Կոմիտասի թանգարան-ինստիտուտում երեկ դասական երաժշտության մեծ ու սպասված երեկո էր: Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակն այս տարվա իր վերջին ելույթով հայտարարեց ընթացիկ համերգաշրջանի ավարտը: Երաժիշտները, ովքեր ավելի հաճախ հանդես են գալիս արտերկրում, խոստովանում են, որ երբեմն շատ են սպասեցնում իրենց հանդիսատեսին, թեեւ առանձին ելույթներ ունենում են նաեւ տարբեր փակ միջոցառումների շրջանակներում: Այս տարի հասցրել են երկու-երեք համերգ ունենալ Հայաստանում, առաջիկայում էլ պատրաստվում են կրկին մեկնել հյուրախաղերի: BRAVO.am-ը ներկա է եղել համերգին, զրուցել է խմբի անդամների հետ, ինչպես նաեւ հետաքրքիր մանրամասներ պարզել առաջիկա ծրագրերի մասին:
«Միրզոյան քառյակի» համերգային ծրագրում հնչեցին Հայդնի եւ Շուբերտի հայտնի գործերը: Վերջինիս «Աղջիկը եւ մահը» ստեղծագործությունն առաջին անգամ էր հնչում խմբի կատարմամբ, թեեւ, ինչպես իրենք են ասում, վաղուց էին երազում այդ բարդագույն գործը նվագել միասին. «Երաժիշտները կհաստատեն իմ խոսքերը, որ դա մի իսկական գլուխգործոց է ու երբեւէ աշխարհում գրված ամենաբարդ ստեղծագործություններից մեկը լարային քառյակի համար: Սա, կարելի է ասել, պրեմիերա էր, քանի որ չգիտեմ` որքան վաղուց Հայաստանում չի կատարվել այս գործը»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց ջութակահար Սոնա Ազարյանը:
«Միրզոյան քառյակը»
Նրա խոսքով՝ արդեն խորհրդանշական է դարձել ամեն տարի փակման համերգն անցկացնել Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, քանի որ այն հրաշալի վայր է թե՛ հանդիսատեսի եւ թե՛ երաժիշտների համար. «Գիտե՞ք, մենք շատ ենք սիրում այս համերգասրահը, որն արդեն մի քանի տարի է՝ մեզ տրամադրում են համերգաշրջանի ավարտին: Դրա համար շատ շնորհակալ ենք թանգարանի տնօրինությանն ու մշակույթի նախարարությանը, եւ հույս ունեմ՝ մենք էլ ինչ-որ օգուտ ենք բերում թանգարանին: Այսինքն՝ ինչպես տեսնում եք, մեր համերգներն անցնում են լեփ-լեցուն դահլիճներում, եւ հաճախ այստեղ գալիս են մարդիկ, որոնք նույնիսկ չգիտեին՝ Երեւանում նման շքեղ համերգասրահ կա՝ նորագույն տեխնիկայով հագեցած: Ուրախ եմ, որ շատերն առաջին անգամ այստեղ գալիս են մեր շնորհիվ»:
Սոնան անկեղծացավ, որ ամեն անգամ ինքն ու իր գործընկերները մտածում են՝ այլեւս երբեք համերգ չեն ունենա ամռանը, քանի որ, չնայած դահլիճների օդափոխմանը, շատ դժվար է մոտ երկու ժամ անդադար նվագել շոգ եղանակին. «Սկզբում մեզ թվաց, որ նույնիսկ ցուրտ է, քանի որ սրահն ամբողջությամբ օդափոխվում է, բայց հենց հանդիսատեսը ներս մտավ, լույսերը վառվեցին, եւ մենք սկսեցինք նվագել, արդեն տանջալի դարձավ երկար ժամանակ աշխատելը (ժպտում է,- հեղ.): Բայց, եթե կատակը մի կողմ, ապա անձամբ ես գոհ եմ համերգի ընթացքից: Միգուցե տղաներն ավելի խիստ կլինեն իրենց գնահատականներում :)»,- նկատեց նա:
«Միրզոյան քառյակի» համերգին
Սոնա Ազարյանն ասաց, որ քառյակի կազմով սեպտեմբերից կրկին մեկնելու են համերգային շրջագայության, որի սկիզբը կլինի Ռուսաստանում: Այնուհետեւ հրավեր են ստացել նաեւ Բեյրութից` մասնակցելու Լիբանանում կայանալիք միջազգային երաժշտական փառատոնին: Ընդ որում` քառյակն այստեղ միանգամից երկու համերգ կունենա: Ջութակահարի խոսքով` աշնանն իրենք կրկին կվերհիշեն իրենց համերգային ծրագիրը, որոշ նոր գործեր կավելացնեն, կփոփոխեն եւ կհայտնեն իրենց նոր ելույթների մասին: Երաժշտասերներին մնում է հետեւել «Միրզոյան քառյակի» ֆեյսբուքյան պաշտոնական էջին` նոր համերգների մասին տեղեկանալու համար:
Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: