×


«Կոնտեքստից դուրս». Գրիգ

BRAVO.am-ը ժամանակակից գրողների հետ սկսել է «Կոնտեքստից դուրս» շարքը, որի ընթացքում հեղինակների հետ քննարկում ենք գրքի կոնտեքստից դուրս, առանձին հատվածներ։ Այս անգամ զրուցել ենք «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուի եւ «Առեւանգում, որ ցնցեց կատուների քաղաքը» պատանեկան դետեկտիվի հեղինակ Գրիգի հետ։ Նրա պատմվածքները երեք տարի շարունակ արժանացել են «Գրեթերթ»-ի «Տարվա լավագույն պատմվածք» մրցանակին։ 2016 թվականին Գրիգին շնորհվել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակ՝ «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուի համար։

Գրիգ, գրքում գրում եք.

«Պատմությունը սկսվել է ձմռանը, երբ լրագրող էի քաղաքային թերերից մեկում եւ գլխավոր խմբագրից հանձնարարություն ստացա ակնարկ պատրաստել անտուն մարդու մասին»։

      -Սա հորինվա՞ծք է, թե՞ որպես լրագրող աշխատել եք։

- Հորինվածք է։

«Ձեռքերդ գրպաններումդ՝ անցիր փողոցը, դու ճշմարտություն ես փնտրում, բայց քաղաքը շատ փոքր է քո փնտրածի համար»։

      -Իսկ աշխա՞րհը։

-Աշխարհն էլ է փոքր, բայց հիմա հասկանում եմ, որ այն, ինչ դրսում է, իրականում շատ փոքր է, իսկ այն, ինչ քո ներսում է, շատ մեծ է։ Այդպիսի խոսք կա, չէ՞, ես ավարտվում եմ իմ մարմնով, բայց հարց է առաջանում՝ որտեղից եմ սկսվում։ Հիմա ինձ ավելի շատ այդ սկիզբն է հետաքրքիր։

Գրիգը


«Երբեմն-երբեմն, կարծես հատուկ ընտրված ժամի, ասում է՝ ադադա, ու սկսում են վատ մտքեր լցվել գլուխս, շատ վատ մտքեր»։

      -Աստվածաշնչում Ադադան թվարկվում է որպես Հուդայի ցեղին պատկանող քաղաք․ Ձեր գրածը սրա հետ կապ ունի՞։

- Չէ, կապ չունի։ Ուզում էի ստեղծել բառ, որն իմ պատկերացմամբ ոչինչ չէր նշանակի, բայց փաստորեն այդպիսի բառեր չկան։ Չգիտեի այդ բառը, Ձեզնից լսեցի։ Շատ հետաքրքիր է, երեւի պատահական չէ։

«Թողե՛ք, դուք չեք հասկանում, քաղաքը կառոբկա է՝ մեծ կառոբկա, իմ աչքերով եմ տեսել, շուտով բոլորս կհայտնվենք ներսում ու էլ երբեք, երբեք չենք կարողանա դուրս գալ…»։

      - Ինչո՞ւ եք կարեւոր խոսքերը խելագարվող կերպարին տվել։

- Դե, ինձ թվում է՝ դիտանկյունը պիտի փոխվի, որ կարողանաս տեսնել։ Մենք բոլորս թմրության մեջ ենք, եւ իմ պատկերացմամբ բոլոր նրանք, ովքեր արթնանում են, ինչ-որ առումով խելագարության մեջ են գտնվում։ Առհասարակ, պատկերացնո՞ւմ եք՝ մենք ապրում ենք եւ ընդունել ենք այն խաղի կանոնը, որ մահանալու ենք, դա գիտենք, բայց չենք հավատում։ Թմրության մեջ ենք, բայց շրջանակը սեղմվում է, մահն աստիճանաբար ավելի ու ավելի շատ է մեզ մոտենում։ Կան արթնացող մարդիկ, եւ իմ պատկերացմամբ նրանց մի մասը խելագարվածներն են։

«Երբևէ խմե՞լ ես խնձորով թեյ, ես եմ հորինել. վերցնում եմ ամենաթթվաշ խնձորներն ու կտրատում թեյնիկի մեջ, աննկարագրելի համ է ստացվում»։

      -Երեկ փորձեցի, շատ համով էր, բայց քաղցր խնձորներով եմ եփել։ Դուք ինչո՞ւ եք թթվաշներով անում։

- Այդ շրջանում միայն դրանք էին ձեռքիս տակ, իրոք հետաքրքիր է ստացվում։ Առհասարակ, այն, ինչ քո ձեռքերով ես պատրաստում, հետաքրիր է ստացվում։ Այդ տարածքն իմ փախուստի վայրն է, իրոք, կա։ Այնտեղ չեմ կարողանում խնձորներ խնամել, այս տարի էլ ամբողջ բերքը կորցրինք։

«Դեռ վաղուց նկատել էր, որ գյուղից նոր եկած մարդիկ կամ, ինչպես ինքն էր ասում, սարեցիները, ոտքերը մի տեսակ առաջ նետելով են քայլում, շատ են առաջ նետում, իսկ քաղաքացիները կամ նրանք, ովքեր երկար ժամանակ են ապրում քաղաքում, ընդհակառակը՝ կարճ-կարճ եւ զգուշավոր են քայլում...»:

      -Քայլվածքը խառնվածքի բնութագրիչ է․ այս տարբերությունն ինչի՞ մասին է հուշում։

- Գյուղում ազատ տարածքներն ավելի շատ են, քաղաքում սահմանափակ տարածքում ես, մեծ լոնքերով չես կարող քայլել։ Այնտեղ ճանապարհները վատ վիճակում են, կարելի է ասել՝ ճանապարհ չկա, պետք է ոտքերդ, քայլդ բարձր կատարես։ Ինձ համար գյուղից եկած մարդու քայլվածքն ազատ, բնությանը մոտ մարդու քայլվածք է։ Ես այդպիսի քայլվածք չեմ ունեցել, դրա համար ինձ հետաքրքիր ու գրավիչ էր։ Փորձեք փողոցում մեծ լոնքերով քայլել, Ձեր դիմացը միշտ ինչ-որ մեկը կա, մեկն արագ է քայլում, մյուսը՝ դանդաղ։ Առհասարակ, ձեր ազատությունը՝ ե՛ւ տեսողական, ե՛ւ շարժողական, սահմանափակված է, դուք հեռուն չեք տեսնում, փոքր քայլ եք կատարում։ Երեւի ովքեր գյուղում չեն մնում, իրենց համար գյուղը շատ գրավիչ վայր է, եւ հակառակը՝ գյուղում ապրողի համար էլ քաղաքն է գրավիչ։ Ինձ թվում է՝ բնությանը մոտ գտնվելը մարդուն միայն ավելի լավն է դարձնում։

Գրիգը եւ Նանե Պետրոսյանը


«Ես միշտ անհանգիստ եմ, ուղեղս միշտ լարված է. երբ ամեն ինչ վատ է, վախենում եմ, ճանապարհներ եմ փնտրում` շտկելու դրությունը, երբ լավ է` նորից վախենում եմ, թվում է` ուր որ է մի վատ բան է լինելու…»։

      -Վախերից խուսափելու հնար չկա՞։

- Չի ստացվում։ Վախերը հաղթահարվում են նոր վախերով։ Փորձում եմ կառավարել, բայց երբ փորձում ես աշխարհը տեսնել այլ դիտանկյունից, ինձ թվում է, վախերն անխուսափելի են։ Չեն վախենում նրանք, ովքեր ոչինչ չունեն կորցնելու։ Եթե փորձում ես հասկանալ՝ դու ով ես, ինչ ես անում այստեղ, այս ինչ աշխարհ է, ի վերջո, մենք հիմա ինչ-որ մի ուրիշ աշխարհի դժոխքո՞ւմ ենք, թե՞ ինչ-որ մի ուրիշ աշխարհի դրախտում։ Հիմա հասկանում եմ, որ այն ամենը, ինչ ծայրահեղացնում ես, դառնում է քեզ սպանող գործիք։ Երեւի թե պետք չի լինել ծայրահեղ, բայց արվեստում դու պարզապես հնար չունես, դու պիտի ծայրահեղացնես, պիտի քո հայացքը կենտրոնացնես։

«Խոսում էր տարբեր հարցերի շուրջ, հայտնում իր կարծիքն ու դիրքորոշումը, իսկ երբ հեռանում էր, ասածներից որոշ մտքեր գրանցում էի նոթատետրիս մեջ՝ հույսով, որ մի օր օգտագործելու եմ պատմվածք գրելու համար…»։

      -Օգտագործեցի՞ք։

-Այո, ես միշտ գրի եմ առնում։ Յուրաքանչյուր մարդ, ում հետ զրուցում եմ, ով նույնիսկ ինձ հետ չի զրուցում, երթուղային տրանսպորտում, պարզապես անցորդ, եթե ես այդտեղ ներկա եմ, ինձ համար նոր ստեղծագործություն գրելու նյութ է։ Ինչ գրել եմ եւ այն, ինչ հիմա եմ գրում, մեծ հաշվով իմ դիտարկումներն են․ դրանք այլ մարդկանց խոսքեր են, որոնք ինձ հետաքրքիր են թվացել եւ հավատացել եմ, որ գուցե իրենց բերանով ինձ ինչ-որ բան են ասում, գուցե նրանց շուրթերն ասում են ճշմարտություն, որ իրենք էլ չեն հասկանում։ Այսինքն՝ փորձել եմ մարդկանց բառերի մեջ ավելին գտնել։

«Ես Աստծո կամքով աթեիստ եմ։ Դե, ես Աստծու գոյությանը չեմ հավատում, բայց հավատում եմ, որ Աստծու կամքով է իմ անհավատ լինելը»։

      -Եթե Աստծուն չեք հավատում, իր կամքին ինչպե՞ս եք հավատում։

- Սա էլ գրի առնված խոսք է, ինձ շատ դուր եկավ հավատի այս ձեւը։ Հասկացա, որ գուցե լինեն մարդիկ, ովքեր այնքան հաշտ են այս աշխարհի եւ Աստծո հետ, որ նույնիսկ իրենց անհավատ լինելը պայմանավորում են Աստծո կամքով։ Եթե մի քիչ այլ կերպ նայենք՝ աթեիզմը, ոչ մի կրոնին չհավատալը, հենց քրիստոնեական ազատության մի փոքրիկ տարր ունի իր մեջ. դու ազատ ես նաեւ չհավատալու հարցում։

Գրիգը


«Իսկ ես իրեն չէի կարոտել, ոչ ոքի չէի կարոտել, բացի մեր տան պատերի պաստառից. անընդհատ երազում տեսնում էի՝ ինչպես եմ ձեռքս հպում սպիտակ մակերեսին, շոյում նախշերը։ Անորսալի տագնապ, ափսոսանք կար այդ ամենի մեջ, արթնանալիս այտերս արցունքոտված էին լինում, ու ես չէի հասկանում, թե ինչու է այդպես…»։

      -Պաստառին, պատին, այսինքն՝ անշարժ կետին նայելու միտումը մի քանի անգամ կրկնվում է․ սա սիմվո՞լ է։

-Իհարկե, մենք անընդհատ փոխվում ենք, մեզ պետք են անշարժ կետեր, որ մեր փոփոխությունը զգանք։ Դրա համար մենք վերադառնում ենք այնտեղ, որտեղից գնացել ենք։ Ես սիրում եմ իմ քաղաքը, որովհետեւ աշխարհի վրայի ամենաստատիկ կետն է։ Ես այստեղ գալով եմ հասկանում՝ ինչքան վատը կամ լավն եմ դարձել, ինչ է մնացել ինձնից, կամ ինչ չի մնացել։ Այո, շատ ճիշտ եք նկատել, չշարժվող կետեր, որոնք ինձ ինձ են հիշեցնում։ Այդպիսի մեկ այլ խորհրդանիշ իմ կյանքում հայոց լեզուն է, պաթետիկ խոսք չեմ ասում, պարզապես, ինքն իրեն այդպես ստացվեց․ յուրաքանչյուր քաղաք, ուր լինում եմ, պատերին հայկական տառեր եմ փնտրում։

Երբ տասներկու տարեկան էի եւ Գերմանիայում էի ապրում, առաջինն այնտեղ հասկացա, որ հայոց լեզվով խոսող մարդկանց եւ հայկական տառեր եմ փնտրում։ Ինձ ոչ ոք չէր սովորեցրել այդ ամենը, ու դա հայրենասիրության դրսեւորում չէր, պարզապես հետաքրքիր էր գաղտնի լեզվով խոսել մեկի հետ, որ մյուսները չեն հասկանում, կարդալ նշաններ, որոնք մյուսների համար պարզապես գծեր էին։ Հիմա իմ բջջային հեռախոսի մեջ եվրոպական տարբեր քաղաքների պատերին արված հայկական գրություններ ունեմ հավաքած, որոնք ինձ դուր են գալիս։

«Սպասիր մտածեմ… կա՞րճ պիտի լինի նամակը, թե՞ կարելի է երկար էլ գրել։ Աստված երկար բաներ կարդալու ժամանակ չի ունենա։ Հնարավորինս կարճ է պետք գրել, ոչ ոք երկար բաներ չի կարդում»։

      -Կարելի՞ է նույնը գրականության մասին ասել։

-Գուցե այսօր չեն կարդում, բայց եթե ինչ-որ մեկը պատրաստ չէ երկար, ծանր, տառապալից տեքստեր կարդալ, ուրեմն՝ ընտրում է մի ճանապարհ, որով շատերը կարող են անցնել։ Ո՛չ գրելը, ո՛չ կարդալը հաճույք չէ, այդ ամենը հաճույք է դառնում, երբ հաղթահարում ես դժվարությունը։ Յուրաքանչյուր գործ, հավատացեք, որ սկսեք անել եւ ջանք թափեք այդ ամենը հաղթահարելու համար, կսկսեք սիրել այդ գործը։ Դու անցնում ես մի ճանապարհ, որը քչերն են անցնում, դու գտնում ես գաղտնի նշաններ, տեքստեր, որոնք քչերն են գտել։ Այդ քչերը խումբ են դառնում, ու հանկարծ հանդիպում ես մարդկանց, որոնք եւս քո ճանապարն են անցել, հասկանում ես, որ հարազատ հոգիներ եք։ Կա արվեստ, որ ժամանակ սպանելու, գլուխ չցավացնելու համար է, եւ կա արվեստ, որը ե՛ւ գլուխդ պիտի ցավացնի, ե՛ւ պիտի հաղթահարվի, որ հաճույք ստանաս։ Ես երկար եւ ծանր տեքստեր եմ կարդում, հաճույքով չեմ անում, բայց երբ հաղթահարում եմ, բերկրանք եմ զգում։ Երկար տեքստեր չեն սիրում կարդալ այն մարդիկ, ովքեր արվեստի ոչ մի տեսակում բարդը չեն նախընտրում։ Կան քիչ թվով մարդիկ, նեղ խմբեր, որոնք պատրաստ են իրենց ժամանակը դրա վրա շռայլել, ծախսել։

Գրելը, կարդալը եւ այն, ինչը քո ժամանակը խլում է, պիտի փոխհատուցվի, դու պիտի ուրիշ մի բան դարձնես դա: Փոխատուցել չի նշանակում, որ քեզ բերեն գումար տան։ Յուրաքանչյուր գիրք, որ կարդում ես, պիտի դրանից հետո այլ ինչ-որ բան ստեղծես, պիտի դա պրոյեկտես մեկ այլ գործում, կապ չունի՝ ինչ գործ, ինչ-որ մի բան պիտի դառնա։ Երբ լավ գիրք ես կարդում, դրանից հետո ուզում ես գիրք գրել, երբ հանճարեղ գիրք ես կարդում, ուզում ես գրելը թողնել։ Ինչ-որ չափ կա էլի․ չպիտի նաեւ քեզ սպանի, հաճախ հանճարեղն ասում է՝ դու ոչինչ ես, դրա համար պիտի հավատաս, որ ոչինչ չես, որ կարող ես ամեն ինչի էլ հասնել։

«… Երբ տոթ օրը կախված է եղել ձորի վրա, եւ տաք քարերից լռություն է բարձրացել երկինք, զարմանալի գեղեցիկ օձը խայթել է տղային։ Նա ձեռքը երկարել է՝ փորձելով որսալ օձին, բայց օձը խայթել է։ Այդ օրը ոչ ոք չի եղել ձորում, բացի տղայից, մինչեւ դուրս է եկել, մազերը ամբողջությամբ սպիտակել են։ Թույնի ազդեցությունից են սպիտակել, օրգանիզմը պայքարել է...»։

      -Սա «թափառող» հատված է, որ հանդիպում ենք «Հիսուսի կատուն» պատմվածքում, իսկ հետո վերջին պատմվածքներից մեկում եւս։ Ի՞նչ հնարք է, ինչի՞ համար է արվում։

-Սա ինտերտեքստուալություն է կոչվում, երբ իմ եւ օտար գրողների տեքստերը կարող են հայտնվել իմ մեկ այլ տեքստում։ Սրանով տարբեր հարցեր են լուծվում. ռիթմիկ կրկնողությունից մինչեւ ասելիքի խտացում, շեշտում։ Երբ առաջին անգամ ես կարդում, գուցե այդ պատկերը վրիպի, բայց երբ հանդիպում ես մեկ այլ վայրում, սկսում ես ուշադրություն դարձնել։ Այս հատվածը վախի պատկերային պրոյեկտում է՝ վախն ի՞նչ տեսք ունի ինձ համար. սպիտակ մազերով տղան, ձորը, օձը, մենակությունը, երբ օձի հետ կհայտնվես ձորում, եւ ոչ ոք չի կարողանա օգնության հասնել։ Մանկական ինչ-որ վախ, որ ունեցել եմ եւ այն միշտ ինձ հետ է, բայց օձերից չեմ վախենում, այլ վտանգի առաջ մենակ լինելուց։

Գրիգը


«Քարը նետելուց առաջ միշտ պետք է ինքդ քեզ հարցնես՝ արդյոք պատրա՞ստ ես ճակատագիրդ կապել նրա ճակատագրին, ում կդիպչի նետածդ քարը»։

      -Քարն այստեղ հանցանքի, մեղքի ալեգորիա՞ն է։

-Այո, մեղքի, որովհետեւ, եթե դու նորմալ մարդ ես, հնարավոր չի՝ մեղք գործես, եւ ամեն ինչ շատ լավ լինի։ Բարեկրթությունը միշտ չի փոխհատուցվում կամ շատ քիչ մարդկանց կողմից է ուշադրության արժանանում։ Դա հաճախ որպես թուլություն են ընկալում, բայց այդպիսի մարդիկ կան, եւ մենք պիտի օրինակ վերցնենք նրանցից։ Բարեկիրթ մարդու համար, երբ քեզ են վիրավորում, ամեն ինչ վատ է, երբ դու ես վիրավորում, ամեն ինչ ավելի վատ է։ Ահա այս խնդիրն է՝ ինչպես անել, որ ե՛ւ քար չնետել, ե՛ւ հարված չստանալ։ Նորից հավասարակշռության խնդիր է՝  ինչպես դիրքավորվել կյանքում, ինչպիսին լինել։

«Գիտե՞ս, ինքնաթիռում, երբ դուրս էի նայում, Աստծո գահը տեսա, ամպերից սարքված մեծ, ահռելի աթոռ էր։ Աչքովս ընկավ թե չէ՝ կռահեցի, որ Աստծու գահն է, բայց դատարկ էր...»։

    -Նայողի՞ց է դատարկությունը, թե՞...

-Վա՜յ, ինչ հետաքրքիր էր, մոռացել էի, որ այսպիսի բան էլ եմ գրել (ժպտում է,-հեղ․)։ Հիշում եմ՝ նայում էի ու այդպես էր թվում, որովհետեւ հավատում էի։ Առաջին անգամ էի ինքնաթիռ նստել, հետաքրիր էր՝ ամպերից վերեւ ինչ կա, ու այդպես որ նայում էի, ինձ թվաց՝ Աստծու գահն է, եւ դատարկ էր... Ինձ այդպես թվաց։ Իրականում, այդ ժամանակ չէի մտածում՝ ինչու է դատարկ, երեխա էի, բայց միայն գահը տեսնելն արդեն մեծ հույս էր։  

«Շուտով Խեչոյանից անցում կատարեց Հրանտ Մաթեւոսյանին, հետո Ակուտագավա Ռյունոսկեին, Կաֆկային… Գրողները հաջորդում էին մեկը մյուսին, եւ ինձ ոչինչ չէր մնում, քան կլանված ունկնդրել»։

      -Ի՞նչ տեղ ունեն Ձեր գրականության մեջ այս հեղինակները։

-Մեծ տեղ ունեն, այստեղ չեմ նշել Գուրգեն Խանջյանին։ Այն ամենը, ինչ գրական դաշտում ունեմ, պարտական եմ նրան, որովհետեւ դու կարող ես գրել, բայց պիտի մեկը քեզ հավատա։ Այդպիսի խոսք կա, չէ՞, դու կարող ես բազմաթիվ զրոներ լինել, բայց եթե դիմացը թիվ է դրվում, դու գուցե քո զրոներով մեծ թիվ դառնաս։ Առաջին մարդը, ով հավատաց եւ հնարավորություն տվեց ինձ «Գրեթերթ»-ում տպագրվելու, Գուրգեն Խանջյանն էր։ Հիմա, երբ հետհայացք եմ գցում, հասկանում եմ՝ պիտի մեկը հայտնվի քո կյանքում ու հավատա, երբ քեզ հավատում են, ավելի շատ բերք ես տալիս։ Հասկանում ես, որ կա հնարավորություն, կա դաշտ, դրա համար «Գրեթերթն» իմ եւ իմ սերնդի գրողների համար մեծ հարթակ էր, անկաշառ հարթակ, եւ շատ ուրախ եմ, որ այդ հանդիպումը եղավ։ Իհարկե, ունեի մարդիկ, ում համար կարդում էի, ովքեր ինձ հավատում էին, բայց, երբ լավագույն արձակագիրներից մեկը եւս ոգեւորում է քեզ, սկսում ես քո արածին էլ ավելի հավատալ։ Դրա համար Լեւոն Խեչոյանը, Խանջյանը եւ բազմաթիվ գրողներ, ուղղակի հիմա անուները չեմ կարող տալ, որովհետեւ ումը չտամ, նեղանալու է, մեծ նշանակություն ունեն։ Ես սիրում եմ ժամանակակից հայ գրականություն, որպես ընթերցող հաճույքով եմ կարդում, եւ գրքերն եմ հաճույքով առնում, որովհետեւ այսօր ապրող գրողին ավելի շատ է փող պետք, քան մահացած դասականին։

«Ոչ իմ գրածը կա, ոչ էլ կողքինը, փոխարենը «Ինձ հանեցին Գերմանիայից, բայց Գերմանիան ինձնից հանել չեն կարող» հայերեն գրառումն է...»։

Գրիգը


     -Դա՞ է պատճառը, որ Գերմանիայի թեման նոր վեպում էլ է շարունակվում։

-Գերմանիան մի վայր է, որտեղ իմ մանկությունն եմ թողել, եւ ամեն անգամ, երբ գնում եմ, հետաքրքիր զգացողություններ եմ ունենում։ Ես այնտեղ թանկ բան եմ թողել եւ ամեն անգամ վերադառնում եմ այդ թանկ բանը գտնելու համար։ Օբերհաուզենից մի փոքր վերեւ է գտնվում այդ քաղաքը, թարգմանաբար կոչվում է «Խաղաղության գյուղ»։ Այդտեղ բուժվում են հետպատերազմյան երկրներից եկած երեխաններ, ես նրանցից մեկն եմ եղել, ով տեսել է՝ պատերազմից հետո ինչեր է լինում մարդկային մարմինների հետ։ Երեխաներ, որոնց վարքը հաճախ դառնում է իրենց պետությունների վարքի նման։

Առհասարակ, հետխորհրդային իրականության մարդկանց զարմանքը, երբ առաջին անգամ տեսանք կին, որ մեքենա է վարում, առաջին անգամ տեսանք բժշկի, ում ամբողջ թեւը պատված էր դաջվածքով։ Մենք չէինք տեսել այդպիսի բժիշկ, մենք գիտեինք, որ «նակոլկա» ասվածը զինվորականները եւ քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող մարդիկ ունեն, եւ հանկարծ գալիս է բժիշկ, որի թեւն ամբողջությամբ պատված է դաջվածքով։ Դրա համար գուցե գերմանացիներին էլ հետաքրքիր լինի. այդ դիրքից իրենք իրենց չեն տեսել։ Երբ գնում եմ, զգացողություններս միայն դրական են լինում, այն ժամանակ ես չէի հասկանում՝ ինչքան ծանր է այդ ամենը տեսնելը, բայց հետո հասկացա, որ մեծ հետք է թողել ինձ վրա։

«Տղան քայլում էր հայացքը դեպի վեր՝ մոր դեմքին.

– Մա՛մ, ինձ նայելիս ամպերը տեսնո՞ւմ ես,- հարցրեց:
Կինը անակնկալի չեկավ, կարծես առաջին անգամը չէր, որ լսում է հարցը, պատասխանեց, թե չի տեսնում: Տղան ցուցամատը պարզելով մոր գլխի վերեւ` ասաց.
– Բա ինչո՞ւ եմ ես տեսնում, երբ քեզ եմ նայում»:

      -Դուք ունե՞ք տղայի հարցի պատասխանը։

-Դիտանկյան փոփոխություն է, կյանքը հետաքրքիր է դառնում, երբ սկսում ես պատկերացնել, թե այս ամենն այլ դիտանկյունից ինչպիսին կլինի։ Ինձ թվում է՝ արվեստը հենց այդ դիտանկյան փոփոխությունն է, այն, ինչ դու միշտ տեսել ես, հանկարծ քեզ մատուցում են այլ դիտանկյունից, եւ դու զարմանում ես, որովհետեւ չէիր տեսել, չէիր պատկերացնում։

«Կյանքում ամենատխուր բանը մեռնելն է,- նկարին նայելով ասում եւ դադարից հետո ավելացնում է, - երանի նրանց, ովքեր այդպես են մտածում»։

     -Երանի, որովհետև մահվանից ավելի տխուր բանե՞ր կան կյանքում։

-Հա, քո աչքերի առջեւ հարազատիդ մահը։ Մահը, որ քեզ հետ չի պատահում, բայց ավելի ծանր է։ Ինձ համար թիվ մեկ թշնամին մնում է մահը։

Գրիգը


«Նայիր ուզածդ անցորդի դեմքին, մերոնք իսկույն տարբերվում են եկածներից, մերոնք միշտ շտապում են, միշտ ժամանակ չունեն, էստեղի մարդիկ չեն ապրում, էստեղի մարդիկ ամբողջ կյանքում պատրաստվում են մեռնելու...»:

      -Ի՞նչն է պատճառը։

-Ես էլ չգիտեմ։ Դուրս եկեք փողոց, տեսեք՝ ինչի են մարդիկ այդքան դժբախտ, ինչու են տխուր։ Փորձեք ժպտալով քայլել, տեսեք՝ ինչպես են զարմանում, որ ժպտում եք։ Կուզեմ՝ ավելի ուրախ լինենք, ավելի լավ ապրենք, ավելի շատ իրար սիրենք, չպառակտվենք, չծայրահեղանանք, որովհետեւ մեր թշնամին միշտ մահն է եւ մյուս բոլոր պրոյեկտումներն արդեն ածանցյալ դեպքեր են։ Մահը, որը մենք ե՛ւ ղեկավարում ենք, ե՛ւ չենք ղեկավարում, բայց հիմնականում չենք ղեկավարում․ քչերն են ինքնասպան լինում։ Մեր կամքը եւ մեր բարձրարժեք լինելը փոշի է դառնում մահվան դիմաց։ Մենք մեծ կոնֆլիկտ ունենք, մեր մարմինը եւ այն, ինչ մեր ներսում է, նույն կերպ չի զարգանում։ Դու քո ներսում միշտ ավելի սիրուն, լավը եւ ուժեղ ես դառնում, բայց քո մարմինը սկսում է չդիմանալ այդ ամենին, ուրեմն՝ ներսինի համար ավելի ամուր պատյան է պետք, իսկ ներսինը շատ գեղեցիկ է, մարդկային, այն ամենն է, ինչ մենք սիրում ենք այս կյանքում։

Զրուցեց Նանե Պետրոսյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի/Bravo.am/
Հարցազրույցն իրականացվել է Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport