×


«Միսս աշխարհ Արմենիա»-ում հաղթել է Լիանա Ոսկերչյանը. Ֆոտոշարք

Երեկ Երեւանում գեղեցիկ իրարանցում էր. «Միսս աշխարհ Արմենիա» մրցույթի ժյուրիի անդամներ դերասան Միքայել Պողոսյանը, երգիչ Արամոն եւ երգչուհի Էմմա Պետրոսյանը, դիզայներ, լրագրող Գայանե Մանուկյանը, լրագրող, պրոդյուսեր Սահականուշ Սահակյանը, «Միսս Կալիֆորնիա Երկրագունդ» Զառա Գեմիլյանը, Թալար Արդինյանը եւ «Միսս Արմենիա» հիմնադրամի խորհրդի անդամ Ռուբինա Գրիգորյանն ընտրեցին այն երջանիկ աղջկան, ով դեկտեմբերի 14-ին կմեկնի Լոնդոն` ներկայացնելու Հայաստանը «Միսս աշխարհ» հեղինակավոր մրցույթում:

Սահականուշ Սահակյանը գեղեցկուհիներին մաղթեց մրցույթից հետո դառնալ բազմազավակ մայրեր.«Մեր կողքին Գոհար Հարությունյանի հրաշալի օրինակն է: Գեղեցիկը կհաղթի, բոլորիդ այդպիսի ապագա եմ մաղթում»,-ասաց նա:

«Միսս աշխարհ Արմենիա» գեղեցկության մրցույթին


Մրցույթը կայացավ 3 փուլով` տարազ, պար եւ երեկոյան զգեստներ: Երեկոյի հաղորդավարներից դերասանուհի Աննա Մանուչարյանը հիշեցրեց, որ «լողազգեստ» փուլը հանվել է 5 տարի առաջ, ինչի առթիվ հաղորդավար Ռաֆայել Երանոսյանն ափսոասանք հայտնեց՝ կատակելով՝ էլ ո՞ւմ է պետք մրցույթը, կարող ենք տուն
գնալ:): Հենց նրա կատակներն էին մեղմացնում 23 աղջիկների լարվածությունը:

3 փուլերից հետո ժյուրին ընտրեց 10 մասնակցի, ովքեր անցան եւս մեկ փորձություն: Ապա հայտարարվեցին այն 5 մասնակիցների անունները, ովքեր անցան վերջին` հարցազրույցի փուլ: Նրանք էին՝ Միլենա Տարյանը, ով միանգամից անցավ հնգյակ, քանի որ ինտերնետային տասնօրյա քվեարկության արդյունքում արժանացավ «Միսս հանդիսատեսի համակրանք» տիտղոսին, Մոնիկա Գրիգորյանը, Լիանա Իսրայելյանը, Լիանա Ոսկերչյանը, ով արժանացավ «Միսս մեդիա» տիտղոսին, եւ Անետա Գաբրիելյանը:

«Միսս աշխարհ Արմենիա» գեղեցկության մրցույթին


Բոլոր փորձությունները հաղթահարեց ու հաղթող ճանաչվեց Լիանա Ոսկերչյանը: Լիանան 20 տարեկան է, Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանող է, ապագա քաղաքագետ: Հաղթանակից րոպեներ անց գեղեցկուհին արդեն մտածում էր պատրաստվելու մասին, որպեսզի լավագույնս ներկայացնի Հայաստանը «Միսս աշխարհ» մրցույթում:

Լիանա Ոսկերչյանը


«Ես շատ ֆավորիտներ ունեի, որոնցից մեկը Դայանան էր, ով դարձավ «Միսս Տիեզերք Հայաստան»: Բոլորն էլ շատ լավն էին, մեր միջեւ մրցակցություն չկար, ընկերական հարաբերություններ էին: Այս պահին շատ հուզված եմ»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց նա:

Դայանան էլ իր հերթին էր հաղթողի դերում տեսնում Լիանա Ոսկերչյանին. «Լիանան իմ գլխավոր ֆավորիտն է այսօր: Իմ կյանքն իմ հաղթանակից հետո շատ է փոխվել: Ամեն օր հարյուրավոր շնորհավորանքներ եմ ստանում: Շատ մեծ, բայց հաճելի պատասխանատվություն եմ զգում, քանի որ ներկայացնելու եմ Հայաստանը»,-ասաց գեղեցկուհին:

«Միսս աշխարհ Արմենիա» գեղեցկության մրցույթին


Միջոցառումն իրենց կատարումներով ավելի գեղեցկացրին Նիկ Էգիբյանը, Գոռ Եփրեմյանը, «Դետք» խումբը: Ի դեպ, «Իքս ֆակտոր 2014» մրցույթի հաղթող Վահե Մարգարյանը կատարեց Շառլ Ազնավուրի «She» երգը: Կատարման ժամանակ էլ աղջիկները ցուցադրեցին իրենց երեկոյան զգեստները, ինչը «Victoria's Secret»–ի շոուների ոճով էր:

Վերջում գեղեցկուհիներից կեսկատակ-կեսլուրջ հետաքրքրվեցինք, այնուամենայնիվ, մեկ կիլոգրամ երկա՞թն է ծանր, թե՞ բամբակը: Այս անգամ միաձայն ասացին՝ հավասար են:):

Տեքստը` Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW