Այս հուլիսի 16-ին մահացավ “Deep Purple” խմբի հիմնադիր, կոմպոզիտոր եւ ստեղնաշարային գործիքներ նվագող Ջոն Լորդը: Լեգենդար երաժշտի երեւանցի երկրպագուները Բրիտանական դեսպանատան մոտ մոմավառություն կազմակերպեցին, երեկ էլ` հուլիսի 26-ին, հավաքվել էին “InRock'' նորաբաց ակումբում` հիշելու սիրելի Ջոն Լորդին:
Ջոն Լորդը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ռոք ասոցիացիայի հետ ակումբի պայմանավորվածության համաձայն՝ “InRock”-ում նշվելու են հայտնի երաժիշտների ծննդյան օրերը, ռոքի պատմության մեջ մեծ դերակատարում ունեցած ձայնասկավառակների թողարկման տարեդարձները:
“Որոշեցինք, որ պետք է անպայման այս մեծ երաժշտի հիշատակին նվիրված երեկո կազմակերպենք: Ի դեպ, Հայաստանում բավական շատ են “Deep Purple’’ խմբի եւ մասնավորապես Ջոն Լորդի երկրպագուները”,-նշել է ակումբի հիմնադիր Սպարտակ Սեյրանյանը:
“InRock’’ ակումբի հիմնադիր Սպարտակ Սեյրանյանը
Երեկոյի ընթացքում մասնակիցները հիշել են Ջոն Լորդի կատակներից, մտքերից, դիտել են նրա՝ տարբեր տարիների ելույթները թե “Deep Purple” խմբի կազմում, եւ թե որպես դասական երաժիշտ:
Միջոցառմանը բացման խոսքով են հանդես եկել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսը եւ “Մեդիամաքս’’ ինտերնետ հոլդինգի տնօրեն Արա Թադեւոսյանը:
“Չեմ ուզում առանձնացնել Ջոն Լորդին, կասեմ, որ “Deep Purple” խումբն անասելի մեծ ազդեցություն է ունեցել իմ կայացման հարցում: Այս խումբը հիշեցնում է ինքս ինձ այն շրջանում, երբ բացահայտում էի ազատությունն ու անկախ անձնավորություն էի դառնում: Հետաքրքիր տարիներ էին: Այսօր այստեղ նստած եմ հայերի հետ ու վայելում եմ “Deep Purple’’ խմբի համերգը: Կարելի է ասել մեկ բան` երաժշտությունը միավորում է: Այն համամարդկային մի լեզու է, որի համար կարեւոր չէ ազգությունը”,- ասել է Ջոնաթան Ջեյմս Էյվսը:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսը եւ ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը
Դեսպանը, հիշելով իր ռոքային անցյալը, BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչ երաժշտություն է լսում հիմա. “Առաջին մեծ ռոք-համերգները, որոնց ներկա եմ եղել, “Led Zeppelin’’ եւ “Deep Purple’’ խմբերի ելույթներն էին: Բայց հետո եկավ փանք-ռոքի ժամանակը, ու ես հետաքրքրվեցի երաժշտական այդ ուղղությամբ: Շատ եմ սիրում երաժշտություն լսել, դա իմ կյանքի անփոխարինելի մասն է կազմում: Հիմա տարբեր տեսակի երաժշտություն եմ լսում: Հետաքրքրված եմ սոուլ, փանք եւ սեւական երաժշտությամբ’’:
“Ես երջանիկ մարդ եմ, քանի որ 2010 թվականի հոկտեմբերին գրեթե մի ամբողջ օր եմ անցկացրել Ջոն Լորդի հետ: Արդեն գրել էի այս մասին, թե ինչպես ներկա գտնվեցի “WhoCares” սուպերխմբի “Out of My Mind” երգի ձայնագրությանը, որին մասնակցում էր նաեւ Ջոն Լորդը”,- այս տողերն Արա Թադեւոսյանը գրել է Ջոն Լորդի մահվան հաջորդ օրը՝ պատմելով մեծն երաժշտի հետ իր հանդիպման մասին: Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ՝ http://www.mediamax.am/am/column/12292/:
“InRock” -ի հիմնադիր Սպարտակ Սեյրանյանը տեղեկացրել է, որ ակումբում կայանալիք միջոցառումների թվում ամենասպասվածը տեղի կունենա օգոստոսի 19-ին. նշվելու է Իէն Գիլանի ծննդյան տարեդարձը:):
Ստորեւ ներկայացնում ենք Ջոն Լորդի մասնակցությամբ մի քանի տեսանյութ:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana Litta-ի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: