×


«ՍՈՐՍ» հիմնադրամը նշել է 5-ամյակը

Տասը տարի առաջ, երբ ծնվեց Մարինա Պարազյանի դուստրը, նա չէր էլ կարող պատկերացնել, որ ընդամենը 1.5 տարի հետո երեխայի մոտ կախտորոշվի Ռետտ համախտանիշը, որը հիմնովին կփոխի իրենց առօրյան: Բազմաթիվ բժիշկների այցելելուց, տարբեր հիվանդանոցներ փոխելուց հետո Մարինայի մոտ առաջանում է գաղափար՝ ինչու չստեղծել մի բան, որ դեռ Հայաստանում չկա: Ու այսպես, մտահոգ ծնողի սեփական փորձով եւ աջակիցների օգնությամբ ուղիղ 5 տարի առաջ հիմնադրում է «Սորս տնակ» զարգացման եւ ցերեկային խնամքի կենտրոնը, որն այսօր արդեն 150 շահառու երեխա ունի: Հենց այս առիթով էլ երեկ «Հիլթոն Դաբլ Թրի» հյուրանոցում հավաքվել էին կենտրոնի աշխատակիցները, գործընկերները, շահառու փոքրիկներն ու, իհարկե, նրանց ծնողները: Օրը խորհրդանշական էր նաեւ նրանով, որ դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է:

Տոնական միջոցառման մեկնարկն ազդարարեցին երեխաները՝ Էդգար Էլբակյանի «Լուսին» ստեղծագործությամբ: Ապա Մարինան իր շնորհակալական խոսքը հայտնեց կենտրոնին աջակից բոլոր անհատներին ու կազմակերպություններին: Հատ առ հատ շնորհակալագրեր ստացան բոլոր նրանք, ովքեր երբեւիցե օգնել են կենտրոնին: Բոլորի համար երեխաներն իրենց ձեռքերով «Սորս տնակներ» էին պատրաստել: Տնակ ստացավ նույնիսկ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով թեկուզ կարճ ժամանակով, բայց ներկա էր միջոցառմանը:

«ՍՈՐՍ» հիմնադրամը նշել է 5-ամյակը


«Սորս տնակի» տարածքը տրամադրող Արսեն Գրիգորյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ իր արածը շատ փոքր բան է՝ համեմատած այն ամենի հետ, ինչ անում է Մարինա Պարազյանը.«Ես ինձ համարում եմ Մարինայի հարազատը, երեխաների հարազատը: Ամեն մի երեխա մի լուսատու է, իսկ Մարինան կարողացել է այդ լուսատուներին հավաքել ու ստեղծել մի գալակտիկա: Շնորհակալություն եմ ուզում հայտնել նրան՝ իր կատարած աշխատանքի համար»:

«Սորս տնակ» հաճախող երեխաները հանդես եկան թե՛ հայտնի, եւ թե՛ անհայտ գեղեցիկ կատարումներով: Նրանց ուրախ երգուպարը ընդհատվեց ֆիլմով, որը հենց իրենց ու իրենց երկրորդ տան՝ «Սորս տնակի» մասին էր: Ֆիլմը պատմում էր, թե ինչ առօրյա ունեն երեխաները կենտրոնում, ինչպիսի թերապիաներ են անցնում ու ինչ արդյունքերի են հասել այս տարիների ընթացքում: Օրինակ՝ Վահեն հիմնադրման օրվանից հաճախել է ու հիմա նույնիսկ դպրոց է գնում:

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը


Մարինան ասաց, որ երեխայի՝ սովորական թվացող ժպիտն իրենց համար մի մեծ իրադարձություն է.«Երբ աղջիկս ինձ ասաց՝ «Մա՜մ», ասես աշխարհն իմը լիներ: Իմ ամենամեծ ձեռքբերումն այս մեծ ընտանիքն է, որը թույլ չի տալիս խորտակվել ծանր օրերին: Բոլոր այն մարդիկ, ովքեր այստեղ են, մեզ գրկած տանում են: Շատ եմ սպառվում, շատ եմ հոգնում, շատ դժվար ճանապարհ է: Ես նաեւ տղա ունեմ, ով նույնպես ուշադրության կարիք ունի: Այս ամենը հավասարակշռելը շատ դժվար է, բայց անհնար չէ»:

«Սորս տնակի» տնօրեն Լիդա Ջուլիկյանը նշեց, որ կենտրոնում միջավայրը շատ ջերմ է, երեխաները չեն էլ նկատում, որ տանը չեն.«Սա լավ հնարավորություն է ծնողների համար երեխաներին թողնել մեզ մոտ: Զուգահեռ նաեւ ծնողների համար խմբակներ ունենք, որպեսզի նրանք էլ որեւէ մասնագիտություն սովորեն ու կազմակերպեն իրենց կյանքը: Բացի կենտրոնում անցկացրած ժամանակը, կան նաեւ դայակներ, ովքեր երեխայի հետ են լինում կենտրոնից դուրս: Այսինքն ՝ երեխայի 6 օրը՝ չորսական ժամով, սպառում է «Սորս տնակը», ու այս ամենն ամբողջովին անվճար: Մեր առաջնային նպատակն է, որ այս ծրագիրը շարունակական լինի»:

«ՍՈՐՍ» հիմնադրամը նշել է 5-ամյակը


Միջոցառման ավարտին ծնողները շնորհակալական խոսքեր ասացին Մարինային: Փոքրիկ Արմանի մայրիկը՝ Դոնարան, հուզվեց, չէր կարողանում բառերով արտահայտել զգացածը.«Սա մեր մեծ ընտանիքն է: Երեխաները կարողացան հասկանալ, թե ինչ բան է շփումը, ստացան վերականգնողական ու զարգացնող մի շարք թերապիաներ: Հիմա շփվում են, ինտեգրվում են հասարակությանը: Փոփոխությունները նկատելի են օր օրի»:

Էլ ի՞նչ տոն՝ առանց տորթի: Կենտրոնի հիմնադիր Մարինա Պարազյանը բոլորին հրավիրեց իրեն օգնելու. կատակում էր, որ խոհանոցում հազվադեպ է լինում ու մենակ գլուխ չի հանի: Ինչպես սկիզբը, այնպես էլ վերջը ազդարարեցին փոքրիկները՝ մանկական երաժշտական կատարումներով:

Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport