×


«Գործագործ». Աղջիկներին պետք չի խմացնել. որ հարբում են, դառնում են բեռ

BRAVO.am-ի սկսում է նոր նախագիծ՝ «Գործագործ»: Մենք բացահայտելու ենք հետաքրքիր, ժամանակակից ու պահանջված մասնագիտություններ ունեցող մարդկանց: Գնալու ենք գործագործ, որ տեսնենք, թե ինչ պայմաններում են աշխատում «ընդհատակում», ինչ գաղտնիքներ են թաքցնում 2-րդ հարկում, ինչքան գումար են աշխատում «վերեւներում»: Կոտրելու ենք կարծրատիպերն ու ձեւավորենք նորերը:

Զրուցել ենք բարմեն Հենրի Ամիրբեկյանի հետ:



- Հայերը խմո՞ղ ազգ են:
- Խորհրդային Միության տարիներին Հայաստանում կար կոնյակ, գարեջուր, օղի, մարդիկ էլ դա էին խմում, բայց հիմա խմիչքների մեծ ընտրանի կա, փաբեր կան, որ իրենց հաճախորդներին շոտլանդական լավագույն վիսկիներն են առաջարկում, դասական ու ժամանակակից կոկտեյլներ: Որքան մեծացավ ընտրանին, այնքան մեծացավ պահանջարկը: Մարդիկ ուզում են խմել լավը, որովհետեւ այն արդեն հասանելի է: Տարիներ առաջ մարդիկ չգիտեին՝ «Սինգապուր Սլինգն» ինչ է, բայց հիմա մի ստվար հատված կա, որ գնում է բար կամ փաբ, որ հենց դա խմի: Պատճառներից մեկը, իհարկե, բարմեններն են: Հիմա կան մասնագիտացած բարմեններ, որոնք գրագետ խառնուրդներ են պատրաստում, տիրապետում են խմիչքների բաղադրությանը, պատմությանը, իրենց հաճախորդներին առաջարկում են նորություններ:

Հենրի Ամիրբեկյանը


- Բարմեն դառնալու համար ի՞նչ կրթություն պետք է ունենալ, որտե՞ղ սովորել:
- Կա Բարմենների ասոցիացիա, որը շատ լավ գործ է անում, լավ կադրեր է պատրաստում: Չգիտեմ... Ես, օրինակ, կրթություն չունեմ: Դա կախված է նրանից, թե ինչ մոտեցում ունես դու բարի նկատմամբ:

- Բարմենը հոգեբա՞ն է:
- Ինձ համար բարը հոգեբանական տեղ է: Մարդիկ գալիս են խմելու, որ հետագայում հոգեբանների ու հոգեբույժների փող չտան: Մարդիկ գալիս են, որ պատմեն` սկսած անձնական նուրբ թեմաներից, մինչեւ տաքսու վարորդների հետ վեճեր: Դու իրենց համար անծանոթ ես, ու իրենք ազատ են զգում, պատմում են, դատարկվում են ու, ի՞նչ վատ է, խնայում հոգեբանի գումարը: Էդ մարդկանցից ոչ մեկը դեռ չի գժվել, երեւի բարն իրոք օգնում է: Այս տեսանկյունից կարծում եմ, որ բարմենի հատուկ կրթություն ինձ հարկավոր չէ: Ինձ բժիշկ են ասում. ես չգիտեմ շատ կոկտեյլների պատրաստման ձեւեր, բայց գիտեմ, թե ինչ տալ հաճախորդին, ինչպես բուժել նրան: Ես բժիշկ եմ, ես բարմեն չեմ:

- Սառնասի՞րտ ես:
- Մի անգամ, երբ նոր էի սկսել աշխատել բարում, մի մարդ եկավ, տխուր նստած էր, ասացի՝ «Ինչի ես տենց դիրխոր, ուրախացիր, խմիր, ամեն ինչ լավ կլինի, ամեն ինչ լուծելի է»: Էդ մարդը զարմացավ՝ «Ո՞նց: Մի քիչ առաջ ընկերս մեռավ ձեռքերիս մեջ…»: Ես անպատրաստ էի, չգիտեի՝ ինչ պատասխանել… Ինքն իր խնդիրներով հաղթեց ինձ: Բայց տարիների ընթացքում նման պատմություններն այնքան հաճախակի դարձան, որ ես սառնությամբ սկսեցի դրանք ընդունել: Հիմա չկա մի պատմություն, որ ես լսած չլինեմ:

- Օրվա մեջ քանի՞ բաժակ է խմում բարմենը:
- Ես խմում եմ ամեն օր: Երկար տարիներ խմել եմ օրվա մեջ կես լիտր: Կոֆե սարքող չեմ, որ 4 ժամ աշխատեմ, մարդկանց հետ չխոսեմ, ժամը վերջանա, գնամ տուն: Մարդիկ գալիս են՝ մեկը լացակումած, մեկը դեպրեսիայի եզրին, պատմում են հավանական ու անհավանական պատմություններ, ու ես բարի մոտ եմ մնում այնքան, մինչեւ իրենք պատմությունը ավարտեն ու գնան: Չեմ կարող բարը փակել գնալ, իրենց էլ ասել՝ վաղը շարունակությունը կպատմեն: Ես խմում եմ, որ մոռանամ այդ բոլոր պատմությունները, որ գնամ ու շարունակեմ ապրել:

Հենրի Ամիրբեկյանը


- Երիկամներն աշխատո՞ւմ են:
- Հա, աշխատում են: Ճիշտ խմելու ու ճիշտ սնվելու դեպքում կաշխատեն: Մեր պապերը չգիտեին երիկամների գոյության մասին, 150 տարի ապրում էին ու խմում էին:

- Քանի՞ կոկտեյլից է հարբում աղջիկը:
- Կոնկրետ թիվ չեմ կարող ասել: Աղջիկներ կան, ովքեր ինձնից լավ են խմում, ինձնից ուշ են հարբում կամ չեն հարբում: Բայց մեծ մասը բավական շուտ է հարբում: Հատկապես կոկտեյլը հարբելու բավական հեշտ ճանապարհ է, որովհետեւ համեղ է, չես զգում՝ ինչպես ես հարբում: Մեկ-երկու բաժակով աղջկան կարելի է հարբեցնել:

- Տղաները խորհուրդ հարցնո՞ւմ են՝ ինչ խմացնեն, որ աղջիկը հարբի:
- Չէ, դա բաց չի ասվում: Խմացնում են, հետո գալիս ասում են՝ «Ախպեր, ուզում եմ՝ նորմալ շփվի հետս, մի բան տուր թող խմի, դզվի»: Ինտերնետում կարդում են այն կոկտեյլների մասին, որոնք հեշտ են հարբեցնում, խմացնում են… Աղջիկներին պետք չի խմացնել. որ հարբում են, դառնում են բեռ, պետք ա գցես ուսիդ, տանես տուն:

- Ինչպե՞ս շատ խմել, բայց քիչ հարբել:
- Ինչի՞ համար: Խմելը նրա համար է, որ հարբես: Տղերք կան, գալիս ասում են՝ «Մի հատ նենց բան տուր, մեռնեմ»: Նման մարդիկ խմող չեն, իրենք չգիտեն՝ ինչ է խմելը: Եթե համային վայելք չունես, տրամադրությունդ չի բարձրանում, դա խմել չէ, տհաճ երեւույթ է: Մարդիկ գալիս էին 10 բաժակ արագ-արագ խմում, «ցխվում-ընկնում», բայց հիմա սկսել են վայելել, արդեն գիտեն, թե որ խմիչքը ոնց է առաջացել, ինչ բաղադրություն ունի, խմում են կոկտեյլներ, որոնք խմել է, օրինակ, իրենց սիրած գրողը: Շատ կարեւոր է խմիչքի նկատմամբ էսթետիկ վերաբերմունք ունենալ, որ խմիչքը չկորցնի արիստոկրատ ծագումը:

Հենրի Ամիրբեկյանը


- Երբ տեսնում ես, որ հաճախորդը հարբած է, զգուշացնո՞ւմ ես, որ բավական է խմել:
- Միշտ զգուշացնում ենք, ասում, որ էս կոկտեյլը սրանից հետո պետք չէ խմել, որ էս խմիչքները պետք չէ խառնել, հակառակ դեպքում կարող են թունավորվել: Բայց զգուշացնելուց հետո եթե շարունակում են խմել, իրենց խնդիրն է. թող խմի, եթե ուզում է մեռնել... Բարն այն տեղն է, որտեղ պետք է գաս, գլուխ գովաս, թե ինչքան ես կարողանում խմել ու նորմալ մնալ: Մարդիկ կան, էս ճանապարհին սխալվում են, փորձում են ապացուցել, որ կարողանում են շատ խմել ու թունավորվում են, գալիս ասում են՝ «Երեւի փչացած թթվասեր եմ կերել»: Լավ խմել՝ նշանակում է հասկանալ, որ դեղինը շուտով կկարմրի. դադարել է պետք:

- Ի՞նչ ես անում, եթե այնպիսի կոկտեյլ են պատվիրում, որի պատրաստման ձեւը չգիտես:
- Ասում եմ, որ չեմ կարող պատրաստել, չգիտեմ, թե ինչպես են դա պատրաստում: Ես կարող եմ, իհարկե, մի քանի վայրկյանում իմանալ՝ ինչ է դա, բայց նախընտրում եմ առաջարկել մարդկանց այն, ինչ գիտեմ, այն, ինչ փորձված է: Մատուցել մի բան, որ վստահ չես՝ ճիշտ ես սարքել, թե ոչ, խաբեություն է:

- Խմիչք հյուրասիրո՞ւմ ես հաճախորդներին:
- Իրականում ավելի սիրուն է բարմենին հյուրասիրել: Բարմենի համար հյուրասիրելը խնդիր չէ, բայց բարմենին հյուրասիրելը շատ գեղեցիկ է:

Հենրի Ամիրբեկյանը


- Ինչո՞ւ են բարմենները խմիչքը լցնելուց առաջ շիշը նետում օդ, բաժակը պտտեցնում…
- Դա կոչվում է ֆլեյրինգ (flairing): Գեղեցիկ շոու է, մարդկանց դուր է գալիս: Հաճախ ստիպված ես լինում տասնյակ մարդկանց նույն պահին սպասարկել, արագ-արագ աշխատել, որ բոլորին հասցնես խմիչք մատուցել եւ նման «տրյուկները» ինքնըստինքյան են ստացվում: Ես կարծում եմ, որ ֆլեյրինգը երկար ընթացք է, մարդը չպետք է այդքան սպասի իր խմիչքին:

- Բարերում բաժակը երբեք լիքը չի լցվում: Ափսոսո՞ւմ եք:
- Չէ, չենք ափսոսում: Կարող եմ լիքը լցնել, բայց համն ու հոտը այն չի լինի: Խմիչքներն ունեն գազային մաս եւ ձեռքում պահելիս բաժակում ազատ պիտի շարժվեն, մարդը պետք է զգա խմիչքի հոտը, հետո համը: Եթե լիքը եղավ, հոտը չես հասցնի զգալ:

- Ի՞նչ եք անում, երբ թանկարժեք խմիչք է կոտրվում:
- Տխրում ենք, շատ ենք տխրում, որովհետեւ կարող էինք խմել: Աստված չանի՝ վիսկի լինի, շատ կտխրենք, մի քանի օր հաստատ սուգ կպահենք, կխմենք էդ շշի կենացը: Տարիներով հնեցվել է, ճանապարհ է անցել, ու մենք կոտրել ենք, դա շատ վատ է:

Զրուցեց Տիգրանուհի Մարտիրոսյանը
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Հրանտ Մարինոսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW