×


Իզաբել Բայրաքդարյանի ներկայացումը` Time-ի տարվա լավագույն միջոցառումների շարքում

Ամերիկյան “Time”-ն ամփոփել է 2011-ը` ներկայացնելով այս տարի տեղի ունեցած մշակութային ամենահիշարժան եւ կարեւորագույն միջոցառումները: Այսպիսով, ամսագրի տարբեր բաժինների խմբագրերը, քննադատները, լրագրողներն առանձնացրել են լավագույններին:

Իզաբել Բայրաքդարյանը


“Time”-ի մուլտիմեդիայի տնօրեն Քրեյգ Դաֆը մշակութային մի շարք իրադարձությունների շարքում առանձնացրել է նաեւ “A Cunning Little Vixen’’ օպերան, նշել “New York Philharmonic” նվագախմբի մասնակցությունն ու առանձնացրել սոպրանո Իզաբել Բայրաքդարյանի դերը:

Նշենք, որ Իզաբելը ծնվել է Լիբանանում, այնուհետեւ տեղափոխվել Կանադա: 37-ամյա օպերային երգչուհին առաջադրվել է “Գրեմմի” մրցանակի, Պլասիդո Դոմինգոյի սահմանած մրցույթի հաղթող է, պարգեւատրվել է Էլիզաբեթ Երկրորդ թագուհու ոսկե մեդալով, արժանացել է այլ բազմաթիվ մրցանակների:

Մեր հայրենակցուհին ելույթներ է ունեցել հռչակավոր “Metropolitan Opera”-ի, “Bavarian State Opera”-ի, “San Francisco Opera”-ի, “Santa Fe Opera”-ի բեմերում: Իզաբելը շրջագայում է ամբողջ աշխարհով` ելույթների խիտ գրաֆիկով: Համերգների ընթացքում երգչուհին հաճախ ներկայանում է Կոմիտասի ստեղծագործություններով:

Իզաբել Բայրաքդարյանը


Բայրաքդարյանը հանդիսանում է նաեւ “A Long Journey Home’’ ֆիլմի գլխավոր հերոսուհին, որը պատմում է իր` Հայաստան կատարած առաջին այցի մասին: Իզաբելը հայտնի է նաեւ Ատոմ Էգոյանի “Արարատ’’ եւ “Մատանիների տիրակալը. երկու աշտարակ’’ ֆիլմերում իր կատարումներով:  Հայուհու ամուսինն է դաշնակահար Սերուժ Քրաջյանը:

Առաջարկում ենք դիտել “A Cunning Little Vixen’’ օպերայից մի հատված, ինչպես նաեւ երգչուհու ամենահայտնի կատարումներից մեկը` “Դլե Յաման’’-ը:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը`  entertainment.time.com
Լուսանկարները`
www.cbc.ca-ի եւ www.operanews.com-ի



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW