×


«Ննջասենյակային զավեշտ» ներկայացման պրեմիերան եւ հայտնի հյուրերը

Սիրային կրքեր, ննջասենյակային զավեշտալի իրավիճակներ՝ Արա Դեղտրիկյանի, Անահիտ Կիրակոսյանի, Վիլեն Սարգսյանի, Աելիտա Գեւորգյանի, Կարապետ Քարաջյանի, Արթուր Պետրոսյանի, Լաուրա Բաբայանի եւ Արեւիկ Ավետիսյանի մասնակցությամբ: Երեկ Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնում պրեմիերան էր. հանդիսատեսին ներկայացվեց Ալան Էյկբորնի «Ննջասենյակային զավեշտ» կատակերգությունը՝ Ժիրայր Բաբազյանի բեմադրությամբ:

«Ննջասենյակային զավեշտ» ներկայացման պրեմիերային


Բեմում տեղադրված երեք ննջասենյակներում պարբերաբար տարբեր ու ծիծաղելի իրադարձություններ էին տեղի ունենում: Յուրաքանչյուր սենյակը մի զույգի համար էր նախատեսված, սակայն կար մի չորրորդ զույգ, որը պարբերաբար հայտնվում էր այս կամ այն ննջասենյակում եւ էլ ավելի թեժացնում ներկայացման ծիծաղաշարժ ընթացքը: Հենց այդ զույգին էլ մարմնավորում էին Անահիտ Կիրակոսյանն ու Վիլեն Սարգսյանը՝ Սյուզանի եւ Թրեւրի կերպարներով:

BRAVO.am-ի հետ զրույցում Անահիտ Կիրակոսյանը խոսել է իր կերպարի մասին. «Նա հոգեբանական խնդիրներ ունեցող կին է, մի փոքր տարօրինակ է, մեր լեզվով ասած՝ տարած է: Շատ հիստերիկ, երբեմն հուզական, երբեմն լացկան կին է, չի հասկանում ՝ ինչ է ուզում, ինչու են իր հետ վատ վարվում: Եվ որպեսզի հանգստացնի իրեն, անընդհատ տարօրինակ վարժություններ է անում»:

«Ննջասենյակային զավեշտ» ներկայացման պրեմիերային


Անդրադառնալով ռեժիսորի հետ աշխատանքին՝ դերասանուհին ասել է.«Նա եկել է Ֆրանսիայից, բայց Հայաստանի այլ թատրոններում ներկայացումներ արդեն իսկ բեմադրել է: Պիեսի ընտրությունը եւ նաեւ թարգմանությունը նրանն է: Հետաքրքիր էր աշխատել նոր ձեռագրով եւ, ինչո՞ւ ոչ, ոչ հայկական մտածելակերպով ռեժիսորի հետ, որովհետեւ դերասանի հետ աշխատանքը շատ յուրօրինակ էր: Հեշտ ու ընկերական մթնոլորտում 3-4 ամսում պատրաստեցինք այս ներկայացումը»:

Անահիտից հետաքրքրվել ենք նաեւ՝ որքանով է իր մարմնավորած այս կերպարը տարբերվում նախորդներից.«Նախորդ դերս Անուշն էր՝ դրամատիկ կերպար, գյուղական աղջիկ, իսկ այստեղ անգլիական ոճով, հումորով համեմված հիստերիկ կերպար է: Վերջապես մեծերի համար էլ ներկայացում կունենանք: Խաղընկերս Վիլենն է Սարգսյան, ինչի համար շատ ուրախ եմ: Առաջին անգամ է, որ մենք որպես զույգ ենք ներկայանում: Շատ բան է կախված խաղընկերոջից, շատ լավ կայացել է մեր դուետը: Ուրախալի է նաեւ խաղալ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանի հետ, զավեշտի մեջ նրա պրոֆեսիոնալիզմը ստիպում է օրինակ վերցնել եւ, ժամանակ առ ժամանակ բեմից դուրս լինելով, որպես հանդիսատես հետեւել նրա խաղին»:

«Ննջասենյակային զավեշտ» ներկայացման պրեմիերային


Առաջնախաղն աչքի է ընկել նաեւ իմպրովիզներով, ինչը գուցե հանդիսատեսը չի էլ զգացել.«Մի հատված կա, երբ քնած եմ, վատ երազից պետք է արթնանամ աղմկելով, եւ պարոն Դեղտրիկյանը պետք է ներս գա, բայց նա չեկավ, եւ ես երկրորդ անգամ խաղարկեցի այդ տեսարանը: Թատրոնը կենդանի արվեստ է. երկրորդ դուբլ չկա, պետք է տեղում հասկանաս իրավիճակը»,-նշել է դերասանուհին:

«Ննջասենյակային զավեշտ» ներկայացման պրեմիերային


Վիլեն Սարգսյանն էլ, խոսելով իր կերպարի մասին, ասել է.«Բացարձակ նման չէ ինձ, նման կերպար չեմ ունեցել երբեք: Փորձել եմ նրա մեջ գտնել էմոցիա եւ դրա շուրջ կառուցել կերպարը: Թրեւրը մեծ երեխա է, ինչ-որ չափով չի մեծացել»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport