×


«ԳՏՆԵԼՈՒԿ». նոր ինտելեկտուալ խաղ՝ «Այլկերպ»-ի հիմնադիրներից

«ԳՏՆԵԼՈՒԿ». նոր ինտելեկտուալ խաղ՝ «Այլկերպ»-ի հիմնադիրներից

Խաղ բոլորի համար՝ այսպես կարելի է բնութագրել «ԱյլԿերպ» թիմի ստեղծած նոր խաղը՝ «Գտնելուկ»-ը, որ նախատեսված է 4-99 տարեկան մարդկանց համար: Նոր ինտելեկտուալ խաղի շնորհանդեսն երեկ էր, ընթացքում երեխաների համար անցկացվեց «Այլկերպիկ» խաղի մրցաշար, այնուհետեւ մասնակիցներին ներկայացվեց նաեւ «Գտնելուկ»-ը: Այդպիսով ընկերությունը մեկ միջոցառման շրջանակում միավորել էր երկու առիթ՝ երեխաների եւ նրանց ծնողների համար ամառվա տապը փոխարինելով ինտելեկտուալ հանգստով ու ժամանցով:

«ԱյլԿերպ» ընկերության համահիմնադիրներ Էլինա Մելիքյանը, Անահիտ Հակոբյանը եւ Սոֆյա Խաչատրյանը, ներկայացնելով իրենց ստեղծած նոր խաղը՝ «Գտնելուկ»-ը, նշեցին, որ մինչ այս իրենց բոլոր խաղերը բաժանվում էին ըստ տարիքային սահմանափակման՝ մեծերի եւ փոքրերի համար: Այդ իսկ պատճառով որոշել են ունենալ մի խաղ, որը կմիավորի մեծերին ու փոքրերին, երեխաներին ու նրանց ծնողներին: BRAVO.am-ի հետ զրույցում Էլինա Մելիքյանն ընդգծեց, որ, ի տարբերություն իրենց նախորդ խաղերի, «Գտնելուկ»-ի դեպքում կարդալու կամ հավելյալ գիտելիքներ ունենալու խնդիր չկա: Հարկավոր է միայն ուշադիր լինել եւ կարողանալ արագ կողմնորոշվել.

«ԱյլԿերպ» ընկերության համահիմնադիրներ Անահիտ Հակոբյանը, Սոֆյա Խաչատրյանը եւ Էլինա Մելիքյանը


«Խաղի վրա համընկնող նկարներ են պատկերված, որոնք նույնական են ձեւով, գույնով, եւ միայն չափսերը կարող են տարբեր լինել: Հաղթում է այն մասնակիցը, որն ամենից արագ է գտնում եւ բարձրաձայնում համընկնող պատկերը: Լավ խաղալու հիմնական նախապայմաններն են ուշադրությունն ու արագությունը: Ի դեպ, թեեւ խաղը մեկ տուփ ունի, սակայն նույն քարտերով խաղալու երեք տարբերակ կա: Առաջին տարբերակով հարկավոր է հնարավորինս շատ քարտ հավաքել: Երկրորդ տարբերակով պետք է հնարավորինս շուտ ազատվել բոլոր քարտերից, իսկ երրորդ տարբերակով՝ հնարավորինս քիչ քարտ հավաքել: Այդպիսով փորձել ենք խաղն ավելի հետաքրքիր դարձնել բոլորի համար»,- ասաց Էլինան:

«ԳՏՆԵԼՈՒԿ». նոր ինտելեկտուալ խաղ՝ «Այլկերպ»-ի հիմնադիրներից


Նա նաեւ նկատեց, որ այս անգամ տարբերվում է նաեւ խաղի դիզայնը, որն աչքի է ընկնում վառ, գունավոր եւ հետաքրքիր լուծումներով. «Գտնելուկի քարտերը շրջանաձեւ են` ի տարբերություն նախորդ արտադրությունների, որոնց դեպքում խաղի քարտերը կա՛մ քառակուսի էին, կա՛մ ուղղանկյունաձեւ: Կարծում ենք` նոր ձեւաչափը, որ ստացել ենք մեր դիզայներ Սոֆյայի շնորհիվ, կգրավի մարդկանց: Ինչ վերաբերում է պատկերներին, ապա դրանք պատահական չեն ընտրվել: Ցանկի մեծ մասը հայկական սիմվոլիկա է պարունակում եւ կարող է զարգացնել երեխաների տեսաճանաչողական հմտությունները: Նկարներում պատկերված են, օրինակ, Սիսն ու Մասիսը, հայկական դրոշը, Սեւանա լիճը, Հայաստանի քարտեզը, մայրաքաղաքի նշանավոր հուշարձանները, սիրված մուլտֆիլմերի հերոսները, եւ այլն»:

«ԳՏՆԵԼՈՒԿ». նոր ինտելեկտուալ խաղ՝ «Այլկերպ»-ի հիմնադիրներից


Նշենք, որ նոր` «Գտնելուկ» խաղը կարող եք ձեռք բերել քաղաքի բազմաթիվ խանութներում ու գրախանութներում, իսկ արժեքը 3500 դրամ է: «ԱյլԿերպ» թիմի հիմնադիրներն ասում են, որ այս անգամ փորձել են իրենց նոր արտադրանքն ավելի մատչելի գնով հասցնել սպառողին, եւ հույս ունեն, որ այն կսիրվի նույնքան, որքան «Այլկերպ»-ն ու «Այլկերպիկ»-ը:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին