×


DJ Վակցինան վերադառնում է. դադարի պատճառը, նոր զբաղվածությունը եւ անձնականի մասին լռությունը

Նրա երաժշտությունը վայելում էր Երեւանի ոսկե երիտասարդությունը, նրան ճանաչում ու լսում էին գրեթե ամենուր, բայց ավելի քան երկու տարվա դադարը փոփոխություն բերեց նաեւ նրա գործունեության ոլորտում: BRAVO.am-ի հեղինակային նոր ֆոտոշարքի եւ հարցազրույցի հերոսուհին դիջեյ Վակցինան է` Արուսիկ Մկրտչյանը, ով արդեն մի քանի տարի է` հիմնադրել եւ ղեկավարում է «Եղիր տեղեկացված» հասարակական կազմակերպությունը, «No Smoking Armenia» ֆեյսբուքյան էջը, ինչպես նաեւ «Բարի մամա» ՀԿ խորհրդի անդամ է: Մեր զրույցում նա պատմել է, թե որն էր տեւական դադարի պատճառը, ինչու որոշեց կրկին վերադառնալ սիրելի դիջեյինգին, եւ թե ինչով էր զբաղված այս ընթացքում: Արուսիկը նաեւ պարզաբանել է, թե ինչու իր հարցազրույցներում չի անդրադառնում անձնականին վերաբերող թեմաներին:

- Արուսիկ, վերջերս Ձեր ֆեյսբուքյան էջում գրառում էիք կատարել՝ նշելով, որ դիջեյ Վակցինան վերադառնում է 2,5 տարվա դադարից հետո: Նախ՝ ինչո՞վ էր պայմանավորված այդ երկար դադարը եւ ի՞նչը վերադարձի առիթ հանդիսացավ:

- Գիտեք, մինչեւ հեղափոխությունն առհասարակ միտք չեմ ունեցել դիջեյինգով զբաղվելու, որովհետեւ ամեն ինչ կարծես լճացած լիներ, զգում էի, որ ամեն տեղ նույն իրավիճակն է, նույն նեգատիվը, նույն մարդիկ, նույն պաշտոնյաները, եւ այլեւս զարգացում չկար ոչ մի ոլորտում, այդ թվում՝ նաեւ իմ: Ինքս էլ բնավորությամբ այնպիսին եմ, որ չեմ սիրում որեւէ տեղ երկար մնալ, հատկապես որ այլեւս աճելու ոչ մի հնարավորություն չկար: Տարիների ընթացքում հասա մի մակարդակի, որից ավելի բարձրանալը հայաստանյան պայմաններում հնարավոր չէր թե՛ մասնագիտական աճի, եւ թե՛ հետաքրքիր միջոցառումների մասնակցելու տեսանկյունից: Նման իրավիճակում հանդես գալ որպես դիջեյ ինձ համար այնքան էլ գրավիչ չէր, անգամ եթե մոտիվացիան լիներ գումարը: Իսկ իմ պարագայում գումարը չի կարող լինել հիմնական ու ամենակարեւոր մոտիվացիան, քանի որ ավելի կարեւորում եմ աճի ու զարգացման, որեւէ հետաքրքիր ու հանրօգուտ գործ անելու հնարավորությունը: Բայց, ինչպես ասում են, իրավիճակը փոխվեց (ժպտում է,- հեղ.):

Արուսիկ Մկրտչյանը


Ես շատ ուրախ եմ, որ ընդհանուր տրամադրվածությունն է փոխվել ամբողջ Հայաստանում, մարդիկ են փոխվել, իշխանությունն է փոխվել: Շատ ոգեշնչում է այս ամենը, եւ ուզում ես նոր բան անել քո կողմից: Իհարկե, ինձ համար առաջնային է մնալու հանրային առողջապահությամբ զբաղվելը, որովհետեւ շատ երկար տարիներ դիջեյինգին զուգահեռ աշխատել եմ այդ ոլորտում: 2009-ից տարբեր ուղղություններով հանրային իրազեկման ծրագրեր եմ իրականացրել, բայց այս պահին դա ինձ համար դարձել է գլխավոր նպատակ եւ աշխատանք: Այժմ, երբ ազատ ժամանակ ունենամ, այն կտրամադրեմ դիջեյինգով զբաղվելուն, եւ հուսով եմ` կկարողանամ մարդկանց տրամադրությունը բարձրացնել, նոր միջոցառումներ կազմակերպել եւ այլն: Այսինքն` հիասթափությունն անցավ հեղափոխությունից հետո, եւ իմ մեջ էլ ինչ-որ հեղափոխություն եղավ: Պատրաստ եմ դրական լիցքերով մասնակցել նոր ու հետաքրքիր ծրագրերի:

- Այսօր Ձեզ ավելի հաճախ կարելի է տեսնել հասարակական ակտիվ գործունեություն ծավալելիս, եւ Ձեր կերպարի ընկալումն էլ մեծ մասամբ փոխվել է հանրության շրջանում: Հետաքրքիր է` ե՞րբ եւ ինչպե՞ս որոշեցիք նման աշխատանքով զբաղվել:

- Ինձ դասում եմ գաղափարական մարդկանց թվին, այսինքն՝ իմ կյանքում հենց այնպես ոչինչ չի կարող լինել: Պետք է ամեն ինչում որեւէ իմաստ լինի՝ թե՛ ապրելու, թե՛ գործի մեջ, թե՛ հարաբերություններում. միշտ իմաստներ եմ փնտրում ամեն տեղ: Երբ ընդունվեցի կենսաբանության ֆակուլտետ (իսկ դա շատ վաղուց էր՝ 2003թ.-ին), էլի ինչ-որ գաղափարի հետեւից գնացի եւ ավարտելով արդեն բավական շատ գիտելիք ունեի: Ու, բնականաբար, ինձ շատ անհանգստացնում էր վնասակար սովորությունների հետեւանքով առաջացած հիվանդությունների մեծ ցանկը: Եվ քանի որ այդ ժամանակ ես արդեն դիջեյինգով էի զբաղվում, տեսնում էի, թե ինչ ինտենսիվությամբ են երիտասարդներն իրենց առողջությունը փչացնում ծխելով, խմելով եւ այլ վնասակար սովորություններով: Դե, ես էլ փորձում էի խնդիրը ներսից լուծել, քանի որ աշխատում էի այդ ոլորտում:

Դիջեյ Վակցինան


2009թ.-ին Հայաստանում առաջին անգամ կազմակերպեցի էլեկտրոնային երաժշտության փառատոն, որը կոչվում էր «Vaccinology, No drugs, No cigarette»: Միջոցառումն անցկացվեց Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որին մասնակցեց շուրջ 2000 երիտասարդ, եւ շատ լայն լուսաբանվեց այդ նախագիծը: Ուզում էի ասել, որ այո՛, ես դիջեյ եմ, ես աշխատում եմ այս ոլորտում, բայց միաժամանակ ես առողջ ապրելակերպ եմ վարում` գոնե ճիշտ սնվելու, ֆիզիկական ակտիվության, ծխելուց ու մնացած վնասակար սովորություններից զերծ մնալու միջոցով, եւ ձեզ էլ խորհուրդ եմ տալիս նույնն անել: Այնուհետեւ եղան էլի մի շարք միջոցառումներ:

Տեսեք, ըստ վիճակագրության՝ ծխողների 50 տոկոսը մահանում է ծխախոտի ծխի հետեւանքով առաջացած հիվանդություններից: Պատկերացրեք` ինչ մեծ թիվ է, եւ ծխախոտային ընկերություններն ամեն ինչ անում են, որ մահացած մարդկանց թիվն իրենց մարքեթինգի շնորհիվ լրացնեն նոր սպառողներով: Գոնե հակազդող որեւէ օղակ պետք է լինի այդ ամենին: Բնականաբար, առաջին հերթին դա պետության պարտավորությունն է, բայց հասարակական կազմակերպությունները, ակտիվիստները, թեկուզ հայտնի մարդիկ պետք է իրենց վրա էլ որոշակի պատասխանատվություն վերցնեն: Այս դեպքում ես ինքս ինձ համար նման որոշում կայացրի եւ նման ծրագրեր իրականացրի՝ մանկապարտեզներից սկսած: Ապագայում էլ շատ մեծ հույս ունեմ, որ ծխելու դեմ նոր օրինագիծը պետք է ընդունվի Ազգային ժողովի կողմից, քանի որ դա միայն ի շահ մեր բնակչության է ու հատկապես պասիվ ծխողների:

- Դուք երբեւէ ծխե՞լ եք:

- Ոչ: Միայն 14 տարեկանում, երբ երեխաներով հավաքվել էինք, ընկերուհիս ինձ համոզեց, որ գոնե մեկ անգամ փորձենք, եւ ես իրոք ահավոր զզվեցի: Բայց այստեղ հարցը ոչ թե զզվելն էր, այլ այն, որ մինչեւ 14 տարեկան ես արդեն այնքան ինֆորմացված էի շնորհիվ իմ ծնողների ու լրատվամիջոցների, որ չպետք է խմեմ, ծխեմ, թմրամիջոցներ օգտագործեմ: Եվ դա ոչ թե կարծրատիպ է, որ՝ օ՜, ես աղջիկ եմ, ես հայ եմ, չպիտի ծխեմ, այլ պարզապես առողջ մոտեցում է, որ դու հարգում ես քո կյանքը, չես ցանկանում կրճատել դրա տեւողությունը, չես ուզում տառապելով մահանալ եւ ուզում ես առողջ լինել:

Արուսիկ Մկրտչյանը


- Ակտիվ եք նաեւ բարեգործական տարբեր միջոցառումների կազմակերպման եւ անցկացման հարցում: Ո՞րն է դրանց դերն ու նշանակությունը Ձեզ համար:

- Բարեգործությամբ նույնպես սկսել եմ զբաղվել վաղուց՝ 2009-2010 թվականներից: Այն ժամանակ մենք ունեինք «Պարգեւիր ժպիտ» նախագիծը, որը նախաձեռնել էինք Մերի Մարգարյանի հետ: Կազմակերպում էինք տարբեր միջոցառումներ, ակումբի դիմաց մեծ արկղ էինք տեղադրում եւ այցելուներին առաջարկում էինք իրենց հետ բերել գրենական պիտույքներ, խաղալիքներ կամ այլ նվերներ: Դրանք հավաքում էինք եւ տանում մանկատներ, գիշերօթիկ դպրոցներ ու կարիքավոր տարբեր ընտանիքների: Այնտեղ մենք նաեւ տարբեր դասընթացներ էինք անցկացնում երեխաների իրավունքների, առողջ ապրելակերպի եւ այլ թեմաներով: Մեր բարեգործական ծրագրերն այդպես շարունակվեցին, ու այժմ ես նաեւ «Բարի մամա» ՀԿ խորհրդի անդամ եմ:

Բարեգործությունն ինձ համար հասարակությանն օգուտ տալու մի եղանակ է, որը շատ կցանկանամ` վարակիչ դառնա բոլորի համար: Եթե յուրաքանչյուր մարդ այս մոլորակում կարողանա օգնել գոնե մեկ մարդու, աշխարհը կլինի ավելի երջանիկ, ավելի բարի, ավելի քիչ խնդիրներով:

-Արուսիկ, պետք է նկատենք նաեւ, որ կերպարային լուրջ փոփոխություն եք կատարել: Երբ հանդես էիք գալիս որպես դիջեյ Վակցինա, ներկայանում էիք առավել աչքի ընկնող եւ վառ սանրվածքով, դիմահարդարմամբ, իսկ այժմ` ավելի հասուն կնոջ կերպարով: Այս փոփոխությունը մտածվա՞ծ էր, թե՞ ժամանակի ընթացքում ինքնըստինքյան տեղի ունեցավ:

- Մտածված չի եղել: Ի դեպ, ասեմ, որ նախկին կերպարս ընդհանրապես կապ չուներ իմ ներքին աշխարհի հետ: Այսինքն`այո, դա ինչ-որ ճիչ էր, մարտահրավեր, որ ընդունեք ինձ այնպիսին, ինչպիսին կամ, որ այս հասարակությունում ես ինչ-որ տեղ եմ գրավում թե՛ որպես դիջեյ, թե՛ որպես հասարակական գործիչ: Ուշադրություն գրավելու միջոց էր միգուցե, բայց այդ պահին հաստատ պետք էր: Իհարկե, մտածված չեմ արել, որ ուշադրություն գրավեմ, երեւամ, պարզապես ստացվել է: Հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ՝ դա իմ ներքին վիճակի հետ ընդհանրապես կապ չուներ: Իհարկե, չէր խանգարում, քանի որ մարդու արտաքին տեսքն ինձ համար էական չէ ոչ մի դեպքում: Դա ավելի շատ կարծես գովազդային վահանակ լիներ: Ես հիմա արդեն ներդաշնակ եմ ինքս ինձ հետ, քանի որ արտաքինս էլ հիմնականում բնական երանգներ ունի` սկսած մազերիս գույնից: Այս պահին ինձ ավելի հանգիստ եմ զգում ու նաեւ խնդիր չունեմ շատ վառ լինելու, որպեսզի պահանջարկ վայելեմ: Հիմա ինձ համար ավելի կարեւոր է ներդաշնակությունն ինքս ինձ եւ աշխարհի հետ:

Դիջեյ Վակցինան


- Ձեր անձնականին վերաբերող մի քանի հարց էի պատրաստել, բայց չցանկացաք խոսել, ինչպես վարվել եք նաեւ Ձեր նախորդ զրույցներում: Հետաքրքիր է՝ ո՞րն է պատճառը, ինչո՞ւ եք խուսափում անձնական թեմաներից:

- Պարզապես մարդիկ կենտրոնանում են միայն այդ տեղեկատվության վրա, եւ մյուս թեմաները դառնում են երկրորդական, եթե նույնիսկ զրույցի մեծ մասը գործնական է եղել: Չեմ ուզում, որ մարդիկ ինձ ընկալեն միայն նեղ անձնական ինֆորմացիայի շրջանակում` ընտանիքը, երեխաները, ամուսինը եւ այլն: Չեմ ուզում, որ դա լինի կառչելու միակ տեղը, փոխարենը կցանկանամ, որ իմ անձն ավելի գաղափարական տեսանկյունից ընկալվի: Ես կարող եմ ասել, որ չեմ ուզում առհասարակ անձնական թեմաներից խոսել, որովհետեւ նախ` դա շատ ինտիմ է, երբեք չեմ ցանկացել, որ իմ կյանքը բաց գրքի նման հասանելի լինի բոլորին: Եվ հետո էլ` շատ եմ կարեւորում իմ անձնական կյանքը, ինձ համար շատ մեծ արժեք ունի այն մարդը, ով իմ կյանքի ընկերը կարող է լինել կամ կա: Այսինքն՝ ավելի ինֆորմացիա տրամադրել չեմ կարող (ժպտում է,- հեղ.):

Հարցազրույցը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Վարսահարդարումը եւ դիմահարդարումը` «HAZE» գեղեցկության սրահի
Հագուստը` «ELSI fashion»-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին