×


«Չեմ դժգոհում. ամեն ինչ հրաշալի էր». Արեգ Գալոյան

Նախկինում փոքրիկ դերասան, այժմ՝ պատանի հաղորդավար Արեգ Գալոյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է իր ամենասիրելի զբաղմունքների, մասնագիտության ընտրության ու սպասվող զինվորական ծառայության մասին:

- «Կարգին սերիալը» փոքր տարիքում քեզ բերեց լայն ճանաչում. ինչպե՞ս էիր այն ժամանակ ընկալում այդ հաջողությունը:
-Իրականում «Կարգին սերիալն» իմ առաջին հաջողված հեռուստատեսային փորձը չէր, քանի որ դեռ երկու տարեկանում նկարահանվել էի մի գովազդում, որը այն ժամանակ բավական սիրված էր, դրանից հետո սերիալային մի քանի փորձ ունեցա, ապա քասթինգով ընտրվեցի «Կարգին սերիալ»-ի Արամիկի կերպարում: Նշում եմ՝ քասթինգով, քանի որ շատերը կարծում էին, որ ծնողներս, լինելով այդ ոլորտից, օգնել էին ինձ հայտնվել սերիալում(ծիծաղում է, -հեղ.):

Արեգ Գալոյանը


Իհարկե, այն ժամանակ շատ հաճելի էր, երբ բոլորը ճանաչում էին, սիրում, ժպտում, բայց հատկապես այդ տարիքում ինչպես բոլոր երեխաները, այնպես էլ ես, երբեմն ցանկանում էի պարզապես շփվել, խաղալ ընկերներիս հետ` առանց կողքի հայացքների եւ ուշադրության: Իհարկե, ես չեմ դժգոհում. ամեն ինչ հրաշալի էր:

-Վերադարձել ես հեռուստատեսություն՝ որպես հաղորդավար-լրագրող. այս գործում նույնքան հարմարավե՞տ ես զգում:
-Ես շատ եմ սիրում հեռուստատեսային ձեւաչափը. այժմ Հանրայինի եթերում վարում եմ «Առավոտ լուսո»-ն ու շատ լավ եմ զգում հատկապես ուղիղ եթերում, քանի որ ներկայանում եմ հենց այնպիսին, ինչպիսի կամ: Հավասարապես սիրում եմ ե՛ւ դերասանի, ե՛ւ հաղորդավարի աշխատանքը: Իհարկե, երկուսն էլ որքան հաճելի, նույնքան էլ բարդ են, բայց ես սիրով եմ կատարում իմ աշխատանքը:

Արեգ Գալոյանը


-Նաեւ հեղինակ-կատարող ես. սա սիրելի զբաղմո՞ւնք է, թե՞ ավելի լուրջ պլաններ ունես երաժշտության հետ կապված:
- Երաժշտությունն ինձ ուղեկցում է ողջ օրվա ընթացքում: Լսում եմ տարբեր ոճերի երաժշտություն. առավոտյան գուցե «Բիթլզ» լսեմ, երեկոյան՝ Խաչատրյան կամ Շոպեն: Այսինքն՝ այն իմ կյանքում իսկապես մեծ դեր ունի: Հուսով եմ, որ մի օր կդառնա նաեւ հիմնական զբաղմունք, եւ կկարողանամ շարունակել երգչի կարիերաս. ինչո՞ւ ոչ, դուրս կգամ նաեւ միջազգային ասպարեզ: Մոտ 20 երգ ունեմ գրած, որոնցից ընտրել եմ 5-ը եւ շուտով կներկայացնեմ միայն դաշնամուրային նվագակցությամբ: Երգերը ձայնագրում եմ տանը՝ իմ ստուդիայում, ամեն ինչ փորձում եմ ինքս անել: Իհարկե, կողքիս կան մարդիկ, ովքեր իրենց դրական էներգիայով միշտ օգնում ու աջակցում են ինձ: Կարծում եմ՝ այս տարիների իմ աշխատանքի արդյունքում, կան մարդիկ, ովքեր հետեւում են ինձ, պարզապես, հետաքրքիր եմ իրենց, եւ հենց նրանք էլ իմ երաժշտական գործունեության գնահատողներն են:

- Եվ ո՞ր բուհ ես պատրաստվում դիմել առաջիկայում:
- Սովորում եմ 12-րդ դասարանում: Վերջերս շատ էի մտածում ընդունվել կոնսերվատորիա, բայց քանի որ առհասարակ չունեմ երաժշտական կրթություն, հասկացա, որ այս տարի երեւի անհնար կլինի: Ընտրել եմ ԵԹԿՊԻ արվեստի կառավարում բաժինը, որը եւս շատ սիրում եմ: Չի բացառվում, որ հետագայում ուսումս շարունակեմ նաեւ կոնսերվատորիայում:

Արեգ Գալոյանը


-Ինչպե՞ս է անցնում ազատ ժամանակդ:
-Ազատ ժամանակ շատ սիրում եմ ֆիլմեր, արտասահմանյան սերիալներ դիտել, բայց հաճախ ինձ մեղավոր եմ զգում, երբ ազատ ժամանակս արդյունավետ չեմ օգտագործում (ծիծաղում է,- հեղ.): Ես հոգնում եմ հանգստանալուց, փորձում եմ զբաղմունք գտնել, զբաղվում եմ կամավորությամբ: Կամավոր եմ եղել նաեւ Հանրային ռադիոյում, որտեղ շատ հետաքրքիր թիմով էինք աշխատում: Ցավոք, զբաղվածության պատճառով չկարողացա շարունակել աշխատանքս այնտեղ, բայց ինձ համար բավական հետաքրքիր փորձ էր:

-Եվ վերջում՝ զինվորական ծառայության մասին:
-Ես առհասարակ ազատասեր մարդ եմ, կանոններ չեմ սիրում, եւ երկու տարի ապրել կանոններով բավական դժվար կլինի, բայց երբ ժամանակը գա, կարծում եմ, կկարողանամ հայրենիքիս ծառայել գուցե հենց իմ մասնագիտությամբ:

Զրուցեց Էլեն Աղաջանյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW