×


«Շաբաթօրյակ». Ոսկե գլոբուսի ինտրիգները, Շեյքի տարեդարձը, Վոդյանովայի մատանին ու շատ նիհարած Ադելը

Ինչպես սկսենք տարվա առաջին «Շաբաթօրյակն», այնպես էլ կշարունակենք 2020-ի ընթացքում: Այս անգամ այն մի քիչ ոսկե գլոբուսոտ է ստացվել, որում շատ մրցանակակիրներ կան, գեղեցիկ զգեստներ, տպավորիչ ելույթներ: Կուղեւորվենք նաեւ Մեծ Բրիտանիա, որտեղ ամեն ինչ հարթ չէ արքայական ընտանիքում, կհետեւենք Շեյքի խորհուրդներին, կգնահատենք Վոդյանովայի նշանադրության ադամանդե մատանին ու կզարմանանք, թե որքան շատ է նիհարել Ադելը:

«Ոսկե գլոբուս»-ի հաղթողները

Տարվա սկզբի ամենաքննարկված ու աստղաշատ միջոցառումը Լոս Անջելեսում 77-րդ անգամ կայացած «Ոսկե գլոբուսն» էր:

Երեկոյի երջանիկների թվում էր Սեմ Մենդեսը, որը լավագույն ռեժիսոր ճանաչվեց, իսկ նրա «1917»-ը՝ լավագույն դրամատիկական ֆիլմ:

«Ջոքեր»-ում մարմնավորած դերի համար Խոակին Ֆենիքսը լավագույն դերասանի մրցանակը ստացավ, իսկ լավագույն դերասանուհու կոչմանն արժանացավ Ռենե Զելվեգերը՝ «Ջուդի» ֆիլմում երգչուհի Ջուդի Հերալդին մարմնավորելու համար:

Լավագույն կատակերգության մրցանակը Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմինն է, որում հանդես եկած Բրեդ Փիթը երկրորդ պլանի լավագույն դերասան ճանաչվեց:


Լավագույն մինի սերիալը «Չերնոբիլն» է, «Թագը» դրամատիկական սերիալում մարմնավորած դերի համար էլ գլոբուս ստացավ Օլիվիա Քոլմանը:

Այս տարի կինեմատոգրաֆում ունեցած մեծ ավանդի համար Սեսիլ Դե Միլլի մրցանակը հանձնվեց Թոմ Հենքսին, որը չափազանց հուզված էր ու քիչ էր մնում արտասվեր:

Ակվաֆինան էլ «Հրաժեշտ» ֆիլմի համար ստացած գլոբուսի շնորհիվ պատմության մեջ մտավ. նա ասիական ծագման առաջին դերասանուհին է, որ գլխավոր մրցանակ ստացավ «Ոսկե գլոբուս»-ում:


Համարձակ հաղորդավարը

Երեկոյի հաղորդավարն էր Ռիկի Ջերվեյսը, որը հայտնի է իր համարձակ արտահայտություններով, բայց նա առիթը բաց չի թողնում կատակել նաեւ իր հասցեին: Ջերվեյսը 4 տարի առաջ էլ վարել է մրցանակաբաշխությունը:

Այս անգամ նրա սուր լեզվի զոհ դարձավ Լեոնարդո ԴիԿապրիոն: Ջերվեյսը նշեց, որ դերասանը սիրում է հանդիպել բավական երիտասարդ կանանց հետ:

«Լեոնարդոն եղել է «Մեկ անգամ Հոլիվուդում»-ի պրեմիերային, ու ֆիլմի վերջում նրա ընկերուհին արդեն բավական ծեր էր դերասանի համար»,- բեմից հայտնել է Ռիկին՝ ակնարկելով, որ 2 ժամ 40 րոպեն բավական երկար է ֆիլմի տեւողության համար:


Նա չի թաքցրել, որ բավական երկար է ստացվել նաեւ «Իռլանդացին»: «Հիմա մենք կդիտենք ֆիլմից մի փոքրիկ հատված` 88 րոպե»,- կատակել է հաղորդավարը:

Քաղաքական ելույթներ

Գրեթե ցանկացած հավաքույթի ժամանակ քաղաքական հայտարարություններից զերծ մնալ չի լինում: Բացառություն չէր նաեւ «Ոսկե գլոբուսը», թեեւ նախապես դերասաններին զգուշացրել էին չխոսել այդ մասին:

Ամենաազդեցիկ ելույթներից մեկը 2-րդ երեխային սպասող Միշել Ուիլյամսինն էր: Դերասանուհին դիմեց բոլոր կանանց ու խնդրեց, որ նրանք օգտվեն իրենց ձայնի իրավունքից:

«Առանց ընտրելու իրավունքի կյանքում շատ բանի չէի հասնի: Օրինակ՝ ընտրել, թե ում հետ ու երբ երեխաներ ունենալ: 18-ից մինչեւ 118 տարեկան կանայք, երբ գա ընտրելու ժամանակը, արեք դա ձեր իսկ սեփական շահերից ելնելով: Տղամարդիկ տարիներով են այդպես անում, դրա համար էլ աշխարհն այնքան նման է նրանց: Բայց մի մոռացեք, որ դուք ավելի շատ եք: Այնպես արեք, որ աշխարհը ձեզ ավելի նման լինի»,- ասել է դերասանուհին իր մրցանակը ստանալուց հետո:


Մինի սերիալում կնոջ լավագույն դերի համար մրցանակի արժանացած Պատրիսիա Արկետն էլ խոսել է կարեւոր մի քանի թեմայից:

«ԱՄն-ն պատերազմի շեմին է, նախագահը Twitter-ում սպառնում է ռումբերով, որոնք կարող են ընկնել նաեւ մշակութային կառույցների վրա: Մարդիկ ճանապարհորդում են ու չգիտեն, որ այդ ռուբերի զոհ կարող են դառնալ, Ավստրալիան էլ կրակների մեջ է: Ես շատ եմ սիրում երեխաներիս ու ցանկանում եմ նրանց ավելի լավ աշխարհ թողնել: Հանուն մեր երեխաների ու նրանց երեխաների պետք է ընտրենք 2020-ին»,- հայտարարել է նա:


Ռասել Քրոուիի ուղերձը

Երեկոյի գլխավոր թեման ոչ միայն ԱՄՆ-ում սպասվող ընտրություններն էին. Ավստրալիայում տարածված սարսափելի հրդեհները եւս չշրջանցվեցին:

«Ամենաբարձր ձայնը» սերիալում մարմնավորած դերի համար մրցանակի արժանացած Ռասել Քրոուն բացակայում էր. նա Ավստրալիայում իր ընտանիքի կողքին էր ու պաշտպանում էր իր տունը հրդեհից:
Հյուրերի համար դերասանն ուղերձ ուներ, որը ներկայացրին Ջենիֆեր Էնիսթոնն ու Ռիզ Ուիզերսփունը:

«Ավստրալիայի աղետի պատճառը կլիմայի փոփոխություններն են: Մեզ անհրաժեշտ է գործել, հիմնվել գիտության ձեռքբերումների վրա, հարգել մեր մոլորակն այն բանի համար, որ այն եզակի ու հրաշալի վայր է»,- ասված էր նամակում:


Փիրս Բրոսնանը հայտարարեց, որ բոլորը հրդեհից տուժածների հետ են ու մաղթեց, որ նրանք ամուր լինեն: Ֆիբի Ուոլլեր-Բրիջն էլ խոստացավ Ralph & Russo-ից իր կոստյումն աճուրդի հանել ու գումարը տրամադրել հրդեհների դեմ պայքարին:

Էնիսթոնն ու Փիթը՝ միասին

Երեկոյի ամենասպասված ու քննարկված թեման Բրեդ Փիթի եւ Ջենիֆեր Էնիսթոնի հանդիպումն էր: Վերջին անգամ նրանք միասին մրցանակաբաշխությանը մասնակցել էին 2002-ին: Փիթը 2005-ին Էնիսթոնից բաժանվել է՝ ամուսնանալով Անջելիա Ջոլիի հետ, ինչից հետո դերասանները չեն շփվել:

Ելույթ ունենալիս Փիթը կատակեց, թե ցանկացել է մայրիկին էլ բերել իր հետ, բայց ամուսնալուծությունից հետո ցանկացած կնոջ հետ, որ նրա կողքին անգամ կանգնում է, սիրավեպ են վերագրում: Այդ ժամանակ էլ տեսախցիկները ֆիքսել են Էնիսթոնի հետաքրքիր ռեակցիան:



Ռենեի վերադարձը

Երկարատեւ դադարից հետո վերջապես Ռենե Զելվեգերը ոչ միայն նկարահանվեց ֆիլմում, այլ նաեւ մրցանակ ստացավ: 2000-2007 թթ. նա «Ոսկե գլոբուս»-ի մշտական հյուրն է եղել ու 3 անգամ մրցանակով հեռացել: Վերջին անգամ դա պատահել էր 2004-ին, դրանից հետո դերասանուհին խուսափում էր խոշոր միջոցառումներից: 2020-ին նա կարմիր գորգ վերադառնալու լուրջ պատճառ ուներ:

Զելվեգերը ստացավ չորրորդ գլոբուսը՝ այս անգամ «Ջուդի» ֆիլմի համար: «17 տարի անց ամեն ինչ հիանալի տեսք ունի»,- մրցանակը ստանալիս ասաց դերասանուհին:



Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1969 թվականին, երբ Ջուդի Գարելդը մեկնում է Լոնդոն՝ իր հայտնի The Talk of the Town համերգին: Կադրում պատկերված է հոգնած, հյուծված ու իրեն կորցրած երգչուհին: Նա լուրջ վերելքներ ու անկումներ է ունեցել, պայքարում է ալկոհոլ ու թմրանյութեր օգտագործելու արդյունքում ունեցած հիվանդությունների դեմ: Ջուդին նաեւ միայնակ 3 երեխաների է դաստիարակում:

Ֆիլմի պրեմիերան մի քանի օր առաջ է տեղի ունեցել Տորոնտոյում: Շատ կինոքննադատներ կարծում են, որ դա Զելվեգերի կարիերայի վերելքն է ու նրա երբեւէ մարմնավորած լավագույն դերը: Հիմա սպասում են, որ նա այդ դերի համար նաեւ Օսկար է ստանալու:


Դերասանուհին խոստովանել է, որ Ջուդիին մարմնավորելն իր համար ամենաբարդն եղել.«Ջուդիի ամենամեծ տաղանդը լսարանի հետ շփվելն էր: Երբ նա երգում էր, ամեն մեկը զգում էր, թե երգչուհին անձամբ իր հետ է խոսում: Նա մարդկանց լսելու ու լսելի դարձնելու ձիրքով է ծնվել, մինչ օրս ամբողջ աշխարհում երգիչներին ու արվեստագետներին ոգեշնչում է»,- ասել է Ռենեն:

Ի դեպ, ֆիլմում հնչող բոլոր երգերը Զելվեգերն ինքն է կատարել: Դերասանուհու  ձայնը լսել ենք նաեւ 2002-ին նկարահանված «Չիկագո» մյուզիքլում, որը 6 Օսկարի է արժանացել: Զելվեգերը 2-րդ պլանի լավագույն դերասանուհի էր ճանաչվել:

Առանց հաղորդավարի

Քանի որ խոսք եղավ Օսկարի մասին, նշենք, որ 92-րդ մրցանակաբաշխության ժամանակ էլ նախորդ տարվա պես հաղորդավար չի լինի:

Մինչ այդ միայն մեկ անգամ էր Օսկարն առանց հաղորդավարի անցկացվել՝ 1989 թվականին կայացած 61-րդ մրցանակաբաշխության ժամանակ: Երեկոն մեկնարկել էր Ռոբ Լոուիի երաժշտական համարով. նա «Proud Mary» ստեղծագործությունը կատարել էր Սպիտակաձյունիկի հետ: Այդ 11 րոպեն Օսկարի պատմության մեջ վատագույնն են համարվում:


Երեկոն առանց հաղորդավարի անցկացնելու 2019-ի որոշումը դրական ազդեցություն ունեցավ, հեռարձակմանը հետեւեց 29,6 մլն մարդ: 2018-ին Ջիմ Քիմելի վարած շոուի ցուցանիշը 26,5 մլն էր:

Հունվարի 13-ին հայտարարվելու են անվանակարգերի թեկնածուները, իսկ արձանիկների տերերի անունները հայտնի կդառնան փետրվարի 9-ին:

Խնդիրներ արքայական ընտանիքում

Սասեքսի դուքս եւ դքսուհի Հարրին ու Մեգանը հրաժարվել են արքայական ընտանիքի անդամների կարգավիճակից եւ կոչումներից: Նրանք ցանկանում են ֆինանսապես անկախ լինել ու ապրել 2 մայրցամաքներում: Զույգը պլանավորում է ապրել ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ Հարավային Ամերիկայում եւ սեփական բարեգործական կազմակերպությունը բացել:

Հարրիի ու Մեգանի խոսքով՝ այդ որոշումը մի քանի ամսվա երկար քննարկումների արդյունքում են կայացրել: Զույգն իր տարածած հաղորդագրության մեջ հայտնել է, որ լիովին պաշտպանելու են թագուհուն, բայց միաժամանակ ցանկանում են նոր դերակատարում ունենալ սահմանադրական միապետությունում:


«2 մայրցամաքներում ապրելով՝ մեր որդուն թագավորական ավանդույթներով կմեծացնենք, ինչի իրավունքը նա ի ծնե ունի: Միաժամանակ էլ մեր ընտանիքն ավելի շատ տեղաշարժվելու իրավունք կստանա, ինչի արդյունքում կգործարկվի բարեգործական հիմնադրամը»,- ասված է հայտարարության մեջ:

Բուքինգհեմյան պալատում այդ որոշման մասին ոչինչ չեն իմացել: The Times-ը գրում է, որ թագուհին շատ հիասթափված է, քանի որ զույգը չի խորհրդակցել ոչ իր հետ, ոչ էլ արքայազն Չարլզի: Եղիսաբեթ II-ը թոռան հետ լարված հարաբերություններ ունի՝ նրա հարսանիքից սկսած:

Լոնդոնում գործող Մադամ Տյուսոյի թանգարանը թագավորական ընտանիքին նվիրված ցուցադրությունից արդեն հեռացրել է Հարրիի ու Մեգանի մոմե արձանները:


Միդլթոնի տարեդարձը

Հունվարի 9-ին Քեյթ Միդլթոնը դարձավ 38 տարեկան, բայց ավանդույթի համաձայն, տարեդարձն ավելի շուտ նշեց: Նախ կիրակի նա արքայազն Ուիլյամի հետ Սանդրինգեմի եկեղեցում կիրակնօրյա պատարագին մասնակցեց, այստեղ էին եկել նաեւ նրանց ընկերները:

Դրանից հետո բոլորն ուղեւորվել են Անմեր-Հոլլ, որտեղ էլ տոնել են տարեդարձը: Ասում են, որ Հարրին ու Մեգանն այդ հավաքույթին ներկա չեն եղել, ինչի առիթով եւս խիստ քննադատության են ենթարկվել:


Անկրկնելի հոբելյարը

«Մի մտածեք տղամարդու մասին, մտածեք ձեր մասին»: Սա այս շաբաթվա հոբելյար, գեղեցկուհի ու սեքսուալ մոդել Իրինա Շեյքի խորհուրդն է: 34-ամյա Իրինան չի սիրում քննարկել անձնական կյանքը, բայց տարեդարձի նախօրեին մի քանի գաղտնիք է բացահայտել իր մասին:

«Երբեք դիետա չեմ պահել, երբեք: Անգամ դստերս ծննդից հետո: Լավ գեներիս համար շնորհակալ եմ ծնողներիս: Երբեք ուտելիքի հարցում ինձ չեմ սահմանափակում: Անգամ Փարիզի նորաձեւության շաբաթվա ժամանակ կրուասաններից ու բագետներից չեմ հրաժարվել»,- խոստովանել է գեղեցկուհին:


Շեյքը չի թաքցնում սեքսուալ լինելու գաղտնիքը: Կարծում է, որ եթե միայն կենտրոնանաք տղամարդուն դուր գալու վրա, ոչինչ չի ստացվի: Մտածել է պետք ինքներդ ձեզ դուր գալու մասին.

«Սեքսուալությունը ներքին ներդաշնակության արդյունք է, հենց դա է պատասխանատու մոգություն տեղի կունենա՞, թե՝ ոչ: Եթե այն չկա, միանգամից զգացվում է: Հենց ինքներդ ձեզ հետ ներդաշնակ լինեք, տղամարդն էլ ձերը կլինի»:

Հարսանիքի պատրաստվող Վոդյանովան

Մինչ ռուս մեկ գեղեցկուհին տարեդարձը տոնեց, մյուսը պատրաստվում է հարսանիքի: Ամանորի գիշերը 37-ամյա Նատալյա Վոդյանովան հայտարարեց, որ շուտով ամուսնանալու է 42-ամյա բիզնեսմեն Անտուան Արնոյի հետ: Նա Ինստագրամում համատեղ լուսանկար է հրապարակել ու ցուցադրել մեծ ադամանդով մատանին:

View this post on Instagram

A post shared by Natalia Vodianova (@natasupernova) on



«Տարին գեղեցիկ էր ու հիշվող: 2020, մենք պատրաստ ենք»,- գրել է նա:

Զույգը ծանոթացել է 2008 թվականին, սակայն մտերմացել է 1 տարի անց: Նախաձեռնողը եղել է Ֆրանսիայի ամենահարուստ մարդու` Բեռնար Արնոյի որդին: Արնոյի ընտանիքը Louis Vuitton Moet Hennessy կայսրության տերն է:

«Նատալյան անգամ չի էլ հիշում, բայց երբ նրան տեսա, բառիս բուն իմաստով ծնոտս կախ ընկավ: Նա, իհարկե, գեղեցկուհի է, բայց նրա մեջ բացառիկ բան կա` հայացքը: Նրա շուրջը լիովին այլ մթնոլորտ է»,- հիշել է սիրահարված փեսացուն:

2014 թվականին ծնվել է նրանց որդին՝ Մաքսիմը, իսկ 2016-ին՝ Ռոմանը: Մինչ այդ Վոդյանովան ամուսնացած է եղել Ջաստին Պորտմանի հետ ու 3 երեխա ունի (Նեւա, Լուկաս ու Վիկտոր):

Շատ նիհարած Ադելը

Ադելն իր երկրպագուներին զարմացրել է նոր արտաքին տեսքով: Երգչուհին նիհարել է շուրջ 20 կգ-ով: Դա հատկապես երեւում է վերջերս Կարիբյան կղզիներում երգչուհու հանգստի ժամանակ արված լուսանկարներում:

Նիհարելու համար նա հատուկ սննդակարգ է պահպանել, որի ընթացքում չի օգտագործել քաղցրավենիք ու գազավորված ըմպելիքներ:

View this post on Instagram

A post shared by AdeleHero (@adelehero) on



31-ամյա երգչուհին մարզումների սիրահար չէ, սակայն պիլատեսն օգնել է ավելի ձգել մարմինը: Նա աշխատել է ֆիթնես գուրու Ջո Ուիկսի ծրագրով:

Ամուսնու՝ Սայմոն Կոնեկի հետ ամուսնալուծությունից հետո Ադելը լրջորեն է սկսել զբաղվել արտաքին տեսքով՝ կատակելով.«Առաջ արտասվում էի, իսկ հիմա քրտնում եմ»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport