BRAVO.am-ի «Գործագործ» նախագիծը բացահայտում է հետաքրքիր, ժամանակակից ու պահանջված մասնագիտություններ ունեցող մարդկանց: Գնում ենք գործագործ, որ տեսնենք, թե ինչ պայմաններում են աշխատում «ընդհատակում», ինչ գաղտնիքներ են թաքցնում 2-րդ հարկում, ինչքան գումար են աշխատում «վերեւներում»: Փորձելու ենք կոտրել կարծրատիպերն ու ձեւավորել նորերը:
Զրուցել ենք DJ Smoke-ի` Արմեն Ալքամյանի հետ:
- Որտե՞ղ սովորել նվագել:
- Կախված է նրանից, թե քանի տարեկան ես, երաժշտական ի՞նչ տվյալներ ունես: Հիմա մոդա է դարձել` բոլորն ուզում են դիջեյ դառնալ: Վերջերս մի զավեշտալի զանգ ստացա` թե «բարի օր, ախպերս, երեխուն կարա՞մ բերեմ մոտդ դիջեիստի»: Դիջեիստի՞: Էդ կարատեիստի պես բան չի: Հասկանում եմ, որ հիմա նորաձեւ է DJ լինելը, բայց, որպես այդպիսին, դպրոց հասկացություն չկա, որտեղ կարելի է գնալ ու սովորել:
- Դիջեյը կարո՞ղ է նվագել տարբեր ժանրերում:
- Այո: Նույն է` ինչպես երգիչը: Կա օպերային երգիչ, էստրադային երգիչ եւ այլն: DJ-ն էլ արտիստ է. կան տարբեր ոճերում ստեղծագործող մարդիկ: Դիջեյը նոթբուքի մոտի «գյադեն» չի:
- Շա՞տ ես լսում քո հասցեին նման պիտակներ:
- Նախկինում լսում էի, իսկ հիմա մոտեցումն այլ է:
Արմեն Ալքամյանը
- Հարսանիքներին նվագող դիջեյը վա՞տ դիջեյ է:
- Եթե ես նվագում եմ հարսանիքի ժամանակ, նվագում եմ այնպես, ինչպես կնվագեի իմ հարսանիքին կամ եղբորս: Երբ անհատական վերաբերմունք ես ցուցաբերում, սիրով ես անում գործդ, լավ է ստացվում: Երգչի օրինակով նայեք. ինչքան էլ ասենք` լավ երգիչ է, բայց որ մեկ-երկու անգամ «ղռղռաց», վե՛րջ, կմեռնի: Նույնը դիջեյի պարագայում է, «ուտոցիի» մեջ կմեռնի, եթե վատ նվագի:
Մարդկանց մի տեսակ կա, որոնց ես անվանում եմ «փառչակ»: Էս էն մարդիկ են, որ կապ չունեն ոլորտի հետ, բայց «քլնգում» են հարսանիքներին նվագողներին: Էս «փառչակների» համար ես հատուկ բաղնիք եմ սարքելու, որ գնան լողանան: Իրենք մեր քաղաքի ամենակարեւոր «ոչմիբաններն» են. կարեւոր ոչ մի բան են: Որ ես դիջեյ եմ, անպայնման պետք է նվագեմ «underground», հա՞: Տղե՛րք, մարդիկ ինձ հարգում, սիրում են, դուք էլ արեք, հարսանիքի կամ կորպորատիվ երեկույթների մեջ վատ բան չկա, մի քլնգեք, աշխատեք: Եթե հանկարծ փորձեն վատ ռակուրսով ինձ մոտենալ, պատիժն անխուսափելի կլինի, ու կապ չունի, որ երկրում բան է փոխվել. ես նույնն եմ մնացել, թող հանկարծ «իմ հավին քըշ չասեն»:
- Շատ հարուստ մարդկանց քեֆերին DJ-ը նվագում է այն, ինչ պատվիրո՞ւմ են:
- Հարուստ լինել` չի նշանակում լինել մեծ փորով անդուր մարդ: Կարծրատիպ է մտածել, որ հարուստը քշում ա «յաշիկ», ունի մեծ փոր, չունի ուղեղ: Այդպես չէ: Հարուստներ կան, այնպիսի երաժշտություն են լսում, այնպիսի համերգների են մասնակցում, կերազեինք:
- Ի՞նչ ես անում, երբ նվագում ես, բայց չեն պարում:
- Շատ հազվադեպ է այդպես լինում: Ցանկացած միջոցառման սկզբում չեն պարում. բարդույթավորված են մարդիկ, բայց հետո բացվում են: Մարդիկ կան, գիտեք, ասում են, թե «մենք հո երեխա չենք, որ հելնենք պարենք»:
- Ինչքա՞ն կարող է վաստակել DJ-ը:
- Ես սկսել եմ 2500 դրամից: Հիմա շուկայում շատ տարբեր գներ կան, ստանդարտը 1000 դոլարն է: Գումարը կախված է նրանից, թե ով ես, ինչ ունես արած:
- Ի՞նչ կասես այն երիտասարդներին, ովքեր ուզում են դիջեյ դառնալ «կայֆավատ» լինելու համար:
- Իրոք, մարդիկ այդպես են մտածում: Ինձ ասում են՝ ձեր գործը կայֆ ա. փողերը կան, աղջիկները կան, սաղ ձրի ա: Բայց մի օր առավոտյան ժամը 11-ից մեկին հետս տարա, որ տեսնի, թե օրվա մեջ աշխատանքային քանի հանդիպում ենք ունենում, ասաց` չէ...
- Կոստյումով նվագո՞ւմ եք:
- Հա, ինչու ոչ: Ես միշտ հարցնում եմ՝ դրես-կոդ կա, թե չկա: Հագուստը շատ կարեւոր է: Ես կոստյումից նեղվում եմ, ասում եմ` ինձ հարմար չի լինելու նվագել, դրանից իմ աշխատանքը վատ կլինի:
Արմեն Ալքամյանը
- Պարտադի՞ր է, որ դիջեյը նվագելուց պարի:
- Ոչ: Ես չեմ պարում, շարժվում եմ, կոնտակտի մեջ եմ մտնում մարդկանց հետ: Մարդիկ կան, որ միշտ պարում են՝ փեսայի հորքուրը, հարսի մորքուրը կամ նրանց աղջիկներից մեկը: Միշտ մի աղջիկ լինում ա, որ սկզբից մինչեւ վերջ պարում ա, շուխուռով ա պարում, կոշիկներն էլ հանած, յանի խմում ա, պրադվինուտի ա:
- Խմած մարդկանց արդեն հասկանո՞ւմ ես:
- Անգիր գիտեմ: Իրենք մի քանի տեսակի են լինում ու վտանգավոր. մեկը` Նալչիկից եկած հարուստ, սիգար ծխող քեռին, մյուսը՝ փեսայի հարբած ընկերը, երրորդը՝ գյուղում ապրող հեռու բարեկամը, որ հարբած եկել ա, փեսան էլ իրեն համարյա չի հիշում, բայց ինքը հարսանիքի կազմակերպումը վերցրել ա իր վրա:
Զրուցեց Տիգրանուհի Մարտիրոսյանը
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Հրանտ Մարինոսյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: