×


“Genealogy” խմբի անդամները` հայկական տարազներով

«Եվրատեսիլ-2015»-ում հայաստանյան ներկայացուցիչ “Genealogy”-ի մասնակցությամբ նոր ֆոտոպատմություն է նկարահանվել: Այն միտված է հայկական մշակութային արժեքների հանրահռչակմանը, ինչպես նաեւ աշխարհին ներկայացնելու հայկական տարազի առանձնահատկություններն ու յուրահատկությունը: Ֆոտոշարքում խմբի 6 անդամները կրում են 19-րդ դարի հայկական ազգային տարազներ եւ թեմատիկ արդուզարդ:

“Genealogy” խմումբը


“Ինգա Արշակյանը նկարահանման ընթացքում կրել է Համշենի տարազ:  Շուրջ տասնհինգ տարի պրոֆեսիոնալ բեմի վրա լինելով` Ինգան հնարավորություն է ունեցել պարբերաբար կերպարանափոխվել եւ կրել ամենատարբեր ոճի հագուստներ` սկսած հին հայկական տարազներից մինչեւ եվրոպական ոճի հագուստ. «Տարազ հագնելիս հայացքդ եւ ներսդ է փոխվում, քանի որ համապատասխան հագուստը, կոշիկը, գլխի հարդարանքը եւ զարդերը կարծես ամբողջովին վերափոխում են մարդուն: Մեծ հարգանքով եմ վերաբերվում այս ամենին` իբրեւ հին մշակույթի մի պատառիկ, եւ երջանկություն է, որ մինչեւ մեր օրերը հասել են այդ պատառիկները եւ մենք դրանց կրողներն ենք այժմ»:

Ստեֆանի Թոփալյանը


Ստեֆանի Թոփալյանը, Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը եւ Թամար Կապրելյանը հագել են Վասպուրականի տարածաշրջանի ավանդական հայկական հագուստ: «Բանիմաց մարդիկ են պետք, որ օգնեն ցանկացողներին ճիշտ կրել տարազը: Ինձ համար շատ հատուկ եւ հաճելի էր կրել հայկական ազգային հագուստ: Վստահ եմ, իմ տատիկն ու պապիկը շատ կհպարտանային ինձնով, հատկապես, որ հենց հիմա գտնվում ենք Հայաստանում: Շատ կարեւոր պահ էր, վերադարձա իմ արմատներին»,-նշել է Ստեֆանի Թոփալյանը:

«Հայկական ազգային տարազով առաջին անգամ էի: Այդ հագուստն այնքան գեղեցիկ է` գլխի հարդարանքները, զարդերը եւ հայկական նախշերը: Իսկապես ոգեւորիչ էր,  հոգեպես կապվեցի իմ նախնիների հետ: Ես տեսել էի իմ նախնիների լուսանկարները այդ տեսակի տարազներով եւ դա, իրոք, շատ բան է նշանակում ինձ համար: Մայրիկիս մի լուսանկար ուղարկեցի, նա ասաց, որ տատիկիս եմ նման. շատ հուզիչ պահ էր»,-ասել է Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը:

Եսայի Ալթունյանը


«Ինձ համար մեծ պատիվ էր կրել հայկական ազգային հագուստ՝ տարազ: Ինձ տարբեր հագուստներ առաջարկեցին եւ շատ երջանիկ եմ, որ հնարավորություն ունեցա ընտրել հենց Խարբերդի տարազը. պապիկս Խարբերդից էր»,- նշել է Թամար Կապրելյանը:

Եսայի Ալթունյանի հագին Լոռվա տարազն է. «Առաջին անգամ էի կրում տարազ, այնքան հպարտ զգացի: Տարազն այնքան նրբաճաշակ էր ու գեղեցիկ, որ մի պահ մտածեցի` նույնիսկ շատ տարիներ առաջ հայ ժողովուրդն արդեն ուներ ճաշակ եւ նորաձեւության զգացում»:

Վահե Թիլբյանը


Վահե Թիլբյանը կրել է Վասպուրականի Շատախի շրջանի հագուստ.«Ես նախկինում էլ կրել եմ տարազ հայկական պարեր պարելիս, երբ դեռ Եթովպիայի հայկական դպրոցում էի սովորում: Դպրոցն ուներ երգչախումբ, եւ մենք բոլորս կրում էինք տարազ համերգների ժամանակ: Երբ նայեցի ինձ հայելու մեջ, իսկապես զգացի իրական հայկական ոգին: Դա ինձ հիշեցրեց իմ հայկական արմատների մասին. շատ զգացմունքային պահ էր, որ կմնա հիշողությանս մեջ»:

Նկարահանման ընթացքում մասնակիցները ոգեւորությամբ ծանոթացել են հայկական տարազների ստեղծման պատմությանը, ազգային հագուստ կրելու առանձնահատկություններին, հագուստին ուղեկցող պարագաների բացահայտ եւ թաքնված իմաստներին: Լուսանկարներն արվել են “Մարաշլյան” ֆոտո-ստուդիայում, լուսանկարիչն Էմմա Մարաշլյանն է: 

Տեղեկատվությունը եւ լուսանկարները տրամադրել է Առաջին ալիքը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW