×


«Դժվար էր Աննայից հետո այս կերպարով հանդես գալը». Փառանձեմ Սահակյանը` «Ազիզյանները» սիթքոմում իր նոր դերի մասին

Ավարտվեց «Թղթե երազանք» հեռուստանովելը: Աննայի դերակատար Փառանձեմ Սահակյանի հետ վերլուծել ենք իր մարմնավորած կերպարը, զրուցել սերիալի հաջողության, հայկական սերիալարտադրության եւ «Ազիզյանները» սիթքոմում իր նոր դերի մասին:

Դաս՝ աղջիկների համար

Աննայի դերն իմ առաջին լուրջ մուտքն էր հեռուստաեթեր: Դրանից առաջ նկարահանվել էի, բայց փոքր դերով: Քասթինգի միջոցով եմ ընտրվել, քանի որ գյումրեցի էի, կար նաեւ բարբառի առավելությունը: Շատ լուրջ թիմ էր աշխատում, շնորհակալ եմ, որ ունեցա այս մեծ փորձը: Կարծում եմ՝ Աննայից շատ բան պետք է սովորել: Ես երբեմն չէի հասկանում նրան, քանի որ բնավորությամբ այլ մարդ եմ: Հետո արդարացրի Աննային: Սա դաս կլինի շատ աղջիկների համար. չի կարելի սեփական կյանքը նվիրել ինչ-որ մեկին, ապրել միայն մեկով ու չունենալ սեփական երազանքները, նպատակները: Երբ այդ մեկը քո կյանքում չլինի, կյանքդ կավարտվի: Հենց դա էր պատճառը, որ Աննան այդքան խանդոտ էր:

Փառանձեմ Սահակյանը


Սխալը տեսնելու համար

Ամենաէմոցիոնալ տեսարանն Աննայի ու Հայկի առաջին շատ լուրջ վեճն էր: Հայկն այդ վիճակում առաջին անգամ էր տեսնում Աննային ու չէր ճանաչում: Բազմաթիվ քննարկումների արդյունքում ստացանք այդ տեսարանը: Սպասում էի եթերին, որ տեսնեմ` արդյոք ստացել ենք այն, ինչ ուզում էինք: Շատ դերասաններ ասում են, որ չեն դիտում իրենց մասնակցությամբ տեսարանները: Ես այն կարծիքին եմ, որ մանավանդ սկսնակ դերասանները պետք է պարտադիր դիտեն: Այդպես տեսնում ես, թե որտեղ ես սխալվել ու հաջորդ անգամ չես կրկնում այդ սխալը:

«Զարմացած եմ մարդկանց ուշադրությունից»

Նկարահանվեց դրամա, որտեղ խոսում էին գյումրեցու բարբառով, որը գյումրեցու մասին էր: Պատասխանատվությունը մեծ էր, քանի որ ես էլ գյումրեցի եմ ու ներկայացնում էի գյումրեցի աղջկա հավաքական կերպար: Արել եմ ամեն ինչ, որ առավելագույնը ներկայացնեմ: Գուցե սուբյեկտիվ հնչի, բայց այսօր սերիալների թեմաները կրկնվում են: «Թղթե երազանք»-ի թեման շատ տարբերվող էր: Զարմացած եմ մարդկանց ուշադրությունից: Շատ նամակներ եմ ստանում ու շնորհակալ եմ հեռուստադիտողներին դրա համար: Շոյվում ես, երբ հասկանում ես՝ կատարածդ աշխատանքը գնահատված է:

Փառանձեմ Սահակյանը եւ Մարի Պետրոսյանը


«Շատ եմ մտածել այդ մասին»

Հայկական սերիալարտադրության մեջ մեծ առաջընթաց կա: Փորձում են նոր բաներ անել, լավ, թե վատ` այլ խնդիր է: Կցանկանամ, որ մենք չվախենանք լավ սցենար գրելուց, չվախենանք գետնից բարձրանալուց ու չնկարահանենք սերիալներ, որոնք նույն թեմաների մասին են: Չկա այնպիսի դերասան, ով չցանկանա լավ սերիալում խաղալ: «Թղթե երազանք»-ից հետո շատ եմ մտածել՝ առաջարկի դեպքում կնկարահանվեմ սերիալում, թե ոչ: Այս դեպքում ես չէի զգում, որ սերիալում եմ նկարահանվում: Կարծես ֆիլմում նկարահանվեի: Կարծում եմ՝ եթե հետաքրքիր, համոզիչ կերպար լինի, կփորձեմ նկարահանվել նաեւ բազմասերիանոց հեռուստասերիալում:

Նոր դեր

Սերիալի ավարտից անմիջապես հետո հրավեր ստացա նկարահանվել «Ազիզյանները» սիթքոմում: Նորից գյումրեցու կերպարում եմ, սակայն բոլորովին այլ կերպար է: Դժվար էր Աննայի կերպարից հետո այս կերպարով հանդես գալը, բայց հետաքրքիր էր: Նկարահանման հրապարակում շատ լավ մթնոլորտ էր: Թե ինչպես է ստացվել, թող դատի հեռուստադիտողը:

Զրուցեց Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ դերասանուհու անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport