×


“Highland Metalfest 2012’’-ը տեղի ունեցավ, հիմա էլ Երեւանը սպասում է “Anathema’’ եւ “Opeth” խմբերին

Տիկնիկային թատրոնում օրերս հավաքվել էին մետալ երաժշտության սիրահարները: “Highland Metalfest 2012’’ մետալ 3-րդ փառատոնից բացակայել կարելի էր միայն հարգելի պատճառ ունենալու դեպքում՝ բժշկի թուղթ ներկայացնելով:): Նման տոները հայ մետալիստների “փողոցում’’ հազվադեպ են` 2 տարին մեկ անգամ:

“Highland Metalfest 2012’’-ին


Այս տարի մայրաքաղաք էին ժամանել խմբեր Վրաստանից եւ Իրանից, պակաս ակտիվ չեն եղել նաեւ տեղական բենդերը: Իսկ ամենասպասված հյուրը փառատոնի հեդլայներն էր` “Throes of Dawn’’ հայտնի խումբը Ֆինլանդիայից: Եվ այսպես, թվով 10-ը բենդ  իր “մետալը’’ ներկայացրեց ոչ բազմամարդ, բայց տվյալ ուղղությունը գնահատող հանդիսատեսին: Ելույթ է ունեցել հայկական չորս խումբ, որոնց թվում` “Divahar’’-ը, “InComa’’-ն, “Infected Cinema’’-ն եւ “Daeron’’-ը, վրացական խմբերից՝ “Illuminated’’-ը, “Im Nebel’’-ը, “Psychonaut’’-ը, իսկ Իրանից՝ “Scox’’-ը, “Master of Persia”-ն:

“Մեզ դեռեւս չի հաջողվում այս փառատոնը ամենամյա դարձնել, քանի որ փորձում ենք տեղական խմբերով չսահմանափակվել, այլ դրսից հայտնի բենդեր հրավիրել’’,- ասել է փառատոնի կազմակերպիչներից Արսեն Հակոբյանը:

Հայ կազմակերպիչները նախապես կապ են հաստատել ֆինլանդական “Throes of Dawn’’ խմբի հետ ու հրավերել նրանց մասնակցել փառատոնին: Արսենը նշել է, որ խմբի` Երեւան ժամանելու հետ ոչ մի խնդիր չի եղել, “նրանք հաճույքով համաձայնել են ելույթ ունենալ փառատոնի շրջանակում”:

“Highland Metalfest 2012’’-ին


Խմբի ռայդերում եւս ոչ մի “աստղային պահանջ’’ չի եղել, այլ՝  տեխնիկա, հյուրանոց, ուտելիք, նորմալ պայմաններ: Ֆինլանդացիները մայրաքաղաք են ժամանել համերգի օրը` առավոտյան, հասցրել համտեսել հայկական ուտեստներ ու հավանել:):

“Throes of Dawn’’-ը ստեղծվել է 1994 թվականին: Խմբի երաժշտությունը հայտնի է որպես էմոցիոնալ եւ պրոգրեսիվ դարք մետալ: Անդամներն են վոկալիստ Հենրի “Kaamօs’’ Կոյվուլան, կիթառահար Ջանի “Zeus’’ Հեյնոլան, կիթառահար Ջուհա Իլիկոսկին, բաս կիթառահար Հարի Հահթալան, հարվածային գործիքներ նվագող Ջանի “Martex’’ Մարտիկալան եւ ստեղնաշարային գործիքներ նվագող Հենրի Անդերսոնը: Բենդը թողարկել է հինգ ձայնասկավառակ:

Նշենք, որ համերգը բացել է տեղական “InComa’’ խումբը՝ բեմ բարձրանալով հայտնի Ջոքեր հերոսի շպարը հիշեցնող “make up’’-ով:  Ալտերնատիվ, նյու մետալ ոճում հանդես եկող խմբի վոկալիստը խնդրեց մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Տղաներն էլ իրենց հերթին “Սպառված երազ’’ երգը նվիրեցին զոհերի հիշատակին:

“Highland Metalfest 2012’’-ին


Սիմֆոնիկ էքստրեմալ մետալ ոճում հանդես եկող հայկական “Daeron’’ խումբի մասնակիցներն են “Sworn’’ խմբի նախկին անդամնեը: Բենդն իր առաքելությունն է համարում ներկայացնել եվրոպական ակադեմիական ավանդույթը կրող ինտելեկտուալ եւ անկեղծ էքստրեմալ մետալ երաժշտություն: “Daeron”-ը ներկայացրել է իր՝ առաջիկայում թողարկվելիք ձայնասկավառակի երգերից:

Իգական սեռի ներկայացուցիչներից բաղկացած տեղական “Divahar’’ խումբը սիմֆոնիկ սեւ մետալ է ներկայացնում: Սկսելով իրենց գործունեությունը 2009 թվականին՝ աղջիկները միանգամից ճանաչում են ձեռք բերել:
 
“Highland Metalfest 2012’’-ին մասնակցող մյուս տեղական խումբն էլ  “Infected Cinema’’-ն էր, որը պրոգրեսիվ “death’’ մետալ է ներկայացնում: Այս խումբը կարծես ֆուտբոլի ազգային հավաքական լինի`մասնակիցները հայկական առաջատար չորս մետալ խմբից են:

Դեպրեսիվ սուիցիդալ սեւ մետալ ներկայացնող “Psychonaut’’ խումբը Վրաստանից է: Խմբի անդամները խոստովանել են, որ “ոգեշնչվում են սեքսից, թմրադեղերից, ալկոհոլային խմիչքներից եւ ինքնասպանության փորձերից”:
 

“Highland Metalfest 2012’’-ին


Վրացական մյուս խումբը “Illuminated’’-ն է, որը ներկայացնում է պոստ մետալ ուղղությունը՝ համեմված  սեւ մետալի հնչյուններով: Խմբի անդամները պատմում են, որ իրենց վրա մեծ ազդեցություն են ունեցել “Saturnus’’, “Draconian’’ ,  “Anathema’’ եւ հայտնի այլ խմբեր:

Վրաստանից ժամանած երրորդ խումբը` “Im Nebel’’-ը, սիմֆոնիկ սեւ մետալի ներկայացուցիչ է: Բենդը Երեւանում առաջին անգամ ելույթ է ունեցել 2008 թվականին, ինչից հետո մի քանի անգամ եւս համերգներով հանդես է եկել մեր մայրաքաղաքում: Խումբը ստեղծվել է 2004 թվականին, այժմ զբաղված է երկրորդ ձայնասկավառակի աշխատանքներով:

“Highland Metalfest 2012’’-ին մասնակցելու ժամանած իրանական երկու խմբից մեկը` “Master of Persia’’-ն, ներկայանում է ֆոլք “death’’ մետալ ոճով: Նրանք իրենց համարում են իրանական կայսրության հետնորդները: Խմբի անդամները նաեւ լավ հեքիաթասացներ են: Նրանց երաժշտությունը դրախտային գեղեցկության ու դաժանության համադրություն է: Իրենց երգերում պատմում են անցած գնացած օրերի մասին, հերոսների եւ նրանց սխրագործությունների մասին: Հաջորդ իրանական խումբը` “Scox’’-ը, ներկայացնում է “brutal death’’ մետալ ուղղությունը:

“Highland Metalfest 2012’’-ին


Ի դեպ, առաջին “Highland Metalfest’’-ը կայացել է 2008 թվականին, ելույթ են ունեցել Վրաստանից, Ռուսաստանից ժամանած, ինչպես նաեւ տեղական խմբեր: Հայ հանդիսատեսին ներկայացել է նաեւ իտալական  հայտնի “Sadist’’ խումբը:  Այս փառատոնը կարելի է միջազգային համարել:

Փառատոնի կազմակերպիչներից Արսեն Հակոբյանը նշել է, որ նման համերգները դեռեւս “մինուսով” են ընթանում, սակայն կարծում են՝ ամեն ինչ դեռ առջեւում է: Արսենը հուսով է՝ առաջիկայում Երեւան կժամանեն հայտնի “Anathema’’ եւ “Opeth’’ խմբերը:

Տեքստը՝ Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW