×


«Միլան «restart» արեց կյանքս». Արամ Չախոյան

Հաղորդավար, դիջեյ Արամ Չախոյանի եւ Աննա Պողոսյանի ընտանիքում ամիսներ առաջ ծնվեց առաջնեկը, ում անվանեցին Միլա։ Սիրով լեցուն այս ընտանիքին փոքրիկը նոր գույներ հաղորդեց։ Միլայի ծնունդը միակ նորությունը չէ. զույգը Նոր տարին դիմավորեց նոր բնակարանում, որը, ինչպես նշում են, ամբողջությամբ հարմարեցված է երեխային։ BRAVO.am-ն օրերս հյուրընկալվել է նրանց տանը, լուսանկարել եւ, իհարկե, հետաքրքիր զրույց ունեցել տարբեր թեմաների շուրջ:

- Արա՛մ, նախորդ տարին Ձեզ համար անչափ կարեւոր էր. երկար սպասումից հետո ծնվեց Միլան: Ինչպիսի՞ն է նոր փուլը:
- Դուստրս փոխեց ամեն բան՝ ինձ, մեր կյանքը, մեր տեսակը։ Ինձ համար շատ կարեւոր էր այս հեքիաթային իրողությունը, որը լցրեց մեր կյանքը եւ այն իմաստավորեց: Զգում ենք ծնող ասվածի բերկրանքը, հրաշալի զգացողություն է։ Միլան այն կուժն է, որը ես պատրաստվում եմ լցնել այն գեղեցկությամբ, որը տեսել եւ զգացել եմ կյանքում։ Միլան թե՛ իմ, թե՛ կնոջս կյանքում բեկումնային փոփոխություն էր. այսօր ես կյանքը բաժանում եմ երկու հատվածի` կյանք մինչ Միլան եւ Միլայից հետո։ Արդեն պատրաստ եմ դստերս հետ մեծանալ, ինչո՞ւ չէ, նաեւ նրանից սովորել. փոքրիկիս շնորհիվ ես այսօր հստակ գիտեմ՝ ինչով եմ զբաղվելու:

-Յուրաքանչյուր տարիքում ծնող դառնալն իր յուրահատկությունն ունի: Ինչպիսի՞ն են զգացողությունները 45 տարեկանում:
-Գիտեք` հասուն տարիքում ծնող դառնանը, ինչ խոսք, իր առավելությունն ունի։ Երբեմն մտածում եմ՝ ինչ կլիներ, եթե Միլան ծնվեր 20 տարի առաջ: Կարծում եմ՝ որոշակիորեն այլ մտածողության պատճառով շատ բաներ գուցե այլ կերպ լինեին․այսօր նա լուսավոր կետն է, որն ինձ ամեն վայրկյան կանչում է։

Արամ Չախոյանը՝ դստեր հետ


- Ծնող լինելն էլ պատասխանատու «պաշտոն» է, չէ՞:
- Իհարկե։ Կարծում եմ՝ այս կյանքում ինձ համար շատ կարեւոր իրողություններ ես արդեն հասկացել եմ, թեպետ չեմ դադարում ամեն օր նոր բան սովորել, ուստի, այսպես ասած, իմ կյանքից հասկացածը, այն կարեւորն ու երկրորդականը, լավն ու վատը ցանկանում եմ փոխանցել դստերս։ Ի վերջո յուրաքանչյուր ծնողի առաքելությունը ոչ միայն երեխայի մաքրությանը, սննդին, կերակրմանը հետեւելն է, այլ նաեւ` ծնողական խրատն ու խոսքը: Անհամբեր սպասում եմ, թե դուստրս երբ է սկսելու խոսել, որպեսզի ամենայն պատասխանատվությամբ եւ անսահման սիրով պատասխանեմ իր հարցերին։

- Հուզված էիք, եւ ինչպիսի՞ն էր Ձեր եւ փոքրիկի առաջին հանդիպումը։
- Երբ բերեցին երեխային բարուրած եւ տվեցին ինձ, ես նայեցի, թող միստիկական կամ գեղարվեստական խոսք չընկալվի, սակայն դուստրս դարձավ ինձ համար մարտկոց, որը լիցքավորեց ինձ, եւ ես սկսեցի աշխատել, ի դեպ, մինչեւ այսօր լավ լիցքավորված շարունակում եմ ապրել։ Հիշում եմ՝ դուստրս փոքր-ինչ ճմրթված էր, այնպիսի տեսք ուներ, ասես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը՝ 13-րդ ռաունդում, եւ ո՞վ կմտածեր, որ քիչ-քիչ այսպիսի հրաշքի կվերածվի։

- Աննա՛, իսկ ինչպիսի՞ ամուսին է Արամը,Միլայի ծննդից հետո շա՞տ է փոխվել։
- Դե, իհարկե, Միլան հիմա շատ մեծ հետաքրքրություն է Արամի համար, նա աշխատանքից հետո անմիջապես գալիս է տուն, որպեսզի գրկի փոքրիկին, համբուրի, ցանկանում է վայելել դստեր յուրաքանչյուր նոր էմոցիան։ Միասին ենք խնամում Միլային։ Մեր դուստրը ժամանակից ուշ ծնվեց, եւ ահա այդ վերջին շրջանում անընդհատ զանգում էր Արամը եւ հարցնում՝ արդյոք հիվանդանոց գնալու ենք, թե ոչ, եւ հիշում եմ մեկ անգամ էլ զայրացավ՝ լսելով իմ բացասական պատասխանը, եւ ասաց, որ այլեւս չի զանգելու (ծիծաղում է,-հեղ.): Արամը շատ անհամբերությամբ էր սպասում դստերը:

-Իսկ հղիության ժամանա՞կ էլ էր նույնքան հոգատար։
- Նա արդեն շատ էր հասունացել, իսկ հղիությունը սպասված էր երկուսիս համար: Կատարյալ կերպով հոգատար է եղել հղիությանս ողջ ընթացքում: Բողոքել, անկեղծ, չեմ կարող։

Փոքրիկ Միլան


- Արամն արդյո՞ք այն տղամարդկանց շարքին է պատկանում, ովքեր երազում են արու զավակ ունենալու մասին:
Արամ. Անկեղծ՝ միշտ այլ զգացողություն եմ ունեցել աղջիկ երեխաների հանդեպ, իրենց քնքշությունը մի տեսակ այլ է։
Աննա. Երկուսս էլ երազում էինք աղջիկ ունենալու մասին, եւ գիտեք՝ մինչ ինձ կասեին երեխայի սեռը, ես արդեն վստահ էի երկու բանում՝ առաջինը, որ աղջիկ ենք ունենալու, եւ երկրորդ՝ նա նման է լինելու Արամին։ Վստահությունը տեղին էր:

-Չնայած առաջնեկը դեռ 6 ամսական է, ամեն դեպքում՝ երկրորդ երեխայի հարց քննարկվո՞ւմ է, թե՞ դեռ ոչ։
Արամ. Ես ասել եմ՝ քանի Աննան վերարտադրողական տարիքում է, պետք է շատ երեխաներ ունենանք։ Սիրում եմ երեխաներ, սիրում եմ տեսնել, թե ինչպես են նրանք մեծանում, ինչպես են ձեւափոխվում, նոր բաներ տեսնում։ Մինչ Միլայի ծնունդը կար մեկ շրջան, երբ որեւէ բան անելու ցանկություն չունեի, ոչինչ կարծես հետաքրքիր չէր, չեմ կարող բացատրել, հնարավոր է՝ տարիքի հետ կապված ինչ-որ ճգնաժամ էր, իսկ դուստրս «restart» արեց կյանքս։

Աննա. Մենք անընդհատ մտածում ենք այդ ուղղությամբ եւ, այո, նախատեսում ենք, որ ունենալու ենք երեխաներ`սեռը անգամ չքննարկելով: Իհարկե, վատ չէր լինի արու զավակ ունենալը, սակայն նորից պետք է կրկնել, որ սեռը մեզ համար նշանակություն չունի։

-Նկարահանման ընթացքում ինչ փաղաքշական խոսք ասես չասացիք Միլային: Ինչպե՞ս եք հիմնականում դիմում նրան:
- Առյուծի ձագուկ, իմ ջիգլամոնչիկ, կուշտամոլոկ, արեւ, ձագուկ… Հատուկ մտածած ինչ-որ բան չեմ ասում, յուրաքանչյուր բառ երբեմն պահի տակ է ստացվում, սակայն, այո, առյուծի ձագուկ ավելի հաճախ ենք ասում։

Արամ Չախոյանի ընտանիքը


- Ինչպես արդեն տեղեկացանք՝ նոր եք տեղափոխվել այս բնակարան: Նախորդն արդեն փո՞քր էր։
-Նախ մենք ապրում էինք իմ հայրական տանը, եւ չնայած՝ մեր սենյակն ամեն ձեւով հարմարավետ էր, բայց ծնվում էր Միլան, եւ ամեն բան արեցինք, որպեսզի մինչ ծնունդը հասցնենք նոր տան վերանորոգման եւ կահավորման աշխատանքները։ Վստահ կարող եմ ասել, որ տունն ամբողջությամբ հարմարեցված է Միլային. առանձին սենյակ, սենյակների հատուկ դասավորություն, քնի եւ զբոսանքի համար բացօթյա տարածք։ Մենք ծնողներիս տանն էլ մեզ վատ չէինք զգում, սակայն երեխայի ծնունդը կարող էր որոշակի անհարմարություններ ստեղծել, ուստի որոշեցինք նրանց չխանգարել, որպեսզի իրենց ծերությունը հանգիստը վայելեն։ Ասեմ, որ ծնողներիս համոզելու այս ընթացքն իրոք բավական դժվար էր:

-Արա՛մ, չնայած տեւական դադարից հետո վերադարձաք լրագրողական դաշտ, բայց այլ ձեւաչափով: Որքանո՞վ է այն բարդ կամ պատասխանատու։
– Քաղաքական դաշտի հետ որեւէ առնչություն չունեմ: FM 106-ի լրատվական թողարկումից հետո եթեր է հեռարձակվում «Ուրիշ նորությունները», որի շրջանակում ներկայացնում ենք գիտական վերջին հետազոտությունները, նորություններ մշակույթից, արվեստից, տիեզերքից:

«Տետ ա տետ»-ի շրջանակում ունենում ենք հասարակական գործունեություն ծավալող հյուրեր, որոշակի թեմաների քննարկում, որոնք կրկին քաղաքական բնույթ չեն կրում, եւ մեկ ծրագիր եմ վարում, որը բացառապես վերաբերում է բիզնեսին: Ի դեպ, վերջինի դեպքում նաեւ համահեղինակն եմ։ Ես ապաքաղաքական մարդ եմ, իսկ ինչ վերաբերում է բարդ կամ պատասխանատու լինելուն, ապա նշեմ, որ այստեղ ավելի շատ անցում կատարեցի դեպի խոսակցական ժանր, քանի որ նախկինում հիմնականում երաժշտական հաղորդումներ էի վարում։

Արամ Չախոյանի կինն ու դուստրը


- Երկար ժամանակ աշխատում եք տեղեկատվական դաշտում: Արդյո՞ք մասնագիտական կրթություն չունենալը երբեւէ չի խանգարել։
- Իմ այս աշխատանքն էլ առաքելության, ծառայության նման բան է: Եթե իմ հաղորդման ընթացքում ունենում եմ մեկ ունկնդիր, ով իմ առաջարկած նյութով կամ իմ հայտնած նորության շնորհիվ կսկսի հետաքրքրվել տիեզերքով, գեղեցիկով, մի նոր լուսավոր բան կբացահայտի իր համար, դա կլինի իմ ծառայությունն ու առաքելությունը: Ես կրթում եմ մարդու որոշակի տեսակ եւ այսքանով եմ ծառայում իմ հայրենիքին։ Մասնագիտական այս բնագավառում պետք է ճկուն միտք, բառապաշար, հմտություններ եւ շատ ընթերցելու ու մշտապես ավելին իմանալու ցանկություն, իսկ դժվարությունների բարեբախտաբար չեմ հանդիպել։

-Իսկ մասնագիտությամբ ճարտարապետ լինելը որքանո՞վ է օգնում Ձեզ աշխատանքում։
-Սա արվեստի եւ ինքնաարտահայտման ձեւ է, որտեղ կա նաեւ ճշգրտություն։ Իսկ ընտրությունը կարելի է կապել նաեւ այն հանգամանքի հետ, որ պապս մասնագիտությամբ ճարտարապետ էր, իսկ ծնողներս ճարտարագետ-ինժեներներ են։ Անկեղծ ասեմ՝ բժիշկ դառնալու ցանկություն էլ եմ ունեցել, թեպետ դպրոցը ոսկե մեդալով եմ ավարտել, սակայն քիմիայից միշտ կաղել եմ, այս առարկայի համար շատ մեծ էներգիա եմ վատնել, հետեւաբար, եկա այն եզրակացությանը, որ այդ երկու մասնագիտություններից պետք է ընտրել ճարտարապետությունը, որը կրթություն է ցանկացած որակով մարդու համար։

-Ի դեպ, հնարավորության դեպքում ի՞նչ կփոխեիք քաղաքում։
-Մեր քաղաքը հետիոտնի քաղաք է, որը նախատեսված չի եղել այսքան բնակչության համար եւ դանդաղ է հարմարվում այս ուրբանիզացիային: Կարծում եմ՝ շատ են բետոնը, անճաշակ եւ ոչնչին նմանություն չունեցող շենքերը։ Հետո ասում են՝ Երեւանը Հռոմից հին քաղաք է, իսկ ո՞ւր է այդ հնությունը, իսկ դրան զուգահեռ Հռոմում ամեն միլիմետրի վրա հանդիպում ենք պատմության: Քանի՞ գրքում կա Երեւանի մասին հիշատակում, իսկ քանիսո՞ւմ ենք հանդիպում Պրահան, Փարիզը… Հնությունը, որի մասին հաճախ ենք խոսում, պահպանել է պետք։

Արամ Չախոյանի ընտանիքը


-Ճարտարապետ, լրագրող, հաղորդավար Արամ Չախոյանը զբաղվում է նաեւ դիջեյինգով: Որքանո՞վ են այս ոլորտները նման:
-Երբ 90-ականներին սկսեցի զբաղվել դիջեյինգով, մենք նոր ենթամշակույթ էինք տարածում: Այսօր դիջեյները վարսավիրներից շատ են, դիջեյինգը վերածվել է արհեստավորության… Իսկ ո՞վ է դիջեյը. մարդ, ով փնտրում, այստեղից եւ այնտեղից գտնում է որակյալ երաժշտություն եւ ստանում, օրինակ, 2 ժամանոց երաժշտական ծրագիր: Սա մարդու ներաշխարհի ինքնաարտահայտման ձեւ է։ Հիմա էլ մեկ-մեկ ընկերներիս խնդրանքով զբաղվում եմ դիջեյինգով, այն միակ բանն է, որ կապում է երիտասարդությանս հետ… Ճարտարապետությամբ ստեղծվում է մնայուն արժեք, կարծես սառած երաժշտություն լինի. այն հատկապես բնորոշ է գոթական ճարտարապետությանը, որի սիրահարն եմ ես: Ափսոս չհասցրի զբաղվել ճարտարապետությամբ, քանի որ ավարտելուց հետո սկսվեց ծառայությունս, իսկ այդ ժամանակ երկրում շատ ավելի գլոբալ հարցեր ու խնդիրներ կային… Հաղորդավարի այս աշխատանքը ես մասնագիտություն չեմ համարում. այստեղ պետք են որոշակի հմտություններ, գիտելիք, բառապաշար եւ կարդալու ցանկություն: Այն ասես մեքենա վարելու նման բան է՝ պետք է սովորել։ Միջինում այս երեքին միավորում է ինքնաարտահայտումը, գեղեցիկի հանդեպ սերը եւ, իհարկե, որակը։

-Տարին նոր է սկսվել, ի՞նչ անձնական եւ գործնական պլաններ ունեք։
-Աշխատանքային մի անձնական նախագիծ ունեմ, որը խմորման փուլում է. օնլայն տիրույթում գործող խանութի մասին է խոսքը։ Այստեղ կոշիկ կամ այլ բան չի վաճառվելու, փոխարենն առաջարկելու ենք գնել շատ ավելի գեղեցիկ բաներ, իսկ ընտանիքի հետ կապված՝ պլանավորում ենք գնալ ծով, քանի որ փոքրիկին պետք է։ Սպասում եմ նաեւ Միլայի եւ ծովի ծանոթությանն ականատես լինելուն:

Զրուցեց Մարիամ Հովունին/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին