×


«Իմ խաչը» ֆիլմի պրեմիերայի հետաքրքիր դրվագները

Պատերազմը չարիք է յուրաքանչյուր կողմի համար՝ անկախ ազգությունից, իսկ պատերազմում տարած հաղթանակը չի կարող վերադարձնել կորցրած կյանքերը՝ այս գաղափարի հիման վրա է նկարահանվել ռեժիսոր Շավարշ Վարդանյանի «Իմ խաչը» նոր գեղարվեստական ֆիլմը: Հոկտեմբերի 4-ից այն ցուցադրվում է հայաստանյան մեծ էկրաններին, սակայն պրոդյուսերներն ասում են, որ շուտով ֆիլմը կմասնակցի նաեւ միջազգային կինոփառատոների: Այս առիթով երեկ «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպվել էր ֆիլմի առաջին ցուցադրության պաշտոնական միջոցառումը, որը մեկնարկեց ստեղծագործական կազմի մամուլի ասուլիսով: BRAVO.am-ը նույնպես ներկա է եղել ֆիլմի պրեմիերային, լուսանկարել է հյուրերին եւ հետաքրքիր մանրամասներ պարզել նկարահանումների ընթացքի մասին:

Վավերագրող Շավարշ Վարդանյանը, որ անձամբ մասնակցել է Արցախյան պատերազմին եւ բազմաթիվ կադրեր ունի մարտի դաշտում արված, իր այս ֆիլմով որոշել է ներկայացնել 1991-1992 թվականներին ազատագրական պայքար մղած մարդկանց պատմությունները: Այսինքն` ֆիլմը նկարահանված է իրական դեպքերի հիման վրա: Այստեղ միահյուսվում են գլխավոր հերոսների` ֆրանսիացի բժիշկ Ժակի եւ արցախցի Սոնայի պատմությունները: Ակամա հայտնվելով երկու ազգերի բախման կիզակետում` ֆրանսիացին իր փրկությունը գտնում է Սոնայի մեջ: Սոնայի համար կյանքի շարժիչ ուժը մեկն է` վրեժխնդիր լինել անդառնալի կորստի համար, իսկ Ժակի առաքելությունը`փրկել Սոնայի ոչ միայն վիրավոր մարմինը, այլեւ վիրավոր հոգին:

«Իմ խաչը» ֆիլմի պրեմիերային


1991 թվականին բժշկական առաքելությամբ Բաքու գործուղված բժշկին մարմնավորում է Ֆրանսիայից հրավիրված դերասան Երո Մուրյանը (Ժակին մեծ տարիքում՝ ռուս դերասան Բորիս Խվոշնյանսկին), իսկ վրիժառու դարձած արցախցի կնոջը` Նարինե Գրիգորյանը: Երո Մուրյանն իր խոսքում նշեց, որ առանձնահատուկ հետաքրքրությամբ է ընդունել ֆիլմում նկարահանվելու առաջարկը եւ մեծ նախապատրաստական աշխատանք է տարել, որպեսզի կերպարը հնարավորինս մոտ ու իրական լինի:

«Քանի որ ինքս մաքուր ռուսերեն եմ խոսում, իսկ իմ կերպարը՝ ֆրանսիացի բժիշկը, պիտի ֆրանսիական ակցենտով խոսեր, խնդրեցի ստեղծագործական թիմին ինձ որոշակի ազատություն տալ տեքստի հետ աշխատելու համար. սցենարը ռուսերենից թարգմանեցի ֆրանսերեն, այնուհետև ֆրանսերենից թարգմանեցի ռուսերեն՝ պահպանելով ֆրանսիական շարադասությունը: Դա ինձ թույլ էր տալիս որոշակի սխալներ անել ռուսերեն խոսելիս, որը կաներ ֆրանսիացին: Դրանից հետո ես նույնիսկ գնացի հիվանդանոց եւ պրակտիկա անցա այնտեղ, որ մի քիչ ավելի շատ մտնեմ բժշկի առօրյայի մեջ»,- պատմում է ֆրանսաբնակ դերասանը:

«Իմ խաչը» ֆիլմի պրեմիերային


Իսկ ռեժիսորը՝ Շավարշ Վարդանյանն ասում է, որ պատերազմին մասնակցել է 1988 թվականից, երբ գնացել է Արցախ եւ այնտեղ մնացել չորս տարի: Այդ ընթացքում նկարահանել է բազմաթիվ մարտական կադրեր, որոնցից յուրաքանչյուրը մի առանձին պատմություն է ներկայացնում հերոս տղաների եւ նրանց պայքարի մասին. «Հենց դա էլ հիմնականում իմ նպատակն էր՝ գնալ Արցախ ոչ թե զենքով, այլ տեսախցիկով, որ կարողանայի այդ պատմությունը հաղորդել սերունդներին: Ես այդ տարիներին վիրավորվել եմ, հինգ տեսախցիկ եմ կորցրել, բայց կարողացել եմ փրկել բավական շատ կադրեր, որոնց տեւողությունը հասնում է 1200 ժամի: Բնականաբար, ես շատ բաներ եմ տեսել պատերազմի դաշտում, և ինձ տանջում էր միտքը, որ պետք է անպայման էկրան բարձրանա այդ ամենը: Վեց դոկումենտալ ֆիլմ նկարեցի պատերազմի մասին, բայց մեծ էր ցանկությունը խաղարկային ֆիլմ նկարահանելու: Եվ այս ֆիլմով ուզում էի ասել՝ պատերազմը վատ բան է՝ անկախ ազգությունից»:

«Իմ խաչը» ֆիլմն աչքի է ընկնում նաեւ դերասանական մեծ կազմով՝ Շանթ Հովհաննիսյան, Սարգիս Գրիգորյան, Արմեն Մարգարյան, Հովակ Գալոյան, Ալեքսանդր Խաչատրյան, Անի Խաչիկյան, Գնել Ուլիխանյան, Լեւոն Ղազարյան եւ այլք: Նշենք, որ Ֆիլմի երաժշտության հեղինակը Հայկոն է, ով նույնպես ներկա էր պրեմիերային և իր խոսքում նշեց, որ մոտ մեկ տարի է տեւել իր աշխատանքը, մինչեւ ցանկալի արդյունքին հասնելը. «Թեման ինձ համար շատ հոգեհարազատ է, քանի որ սա արդեն իմ երրորդ ֆիլմն է հայրենասիրական թեմայով: Բայց պիտի խոստովանեմ, որ երբ նման ֆիլմեր են դրվում իմ սեղանին, ես չեմ հավատում, թե դա կարող եմ անել: Գրեթե մեկ ամիս մտածում եմ՝ ընդհանրապես կարո՞ղ եմ մոտ գալ այս ֆիլմին թե՞ ոչ»:

«Իմ խաչը» ֆիլմի պրեմիերային


Ֆիլմի Պրոդյուսեր Վալերի Սահարյանն էլ հավելեց, որ որքան էլ շարունակվեն Ադրբեջանի ճնշումները ֆիլմի հովանավորների նկատմամբ եւ որքան էլ փորձեն խանգարել, որ ֆիլմը ցուցադրվի այլ երկրներում, իրենք, միեւնույն է, «Իմ խաչը» ֆիլմով մասնակցելու են մի շարք միջազգային կինոփառատոների. «Իհարկե, աշխարհը պետք է իմանա ճշմարտությունը, պետք է տեսնի պատերազմը ֆրանսիացի բժշկի աչքերով: Մենք դեմ ենք պատերազմին, այլ ոչ թե կոնկրետ մարդկանց: Հիմա եթե իրենք մտածեն, որ մենք աշխատանք ենք տարել կոնկրետ Ադրբեջանի դեմ, դա արդեն իրենց խնդիրն է»,- եզրափակեց նա:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին