×


«Արվեստումը» կօգնի փոքրիկներին բացահայտել շրջակա աշխարհն արվեստի գործերի միջոցով

Փոքրիկ Տաթեւը բազմաթիվ այլ երեխաների հետ սեպտեմբերի 14-ին այցելել էր Հայ բարեգործական ընդհանուր միության դահլիճ՝ մասնակցելու «Արվեստում» մանկական մատենաշարի շնորհանդեսին։ Նա ինքնուրույն մոտեցավ գրքերով սեղանին եւ չորս տարբերակներից ընտրեց այն մեկը, որ կենդանիների մասին է պատմում։ Ասում է՝ գրքով խաղալու ու կենդանիների պատկերներն է դիտելու։ Տաթեւն արդեն գիտի, որ «Արվեստում» մատենաշարը նախատեսված է իր տարիքի երեխաներին համաշխարհային կերպարվեստի միջոցով շրջապատող առարկաներին ու երեւույթներին ծանոթացնելու համար։

Տաթեւը՝ «Արվեստում» մատենաշարի շնորհանդեսին


«Արվեստում» մատենաշարի հեղինակը «Դիլիմ» կազմակերպությունն է, որ ստեղծվել է այս տարի՝ գրքերի հրատարակության եւ միջոցառումների միջոցով երեխաների մշակութային կրթությանը նպաստելու համար։ Սա կազմակերպության առաջին նախագիծն է, սակայն առաջիկայում լույս կտեսնեն մանկական նոր գրքեր։

«Արվեստում» մատենաշարը


«Գրքի ստեղծման միտքն իրականում պատկանում է իմ բալիկին։ Նա փոքր հասակում՝ մոտ 2 տարեկանում, սկսեց խաղալ մագնիսներով, որոնց վրա արվեստի գործեր էին պատկերված, եւ թվարկել դրանցում առկա առարկաները, գույները, տարբեր երեւույթները։ Քանի որ շատ կան երեխաներին տարբեր առարկաներ ու երեւույթներ սովորեցնող կարտոնե գրքեր, մտածեցի, որ նույնը կարելի է անել արվեստի ստեղծագործությունների միջոցով»,- պատմում է «Դիլիմ»-ի հիմնադիր-տնօրեն Արեւիկ Գալյանը։

Արեւիկ Գալյանը


«Արվեստում» մատենաշարը կազմված է 4 կարտոնե գրքերից` «Առաջին բառերն արվեստում», «Կենդանիներն արվեստում», «Գույներն արվեստում» եւ «Թվերն արվեստում»։ Դրանցից յուրաքանչյուրում զետեղված են կերպարվեստի համաշխարհային գլուխգործոցներ, որոնք ծանոթացնում են երեխաներին շրջապատող աշխարհի հետ։ Ներառված բոլոր նկարների հեղինակային իրավունքները ձեռք են բերվել օրինական ճանապարհով։

«Նմանատիպ գրքերը նախատեսված են նախադպրոցական տարիքի երեխաների համար, բայց քանի որ դրանք եռալեզու են, կարող են օգտակար լինել նաեւ կրտսեր դպրոցականներին լեզուներ սովորելիս։ Ավելի մեծ տարիքի երեխաների համար գրքերը կարող են ծառայել որպես նկարիչներին, արվեստի ստեղծագործություններին ծանոթանալու միջոց։ Այդպիսով, մատենաշարն ընդգրկում է բավական լայն տարիքային խումբ»,- նշում է Արեւիկ Գալյանը։

«Արվեստում» մատենաշարը


Մատենաշարը երաշխավորված է ֆրանսիացի արվեստաբան Ֆրանսուազա Բարբ-Գալի կողմից, որ երեխաներին արվեստի հետ հաղորդակից դարձնելու մասին գիտական գրքերի հեղինակ է։ Այն երաշխավորված է նաեւ մանկական հոգեբան Նատալիա Գոմբերգի եւ Հայաստանի ազգային պատկերասրահի գիտակրթական բաժնի ղեկավար Անի Ավագյանի կողմից։

Անի Ավագյանը


«Ես մեծ ոգեւորությամբ եմ երաշխավորում այս հրատարակությունը, քանի որ ինքս երկու բալիկների մայր եմ։ Արդեն 15 տարի է՝ Հայաստանի ազգային պատկերասրահում զբաղվում եմ թանգարանային կրթությամբ եւ շատ լավ պատկերացնում եմ այն պակասը, որ ունենք հայալեզու մանկական նմանատիպ գրականության ոլորտում։ «Դիլիմը» մեզ օգնելու է երեխաների մեջ արմատավորել արվեստի նկատմամբ սերը եւ աճեցնել արվեստից հաճույք ստանալու թեւերը»,- նշում է Անի Ավագյանը՝ հավելելով, որ եթե նախկինում այլ լեզուներով նմանատիպ գրքեր էր բերում արտասահմանից, ապա այսուհետ դրանք հպարտությամբ Հայաստանից է տանելու՝ որպես նվեր սփյուռքում գտնվող հայ մանուկներին։


Մատենաշարի ստեղծմանն աջակցել են աջակցել են ՀԲԸՄ Հայաստանը եւ Երեւանի քաղաքապետարանը: Շնորհանդեսի հատուկ հյուրն էր «Հեքիաթերեն» շարժական ինտերակտիվ թատրոնը, որը ներկայացման միջոցով երեխաների ծանոթացրեց «Արվեստում» մատենաշարի գրքերին։

Տեքստը եւ լուսանկարները` Գայանե Ենոքյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport