Սրբուհի Սարգսյանը նոր ֆոտոշարք ունի, որը հեղինակել է BRAVO.am-ի լուսանկարիչ Էմին Արիստակեսյանը: Լուսանկարներն արվել են «Կիսաստվեր» նախագծի շրջանակում: Երգչուհին հանդես է գալիս հետաքրքիր ու յուրօրինակ կերպարով: Նրա հետ զրուցել ենք նկարահանումների ընթացքի, առաջիկա ծրագրերի եւ արտասահմանյան համերգների մասին:
Սրբուկի խոսքով` ֆոտոշարքի թեման ընտրել է ինքը, իսկ նկարահանումների վայրը` Էմինը.«Ի սկզբանե մենք ցանկանում էինք այդպիսի տաք կերպար ստանալ (ժպտում է,- հեղ.): Մոտ 40 րոպե աշխատեցինք, եւ կարծում եմ՝ շատ հաջող է ստացվել ֆոտոշարքը: Վերջում, երբ փորձում էինք ընտրել լուսանկարները, չէինք կողմնորոշվում, թե որոնք են ամենալավերը, քանի որ բոլորն էլ գեղեցիկ ու հետաքրքիր էին ստացվել: Ի վերջո Էմինին ասացի՝ «ինքդ ընտրիր որոնք ցանկանում ես», եւ նա այդպես էլ արեց»:
Սրբուհի Սարգսյանը
Նրանից հետաքրքրվեցինք՝ նախապես մտածվա՞ծ է եղել ֆոտոշարքում ձայներիզի եւ տիկնիկի առկայությունը, թե՞ նկարահանումների ընթացքում որոշվել է օգտագործել որպես թեմային համահունչ դետալներ: Սրբուկն ասաց, որ ձայներիզի միտքն իրենն է եղել, պարզապես դժվարությամբ են գտել այն.«Հստակ որեւէ կատարողի ստեղծագործություններ ներկայացնելու նպատակ չենք ունեցել, մանավանդ որ Հայաստանում շատ դժվար է ձայներիզներ գտնելը: Ի վերջո Էմինն իր տատիկի հավաքածուից գտավ, եւ մենք այն օգտագործեցինք մեր ֆոտոշարքում: Կարծում եմ՝ թեմային շատ համահունչ է ստացվել: Իսկ տիկնիկը նկարահանման վայրում տեսա եւ որոշեցի անպայման լուսանկարվել նրա հետ:)»:
Սրբուկը նաեւ խոստովանեց, որ լուսանկարվել շատ է սիրում, միայն թե ֆոտոշարքը պիտի լինի կերպարային.«Սիրում եմ որեւէ կերպար հորինել եւ դրա շուրջ «ֆոտոշութ» կազմակերպել: Ինձ դա է հետաքրքիր, այլ ոչ թե պարզապես կանգնել եւ նկարվել տարբեր դիրքերով: Անկեղծ ասած՝ դա ինձ մոտ չի էլ ստացվում: Թեմատիկ ֆոտոշարքերի դեպքում ե՛ւ ինքս եմ հաճույք ստանում նկարահանումներից, ե՛ւ մարդիկ, որոնք պիտի դիտեն այն»:
Սրբուհի Սարգսյանը
Նրան հարցրինք նաեւ, թե առաջիկայում ինչ նոր ծրագրեր ունի, որոնցով կարող է կիսվել իր երկրպագուների հետ: Սրբուկն ասաց, որ այս պահին աշխատում է իր նոր երգերի վրա, ինչպես նաեւ քննարկում է տարբեր երկրներից ստացվող համերգային առաջարկները. «Շատ զբաղված գրաֆիկ ունեմ, ու չեմ հասցնում այդ մասին կիսվել սոցցանցերի իմ էջերում: Անկեղծ ասած՝ չեմ էլ սիրում այդ ակտիվությունը: Հասկացել եմ, որ դա իմ կյանքից շատ ժամանակ է խլում: Հաճախ ինձ գրում են, հարցնում, թե ինչու չեմ լուսանկարներ ու տեսանյութեր տեղադրում իմ էջում, ինչու չեմ կիսվում նոր լուրերով, բայց ես չեմ ուզում իմ գոյության մասին հաճախ հիշեցնել: Իհարկե, երբ պատրաստ լինեն երգերս, կարծում եմ՝ դուք էլ արդեն տեղյակ կլինեք այդ մասին: Այս ընթացքում հասցրել եմ ելույթ ունենալ Մոսկվայում, եւ այնքան լավ անցավ այնտեղի համերգը, որ մենք արդեն ունենք երկրորդ հրավերը: Այնպես որ, կարող եք շնորհավորել մեզ:)»,- եզրափակեց երգչուհին:
Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: