×


«Ես այն ժամանակ էլ չխոսեցի այդ մասին…». Մարիամ Ադամյան

Դերասանուհի Մարիամ Ադամյանի հետ զրուցել ենք իր թատերական կյանքի, Մկրտիչ Արզումանյանի հետ համագործակցության, սերիալային աշխատանքի, մի քիչ էլ անձնականի մասին:

- Սկսենք թատրոնից. ի՞նչ է կատարվում այս աշխարհում Ձեր մասնակցությամբ:
-Այժմ բավական բուռն աշխատանք ենք կատարում՝ պատրաստվելով նոր ներկայացման պրեմիերային: «Սերը տարիք չի հարցնում»-ից հետո սա իմ երկրորդ պրեմիերան է, այսինքն՝ ի սկզբանե դերը ես եմ պատրաստում: Իհարկե, զբաղված եմ նաեւ այլ ներկայացումներում:

Մարիամ Ադամյանը


Շատ ուրախ եմ, որ աշխատում եմ Արմեն Խանդիկյանի հետ: Հիմա ինձ համար նոր դերեր խաղալն առաջնային է. գուցե հասուն տարիքում կգտնեմ այն, ինչ ինձ իսկապես հարկավոր է, բայց այս պահին ուզում եմ շատ քաղել, սովորել: Իսկապես շատ սիրում եմ աշխատել ու իմ ողջ ուժն ու էներգիան դնել այն գործի մեջ, ինչն այդ պահին անում եմ:

- Շատ դերասաններ հաճախ տարանջատում են հեռուստատեսությունը եւ թատրոնը՝ գերադասելով բեմը: Դուք ի՞նչ կարծիք ունեք այս հարցի վերաբերյալ:
-Կարծում եմ՝ սրանք շատ տարբեր բաներ են, եւ նույնիսկ համեմատելու կարիք չկա: Ես երբեք չեմ փորձում դրանք կողք կողքի դնել: Չեմ ասի, որ չեմ սիրում կինոն կամ սերիալային աշխատանքը: Իմ աշխատանքին շատ լուրջ եմ վերաբերվում, անկախ նրանից՝ թատրոնում կլինեմ, կինոյում, թե սերիալում:

- Վերջին ֆիլմը, որում նկարահանվել եք, «Գործակալ 004» կատակերգությունն է, որտեղ Ձեր խաղընկերը Մկրտիչ Արզումանյանն է: Ինչպե՞ս աշխատեցիք:
-Հրաշք օրեր եմ ապրել այս ֆիլմի նկարահանման ժամանակ, նույնիսկ Մկոյին ծիծաղելով ասում էի՝ երբեք չէի մտածի, որ կգա մի օր ու իր հետ կնկարահանվեմ: Նրան շատ սիրում էի դեռ փոքրուց՝ «Մեր բակը» ֆիլմից: Ինձ համար Մկոն մեծ բացահայտում էր, քանի որ երեւի նրա նման բարի, կամեցող մարդու չեմ հանդիպել: Շատ հետաքրքիր էր կերպարը, որ կերտում էի ֆիլմում ու իսկապես հաճելի էր աշխատել այդ անձնակազմի հետ:

Մարիամ Ադամյանն ու Մկրտիչ Արզումանյանը


-Նկարահանվում եք «Էլենի օրագիրը 2» սերիալում, սակայն այս եթերաշրջանում Ձեր կերպարը բավական փոփոխված է: Նո՞ւյն հետաքրքրությամբ եք խաղում Լիզայի դերը, ինչ առաջին եթերաշրջանում:
-Այո, Լիզայի կերպարը փոփոխվել է, իմիջային փոփոխություն եւս արել ենք՝ այն առավել ամբողջացնելու համար: Հիմա Լիզայի պայքարն իր մեջ է: Ամուսնացել է առողջական խնդիրներ ունեցող մեկի հետ եւ այժմ կրում է նաեւ այդ պատասխանատվությունը: Չեմ թաքցնի, որ «Էլենի օրագիրը 1»-ում Լիզայի կերպարն ինձ համար շատ ավելի հետաքրքիր էր, յուրահատուկ. ես ողջ գիշեր ստանում էի այդ մազերը, որ հարկավոր էր կերպարի համար, Լիզայի համար հագուստ չէի գտնում իմ զգեստապահարանից, իսկ հիմա նրա մեջ կան գծեր, որ մոտ է իմ անձին: Ամեն դեպքում երկուսն էլ ինձ համար հետաքրքիր են:

-Այդ սերիալի, ինչպես նաեւ կերպարների նկատմամբ ֆանատիզմ է ձեւավորվել դեռահասների շրջանում, սա սերիալի դերասանների պատասխանատվության չափն ավելացրե՞լ է:
-Կարծում եմ՝ ֆանատիզմն «Էլենի օրագիրը» սերիալի հանդեպ առաջացավ առաջին եթերաշրջանում, քանի որ դպրոցական կյանքն էր ներկայացվում, եւ յուրաքանչյուր դեռահաս փորձում էր գտնել իր կերպարն այդ սերիալում: Գուցե ֆանատիզմն ավելի շատ նախագծի հանդեպ է, քան՝ անհատապես կերպարների:

Պատասխանատվություն, իհարկե, կա, քանի որ սերիալը հիմնականում դիտում են դեռահասները, եւ շատ լավ կլինի, որ քաղեն միայն լավը, օրինակելին:
Լինում են դեպքեր, երբ դեռահասները գալիս են թատրոն՝ ներկայացում դիտելու, հետո մոտենում են, տեսնում ինձ. իսկապես շատ ուրախալի փաստ է ինձ համար:

Մարիամ Ադամյանը


- Մի քիչ էլ անձնականի մասին: Որոշ ժամանակ առաջ համացանցում հայտնվեցին Ձեր եւ Միկա Ղափլանյանի համատեղ լուսանկարները, որից հետո քննարկում սկսվեց այն մասին, որ դուք հանդիպում եք: Կմեկնաբանե՞ք:
- Ես այն ժամանակ էլ չխոսեցի այդ մասին, հիմա էլ ոչ կհերքեմ, ոչ էլ կհաստատեմ այդ խոսակցությունները: Կարծում եմ՝ իմ ստեղծագործական կյանքում շատ ավելի հետաքրքիր բաներ կարելի է գտնել, իսկ եթե գա մի օր, որ ցանկանամ իմ անձնականի հետ կապված որեւէ իրադարձություն բարձրաձայնել՝ ամուսնություն, բալիկի ծնունդ եւ այլն, ես դա կանեմ եւ չեմ սպասի, որ որեւէ մեկը հարցնի:

- Հարցազրույցներից մեկում ասել եք, որ երբեք Վալենտինի տոնը չեք նշել Ձեր սիրելիի հետ: Արդյո՞ք այս տարին բացառություն էր:
-Ես այդ տոնը չեմ նշում, եւ առհասարակ շատ քիչ տոներ կան, որ սիրում ու նշում եմ: Կարծում եմ՝ տղամարդ-կին հարաբերություններում պետք է միշտ սիրել ու զարմացնել միմյանց, ու ամենեւին պարտադիր չի մի օր որոշել եւ այդ օրն իրար նվերներ տալ: Հաճախ կարող եմ ծաղիկներ նվիրել մայրիկիս եւ քույրիկիս՝ առանց որեւէ պատճառի: Ողջ տարին ես սիրում եմ եւ սիրված եմ:

Զրուցեց Էլեն Աղաջանյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիամ Ադամյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին