×


«Փորձում ենք հակառակն ապացուցել». Տաթեւ Հովակիմյան

Դերասանուհի Տաթեւ Հովակիմյանն օրերս նոր լուսանկար էր հրապարակել Սոս Ջանիբեկյանի հետ, որից հասկանալի էր դառնում` նրանց մասնակցությամբ նոր ֆիլմ է էկրաններ բարձրանալու: Լուսանկարին կից գրությունն էլ հուշում է, որ ֆիլմը կոչվում է «Չերգված անցյալը»: BRAVO.am-ը զրուցել է Տաթեւի հետ՝ պարզելու, թե ովքեր են ֆիլմի հեղինակներն ու մյուս դերակատարները, եւ այս տարի ինչ նոր նախագծերում է հանդես գալու:

Նրա խոսքով՝ ֆիլմի նկարահանման աշխատանքներն իրականացվել են Արցախում: Ռեժիսորն Արման Նշանյանն է, դերերում իրենից եւ Սոսից բացի, հանդես են գալիս Սամվել Թադեւոսյանը, Արեւիկ Գեւորգյանը, Արտաշես Ալեքսանյանը, Արման Նշանյանը, Շաքե Թուխմանյանը, Ժան Նշանյանը եւ այլք: Դերասանուհին ասաց, որ այլ մանրամասներ առայժմ հայտնել չի կարող, միայն նշեց, որ ֆիլմը պատմում է Կոմիտասի մասին:

Սոս Ջանիբեկյանը եւ Տաթեւ Հովակիմյանը


Տաթեւը երկու նոր ֆիլմի առաջարկ էլ է ստացել, որոնց շուրջ քննարկումները դեռ ընթացքի մեջ են: Հույս հայտնեց, որ շուտով կհաստատվի իր մասնակցությունը, եւ կսկսվեն նկարահանման աշխատանքները: Նշենք, որ նա ակտիվորեն ներգրավված է նաեւ թատերական ներկայացումներում: Արդեն մի քանի տարի է՝ Տիկնիկային թատրոնում հանդես է գալիս «Խոսիր ինձ հետ» ներկայացման գլխավոր դերում, բացի այդ, նախորդ տարվանից ներգրավված է նաեւ «Սպանդի աստվածը» ներկայացման մեջ: Դերասանուհին ասաց, որ Պատանի հանդիսատեսի թատրոնում նոր ներկայացում էլ է բեմադրվում իր մասնակցությամբ՝ Ջոն Օսբորնի «Ետ նայիր զայրացած» պիեսի հիման վրա: Ռեժիսորն Իշխան Ղարիբյանն է, ում գլխավորությամբ փորձերը սկսվել եւ շարունակվում են նախորդ տարվանից:

Միշտ չէ, որ հայ դերասաններին հաջողվում է մեծ զբաղվածություն ունենալ թե՛ թատրոնում, եւ թե՛ կինոյում: Տաթեւից հետաքրքրվեցինք՝ ինչպես է համատեղում տարբեր նախագծերում իր աշխատանքը եւ արդյոք տարբերություններ տեսնում է իր խաղում թատրոնի եւ կինոյի դեպքում: Դերասանուհին ասաց՝ միանշանակ տեսնում է, բայց նաեւ նկատեց, որ ներկայիս թատրոնն ավելի շատ մոտեցել է կինոյին՝ պարզության առումով.«Մենք հիշում ենք, թե ինչպիսի թատրոն է եղել ժամանակին՝ պաթետիկությունը շատ էր, բայց կարծում եմ՝ ներկայիս թատրոնը փորձում է զերծ մնալ նման բաներից: Այսինքն՝ թատրոնն էլ է վաղուց գնացել դեպի կինոն: Ես սիրում եմ այդ թատրոնը, որ շատ պարզություն ունի, կինոյի խոսք ունի, իսկ կինոն անկեղծություն է պահանջում»,- նկատեց նա:

Տաթեւ Հովակիմյանը


Դերասանուհին նաեւ ընդգծեց, որ 2019 թվականն իր համար ավելի ակտիվ է լինելու աշխատանքային առումով, քանի որ ընկերներով մի նոր նախագիծ են սկսել, որը մեծ տարածում է գտել հատկապես Ֆեյսբուքում: Լուսանկարիչ, օպերատոր Աշոտ Ավագյանի հետ նկարահանում են կարճ տեսանյութեր, որոնցում Տաթեւը կարդում է ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները:



«Երբ առաջին տեսանյութը հրապարակեցինք, այն բավական լայն տարածում գտավ, արձագանքները շատ եղան, եւ ըստ այդմ էլ որոշեցինք գոնե երկու ամիսը մեկ նոր թողարկում ներկայացնել: Գիտեք, երիտասարդ լավ գրողներ ունենք, որոնց շատ քիչ ենք ճանաչում, շատ քիչ ենք կարդում եւ հաճախ ասում ենք, որ ժամանակակից լավ ստեղծագործողներ չունենք: Մենք էլ այս նախագծով փորձում ենք հակառակն ապացուցել: Ինքներս մեզ համար ենք նկարահանում, եւ նման հոլովակները շատ ավելի հետաքրքիր են ստացվում ու հոգով»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ Տաթեւ Հովակիմյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW