×


«Գործագործ». Ինչպես սովորել անգլերեն` ապրելով Հայաստանում

BRAVO.am-ի «Գործագործ» նախագիծը բացահայտում է հետաքրքիր, ժամանակակից ու պահանջված մասնագիտություններ ունեցող մարդկանց: Գնում ենք գործագործ, որ տեսնենք, թե ինչ պայմաններում են աշխատում «ընդհատակում», ինչ գաղտնիքներ են թաքցնում 2-րդ հարկում, ինչքան գումար են աշխատում «վերեւներում»: Փորձելու ենք կոտրել կարծրատիպերն ու ձեւավորել նորերը:

Զրուցել ենք անգլերենի ուսուցիչ Գայանե Եղիազարյանի հետ



- Ինչո՞ւ է դպրոցներում եւ բուհերում դասավանդվող անգլերենն այդքան ձանձրալի:
- Ուսուցչի մոտիվացիայից շատ բան է կախված: Եթե ուսուցիչը տրամադրված չէ անցկացնել դասն արդյունավետ, հետաքրքիր, օգտակար, աշակերտն առարկան չի կարող հասկանալ, սովորել, առավել եւս հետաքրքրվել: Բացի այդ, թե՛ դպրոցներում, թե՛ բուհերում, աշակերտների թիվը մեծ է, դասարաններ կան, որտեղ 25-30 երեխա է սովորում: Նրանցից յուրաքանչյուրն ունի տարբեր կարողություններ, տարբեր ընկալումներ, եւ համեմատաբար դժվար է աշխատել մի լսարանում, որտեղ այսքան մարդ կա:

Իսկ լեզվի ուսուցման կենտրոններում առավելագույնը 8 հոգի է մասնակցում դասաժամին: Երեխաները ուսուցչի կողմից ստանում են ավելի մեծ անհատական ուշադրություն, քան՝ դպրոցում կամ բուհերում: Իսկ ցանկացած երեխա, գաղտնիք չէ, ուզում է ուշադրության կենտրոնում լինել, ուզում է մնացածներից շատ ինքնարտահայտվել: Բացի այդ, լեզվի կենտրոնում չկան պարտադրված ստուգողականներ, գրավորներ, որոնք աշակերտների համար ձանձրալի են դարձնում դասը: Հաճախ հարցնում են՝ երբ պետք է լեզուն սկսել ուսւմնասիրել: Ասեմ, որ լավագույն հիմքը դպրոցական վաղ տարիներն են, երբ անգիտակցաբար գիտելիքի պաշար ես ձեոք բերում ու հեշտ յուրացնում:

- Անգլերեն խոսելու համար շարժառի՞թ է պետք:
- Այո, շարժառիթ պետք է լինի յուրաքանչյուր գործ սկսելիս: Պետք է հասկանալ՝ ինչի համար է ուսանողն ուզում անգլերեն սովորել, որպեսզի նրան համապատասխան ուղղություն տրվի: Ինքն էլ իր համար պետք է պարզի՝ աշխատանքի համար է ուզում սովորել, ճամփորդելու, թե, օրինակ, ընդունելության քննությունների համար: Ես որպես ուսուցիչ պետք է իմանամ այդ մասին, որպեսզի տամ համապատասխան գիտելիք եւ ուղղություն: Մարդ կա` լեզու սովորելն իր համար հոբբիի պես բան է` կես տարի անգլերեն է սովորում, կես տարի` իտալերեն:

- Հիմա նորաձեւ է դարձել անգլերեն սովորելը՝ «չաթ» անելու համար: Գալի՞ս են նման մոտիվացիայով:
- Հետաքրքիր դեպքեր լինում են: Վերջերս երեկույթներից մեկի ժամանակ ծանոթացա մի մարդու հետ: Երբ նա իմացավ, որ անգլերենի մասնագետ եմ, միանգամից սկսեց հարցեր տալ, թե ինչպես թարգմանել անգլերեն «ես քեզ կարոտում եմ», «ուզում եմ հանդիպենք», «արի ժամադրվենք» նախադասությունները: Այդ պահին WhatsApp-ով գրվում էր:): Ես ասում էի, ինքը` գրում: Եվ կարողացավ անգլերենի մասնագետին օգտագործել` շփվելու մոտիվացիան լրացնելու համար:   

Գայանե Եղիազարյանը


- Բոլո՞րը կարող են անգլերեն սովորել:
- Եթե աշխարհում կա մի հոգի, ում հաջողվել է անել մի բան, ուրեմն շատերը դա կարող են անել: Եթե որեւէ մեկը սովորել է անգլերեն, ուրեմն կարող են սովորել բոլորը: Կան մարդիկ, ովքեր դժվարությամբ են սովորում, կան մարդիկ, ում շատ հեշտ է լեզուն տրվում: Ժամանակի ու ջանասիրության հարց է: Նույնն է, ինչպես ավտոմեքենա վարելը: Կան մարդիկ, որոնք նստում են ղեկին ու մեկ կամ երկու անգամից սովորում: Բայց կան նաեւ այնպիսի մարդիկ, որոնք մեկ տարի սովորելուց հետո վախենում են անգամ ղեկը թեքել:

- Պետք է վա՞ղ հասակից սովորել:
- Ինչո՞ւ մարդիկ մեծ տարիքում ավտոմեքենա վարել չեն սովորում: Սովորում են, չէ՞: Գուցե 18 տարեկանում ավելի հեշտ են սովորում, քիչ են վախենում, քան՝ 40-ում, բայց անհնար ոչինչ չկա: Կարեւոր է, որ դու ինքդ քեզ համար նախ պարզես, թե ինչիդ է պետք անգլերեն իմանալը, որպեսզի հանուն այդ նպատակի հաղթահարես խնդիրները:

Մենք ունենք, օրինակ, 70 տարեկան ուսանողներ: Այո, 70 տարեկան: Ես հիանում եմ նրանց եռանդով: Շաբաթական 3 օր գալիս են դասի: 70-ամյա ուսանող կա, որը ե՛ւ անգլերեն է սովորում, ե՛ւ իտալերեն: Ինձ հիացնում է նրա շարժառիթը` երիտասարդ զգալ լեզու սովորելու միջոցով:  

- Հնարավո՞ր է խոսել ամերիկացու կամ անգլիացու պես՝ ապրելով Հայաստանում:
- Հիմա այնքան հեշտ է լեզու սովորելը: Կարելի է անգլերենով ֆիլմեր, հաղորդումներ դիտել, երգեր լսել եւ այդպիսով շփվել լեզվի կրողների հետ: Գուցե արտասանության, առոգանության խնդիրներ լինեն, որովհետեւ լեզուն կրողների շրջապատում չես խոսում, բայց յուրացնել հնարավոր է:

- Ակցենտը խնդի՞ր է:
- Չկա մի լեզու, որը չունենա տարբեր արտասանություններ հենց կրողների կողմից: Նույն ԱՄՆ-ում, նույն Մեծ Բրիտանիայում անգլերենի բազում արտասանություններ կան, եւ մարդիկ այդպիսով տարբերվում են, ցույց են տալիս իրենց մշակույթը: Պարտադիր չէ խոսել ինչպես կրողը, բայց դա հնարավոր է, երբ մարդը ճկուն է լեզուն սովորելու հարցում, երբ լավ լսողություն ունի: Կան 8-9 տարեկան երեխաներ, ովքեր բնիկ անգլիացու նման խոսում են, թեեւ ամբողջ կյանքում ապրել են Հայաստանում: Կան երեխաներ, որոնք ամերիկյան թոք-շոուների ազդեցության տակ խոսում են հենց այդպիսի անգլերենով: Այդ տարիքում սպունգի նման արագ վերցնում են:


- Քանի՞ ամսում կարելի է սովորել խոսակցական մակարդակի անգլերեն:
- Հայերեն սովորելու համար մենք երեխաներին չենք շտապեցնում: Համբերատար սպասում ենք, որ երեխայի լեզուն բացվի: Չենք ասում՝ պարտադիր պետք է մինչեւ 1 տարեկանը սովորես: Սպասում ենք դառնա 7 տարեկան, բանավոր խոսքը զարգանա, հետո տանում ենք դպրոց, որ սովորի քերականություն: Անգլերենի դեպքում այսքան ժամանակ չկա՝ սպասել տարիներով, բայց կան բազում մեթոդներ, որոնք օգնում են զարգացնել բանավոր հաղորդակցվելու հմտությունները: Առաջին փուլը հնարավոր է անցնել 3 ամսում՝ շաբաթական 3 անգամ 1.5 ժամ տեւողությամբ դասերով:

- Հնարավո՞ր է սովորել հարյուրավոր բառեր մեկ օրում, ինչպես գրում են համացանցում:
- Մեթոդիկայի խնդիր է: Լսարանում կան վիզուալ, լսողական ու զգացական տեսակի հիշողությամբ զարգացած ուսանողներ, որոնք եթե ստանան համապատասխան ինֆորմացիա, ապա կարող են օրվա մեջ տասնյակ բառեր սովորել: Աշակերտներ կան, որոնք հիշում են անգլերեն բառերը նմանեցնելով դրանք հայերեն ինչ-որ բառերի: Ես տեղայնացման կողմնակիցը չեմ, բայց երեխաներն այդպես ավելի հեշտ են հիշում:

Գայանե Եղիազարյանը


- Ինչո՞ւ են բոլորը խուսափում քերականությունից:
- Որովհետեւ մտապահելու շատ բաներ կան:): Բայց եկեք չմոռանանք, որ օտար լեզու սովորելը հաղոդակցվելու համար է: Շեշտը պետք է դնել խոսակցական հմտությունները զարգացնելու, ոչ թե քերականության վրա: Մեր երեխաները հայերենով խոսում են, հեքիաթներ են պատմում` առանց տառերը ճանաչելու, առանց քերականություն իմանալու: Անգլերենն էլ նույնն է՝ պետք է բանավոր շփվեն, լեզվամտածողությունը պետք է հարուստ լինի, հետո քերականապես հարստանան:

- Անգլերենում կան ժամանակաձեւեր, որոնք հայերենում չկա: Ինչպե՞ս հասկանալ դրանք:
- Կարդալ, կարդալ… :) Ցանկացած քերականական կանոն ունի իր բացատրությունը, եւ բավական լավ կարողանում ենք դրանք մատուցել՝ հուշող բառերի միջոցով:

- Եթե լեզուն չգիտես, բայց ամեն օր լսում ես, հաղորդումներ ես նայում, կսովորե՞ս:
- Երեխաները հենց այդպես էլ սովորում են: Փոքր տարիքում ծնողները ռուսախոս կամ անգլախոս դայակներ են վարձում, որ նրանց հետ ամբողջ օրն այդ լեզվով խոսեն, եւ այո, հետո նրանք խոսում են: Ինչքան կարող ես, պետք է լսես:

Զրուցեց Տիգրանուհի Մարտիրոսյանը
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Հրանտ Մարինոսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport