×


«Ես Այվազովսկին եմ, ծնունդով Ղրիմից». նկարչի ծննդավայրում ֆիլմ է նկարահանվել

«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում շարունակվում են հայկական եւ արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունները: «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում այս տարի ընդգրկված է նաեւ լրագրող, ռեժիսոր Աշոտ Ջազոյանի «Ես Այվազովսկին եմ, ծնունդով Ղրիմից» վավերագրական ֆիլմը, որի հայաստանյան պրեմիերան հուլիսի 9-ին էր Կինոյի տանը: Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ֆիլմը կենդանացնում է նրա հայտնի գործերը եւ ցուցադրում այն անձանց, ովքեր պահպանում են հայազգի մեծանուն ծովանկարչի ավանդույթները:

Աշոտ Ջազոյանի նոր ֆիլմում ներկայացվում են այն մարդիկ, ովքեր իրենց ձեռքերով վերականգնում են նկարչի գերեզմանն ու պատկերասրահի շենքը, որոնք գրեթե ավերված էին: Նրանցից յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի այն մասին, թե Այվազովսկին ինչ ներդրում եւ կարեւորություն ունի այսօրվա Ղրիմի կյանքում ու առօրյայում: Մեծ նկարչի մասին խոսում են պատկերասրահի ուսանողները, ծովայինները, որոնք «Այվազովսկուց սովորել են սիրել ծովը», Թեոդոսիայի բնակիչները, թանգարանի աշխատակիցները, եկեղեցականները եւ այլք:

«Ես Այվազովսկին եմ, ծնունդով Ղրիմից» վավերագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերային


«Ես Այվազովսկին եմ, ծնունդով Ղրիմից» ֆիլմի ցուցադրությանը ներկա էին նաեւ ռեժիսորը, օպերատորները, ստեղծագործական անձնակազմի մյուս անդամները: BRAVO.am-ի հետ զրույցում Աշոտ Ջազոյանը պատմեց, որ նկարահանման ընթացքում ստիպված են եղել ամբողջությամբ փոխել ֆիլմի սցենարը եւ նոր գաղափարի հիման վրա իրականացնել նկարահանումները: Նրա խոսքով` երբ ինքը տեղեկացել է, որ Այվազովսկու գերեզմանն ու պատկերասրահը քարուքանդ վիճակում են, որոշել է ֆիլմ նկարահանել ու բարձրաձայնել այդ խնդրի մասին: Բայց աղմուկն ավելի շուտ է տեղ հասել, քան իրենք կհասցնեին նկարահանումները սկսել.

«Սկզբում ես այդ մասին բարձրաձայնեցի ռուսական մամուլում, եւ խնդրին անդրադարձան նաեւ բազմաթիվ այլ լրագրողներ: Արդյունքում այնպես ստացվեց, որ մեր բարձրացրած աղմուկը շատ արագ տեղ հասավ, եւ մինչ մենք կգնայինք նկարահանումներն իրականացնելու, շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել էին: Տեղ հասնելով` մենք անակնկալի եկանք եւ ստիպված եղանք ամբողջությամբ փոխել ֆիլմի սցենարը: Որոշեցինք նկարահանել նաեւ այն մարդկանց, ովքեր մասնակցում են թանգարանի, եկեղեցու եւ գերեզմանի վերանորոգման աշխատանքներին: Նրանք դարձան մեր ֆիլմի հերոսները եւ պատմեցին իրենց գործի, Այվազովսկու թողած ժառանգության մասին»,- ասում է ռեժիսորը:

«Ես Այվազովսկին եմ, ծնունդով Ղրիմից» վավերագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերային


Աշոտ Ջազոյանը նշեց, որ ֆիլմն արդեն ցուցադրվել է Ղրիմում, Սեւաստոպոլում եւ ՌԴ մի քանի քաղաքներում, որտեղ հանդիսատեսը շատ ջերմ է ընդունել իրենց աշխատանքը: Շուտով այն կցուցադրվի նաեւ Չեռնոգորիայում, Ֆրանսիայում եւ այլուր:

Ռեժիսորն ասաց, որ իրենց ամենամեծ նպատակն արդեն իրականացել է. ֆիլմի շնորհիվ վերականգնվում է Այվազովսկու գերեզմանն ու պատկերասրահը, որոնք Թեոդոսիայի գլխավոր այցեքարտերից են համարվում եւ մեծ նշանակություն ունեն նկարչի թողած ժառանգության պահմանման գործում. «Գիտե՞ք, այն մարդիկ, ովքեր մեր ֆիլմի հերոսներն են դարձել, առանձնապես մեծ գումար չեն ստանում իրենց աշխատանքի դիմաց: Բայց երբ խոսում են Այվազովսկու մասին, միանգամից փոխվում են եւ նույնիսկ ավելի գեղեցկանում, նրանց աչքերը սկսում են փայլել: Նրանք կարծես ստեղծում են իրե՛նց Այվազովսկուն»,- նկատեց ռեժիսորը:

«Ես Այվազովսկին եմ, ծնունդով Ղրիմից» վավերագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերային


Եթե դուք էլ ցանկանում եք դիտել աշխարհահռչակ նկարչի մասին պատմող «Ես Այվազովսկին եմ, ծնունդով Ղրիմից» ֆիլմը, ապա նշենք, որ հաջորդ ցուցադրությունը հուլիսի 12-ին է` ժամը 14:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի փոքր կարմիր դահլիճում:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport