Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Սիրանուշ Լազյանը կարանտինային օրերին նույնիսկ մայրիկին չի այցելել՝ չվտանգելով նրա առողջությունը: Եվ միայն մայիսի 4-ից հետո ամուսնու՝ դերասան Սամվել Դանիելյանի եւ երեխաների հետ զբոսանքի է գնացել՝ խուսափելով մարդաշատ վայրերից:
«Որպես Հայաստանի օրինավոր քաղաքացիներ՝ մենք միշտ ենք ենթարկվել օրենքին: Մինչեւ սահմանափակումների մեղմացումը տնից գրեթե չենք բացակայել»,-BRAVO.am-ին պատմել է նա:
Սիրանուշ Լազյանը
Դերասանուհին նշել է, որ երեխաների համար երեւելի շրջան է.«Նախկինում այնքան քիչ էինք տանը լինում եւ նրանց հետ ժամանակ անցկացնում, որ հիմա անբացատրելի երջանիկ են: Աղջիկս ամեն առավոտ հետաքրքրվում է, թե դեռ ինչքան ենք իրենց կողքին մնալու: Լավ առիթ էր ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու, երեխաների ուսմանը հետեւելու, նրանց հետ խաղալու, զբաղվելու համար: Մի խոսքով՝ կարանտինը մեր ընտանիքի վրա դրական ազդեցություն ունեցավ»:
Խոսել ենք նաեւ հետաձգված ծրագրերից.«Կարեւոր մի շարք գործեր ունեինք, որոնք անժամկետ հետաձգվել են: Թատրոնում երկու պրեմիերա էր նախատեսված, որոնք արտակարգ դրության ավարտին նոր կխաղանք: Ժամանցի մանկական կենտրոնում էլ եմ աշխատում, որտեղ նույնպես մի շարք նախագծեր չեղարկվեցին: Մեր թատրոնն առաջինն էր, որ մարդկանց առօրյան ուրախ ու հետաքրքիր դարձնելու համար սկսեց ներկայացումների առցանց ցուցադրումը: Մանկական կենտրոնն էլ ինձ հարթակ տրամադրեց՝ ամեն երեկո երեխաներին հեքիաթ պատմելու եւ բարի գիշեր մաղթելու համար: Կարելի է ասել՝ ամեն օր աշխատանքի եմ գնացել»:
Սիրանուշ Լազյանը՝ դուստրերի հետ
Տանն աշխատանքի հստակ բաժանում են իրականացրել.«Ընտանեկան մի գաղտնիք բացեմ՝ տնային գործերով ինքս եմ զբաղվում, Սամվելի պարտականություններում ֆինանսական կողմն ապահովելն է: 14 տարիների ընթացքում դժգոհություններ չեն եղել. ամեն բան հաշտ է ընթացել: Հասկանում եմ՝ այս օրերին ֆինանսական կորուստները շատ են, թատրոնի աշխատավարձը չի բավականացնի բոլոր ծախսերին, իսկ կողմնակի եկամուտը, որով հոգում էինք մեր հիմնական ծախսերը, նվազել է, բայց ես պահանջկոտ կին չեմ, կփորձեմ նրա գրպանին նեղություն չտալ (ծիծաղում է,-հեղ.)»:
Արտակարգ դրության պայմաններում ամուսինները նշել են ավագ դստեր` Մարիայի տարեդարձը.«Վերջին երեք տարիներին երեխայիս ծնունդը չի ստացվում նշել, բայց վստահ եմ՝ դեռ շատ ուրախ եւ հյուրառատ տարեդարձեր է ունենալու: Շատ շնորհակալ երեխա է, նույնիսկ մի փոքր նվերից երջանկանում է: Մեր սանիկները չթողեցին, որ այդ օրը միայնակ լինենք, մեզ հյուր եկան, գեղեցիկ տորթ բերեցին, եւ ուրախ ժամանակ անցկացրինք»:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սիրանուշ Լազյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: