×


«Կոնտեքստից դուրս». Նորայր Սարգսյան

BRAVO.am-ը ժամանակակից գրողների հետ սկսում է «Կոնտեքստից դուրս» շարքը, որի ընթացքում փորձելու ենք հեղինակների հետ քննարկել գրքի կոնտեքստից դուրս, առանձին հատվածներ։ Մեր առաջին զրուցակիցը «Չինական պատ» գրքի հեղինակ Նորայր Սարգսյանն է, ում պատմվածքների ժողովածուն այս տարի արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին:

Նորայր, գրքում գրում եք․

«Եթե դերասանական խաղ է, ու մարդիկ իրենց բարձր որակի տեսախցիկներով՝ աչքերով, նայում են քեզ, ուրեմն պիտի ամեն վայրկյանդ մտածված լինի, որովհետեւ այդ աչքերի առկայությունը քեզ չի թողնելու լինել այնպիսին, ինչպիսին կաս»:

    -Անգամ անծանոթների՞ դեպքում։

- Այդ դիտարկումը, որ արել եմ, մի փոքր դերասանական փորձից է եղել. այսինքն՝ երբ միացվում է տեսախցիկն, արդեն ստիպված ես ամեն բառդ, շարժումդ խաղալ։ Եթե մարդիկ հետեւում են քեզ, կարծես բնական լինելու հնարավորություն չունես. ավելի շատ հենց անծանոթների մասին է, քան ծանոթների։ Եթե փորձում ես որպես կերպար ներկայանալ, թեկուզ փողոցով քայլելիս այդ կերպարը պետք է ամբողջական լինի, դրա համար կարծես դերասանական խաղի է վերածվում։

Նանե Պետրոսյանը եւ Նորայր Սարգսյանը


«Ավտոբուսները A-ից B գնում են առանց մտածելու, թե ինչ են անում ու ինչու են անում, ում են տանում ուր, վարորդը բարակ սիգարետը մի քիչ դուրս է թողել պատուհանից ու հատուկ չի էլ ծխում, ուզում է, որ ինչ-որ մեկը նկատողություն անի, ինքը գժվի ու կռվի դուրս գա, ասի՝ էլ չէի կարողանում աշխատել այստեղ, որովհետեւ… Մի խոսքով, նա էլ էր «ինչու» ման գալիս, իսկ ես՝ նորից «ինչը»»:

   -Գտել ե՞ք «ինչը»։

- Չէ, դա մշտական փնտրտուք է, ստեղծագործող մարդը պետք է անընդհատ փնտրի այն, ինչի մասին գրելով ինքն այդ պահին կասի ամենագլխավորը։ Եվ այդ ամենագլխավորն անընդհատ փոխվում է. ինչ-որ տարիքում քեզ թվում է՝ գլխավորն, օրինակ, սերն է, հետո քեզ թվում է՝ գլխավորն ինչ-որ բանի դեմ գնալն է, այսպես տարիները կարծես կամաց-կամաց նոր գլխավոր բաներ են գտնում քո համար, որի մասին դու ուզում ես պատմել։ Գլխավոր «ինչը» գտնելը՝ քեզ գտնելն է, փորձել քո մասին գրել, քեզ բացատրել աշխարհին: Տարբեր ձեւերով, տարբեր ինչպեսներով փորձում ես այդ «ինչը» գտնել։

«Հասկանալ, որ խմելը հիմարություն է, ոչնչով չի օգնի, հակառակը՝ կվնասի, ու խմել անընդհատ՝ նշանակում է կամքի մեծ ուժ ու հետաքրքրասիրություն ունենալ, նշանակում է, որ մեկ էլ տեսար՝ մի օր մի բան կհասկանաս, որ ուրիշները չէին հասկացել»:

   -Ի՞նչ հասկացաք խմելուց։

- 17-18 տարեկանում խմելն ինքնաբացահայտման ինչ-որ բան է պարունակում, հենց թեկուզ գտնել այն մաքսիմումը, որ դու կարող ես խմել, պահել քո մեջ։ Ինչ-որ չափով գտնում ես քո կենդանական «ես»-ը, քո գործողությունների մոտիվացիաները, որոնք իրականում հորինում ես, կորում են, եւ գործողության իրական մոտիվացիան է դուրս գալիս. հասկանում ես, թե կոնկրետ ինչու ես արել։ Հիմա էլ պետք չի խմել՝ դրան հասնելու համար. մեկ անգամ, երբ հասնում ես քո գիտակցության ամենաներքեւին, դրանից հետո երեւի արդեն անիմաստ է, դառնում է ուղղակի վատ սովորություն։ Հիմա չեմ խմում։

«Կյանքը պլանավորել՝ նշանակում է սպանել կյանքը, որովհետեւ ուղիղ այնքան, ինչքան կանես քո պլանավորածը, այդքան ժամանակ կկորցնես կյանքիցդ, որովհետեւ կրկնելու ես այն, ինչ արդեն արել ես մտքում»:

   -Մտքում արվածն ու իրականում ապրածը նու՞յնն են։

- Երբ ինչ-որ բանի մասին պետք է գրեմ, եւ սյուժեն մոտավոր պարզ է, հետո ինձ համար բուն գրելու պրոցեսը շատ անհետաքրքիր է լինում։ Այդպես կյանքում շատ բաներ կան, որոնց մասին սկսում ես շատ մտածել, այդ ուղղությամբ բոլոր հնարավոր ձեւերը գտնել, ու երբ արդեն իրականում անում ես, քեզ թվում է՝ կրկնում ես ինքդ քեզ։ Ես այնքան էլ չեմ սիրում դոգմատիկ մտքեր, որովհետեւ հետագայում փոխվում են։ Օրինակ՝ ինձ միշտ թվացել է, որ եթե Իսպանիայի մասին կարդացել եմ, ֆիլմեր եմ դիտել, բավական ինֆորմացիա ունեմ, ապա հաճույք չեմ ստանա այնտեղ գնալուց, բայց անցած տարի գնացի ու հասկացա, որ միանշանակ չէ։ Գրելու դեպքում մնում եմ այդ կարծիքին։

«Մարդկության քաղցկեղը դառնալու հեռանկարն ինչ-որ մեծ ու գրավիչ է հնչում, ու ես մի քանի վայրկյան տրվում եմ աշխարհը կործանելու մեծ գաղափարներին, ավելի լավը դարձնելու մասին ոչ մի խոսք, մենք հո հավ չենք»:

   -Աշխարհը կործանելու հավե՞ս եք ունեցել։

- Դե, էլի տարիքային է. հասկանալով, որ աշխարհը քո պատկերացրածը չէ, մարդու առաջին միտքը երբեք փոխելը չի լինում, ագրեսիան է լինում, որ եթե ինչ-որ բան սխալ է, դժվար, ուղղակի պետք է քանդել։ Նորը ստեղծելու միտքը բավական արհեստական է, եթե նայենք համաշխարհային պատմության մեջ հեղափոխական մտքերն ամենաշատը տարածվում են 17-25 տարիքայինների մեջ, այսինքն՝ մարդիկ, որոնք դեռ հավատում են, բայց իրենք ավելի շատ ոչ թե նորը ստեղծելու մղում ունեն, այլ երեխայական նեղացածություն։ Երբ ավելի մեծ ես լինում, ավելի հեռվից ես նայում, հասկանում ես, որ երեւի սա լավագույն աշխարհն է, որ մենք կարող էինք ստեղծել՝ հաշվի առնելով բոլոր անհայտները, հնարավորություններն ու ռեսուրսները։

«Մտքերի մեջ համարձակները կյանքում վախկոտ են լինում, ինձ նման։ Ինչքան հեռու կարող ես գնալ մտքերով, այնքան վախեր կարող ես գտնել գրիչը բարձրացնելու մեջ, աչքերը թարթելու եւ այլն»:

   -Գրելիս տաբու թեմաներ ունե՞ք։

- Ճիշտն ասած՝ չեմ մտածել։ Երբեք չի եղել, որ ինչ-որ բան գրեմ, հետո ասեմ՝ չէ, նման բան չի կարելի գրել։ Երեւի թե ամեն մարդ էլ ինքն իր համար կունենա տաբուներ, բայց ինքն իրեն չի բացատրի, չի ասի, որ այսպիսի թեմաներ կան։ Ես հաճախ անկեղծության չափը մի քիչ անցնում եմ ընտանիքիս մասին, իմ մասին գրելիս։ Դու գրում ես այն մասին, ինչն իրոք քեզ ցավեցրել է, եւ հաճախ դրանք այնպիսի բաներ են, որոնք երբեք կողքինին չես ասի, կամ ինքդ քեզ անգամ չես ասի։

Նորայր Սարգսյանը


«Ես ոչ սիրում եմ, ոչ սիրվում, մի տեսակ բարձր եմ դրանից, ու դա սպանում է ինձ։ Մերին սիրում է Կուրտ Կոբեյնին, ես՝ ինձ։ Բայց եթե ինձ էլ սիրեր, դրանից ի՞նչ»:

   -Ինքնասիրահարվա՞ծ եք։

- Էլի տարիքային է, կարծում եմ՝ բոլորն են այդպիսին լինում։ Ավելի շատ բացահայտման խնդիր է, եթե գրում ես քո մասին ու փորձում անկեղծ լինել, անկախ քեզնից ստացվում է, բայց հետագայում սիրել եմ, հիմա էլ սիրում եմ։ Այդ ինքնասիրահարվածության ծայրակետն ինքնակործանման է մոտեցնում, ու այդ դիսոնանսի վրա ստացվում է, որ կերպարս կա՛մ իրեն գերագնահատում է, կա՛մ թերագնահատում, մեջտեղ չկա։ Բայց գրականությունն այնքան էլ անկեղծության մասին չէ, ավելի շատ այն մասին է, թե ինչքանով լավը կստեղծես։ Ոչ թե ճշմարտացիությամբ է հետաքրքիր, այլ արվեստի մակարդակով։

«Ի՞նչ, եթե ինքը Հուդան է իր ամբողջ էությամբ։ Հենց այս պահին ինքը չէր տեսնում տարբերությունը կատարյալ չարության ու կատարյալ բարության, այսինքն՝ լրիվ չար ու լրիվ բարի ինքը չէր պատկերացրել իրեն, ինքը ահա անբացատրելին էր, իր մասին գիրք չէր կարելի գրել, որովհետեւ ինքը մարդ էր»:

   -Այդ դեպքում ինչի՞ մասին են գրքերը, եթե ոչ՝ մարդու։


- Գրքերն ավելի շատ փորձ են մարդու մասին լինելու: Մարդու մասին հնարավոր չէ գիրք գրել. օրինակ՝ եթե փորձես քո մեկ օրը վերածել գրքի, չես կարող վավերագրի նման գրել, անհետաքրքիր կլինի։ Գրքերն ավելի շատ վերցնում են ինչ-որ ստերեոտիպեր՝ Հիսուս, Հուդա, որոնք չգիտես՝ եղել են, չեն եղել, եւ դրանցով փորձում ենք նկարագրել ինքներս մեզ։ Դժոխքի մասին որոշակի պատկերացումներ կան, չէ՞, բայց աստվածաշնչյան տեքստերից չեն, այլ Դանթեի նկարագրություններից, այսինքն՝ եթե անգամ իրական դեպքեր էին, ապա ինչքան մշակույթ է ստեղծվել դրանց վրա։

«Այո, համարյա մոռանալու էի՝ ատում եմ կարդալը, հիմար զբաղմունք, ինտելեկտուալ երեւալու, քո մեջ փակվելու ձգտում, կյանքից զզված մարդկանց զբաղմունք»:

   -Դեռ նույն կարծիքի՞ն եք։


- Ես նստակյաց մարդ չեմ, դժվար եմ կարողանում երկար ինչ-որ զբաղմունքի տրվել։ Սկսել եմ կարդալ եսասիրական մղումով, երբ սկսեցի գրել, ամոթ էր, որ կարդացած չլինեի։ Հայ հասարակության մեջ ընթերցանության հետ կապված միֆեր կան, որ «կարդացած» մարդն ինտելեկտուալ է։ Ֆետիշացում կա, որը հակառակ էֆեկտի է բերում. երեխաները մտածում են, որ իրենց ուղեղը չի հասնի դրան, ու անկախ իրենցից՝ սկսում են չկարդալ։ Այստեղ ավելի շատ այդ «կարդացած» մարդու միֆի դեմ է գրված, որում զզվելի բան կա. տեսեք, ես գիրք եմ կարդում, նկարենք, գցենք Ֆեյսբուք։ Եթե հասարակությունն այդպես է ընկալում գիրք կարդալը, ուրեմն ես ատում եմ դա։

«Ինքը երազում էր, բայց վախենում, երազում էր այդ հանգստությունը հասկացված լինելու, բայց վախենում էր կորցնել անհանգստությունը ու հասկացված լինելով՝ կորցնել այդ սին պատմությունը, որ ինքը լրիվ ուրիշ գիժ է՝ աշխարհում եւ ոչ մի անգամ չհանդիպած»:

   -Ուրիշ լինելն այդքան կարեւո՞ր է։

- Այո, մարդու մեջ երկու ծայրահեղություն կա՝ լինել բոլորի նման, որ հանգիստ ապրես, եւ կա հակառակը, երբ մտածում ես՝ ինչի համար եմ ապրում, ինչով եմ տարբեր։ Տարբերվելու փորձը բոլոր մարդկանց դեպքում կա, ուղղակի ամեն մարդ ունի համարձակության իր բաժինը։ Գրողն էլ առաջին հերթին իր լեզուն է, իր ոճը, ինչքան տարբերվող է լինում, այնքան նրան ավելի շատ են կարդում։ Օրինակ՝ Դալին ավելի շատ տարբերվելու փորձ է, քան իրական արվեստ։ Թանգարաններ չեմ սիրում, նկարչությունից էլ այդքան լավ չեմ հասկանում, բայց իր թանգարանում եղա ու շատ ազդված էի։ Դա տարբերվելու փորձ էր, շատ խոր բաներ ես չէի տեսնում։ Հաճախ մենք ինքներս ենք բնութագրեր տալիս մարդկային գծերին։

«Պաչյանի պատմվածքներն ավելի շատ եմ սիրում, քան վեպը։ Մանավանդ առաջին գրքինը»:

   -Ինչո՞ւ:

- Չգիտեմ, վեպը մի տեսակ չկպավ ինձ։ Սուբյեկտիվ է, հատվածներ կային, որ հավանում էի, հետաքրքրիր էին, մինչեւ վերջ կարդացել եմ։ Պատմվածքները կարդալուց ավելի փոքր էի, ավելի շուտ էի ազդվում, կարող է դա էլ նշանակություն ունի։ Չեմ կարող ասել. մի գիրք կարդում ես ու հավանում, մյուսը չես հավանում։

Նորայր Սարգսյանը


«Ինձ թվում ա՝ Աստված կա ու մեռնելիս՝ էդ վախեցած պահին, գալու ա ու պաթոսախառը անգլերեն ասի՝ All together, once more: Լրիվ նույն ձեւով ապրենք, նույն վախերով ու դրանք հաղթահարելով։ Ու չեմ ուզում իմանամ, որ էլի ապրել եմ, մենակ էդ պահին, սիրում եմ քեզ իմիջայլոց, Նորո»:

   -Իմիջայլոց, էլի սիրո խոստովանություն եք անում ինքներդ Ձեզ։

-Այստեղ երկտող է՝ գրված կնոջս, անունս գրել եմ, որովհետեւ ես եմ երկտողը գրել, հեղինակը ես եմ։ Բոլորը սխալ են հասկանում, երեւի լավ չի կետադրած։

«Վերջին ժամանակների իմ միակ՝ քիչ, թե շատ նորմալ երազանքը գրականությամբ լիքը փող աշխատելն է, որ ինչ-որ լրագրողի հարցին ասեմ՝ ես գրականությամբ եմ փող աշխատում, իսկ ծրագրավորումը զուտ հաճույքի համար է»:

   -Երազանքն իրականացե՞լ է։

- Բնականաբար, ոչ։ Հայ գրողին այդպիսի բան չի սպառնում։ Այնպես չի, որ նվնվում եմ, բայց ինձ հաճելի կլիներ, որ միայն այս գործով զբաղվեի, գոնե մեկ տարի։ Հասկանում եմ, որ դա հնարավոր չէ, բայց երազանքը հենց ծնվում է անհնարին լինելուց։ Շատ երազանքներ եմ ունեցել, որ անհնարին են թվացել, բայց վերջում իրականացել են, կարող է եւ ստացվի։ Այնպես չէ, որ գրականությամբ ընդհանրապես փող չեմ աշխատում. մրցանակներ կան, գրքի վաճառք, Հայաստանի համար բավական ստացված է նոր սկսած գրողի կարիերաս։

«Ու ընդհանրապես, ես զուտ որպես փիար ակցիա պիտի լինեմ էս մեր գրականության մեջ, թե չէ նայում ես հայ գրականության դասագրքերը ու մտածում ծրագրավորող դառնալու մասին»:

   -Փաստորեն, դասագրքերի դարդից եք ծրագրավորող դարձել։

-Հա էլի (ժպտում է,-հեղ.)։ Դասագրքերում մի խնդիր կա՝ մեր գրողների մեծ մասը շատ տգեղ են, օրինակ՝ Դերենիկ Դեմիրճյանը մանյակի դեմք ունի, մի ջահել մարդու դեմք որ լինի գրականության գրքում, բավական էֆեկտիվ կլինի, ստուգված բան է։ Վերջերս «Քո արվեստը դպրոցում» ծրագրով գյուղերում էինք, ու երեխաներին հետաքրքրում էր, որ կարող է ջահել, թոքախտ չունեցող գրող լինել։ Մենք հաճախ թաքնվում ենք մեր մեծերի հետեւում, բայց ինչ-որ ժամանակ հետո հակառակն էլ կարող է լինել`  ժամանակակից գրողներին սկսեն կարդալը, հետո մյուսներին անցնեն։ Եվրոպայում այդ միտումը կա, ավելի շատ ժամանակակից գրողների են կարդում, նրանց գրքերն ավելի թանկ են։ Օրինակ՝ գերմանացին կարող է չիմանալ Գյոթեին, բայց կարդալ ժամանակակից ինչ-որ գրողի։ Մեզ համար շատ տարօրինակ է, որ ասենք`  չիմանաս Թումանյանին, բայց կարդաս այսօրվա գրողներին, անհնար բան է, չէ՞, բայց մարդն ընտրում է այն, ինչն իրեն ավելի մոտիկ է։

«Եվ ուրեմն ես հիմա գրում եմ երկ  կենցաղի մասին, այն կենցաղի մասին, որը դեռ չի կարողացել սպանել իմ սերն առ երկ գրելը, բայց եւ ինքը չվերանալով դարձրել է ինձ երկկենցաղ։ Երկկենցաղ, այսինքն՝ ո՛չ ցամաքում, ո՛չ ջրում, հա՛մ ցամաքում, հա՛մ ջրում, ոչ մի տեղ»։

   -Երկկենցաղ լինելուց չե՞ք ճնշվում։

- Ծանր է շատ, բայց ինչ-որ չափով այն, ինչը կյանքին վնաս է, գրականությանն օգուտ է։ Գրողներն այս իմաստով շահած մարդիկ են, որ կարողանում են իրենց կյանքի ցավերը վերածել պատմության։ Բնականաբար, ցավն ամբողջությամբ դուրս չի գալիս, բայց դու կարողանում ես այդ ցավից ինչ-որ գեղեցիկ բան ստեղծել։ Դրա բացասական, վտանգավոր կողմն էլ կա․ մարդիկ հատուկ իրենց գցում են ինչ-որ իրավիճակների մեջ, որ դրա մասին կարողանան գրել։

Նորայր Սարգսյանը


«Բայց լավ, ինչի՞ ենք էսքան բարդացնում, մի նախադասություն բան է գրականությունը։ Ես վախենում եմ մեռնելուց»։

   -Այսինքն՝ վա՞խն է գրելու մոտիվացիան։


- Փոքր ժամանակ մենք առանց հասկանալու դանակով ծառի բնի վրա մեր անուններն ենք գրում, ինչ-որ տեղեր նկարներ ենք թողնում, մնալու ինչ-որ ձգտում կա։ Աստիճանաբար համոզվում եմ, որ թեկուզ քեզ համար քո այդ վիճակն ուզում ես պահպանել։ Ես հիմա կարող եմ բացել, կարդալ ու տեսնել ինձ տասնյոթ տարեկանում, մեկ-մեկ ջղայնանում ես ինքդ քո վրա, քեզ հետ համաձայն չես լինում, բայց հենց դա է հետաքրքիր։

«Պոեզիայի մասին խոսք չկա, ավելի դժվար է գրվում, ավելի քիչ է կարդացվում, ու ավելի հեշտ է գժանոց ընկնելը»։

   -Դրա համա՞ր եք արձակ գրում։

-Հա, ես պոեզիայի նկատմամբ շատ խստապահանջ եմ, միջակ պոեզիա չեմ կարողանում կարդալ։ Մարդիկ դժվար են հասկանում պոեզիան, զանգվածայինն  այնքան էլ լավը չէ։ Երբ գրում էի, նկատում էի, որ կրկնօրինակում եմ այն, ինչից շատ եմ ազդվել։ Այդ նմանությունն ինձ դուր չէր գալիս, ու որոշեցի միայն արձակ գրել։ Պոեզիայի մեջ ֆալշը ավելի շատ է երեւում։

«Ես մինչեւ վերջին օրն ինձ համոզում էի, որ չեմ մասնակցելու այս ֆարսին, բայց վերջին օրը հավաքում էի բոլոր տատիկներին, կես ժամանոց ճառ ասում։ Այս անգամ դրա կարիքը չեղավ, տատիկները հանկարծ ասացին, որ Նիկոլին են ընտրելու․

   -   Ինչի՞։

-    Երեխեք ունի, մեծ ընտանիք, թող մի քիչ էլ ինքը ուտի»։

   - Տարեցները պարզ է, իսկ ջահելներն ի՞նչ էին ասում։

-Հետաքրքիր բան ստացվեց, սա մինչեւ հեղափոխությունն է գրվել։ Ջահելների մեջ էլ եմ նկատել, որ հաղթանակից հետո անգամ չեն հավատում իրենք իրենց հաղթանակին։ Ասում են` «Հա, դե, Պուտինի հետ խոսեցին, Սորոսը փող ուղարկեց, հո մենք չարեցինք»։ Կարծում եմ՝ սա պատասխանատվությունից խուսափելու միջոց է։ Ինձ համար ծիծաղելի է, բայց հասկանում եմ՝ պատասխանատվությունը ծանր բան է, դրա համար ավելի հեշտ է մտածել, որ ամեն ինչ որոշող «КГБ» կա։

«Ու ես այն գորտն եմ, որին համբուրել է տիկին արվեստը։ Ու ես դարձել եմ ոչ թե արքայազն, այլ գրող, եւ հիմա գովում եմ իմ ճահիճը»։

    -«Ներկած քուչան» հիմա կա՞, այցելո՞ւմ եք։

-Հա, իհարկե, առանց «ներկած քուչայի» բան չի լինում։ Շատ ավելի քիչ եմ լինում, բայց առաջին իսկ հնարավորության դեպքում վազում եմ այնտեղ։ Էլի մեր նման երեխեք են այնտեղ հավաքվում, ամեն ինչ նոր է սկսվում իրենց մոտ։ Հաճախ մշակութային ֆենոմեններ կան, որ այլ հասարակությունների մեջ չկա։ Վերջերս հենց այդ գործս գերմաներեն էր թարգմանվում, ու իրենք չէին կարողանում քուչա բառը թարգմանել, իրենց մոտ ոչ թե բառը չկար, այլ նման հասկացություն չկար։ Այսինքն՝ բակում հավաքվում ի՞նչ են անում, ինչի՞ են իջնում բակ։ Այդ մշակույթը չկա, ու մենք պետք է գրենք հենց այդ տարբերության մասին ու դրանով հետաքրքիր կլինենք։

«Գիտակցության հո՞սք է, թե՞ գրականություն, տափակ մտքերի ժողովածո՞ւ, թե՞ չերեւացող զգացողությունների համադրույթ՝ կհուշի շարունակությունը»։

   -Ի վերջո, ի՞նչ էր։

- Բոլորն էլ իրար հետ։ Ես երազում էի գրող դառնալ, ինձ դուր էր գալիս գրողի կերպարը, տարված էի Չարենցով, Եսենինով, Բրոդսկիով։ Ինձ համար գրքում շատ ստացված հատվածներ կային, մեկ-մեկ, որ կարդում եմ,  զարմանում եմ, որ ես եմ գրել։ Առաջին գրքի համար ստացված գիրք եմ համարում:

Նորայր Սարգսյանը


Ու վերջում. «Փորձված բան է՝ անպայման գտիր առաջին մտքիդ եկած հիշողությունը դիմացինի մասին ու կհասկանաս քո վերաբերմունքը, որը հաճախ ո՛չ ռացիոնալ է ու ոչ էլ ադեկվատ»։

   -Հարցազրույցից հետո, որ հարցնեն` ինչպես անցավ, առաջինն ի՞նչ եք հիշելու։

-Առաջինը տարածքն եմ հիշելու. այստեղ երբեք չէի եղել, դուրս եկավ։ Այս ձեւաչափով հարցազրույց չէի ունեցել, հետաքրքիր էր, ինձ թվում է՝ լավ է ստացվել։

Զրուցեց Նանե Պետրոսյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի/Bravo.am/
Հարցազրույցն իրականացվել է Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport