Վարդանուշ Մարտիրոսյանը, նույն ինքը` փոլ-դենսի աշխարհի չեմպիոն Varda-ն, ինչպես արդեն պատմել ենք, օրերս Երեւանում էր: Գործնական կարճատեւ այցի ընթացքում պարուհին լուսանկարվել է BRAVO.am-ի բացառիկ ֆոտոշարքում եւ անկեղծ զրույց ունեցել, որն էլ ներկայացնում ենք մեր սիրելի ընթերցողներին:
Varda-ն
-Որքանո՞վ են Varda-ն եւ Վարդանուշ Մարտիրոսյանը նման կամ տարբերվում միմյանցից: Ի՞նչ է սովորել Վարդանուշը Varda-ից:
-Varda-ն ավելի հասուն եւ իմաստուն է, իսկ Վարդանուշը չափազանց փոքրիկ, խոցելի եւ բարի է շոու-բիզնեսի համար: Երբեմն իմ իրական եսն արտահայտվում է արվեստումս, իսկ երբեմն էլ ճակատագրական բեմական կերպարս մուտք է գործում առօրյա: Անձի պառակտում չունեմ, կարծում եմ` բնական է, որ վարքագիծս, ոճս, խոսելաձեւս իրավիճակից կախված փոխվում են:
-Ձեզ անվանում են “Սեւ հրեշտակ”: Ինչպե՞ս է առաջացել այս բեմական կեղծանունը:
-Այն կրում է սեւ եւ սպիտակ գույների երկակիությունն ու ընդդիմությունը: Հավանաբար, այդ փուլում ճշգրտորեն արտացոլում էր իմ էությունն ու աշխարհընկալումը: Լուսավոր անձնավորություն էի, բայց դրա հետ մեկտեղ պարում էի ձողի վրա, եւ այդ պարը համարվում էր ոչ թե արվեստ, այլ` մեղք: 10 տարուց ավելի պահանջվեց, որպեսզի արժանանամ քննադատների հարգանքին եւ հիացմունքին: Բայց գիտե՞ք, այսօր էլ կան մարդիկ, որ մեջքիս հետեւում ինձ մերկապարուհի են անվանում: Այո, ձողի վրա եմ պարում, այո, դա սեքսուալ է, բայց չեմ մերկանում բեմում. ես պարուհի եմ: Չնայած` ինձ միեւնույն է` ինչպես կանվանեն, բայց մի նրբություն կա` ես լավագույնն եմ իմ գործում:
Varda-ն
-Ձողի շուրջ եւ ձողի վրա պարելը տարբե՞ր երեւույթներ են:
-Առաջինի դեպքում պարուհին կարող է պարզապես մերկանալ եւ վերջ, իսկ երկրորդի դեպքում անհրաժեշտ է գլխիվայր կախվել 6 մետր բարձրությունից: Հուսով եմ` պարզ է, որ ես պարում եմ ձողի վրա:
-Բարձրագույն 2 կրթություն ունեք` էստրադայի եւ զանգվածային միջոցառումների ռեժիսոր, նաեւ ֆիզիկական դաստիարակության մենեջեր: Ինչպե՞ս ստացվեց, որ սկսեցիք պարել ձողի վրա, դարձաք փոլ-դենսի աշխարհի չեմպիոն:
-Իհարկե, այս մասնագիտության մասին մանկուց չեմ երազել, այդպես դասավորվեց կյանքս: Ստիպված էի հրաժարվել օդային մարմնամարզուհի դառնալու ցանկությունից, քանի որ կրկեսային դպրոցն այդ ժամանակ այնքան հեռու էր գտնվում ինձնից` Կիեւում էր: Ծնողներս էլ ինձ մայրաքաղաք ուղարկելու հնարավորություն չունեին, եւ ստիպված էի գումար վաստակել ու օգնել ընտանիքիս: Բայց երազանքս մասամբ իրականացել է, չէ՞ որ հիմա ելույթ եմ ունենում երկաթե պարանի վրա: Հետո ինձ սկսեց տանջել գիտելիքի հանդեպ ծարավը, հենց այդ ժամանակ էլ ընդունվեցի առաջին համալսարանը` հմտանալու ռեժիսուրայում, քանի որ պարզապես պարուհի լինելն արդեն քիչ էր ինձ համար. ավելին էի ուզում: Երազում էի բեմադրել իմ շոուները, որոնց ընթացքում ոչ միայն կպարեմ, այլ նաեւ կերգեմ եւ կներկայացնեմ այն ամենն, ինչ սովորել եմ “Արլեկին” կրկես-ստուդիայում, օրինակ` ձեռնածություն անել կամ կրակ շնչել:
Varda-ն
-Արտոնագրել եք պարային յուրահատուկ տեխնիկա, նաեւ էքստրեմալ համարներ եք ցուցադրում. արդյո՞ք բոլոր ոլորտներում եք ձգտում հասնել առավելագույն արդյունքի:
-Այդպես էլ կա. արտոնագրել եմ հորիզոնական ձողի վրա ֆիրմային համարս: Բազմաթիվ գաղափարներ մտահղանում եմ քնած ժամանակ, ամենակարեւորը` առավոտյան չմոռանամ: Շատ երազկոտ եմ, ինձ երեխա համարելով` հավատում եմ, որ այս կյանքում ամեն ինչ հնարավոր է: Դա է պատճառը, որ չեմ վախենում, փորձում եմ, եւ շատ բան ստացվում է: Երբ հորիզոնական ձողի վրա պարելու գաղափարս հայտնում էի հեղինակավոր արտիստներին, շատերն ասում էին, թե հիմարություն է, խորհուրդ չէին տալիս ժամանակ ծախսել, բայց այսօր այն “VARDA-SHOW”-ի ամենահայտնի համարներից է:
-Ելույթ եք ունենում անկեղծ հանդերձներով, երբեմն` կիսամերկ: Կա՞ն սկզբունքային արգելքներ, մի բան, որ երբեք չեք կրի:
-Դրանք ավելի անկեղծ չեն, քան մարմնամարզության համար նախատեսված հագուստները, պարզապես նույնիսկ տրիկոյով ես սեքսուալ տեսք ունեմ, եւ դա բնական է, չէ՞ որ կին եմ: Բայց խնդրում եմ սեքսուալությունը գռեհկության հետ չխառնել: Իսկ ընդհանրապես նախընտրում եմ դասական ոճը, առօրյայում սիրում եմ կրել ջինսե տաբատ եւ սպիտակ մարզակոշիկներ:
Varda-ն
-Բեմում սեքսուալ եք, հաճախ հանդես եք գալիս անկեղծ ֆոտոշարքերում: Իսկ ի՞նչ եք պահում սիրելի տղամարդու համար:
-Հավատացեք, նա առանց ուշադրության չի մնում:): Սիրելի տղամարդը ստորագրությանս կարիքը չունի, չէ՞ որ նա հենց ինձ ունի:
-Ձողի վրա պարը ի՞նչ կտա կանանց եւ աղջիկներին:
-Այն հիասքանչ հնարավորություն է զարգացնել ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ հոգեւոր վիճակը:
-Հերթական այցով Երեւանում եք: Ինչպիսի՞ն են զգացողությունները, նկատո՞ւմ եք քաղաքում տեղի ունեցող փոփոխությունները:
-Մայրս առաջին անգամ ինձ բերել է Հայաստան, երբ 5 տարեկան էի: 20 տարի անց վերադարձա հայրենիք արդեն որպես արտիստուհի, հետո հայերեն երգ ձայնագրեցի: Հայրս առաջին ամուսնությունից երեխաներ ունի, ովքեր այստեղ են ապրում, իմ հարազատ քույրերն ու եղբայրներն են, որոնց հետ շփվում եմ: Առաջին անգամ, երբ հանդիպեցինք, կարծես “Սպասիր ինձ” հաղորդումը լիներ: Տարին մեկ կամ երկու անգամ գալիս եմ Երեւան:
Զգեստները` Դիանա Շատվերյանի
Ոճաբան` Արայիկ Գաբաջյան
Վարսահարդարումը` Սեդրակ Ղամբարյանի
Դիմահարդարումը` Մանե Սահակյանի
Զրուզեց Լենա Գեւորգյանը/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Նկարահանումն իրականացվել է “Imperial Palace” հյուրանոցում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: