինչեւ նորից կարողանամ շատ ժամանակ տրամադրել նկարելուն»:
Արման Գրեյանը
Արման Գրեյանը նպատակ ունի հետագայում դիորամաների արվեստանոց բացել, որտեղ մարդիկ կկարողանան ոչ միայն մասնագիտական հմտություններ ձեռք բերել, այլեւ պարզապես վայելել դիորամաների հետ աշխատանքի ընթացքը՝ վարպետության դասի ընթացքում պատրաստելով սեփական փոքրիկ աշխարհը:
Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի /Bravo.am/


×
184






