Վախեր, կարծրատիպեր, միֆեր, խարան, խտրականություն՝ սրանք այն երեւույթներն են, որոնց գրեթե ամեն օր առնչվում են ՄԻԱՎ-դրական կարգավիճակով մարդիկ Հայաստանում: Հասարակության այս վերաբերմունքից խուսափելով՝ շատերը նաեւ հրաժարվում են բժշկական հետազոտությունից ու մասնագիտական օգնությունից: Իհարկե, նման վախերն ու խտրական վերաբերմունքն առաջ են գալիս թերի տեղեկացված լինելու հետեւանքով, երբ մարդիկ հստակ չգիտեն, թե ինչ ճանապարհով կարող են վարակվել եւ ինչպես կարող են պաշտպանվել:
«Եղիր տեղեկացված» հասարակական կազմակերպությունը որոշել է լրացնել այդ բացը՝ նախաձեռնելով հանրային իրազեկման մեծ միջոցառումներ ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում: BRAVO.am-ը զրուցել է կազմակերպության նախագահ Արուսիկ Մկրտչյանի՝ դիջեյ Վակցինայի հետ եւ պարզել, թե ուշագրավ ինչ վիճակագրություն կա Հայաստանում ՄԻԱՎ վարակի հետ կապված, եւ ինչ ծրագրեր են իրականացվել հանրային իրազեկման ուղղությամբ:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ Հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500, որոնցից 2018թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ 74%-ը (2589) գիտեր իր կարգավիճակի մասին, իսկ նրանցից ՀՌՎ բուժում ստանում էր 72%-ը (1871): Արուսիկ Մկրտչյանը մեր զրույցում նկատեց, որ Հայաստանում յուրաքանչյուր մարդ մտավախություն ունի ՄԻԱՎ հետազոտություն անցնել, քանի որ դրական պատասխանի դեպքում կարող է արժանանալ մարդկանց խտրական վերաբերմունքին ու մեկուսացվել հասարակությունից: Այդ պատճառով էլ որոշել են սոցիալական հոլովակներ տարածել՝ ցույց տալու համար, որ ՄԻԱՎ վարակի մասին մարդկանց պատկերացումների մեծ մասը միֆեր են:
Հոլովակները նկարահանել է «Արաբկիր» ԲՀ-ի «Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտը» Status Digital-ի հետ՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ:
«Յուրաքանչյուրը պիտի պատասխանատվություն զգա եւ չվախենա ՄԻԱՎ հետազոտություն անցնել, որը Հայաստանում իրականացվում է անվճար եւ ցանկության դեպքում՝ նաեւ անանուն: Այդպիսով մարդիկ պահպանում են իրենց առողջությունը եւ որ ամենակարեւորն է՝ նաեւ իրենց զուգընկերոջն են պաշտպանում: Մեր պատրաստած տեսանյութերից մեկում, օրինակ, ներկայացվում է, որ ՄԻԱՎ-ը չի կարող խանգարող հանգամանք դառնալ հարաբերությունների եւ սիրո համար: Այսինքն՝ ճիշտ բուժում ստանալու եւ պաշտպանվելու դեպքում հնարավոր է նաեւ առողջ երեխաներ ունենալ: Մյուս տեսանյութում ներկայացվում է, թե կենսաբանական ինչ հեղուկների միջոցով կարող է փոխանցվել ՄԻԱՎ-ը, եւ որ մարդկանց ունեցած պատկերացումներն այդ առումով մեծ մասամբ անիրական են: Իսկ երրորդ հոլովակում խոսվում է այն մասին, որ ՄԻԱՎ վարակով հիվանդների խնամքը վտանգավոր չէ խնամողների համար, քանի որ կենցաղային ճանապարհով ՄԻԱՎ վարակը չի փոխանցվում»,- պատմեց Արուսիկը:
/
Նրա խոսքով` այս տարի իրականացված հանրային իրազեկման միջոցառումներին Երեւանում ու մարզերում մասնակցել են մեծ թվով երիտասարդներ, որոնք էլ եղել են այս երեք հոլովակների առաջին դիտողները: Կազմակերպված քննարկումների ընթացքում նրանք ծանոթացել են ՄԻԱՎ վարակի հետ կապված կարեւոր տեղեկատվությանն ու ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները:
Ի դեպ, նշենք, որ վիճակագրության համաձայն` ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երեւանի բնակիչների շրջանում՝ 1136 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 31%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվարկը 100 000 բնակչի հաշվով ցույց է տալիս, որ ամենաբարձր ցուցանիշը Շիրակի մարզում է՝ 171,5 որին հաջորդում են Լոռու, Գեղարքունիքի եւ Արարատի մարզերը համապատասխանաբար՝ 162,7, 123,4, 120,1:
Պաշտոնական տվյալները փաստում են, որ 1988 թվականից մինչեւ 2019 թվականի հոկտեմբերի 31-ը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 3694 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 429-ը` 2018թ.-ի ընթացքում: ՄԻԱՎ վարակի արձանագրված դեպքերի ընդհանուր կառուցվածքում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 2562 մարդ (69%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 1132 դեպք (31%): ՄԻԱՎ վարակի 61 դեպք (1,7%) է արձանագրվել երեխաների մոտ: Նշենք նաեւ, որ Հայաստանում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (72%) եւ թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (20%): Սրանցից բացի, արձանագրվել են նույնասեռական ճանապարհով, մորից երեխային եւ արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:
Արուսիկ Մկրտչյանը
Արուսիկ Մկրտչյանն ընդգծում է` որպեսզի այս ցուցանիշները նվազելու միտում ունենան, եւ վարակն ավելի քիչ թվով մարդկանց այցելի, կարեւոր է թեմայի մասին բավարար գիտելիքներ ունենալն ու վարակակիր մարդկանց հասարակությունից չմեկուսացնելը, նրանց խտրական վերաբերմունքի չենթարկելը: Հարկավոր է ժամանակին անցնել ՄԻԱՎ հետազոտությունը` պահպանելով սեփական առողջությունը եւ, իհարկե, պաշտպանելով նաեւ մյուսներին:
Նշենք, որ նախորդ տարի էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մասին թյուր պատկերացումների հաղթահարմանն ուղված հոլովակ էր նկարահանել հենց «Եղիր տեղեկացված» ՀԿ-ն: Տեսանյութը ներկայացնում ենք ստորեւ.
Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: