Սպիտակի երկրաշարժը հայ ժողովրդի պատմության ամենացավոտ էջերից է, որն այս տարի կթերթենք արդեն 30-րդ անգամ: Դեկտեմբերի 7-ին կլրանա 1988թ.-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի 30-ամյա տարելիցը, որին ընդառաջ՝ ռուս ռեժիսոր Ալեքսանդր Կոտտը նկարահանել է «Սպիտակ» ֆիլմը: Ի դեպ, Մոսկովյան 40-րդ միջազգային կինոփառատոնում ֆիլմն այս տարի մրցանակի է արժանացել «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում: Հայ-ռուսական համատեղ արտադրության ֆիլմի պրեմիերային երեկ ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:
Լրագրողների հետ զրույցում ռեժիսորն անկեղծացավ, որ երկար է սպասել այն պահին, երբ ֆիլմը կցուցադրվի Հայաստանում: Ասաց՝ այն պահից, երբ սցենարն իր ձեռքն է առել, անցել է արդեն երեք տարի.«Նկարահանումները տեւել են մոտ 30 օր, բայց այնպես է ստացվել, որ մի հատվածը նկարահանել ենք ձմռանը, մյուս հատվածը՝ մարտին, որոշ տեսարաններ էլ՝ ամռանը: Նկարահանել ենք Մոսկվայում եւ Հայաստանի տարբեր վայրերում՝ Երեւանում, Աշտարակում, Դիլիջանում: Բազմաթիվ լուսանկարներ ու վավերագրական ֆիլմեր ենք դիտել, զրուցել ենք ականատեսների հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, որպեսզի ֆիլմում ամեն ինչ իրականությանը մոտ լինի»:
«Սպիտակ» ֆիլմի պրեմիերային
Նշենք, որ ֆիլմի հիմքում պատմություն է մի մարդու մասին, ով, թողնելով կնոջն ու փոքրիկ աղջկան, հեռացել է Հայաստանից: Եվ ահա, իմանալով սարսափելի աղետի մասին՝ նա վերադառնում է հայրենիք՝ գտնելու իր տունը, ծնողներին ու ընտանիքը... Ինչպես պարզվում է, այս պատմությունն իրական է: Սցենարի հեղինակ Մարինա Սոչինսկայան պատմեց, որ այն ժամանակ, երբ դեռ ինքը սովորելիս է եղել բուհում, այս սցենարն իր դիպլոմային աշխատանքն է եղել:
«Իմ համակուրսեցի մի հայ տղա այն ժամանակ Մոսկվայում ծանոթացավ հայ աղջկա հետ: Վերջինս հղիացավ, նրանք ամուսնացան, եւ աղջիկը վերադարձավ Հայաստան՝ ծննդաբերելու: Ցավոք, նա այստեղ մահացավ երկրաշարժի ժամանակ: Տղան եկավ եւ ամբողջ ընտանիքին գտավ փլատակների տակ: Դա մեզ համար սարսափելի պատմություն էր: Երբ պետք է ավարտեի բուհը, ինձ համար կասկած չկար, թե ինչի մասին է լինելու դիպլոմային աշխատանքս՝ իմ կյանքի առաջին սցենարը: Այդ պատճառով, այո, ֆիլմի հիմքում իրական պատմություն է»,- նշեց սցենարիստը:
«Սպիտակ» ֆիլմի պրեմիերային
Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Հերմինե Ստեփանյանն ու Լեռնիկ Հարությունյանը: Վերջինիս խոսքով՝ ամենամեծ ներքին պատերազմը հենց իր կերպարի մեջ է, քանի որ հայրենիքը լքելու որոշում կայացրած այդ մարդուն ողբերգությունը ստիպում է վերադառնալ.«Իհարկե, նման կերպարի համար շատ դժվար որոշում էր, բայց նրա մեջ արթնանում է հայը: Հավատացեք, ես շատ ջանք չեմ թափել, որպեսզի խաղամ այդ դերը: Նկարչական լուծումներն ու ռեժիսորական խնդիրները շատ ճիշտ ու դիպուկ էին դրված, հետեւաբար, իրավիճակն այնքան ճիշտ էր, որ ինձ խաղալ պետք չէր, ես ինձ զգում էի այդ ողբերգության մեջ»:
Հերմինե Ստեփանյանն էլ իր հերթին նկատեց՝ երբ դերասանը գնում է քասթինգի կամ ընդունում է հրավերը, պիտի իմանա եւ հասկանա, թե որ ռեժիսորի ֆիլմում է նկարահանվելու.«Երբ իմացանք՝ Ալեքսանդր Կոտտի հետ պատիվ ունենք աշխատելու, հասկացանք, որ էսթետիկապես բարձր ֆիլմ է լինելու, իսկական մարդկային պատմություն՝ խորհրդանիշերով համեմված: Իմ հերոսուհին՝ որպես մայր, չէր կարող պարզապես չհավատալ հրաշքի, որ իր փոքրիկը փրկվելու է, եւ եթե փոքրիկը չհավատար հրաշքի, չէր կարողանա փրկել իրեն ու իր մայրիկին: Այսինքն՝ հրաշքի գոյությունը ֆիլմում անհրաժեշտություն էր բոլոր հերոսների համար: Իմ դեպքում դա պատերազմ էր մի քանի քառակուսի մետր սենյակի մեջ, որից դուրս միայն կարող էր շարունակվել երեխայիս կյանքը»:
Հրանտ Թոխատյանը, Արմեն Գրիգորյանը եւ Վրեժ Քասունին
Հավելենք, որ ֆիլմի երաժշտությունը ստեղծել է «System Of A Down» ռոք-խմբի երաժիշտ Սերժ Թանկյանը: Նրա, ինչպես նաեւ ռեժիսորի ցանկությունն է, որ կինոնկարը դառնա ֆիլմ-ռեքվիեմ, սակայն լուսավոր եւ հույսով լի:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: