×


«Օրրան»-ի բարեգործական ընթրիքը Գլենդելում

SOAD-ի տղաների օգնությամբ «Օրրան»-ի ընթրիքին հանգանակվել է 200.000 դոլար

«Օրրան»-ի՝ սեպտեմբերին Երեւանում կայացած 12-րդ ամենամյա բարեգործական ընթրիքից հետո հիմնադիր Արմինե Հովհաննիսյանն արդեն 5-րդ անգամ բարեգործական ընթրիք է կազմակերպել նաեւ Միացյալ Նահանգներում։

Հայաշատ Գլենդել քաղաքում օրերս տեղի ունեցած միջոցառմանը ներկա են եղել «System of A Down» խմբի երաժիշտներն իրենց կանանց հետ, արվեստագետներ Վերա Հարությունյանը, Հայբերդ Սարգսյանը, Ջիմ Լին, բռնցքամարտիկ Մելսիկ Բաղդասարյանը, բազմաթիվ երաժիշտներ ու գործարարներ։ Ամերիկահայերը համախմբվել են «Օրրան»-ի շուրջ՝ հանգանակելու անհրաժեշտ գումարն ու շարունակելու կարիքավոր ընտանիքներին օգնելու առաքելությունը:

«Օրրան»-ի բարեգործական ընթրիքը Գլենդելում


Բարեգործական աճուրդի ընթացքում խաղարկվել են ռոք երաժիշտներ Սերժ Թանկյանի կիթառը, որով նա ելույթ է ունեցել իր վերջին շրջագայություններին, Ջոն Դոլմայանի նկարազարդ երաժշտական ափսեն, Շավո Օդաջյանի արծաթե վզնոցը, նկարիչներ Արեւ Պետրոսյանի, Վերա Հարությունյանի, Ռոստոմ Ոսկանյանի աշխատանքները եւ թանկարժեք այլ իրեր։ Ի դեպ, Արեւ Պետրոսյանը մեկնել է ԱՄՆ՝ իր աշխատանքով հատուկ մասնակցելու ընթրիքին։

2000 թվականին Արմինե եւ Րաֆֆի Հովհաննիսյանների կողմից հիմնադրված «Օրրան» ցերեկային խնամքի կենտրոնի գործունեությանն աջակցում են նաեւ նրանց հինգ զավակները՝ Շուշին, Վանը, Կարինը, Տարոնը, Արմենը: Նրանցից ոմանք մասնակցել են ամերիկյան միջոցառմանը։

«Օրրան»-ի բարեգործական ընթրիքը Գլենդելում


«Օրրան»-ի հանրային կապերի պատասխանատու Սուսաննա Մանուկյանը BRAVO.am-ին հայտնել է, որ հատուկ միջոցառմանը մասնակցելու համար այլ նահանգներից ժամանել են մի շարք հյուրեր.«Ամերիկահայ համայնքը փորձում է օգնել Հայաստանի կարիքավոր ընտանիքներին։ Նրանք ցանկանում են թեթեւացնել Հայաստանի տարեցների ու երեխաների սոցիալական դժվարությունները։ Գնահատում ենք, որ «Օրրան»-ի շուրջ համախմբված մարդիկ մեր երկիրն ուզում են տեսնել առանց մուրացիկ մարդկանց»։

Արմինե Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ աճուրդի հաջող իրականացման մեջ իրենց ներդրումն են ունեցել «System of A Down»-ի անդամները՝ վաճառքի համար նվիրաբերած առարկաներով։ Շավո Օդաջյանի արծաթե վզնոցը վաճառվել է 2000 դոլարով: Ջոն Դոլմայանի երաժշտական ափսեն, որը նկարազարդվել էր նրա կողմից, գնել են 16.500 դոլարով: Սերժ Թանկյանի էլեկտրական կիթառը, որով նա հանդես էր եկել խմբի վերջին համաշխարհային շրջագայության ընթացքում, հնարավոր եղավ վաճառել 17.000 դոլարով: Անցյալ տարի եւս Թանկյանն Օրրանին էր նվիրաբերել իր կիթառը, որով նա 2015-ին նվագել էր Հանրապետության հրապարակի համերգի ժամանակ»։

Սերժ Թանկյանի կինը (մեջտեղում) եւ ընթրիքի մյուս մասնակիցները


Հավելենք, որ բարեգործական ընթրիքի ընթացքում հանգանակվել է շուրջ 200.000 դոլար, որը կօգնի Օրրանին շարունակել տրամադրել սննդի, կրթական, սոցիալական, բժշկական ծառայություններ Երեւանի ու Վանաձորի կենտրոններ հաճախող շուրջ 300 կարիքավոր երեխայի եւ 100 միայնակ տարեցի։

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է«Օրրան»-ը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW