«Half A Goddess»՝ երաժշտական սպասված նորություն Սրբուկից: Երկամյա դադարին հաջորդեց մի մեծ նախագիծ, որի վրա, ինչպես երգչուհին է նշում, աշխատել է մի ամբողջ թիմ: Նախագիծը կայացած է, մելոմանների կողմից գնահատված ու քննարկված: BRAVO.am-ը երգչուհու հետ զրուցել է ոչ միայն նոր տեսահոլովակի, այլեւ սպասվող նորությունների, շոու-բիզնեսի, ակումբների, «Եվրատեսիլ»-ի ու կոմերցիայի մասին:
-2016 թվականին թողարկված «Եթե կարող ես» սինգլից ու տեսահոլովակից հետո, չնայած երաժշտական մրցութային գործունեությունն ակտիվ էր, պրեմիերաներ չկային: Ինչո՞վ էր պայմանավորված երկու տեսահոլովակների միջեւ այս դադարը:
- Շատ ճիշտ եք նկատել, քանի որ տեսահոլովակների առումով կար դադար ու բավականաչափ երկար տեւեց իմ ակնկալածից։ Իսկ դա պայմանավորված էր նրանով, որ ես մեկ տարում միաժամանակ երկու տեսահոլովակ թողարկեցի եւ կանգնեցի ընտրության առաջ` նույն կերպ շարունակել գործունեությունս, թե որոշակի փոփոխություն եւ ակտիվություն մտցնել` մասնակցելով միջազգային մրցույթի։ Հաղթեց երկրորդ տարբերակը, եւ ես բավական երկար ժամանակհատված եղա Կիեւում, մասնակցեցի «The Voice»-ին, հասա մինչեւ եզրափակիչ։ Իսկ վերադարձից հետո էլ չշտապեցի միանգամից նոր գործ թողարկել, քանի որ ցանկանում էի անել մի բան, որ տարբերվող ու տպավորիչ կլիներ։ Հույս ունեմ, որ արժեր այդքան սպասել նման մեծամասշտաբ նախագծի պրեմիերայի համար։
-Ի՞նչ թիմի հետ ես աշխատել եւ ի՞նչ համագործակցություններով ես հանդես եկել:
-Այս նախագիծը մեծ ու համերաշխ թիմի արդյունավետ համագործակցության արդյունք է։ Երգի երաժշտության հեղինակը Lost Capital-ն է, խոսքերի հեղինակը ռումինացի Theea Miculescu-ն է, ով շատ հիթերի հեղինակ է: Տեսահոլովակի ռեժիսորը Գրիգոր Վահրամյանն է, իսկ ոճաբանը` Արմեն Գալյանը։ Երգի եւ տեսահոլովակի կոնցեպտը մշակվել եւ ստեղծվել է «Factory Production»-ի կողմից, որն, ի դեպ, զբաղվում է իմ պրոդյուսինգով եւ գործունեությամբ։
-Քչերը գիտեն, որ ոչ միայն քանոն նվագել գիտես, այլեւ միջազգային մրցույթում հենց այս գործիքով զբաղեցրել ես առաջին հորիզոնակը: Այսօր հաճախ են ժողգործիքներն օգտագործում բոլորովին այլ ժանրերում: Կա՞ մտադրություն օրերից մի օր քո ժանրում քանոն կիրառել:
-Իրականում լարային գործիքներն իմ թուլությունն են ու ես շատ եմ սիրում նվագել քանոն, կիթառ։ Սիրում եմ բոլոր առիթներն օգտագործել՝ նվագելու տվյալ գործիքները, թեեւ պետք է խոստովանեմ, որ զբաղվածությանս պատճառով հաճախ չէ, որ ստացվում է։
Ինչ վերաբերում է քանոն կիրառելուն, ապա իմ ակումբային համերգների ժամանակ քանոնով քավրներ արել եմ, եւ հանդիսատեսը բավական բուռն է ընդունել այդ էքսպերիմենտները։ Հիմա էլ մտածում եմ նոր կատարման եւ համարի ստեղծման մասին, որը, հուսամ, շուտով հնարավորություն կունենամ ներկայացնել իմ հանդիսականին։
-Հարցազրույցներից մեկում, դեռ տարիներ առաջ, նշել ես, որ քեզ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչ չես համարում: Հիմա ի՞նչ կասես այդ մասին:
-Ձեւակերպումը, կարծում եմ, որոշակիորեն սխալ է փոխանցված։ Իհարկե, շոու-բիզնեսի ներկայացուցիչ եմ եւ իմ գործունեությունը ծավալում եմ տվյալ դաշտում։ Միշտ անկեղծ եմ իմ հանդիսատեսի հետ, ինչը եւ, կարծում եմ, գնահատվում է նրանց կողմից։
«Half a Goddess» հոլովակի նկարահանումներին
-Գաղտնիք չէ, որ մեր շոու-բիզնեսն այս շրջանում գերպասիվ է, իսկ բարձրորոակ երաժշտություն ներկայացնող կատարողներին հիմնականում տեսնում ենք ակումբներում: Ինչո՞վ է սա պայմանավորված:
-Իրականում չեմ կարծում, որ շոու-բիզնեսը գերպասիվ է։ Անընդհատ նոր երգեր եւ տեսահոլովակներ են ներկայացվում։ Ուրիշ հարց է, թե որքան երկար կյանք են ունենում տվյալ ստեղծագործությունները կամ որքան մեծ տարածում ստանում։ Իսկ ինչ վերաբերում է ակումբային գործունեությանը, ապա լիովին համամիտ եմ Ձեր նկատառման հետ։ Այնուամենայնիվ, ես ուրախ եմ, որ կա նման հնարավորություն «կամերային» ձեւաչափով շփվել երկրպագուների եւ արվեստը գնահատողների հետ։ Դա անասելի էներգիա է փոխանցում արտիստին։
-Ի՞նչ է երաժշտական կոմերցիան քեզ համար:
-Ինձ երաժշտական կոմերցիա ձեւակերպումը չի վախեցնում։ Ավելի կարեւոր է, թե վերոնշյալ կոմերցիան ինչպիսի իրականացում է ունենում։ Ինձ համար բաժանումը ակնհայտ է` որակյալ կոմերցիա եւ անորակ։
-Այն, որ մեր կատարողները գնահատվում են արտասահմանյան մրցույթներում (դու, Ռենա Դեն, Միրիամ Բաղդասարյանը), արդեն նորություն չէ: Կա՞ մի հանգամանք, որը քեզ հետ է պահում եվրատեսիլյան ներհայաստանյան մրցավազքին մասնակցելուց եւ ինչպե՞ս ես վերաբերվում «Եվրատեսիլ»-ին:
-Ես այս տարիների ընթացքում տվյալ հարցի վերաբերյալ ձեւավորել եմ իմ փիլիսոփայությունը։ Կարծում եմ, որ բավական դժվար է ունենալ համարձակություն՝ որեւէ մարդու առաջին ծափահարողը դառնալու, նրա արվեստի մասին խոսելու, գնահատելու համար։ Ավելի հեշտ է միանգամից լսել այն արտիստին, որի մասին արդեն դրական են արտահայտվել հարյուրավորները։ Միջազգային նախագծերում հաջողություն գրանցելն անշուշտ օգնում է հանրության ավելի լայն շերտերում ճանաչում գտնելու հարցում։
Ինչ վերաբերում է «Եվրատեսիլ»-ին, ապա բավական դրական եմ վերաբերվում տվյալ մրցույթին, քանի որ երաժշտական ասպարեզում այս պահին այն շարունակում է իր մասշտաբով անփոխարինելի լինել դիտողականության, մասնակից երկրների քանակի եւ տարածվածության իմաստով։ Բացի այդ, այն շատ լավ դպրոց է արտիստների համար նոր կապեր ստեղծելու համատեքստում։
Սրբուկը
-Չէի կարող նաեւ չանդրադառնալ ամենաքննարկված թեմաներից մեկին՝ ուկրաինական «Ձայնը» նախագծին: Պոտապը, ոչ միայն նախագծում մարզիչդ էր, այլեւ ակնհայտ հիացած էր քո տաղանդով: Նրա կամ ուկրաինական շոու-բիզնեսում համագործակցության հեռանկար կամ հստակ առաջարկներ կա՞ն:
-Պոտապն իսկապես ինձ շատ է օգնել եւ աջակցել, սատարել մրցույթի շրջանակում, եւ ոչ միայն, ու ես շատ շնորհակալ եմ նրան։ Համագործակցության նախագծերի մասին տարբեր քննարկումներ եղել են, սակայն դեռեւս չեմ ցանկանում հնչեցնել դրանք, քանի որ վերջնական ձեւաչափն ընտրված չէ։ Հուսամ, որ մոտ ապագայում կկարողանամ դրանց մասին հայտարարել։
Զրուցեց Զառա Ղազարյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Սրբուկի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: