×


«Անմոռանալի օր». Չորս ընկերների անհավանական արկածները Լոռիում

Ռեժիսոր եւ պրոդյուսեր Հենրի Քոչարյանը շուտով հանդիսատեսի դատին կհանձնի իր նոր՝ «Անմոռանալի օր» ֆիլմը: Կատակերգության եւ մելոդրամայի ժանրում նկարահանված ֆիլմի մասին առաջին մանրամասները ռեժիսորը վստահել է BRAVO.am-ին:

Ֆիլմը չորս ընկերների մասին է, ովքեր որոշում են մեկ օր անցկացնել քաղաքից դուրս` իրենցից մեկի պապիկի տանը: Հասնելով հեռավոր եւ ժամանակակից կյանքից կտրված գյուղ՝ տղաներից մեկն անսպասելի սիրահարվում է: Եվ սկսվում են նրանց անհավանական արկածները:

«Անմոռանալի օր» ֆիլմի նկարահանումներին


Մեր զրույցի ընթացքում Հենրին ասաց, որ ֆիլմի գաղափարը վաղուց է ունեցել, բայց սկզբում ուրիշ կերպ է պատկերացրել.«Մոտ մեկ ամիս Արմեն Վարդանյանի հետ միասին աշխատեցինք սցենարի վրա, եւ ընթացքում շատ նոր մտքեր առաջացան»:

Ինչպես նախորդ ֆիլմերի դեպքում, այս անգամ եւս աշխատել է օպերատոր Եղիշե Սողոմոնյանի հետ: Ֆիլմը նկարահանվել է այս օգոստոսին՝ Լոռու մարզի Ակներ գյուղում:

«Անձամբ ինձ համար բացահայտեցի հրաշալի բնությամբ գողտրիկ Ակներ գյուղը եւ որոշեցի, որ հենց այնտեղ պետք է նկարահանվի ֆիլմը: Թեեւ Երեւանից մինչեւ Ակներ 200 կիլոմետր է, եւ մեծ դժվարություններ կային ստեղծագործական կազմով մոտ մեկ ամիս այնտեղ մնալու եւ աշխատելու համար: Կարծում եմ՝ մարդիկ, դիտելով ֆիլմը, նույնպես իրենց համար կբացահայտեն Ալավերդու հրաշալի բնությունը »,- նշեց ռեժիսորը:

«Անմոռանալի օր» ֆիլմի նկարահանումներին


Ֆիլմում նկարահանվել են Արթուր Սիմոնյանը, Թաթուլ Բոստանչյանը, Մովսես Նիկողոսյանը, Գոշ Հակոբյանը, Պերճ Աբովյանը, Վազգեն Ծատինյանը, Էլեն Գեւորգյանը, Նարեկ Մախսուդյանը եւ այլք: Ի սկզբանե ռեժիսորը որոշել էր՝ դերասանների հայտնի լինելու փաստին ընդհանրապես ուշադրություն չի դարձնելու: Նրանցից շատերին հանդիսատեսն առաջին անգամ կտեսնի:

«Քանի որ ֆիլմի սցենարով հերոսներից շատերը հիմնականում լոռեցիներ են, որոշեցի, որ այդ կերպարներին պետք է մարմնավորեն հենց լոռեցի դերասանները: Քասթինգներ անցկացրեցի Երեւանում, Վանաձորում եւ Ալավերդիում: Ինձ համար ֆիլմում որպես այդպիսին գլխավոր եւ երկրորդական կերպարներ չկան: Բոլորին էլ նկարահանելուց առանձնահատուկ եմ վերաբերվել եւ կարծում եմ՝ հանդիսատեսն ամեն մեկին յուրովի կսիրի»,- խոստովանեց Հենրին:

Ռեժիսորը նաեւ նշեց, որ աշխատել է 87-ամյա ՀՀ ժողովրդական արտիստ Ռոզա Մխիթարյանի հետ.«Նրա նման պրոֆեսիոնալ, տաղանդավոր, համեստ, բայց միեւնույն ժամանակ այդքան մեծ էներգիայով լի դերասանուհու հետ աշխատելը մեծ պատիվ էր»: Ի դեպ, Ռոզա Մխիթարյանը Մհեր Մկրտչյանի համակուրսեցին է եղել:

«Անմոռանալի օր» ֆիլմի նկարահանումներին


Նոյեմբերի 8-ին «Նաիրի» կինոթատրոնում տեղի կունենա ֆիլմի առաջին փակ ցուցադրությունը: Ապա, կլինեն նախադիտումներ քիչ սեանսներով: «Անմոռանալի օր» ֆիլմի մեծ պրեմիերան նախատեսվում է հունվարի 2-ին:

Ռեժիսորի համար ամենամեծ գնահատականն այն է, որ հանդիսատեսը հավանի ֆիլմը.«Փորձել եւ արել եմ ամեն ինչ, որ ստեղծեմ այնպիսի ֆիլմ, որը դուր գա բոլորին՝ անկախ տարիքից, մասնագիտությունից, սոցիալական վիճակից ու անգամ անկախ քաղաքական հայացքներից»,- եզրափակեց Հենրի Քոչարյանը:

Տեքստը՝ Ժ.Ք-ի/ Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Հենրի Քոչարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport