×


Մանկությունից առ այսօր. Բեն Ավետիսյանի կռիվներն ու առաջին սերը

BRAVO.am-ը սկսել է նոր խորագիր, որի շրջանակում հայտնիները վերհիշում են իրենց մանկությունը եւ մեր ընթերցողների համար բացահայտում, թե ինչ իրեր են պահում այդ տարիներից առ այսօր: Մեր խորագրի առաջին հյուրը դերասանուհի Լիա Զախարյանն էր: Այս անգամ զրուցել ենք դերասան Բեն Ավետիսյանի հետ: Նրա՝ վեճերով ու հետաքրքիր միջադեպերով մանկությունը, պարզվում է, մինչ այսօր չի ավարտվել:):

Բենի մանկությունը սկսվել է Ռուսաստանում.«Ծնողներս աշխատում էին, եւ ես ու եղբայրս մենակ էինք լինում տանը: Մի օր վերցրի սեղանին դրված անձեռոցիկն ու կրակայրիչով այրեցի: Ու այդպես՝ մի քանի հատ, մինչեւ եղբայրս տեսավ ու սկսեց ձեռքերով մարել կրակը, ինչի պատճառով այրվածքներ ստացավ: Երբ ծնողներս եկան տուն ու իմացան կատարվածը, ինձ լավ ծեծեցին (ծիծաղում է,-հեղ.)»:

Բեն Ավետիսյանը


Նա նույնիսկ հիշեց իր առաջին սիրուն.«Առաջին անգամ հենց Ռուսաստանում եմ սիրահարվել: Նա մեր դասարանի ազգությամբ ռուս Յուլիան էր»:

Սերիալներից հայտնի դերասանի խոսքով՝ շփվող ու ակտիվ երեխա է եղել, իսկ խոսել ու քայլել սկսել է 8 ամսականից.«Կարեւորը՝ ինձ կերակրեին, կմնայի որտեղ որ պետք է: Ծնողներիս նույնիսկ գիշերը հանգիստ չեմ թողել: Օրորել են երկար, բայց չեմ քնել: Ստիպված քնելուց առաջ ինձ կոնյակ են խմացրել, որ գոնե մի քանի ժամ քնեմ: Ոչնչից չեմ վախեցել: Ինչ չէր կարելի բոլորին՝ ինձ կարելի էր եւ հետաքրքիր: Սիրել եմ մթությունը, առյուծներին: Այն ամենն եմ սիրել, ինչից մյուս երեխաները վախեցել են»:

Բենից հետաքրքրվեցինք, թե տղայական կռիվների մեջ շա՞տ է ընկել.«Այնքան շատ եմ կռիվ արել, որ մի ամբողջ օր կարող եմ նստել ու հիշել: Մի քանի անգամ ուղեղի ցնցում եմ նույնիսկ ստացել: Մի անգամ եղբայրս տուն եկավ դպրոցից ու ասաց, որ կռիվ է արել: Ես էլ գնացի նրա վրեժը լուծելու ու կռիվ արեցի: Հաճախ էի առանց պատճառի վիճում: Ամեն ինչ կարող էի վեճ դարձնել: Դուրս էի գալիս 3, 4 հոգու դեմ ու, բնականաբար, ծեծվողը ես էի լինում, ինչպես ժողովուրդն է ասում՝ քայլող փորձանք էի: Մի անգամ էլ կապեցին ձեռքերս ու մի լավ ծեծեցին: Ուղղակի սիրում էի խնդիրներ, դե, խնդիրներն էլ երեւի ինձ (ծիծաղում է,- հեղ.)»:

Բենի՝ մանկությունից պահած գդալը


Նա հիշեց, որ նույնիսկ դասարանական հավաքույթի ժամանակ է բոլորին լավ վախեցրել.«Գնացել էինք Արզնի, լողալ չգիտեի, գնդակով էի լողում: Գնդակը ձեռքիցս բաց թողեցի ու խեղդվում էի: Բայց բախտս բերեց՝ տղաներից մեկը նետվեց ու հասցրեց ինձ փրկել, այլապես այսօր այս մասին ժպիտով չէի հիշի»:

Անդրադառնալով բակային խաղերին՝ Բենը պատմեց, որ դրանցից եւս անմասն չի մնացել.«Խաղացել եմ ամեն ինչ՝ ֆուտբոլ, գործագործ, ֆիշկա: Գնում էինք գյուղ, պարտքով մեկ հատ ֆիշկա էի վերցնում ու հաղթում 250 հատ: Գնացել եմ լողի, ըմբշամարտի եւ նույնիսկ լատինո պարերի: Երբեք չեմ պատկերացրել, որ կընտրեմ դերասանությունը: Կարծում եմ՝ Աստծո շնորհիվ էր, որ եկա մի տեղ, որտեղ հիմա կամ»:

Բենի ձեռքի կապը


Բենը մանկությունից պահած իրեր շատ ունի, բայց առանձնացնում է խորհրդանշական գդալը եւ ձեռքի կապը.«Այդ գդալով եմ միշտ կերել: Ես չեմ պահել, մայրս է պահել, բայց երբ իմացա, որ նման իր կա, որոշեցի, որ պիտի պահեմ: Նաեւ սիրում եմ ձեռքի կապը: Երբ ծնվել եմ, դա են կապել թեւիս: Վրան գրված է քաշս, հասակս: Սրանք հուշեր են, որ մինչեւ վերջ կպահեմ»:

Դերասանը խոստովանեց, որ մինչեւ հիմա իր մեջ ապրում է փոքրիկ տղան. «Կարծում եմ՝ երբեմն պետք է վերադառնալ մանկություն: Երբ մանկությունն ավարտվի, դա կլինի ամենավատ օրը: Իմ կյանքում այն երբեք չի ավարտվի: Դա այն ժամանակահատվածն է, երբ դու անկեղծ ես մինչեւ վերջին կաթիլը: Երբ վերադառնալու տեղ չունենամ, մանկությունը կա ու կա»:

Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Նկարահանումն իրականացվել է Tutti Frutti սրճարանում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport